ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ  ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

29.07.2016 17:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԿԵՐԱԿ
ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ  ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ


Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո այս տարի առաջին անգամ՝ նոյեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն Ռուսաստանի եւ  Թուրքիայի նախագահները: «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ՝ փորձելով պարզել, թե Պուտին-Էրդողան հանդիպումն  ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական եւ այդ համատեքստում՝ հայ-ռուսական եւ հայ-թուրքական հարաբերությունների վրա:
«Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի վերլուծաբան, թուրքագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ մեծ վտանգներ չի տեսնում, սակայն զգուշավոր է.
- Երբ որ Թուրքիային պետք է եղել, մնացել է միայնակ, երբ պետք է եղել`  դաշնակից-բարեկամներին հակառակ քայլեր է արել եւ այլն: Եթե նայենք ռուս-թուրքական համագործակցության պատմությանը, ապա այն կրել է զուտ մակերեսային բնույթ. բազմիցս այդ երկու կողմերը միմյանց հետ պատերազմել են, եւ պարզ է, որ եթե նրանց շահերը համընկնեին, պատերազմի չէին գնա: Մինչեւ վերջերս, գոնե 90-ականները, նրանց շահերը չէին համընկնում: Վերջերս էլ խոսվեց Ադրբեջանում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին, եւ սա կարո՞ղ է հաճելի լինել Ռուսաստանի համար. միանշանակ՝ ոչ, որովհետեւ Ռուսաստանը Ադրբեջանին դիտում է որպես իր ազդեցության նախկին գոտի: Բայց նաեւ այսօր Թուրքիայի վիճակն այն չէ, ու այնտեղ ներքին ու արտաքին օղակներով փորձ են անում հասկացնել, որ պատրաստ են հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատում, նշանակում է նաեւ հարաբերությունների հաստատում Հայաստանի հետ, չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական, ռազմավարական համար մեկ դաշնակիցն է: Վստահ եմ, որ Պուտին-Էրդողան հանդիպման առանցքային հարցերից մեկը լինելու է ԼՂՀ հարցը: Կարծում եմ` ռուս-թուրքական հարաբերություններում ռուսական կողմը մեծ առավելություններ ունի Թուրքիայի նկատմամբ, այստեղ սեղանին ոչ թե պետք է լինեն թուրքական պահանջներ, այլ միանշանակ ռուսական դիրքերից հնչած ուժեղ արտահայտություններ, որվհետեւ դիմող կողմը Թուրքիան է: Այսօր Թուրքիայում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ չի բացառվում ինչ-որ զիջումներ, չգիտեմ ինչ ոլորտներում, բայց դրանք անպայման կլինեն:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի նախագահ, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ լրջորեն մտահոգված է.
- Այսօր Թուրքիան շատ վատ վիճակում է: Այնտեղ տեղի են ունենում մասսայական ձերբակալություններ, այդ երկիրն անգամ հրաժարվեց Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայից: Այս պատկերի վրա ակնհայտ է, որ Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը սպառնալիք է Հայաստանի համար: Այստեղ տեսնում եմ երկու սպառնալիք: Առաջինը` ռուսական մամուլում տեղակատվություն տարածվեց, որ կբացվի հայ-թուրքական սահմանը, եւ սա մեզ համար կդառնա լրջագույն խնդիր: Երկրորդ վտանգը կապված է ԼՂՀ հարցի հետ: Համոզված եմ` այս երկու հարցերը հանդիպման օրակարգում կքննարկվեն: Վերջին ժամանակներս շատ բան փոխվեց եւ ակնհայտ է, որ այս հանդիպումը մեզ համար, ոչ թե դրական, այլ բացասական կոնտեքստ ունի:
Թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ ավելի հակված է չեզոք գնահատականի.
- Պատմությունը ցույց է տվել, որ ռուս-թուրքական հարաբերությունների խիստ լավացումն ու վատացումը Հայաստանի վրա ունեցել է բացասական ազդեցություն: Սակայն այս պահին դեռ վաղ է խոսել այդ հարաբերությունների խիստ լավացումից, քանի որ դրա համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Էրդողանը Պուտինից կփորձի ստանալ երաշխիքներ տնտեսական համագործակցության համար, որպեսզի կարողանան թուրքական ապրանքներ արտահանել Ռուսաստան: Կփորձի ստանալ նաեւ երաշխիքներ զբոսաշրջության ոլորտում նախկին իրավիճակին վերդառնալու համար: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա պետք է հիշենք  երկու օր առաջ թուրքկան մամուլի տարածած հաղորդագրությունը, թե մինչ  հեղաշրջումը, Թուրքիան պատրաստվում է հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ: Սակայն այս ամենը կապված էր ռուս-թուրքական հարաբերությունների հետ: Թուրքիան Հայաստանի հետ չի գնա հարաբերությունների կարգավորման այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ չունի հարաբերություններ: Այնպես որ, սա դատապարտված է անհաջողության եւ իմաստ չունի հանդես գալ նման հայտարարություններով: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА