ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՍԱՅԼՈՒԿՆԵՐԸ

27.07.2016 11:48 ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՍԱՅԼՈՒԿՆԵՐԸ

 

Օրեր առաջ «Արմենպրես» գործակալության կայքում, ինչպես նաեւ«Իրավունք» թերթում տպագրվել էր Արտաշես Գեղամյանի խոսուն վերնագրով «Ինֆորմացիոն կուրտիզանուհիների թշվառությունն առանց պերճանքի» հոդվածը: Այնտեղ խոսվում էր մեր երկրի համար պատուհաս դարձած ապատեղեկատվություն տարածող բարոյազուրկ, վնասակար գործունեություն իրականացնող լրատվամիջոցների մասին: Հոդվածի հասցեատերերը դրսի ուժերի համար աշխատող հայտնի գրանտակերներն էին:

Բնականաբար, առաջին էշելոնի լրատվախառնակիչները Ա.Գեղամյանի վերլուծության հրապարակումից հետո պապանձվեցին, քանի որ շատ լավ հասկանում էին, որ մեր պատասխան հակահարվածը կլինի դաժան, սակայն հիմնավոր եւ ուղղված նրանց սնող "հոգեւոր" պապաների հասցեին: Եվ ահա այստեղ է, որ վերջիններս գզրոցներից ճարահատյալ հանեցին կանխավ մշակված պլան «Բ»-ն եւ հրապարակ եկավ մեր հանրությանը իր համառ լռությամբ աչքի ընկած mediamax.am կայքի տնօրեն Արա Թադեւոսյանը: Նրա ուշացած արձագանքը` երկրում ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ, հիշեցնում էր հայտնի ասացվածքը` որ հազար տարին մեկ ցախավելն էլ է կրակում: Այդ գրչակը հանդես եկավ «Մենավոր գայլը», երեք նախագահները ու երկրի իրական տերերը» վերնագրով հոդվածով: Վերջին տասնամյակում, բացի ժամանակ առ ժամանակ ռուս գրականության մեծ գիտակ, հատկապես, ընտանի կենդանիների` մոսկաների խասյաթին քաջատեղյակ Ռ. Քոչարյանի դուբլ խոսնակի դերը ստանձնածը, սեփական շողքից սարսափողը, իր հոդվածը սկսեց` Լեւոն Տեր-Պետրոսյանի ոսկորները լվանալով: Վերջինիս սատարելը մեր խնդիրը չէ, չնայած, արդարության առաջ չմեղանչելով, նշենք, որ ապրիլյան (2016 թ.) 4-օրյա պատերազմից հետո եւ ներկայիս բարդ օրերին Լ. Տեր-Պետրոսյանը դրսեւորեց լուրջ գործչին ներհատուկ պետականամետ դիրքորոշում: Իրեն ապահովագրելու համար արաթադեւոսյանը հոդվածում սեփական կարծիք չի հայտնում, այլ հիշում է Վանո Սիրադեղյանին, Համբարձում Գալստյանի այրուն` ցիտելով նրանց եւ թաքնվելով նրանց մարմնի համապատասխան ոչ բուրավետ մասում: Հակառակ իր իսկ հոդվածի վերնագրի` նա բնավ եւ ոչ մի խոսք չի ասում ժամանակակից ճարտարապետության ու քաղաքաշինության, հատկապես «բոմբոներկա» շենքերի եւ «մասանդրա»-ների յուրահատկությունների մեջ խորացած Ռ. Քոչարյանի մասին: Ասել կուզի` կեսարի կինը կասկածներից վեր է: Նա վախվորած հիշատակում է Գագիկ Ծառուկյանին, ասես թե, ուզում է թասիբի գցել, նրան ներքաշելով արաթադեւոսյանի պապայի սրտով մեր երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հորձանուտը: Ինչ խոսք, կասկածից վեր էր, որ, Քոչարյանի պատվերը կատարելով, նա չէր կարող չհիշատակել Արտաշես Գեղամյանի անունը: Քոչարյանի սույն բալան շատ է նեղվել, որ Արտաշես Գեղամյանը «երկու տարին մեկ մի «գիրք» է գրում», հետն էլ ընկնավորվում է, որ «շնորհանդեսներին ավանդաբար ներկա է լինում Սերժ Սարգսյանը»:

Գյումրիում անվնաս, անմեղսունակ չարաճճիներին մտերմաբար, քնքշորեն սայլուկ ենք անվանում, հիմա ոնց չասես` այ, սայլուկ Արա, միայն 2016 թ. Արտաշես Գեղամյանը հասցրել է գրել ու հրատարակել 772 էջանոց«Տագնապի եւ հույսի ժամանակները» ստավարածավալ գիրքը, ինչպես նաեւ յոթ լեզվով թարգմանված երեք հույժ կարեւոր գրքույկներ`«Այս աշխարհը հեշտ է ոչնչացնել…, Աշխարհը վաղուց կուշտ է հրից ու մահից», «Ղարաբաղյան ճակատում անփոփոխ է» եւ «Կրակում են Հայաստանի վրա` նշանակետ ունենալով ամբողջ աշխարհը»: Թերեւս, ամենածանրը այս իրողությունն է Արայի եւ հատկապես նրա գիրք չսիրող «հայրիկի» համար: Ի՞նչ կարող ես անել: Էդ մարդը, հո զոռով չէ, գիրք չի սիրում, եւ ամենեւին էլ պետք չէ զարմանալ, որ նրա կարդացած գրքերի քանակը երկու-երեքով ավելի պակաս է, քան Գեղամյանի գրած գրքերի թիվը: Իսկ հիմա` արաթադեւոսյան, լսի՛ր ու ականջիդ օղ արա. ձեռ քաշեք Արտաշես Գեղամյանին ձեր կեղտոտ խաղերի մեջ ներգրավելու փորձերից: Դուք լավ հասկանում եք, որ ազգի ճնշող մեծամասնությունը վաղուց ի վեր մերժել է Ռ. Քոչարյանին, երկու-երեք տոկոս դյուրահավատներն էլ ապրիլյան (2016 թ.) պատերազմից հետո վերջնականապես համոզվեցին, որ նա երազում է ամեն գնով եւ ոչ մի բարոյական արգելքի առաջ կանգ չառնելով` սեւացնել, մրոտել քաղաքական դաշտը եւ, վերջապես, որը խիստ անընդունելի ու դատապարտելի է, մեր երկրի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին: Ահա այս իրողությունից «նյարդացած» լինելով, հասկանալով, որ իրեն քաղաքական «ոեւէ» հեռանկար չի սպասվում, Ռ. Քոչարյանը սայլուկներին մատաղացու է սարքում: Կրկնում եմ, արաթադեւոսյան, այդ գրքերը, որ Գեղամյանը գրում է եւ յոթ լեզվով հրատարակում, նպատակային է, դրանք բաժանվում են ԵԱՀԿ ԽՎ 56 անդամ-երկրների պատվիրակությունների ղեկավարներին, իսկ էլեկտրոնային տարբերակներն ուղարկվում են ԵԱՀԿ ԽՎ ավելի քան 560 պատվիրակների հասցեներով, որպեսզի վերջիններս մեկ անգամ եւս իրազեկվեն եւ համոզվեն միջազգային իրավունքի տեսակետից Արցախյան ազատագրական պայքարի անխոցելիության եւ արդարացիության մեջ:

Հասկացա՞ր, սայլուկ ախպերիկ:

Վերջերս Ռ. Քոչարյանի մեկ այլ քողարկված, ԱԺ պատգամավոր «աչկարիկ-կոմիսարի» թափած ջանքերով (էդ միամիտը կարծում է, թե չգիտենք իր ինչ լինելը, պարզապես, ասած գյումրեցու, նրա վրա խուրդվելու ժամանակ չկա), ասես թե, ուզում են խիստ արդիականացնել մեր Պետրոսին: Ո՛չ, սիրելի ընթերցող, խոսքը Րաֆֆու (ոչ Հովհաննիսյանի) «Խաչագողի հիշատակարանի» հայտնի քավոր Պետրոսի մասին չէ, այլ մեր ջիգյարի` Պետրոս Ղազարյանի մասին է: Նա զարմանքն ու տարակուսանքն աչքերին այս էլ որերորդ անգամ իր «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ դիմում է հեռուստադիտողին հարցով. իսկ որտե՞ղ է Արտաշես Գեղամյանը, կամ էլ` ինչո՞ւ նա չի գնում Խորենացու փողոց, ինչո՞ւ չի երեւում հեռուստաէկրաններին: Իբր, հեռուստադիտողին ուզում է գլխի գցել, որ այս փոթորկահույզ օրերին Արտաշես Գեղամյանն ու իր գործընկերներն անցել են ընդհատակ, եւ ձայնները չի լսվում: Տառապանքներս փորձ ունեն, այս օրերին բազմաթիվ լրագրողներ դիմել են Արտաշես Գեղամյանին` հանդես գալ մեկնաբանություններով` ստեղծված իրավիճակի շուրջ: Նրա պատասխանը եղել է հստակ. պատրաստ է ցանկացած հարցի պատասխանել միայն հեռուստատեսության ուղիղ եթերով, որպեսզի անհնար լինի մոնտաժել իր խոսքը: Իսկ Պետրոսի հեղինակած հաղորդման հյուրերից մեկն էլ, մտահոգ միջամտում է նրան` սարսափահար ասելով. «Ոչ, Գեղամյանը թող չգնա Խորենացու փողոց»: Հիմա բա չկանգնես ու ասես, էդ որ 3 տարի առաջ Գեղամյանին կանչեցիր հաղորդման, ամեն կերպ փորձեցիր խանգարել նրան քո անվերջ տափակ հարցերով, բայց ջանքերդ ջուրը լցվեցին, Գեղամյանը, միեւնույնն է, իր խոսքը հեռուստադիտողին հասցրեց, չլինի թե՞ սրա մասին մոռացել ես: Չէ՜, մոռացած չես լինի, որ այդ հաղորդումից 2-3 օր անց, թիմ կազմած եթերում արդուկում էիք հեռուստադիտողների ուղեղը` փորձելով վիրավորել, անվանարկել Արտաշես Գեղամյանին: Ուրեմն, խորհուրդ քեզ ու նախկինում տիկնիկների մեծ բարեկամ (խոսքը Սերգեյ Օբրազցովի մասին չէ), վերջերս վախը հայացքում եւ ամենեւին ոչ մտահոգ դեմքով բոլոր հեռուստաալիքներով ճառասան Ռուբեն Բաբայանին. երբեք չփորձեք սովորեցնել, թե ուր գնա եւ ուր չգնա Գեղամյանը: Դրա համար դուք ոչ համապատասխան խելք ունեք, ոչ էլ` իրավունք: 1990 թ. մայիսի 27-ին, երբ շատ-շատերը սարսափում էին Նուբարաշենում սանձազերծված արյունահեղությունը կանխելու խիստ վտանգավոր փորձից, Արտաշես Գեղամյանը ո՛չ Պետրոսների, ո՛չ էլ Ռուբենների խորհրդի կարիքը չունեցավ: Մինչդեռ, այդ օրվա իրադարձությունների մասնակիցները շատ ազնիվ եւ, իրավամբ, մտահոգ էին Արտաշես Գեղամյանի անվտանգության հարցով: Եվ նա, անտեսելով մահացու վտանգը, գնաց կրակոցների, գյուլլի բերան: Էհ՜, Պետրոս, էհ՜, Ռուբեն, ախր, ո՞րը ասեմ: Այդ օրը հնարավոր մեծ արյունահեղությունը կանխվեց:

Արտաշես Գեղամյանը ձեր խորհրդի կարիքը չունեցավ նաեւ 2004 թ. ապրիլի 12-ին, երբ պարոն Ռ.Քոչարյանի ուղարկած հրոսակները, լեզվի սայթաքում չի, հրոսակները, այլ ոչ թե մեր ոստիկանները, մարդաորս էին սկսել Բաղրամյան պողոտայում` այլոց թվում հիմնական թիրախ ունենալով Ա. Գեղամյանին:

Ա. Գեղամյանը ձեր խորհրդի կարիքը չուներ նաեւ 2013 թ. Ստամբուլում եւ 2014 թ. Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի տարեկան ամառային նստաշրջաններին բազում ելույթներ ունենալիս: Ստամբուլում ԵԱՀԿ ԽՎ-ի ամբիոնից դիմեց թուրք պատվիրակներին` առաջարկելով այցելել հայոց Մեծ եղեռնի զոհերի համալիր, ծնկի գալ եւ աղերսել տիրոջ ողորմությունը` ներել նրանց իրենց պապերի կատարած ոճրագործության համար: Հիշենք նաեւ նրա 2014 թ. Բաքվում ունեցած ելույթները, երբ նա անարգանքի սյունին գամեց մարդասպան Ռամիլ Սաֆարովի հոգեւոր հայրերին` ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակներին:

Ինչեւէ, Պետրոս, քո հաղորդումները, իրավամբ, կարող են լուրջ հեռուստալսարանի մոտ հետաքրքրություն առաջացնել, եթե դրանց քոչարյանական խոսափողները, դա լինի mediamax.am, zham.am, 7or.am, հենց դու էլ, հեղինակի իրավունքով` Պետրոս Ղազարյան, մասնակից դառնաք եւ հրապարակայնորեն եթերից դիմեք պարոն Ռ. Քոչարյանին, սկզբի համար երկու անմեղ հարցով:

Հարց 1. Այդ ինչպե՞ս եղավ, որ ձեր նախագահության օրոք, 2002 թ., ընդամենը 12,15 մլն դոլարով, ինչպես նաեւ պարտավորվելով 27,985 մլն դոլարի պարտքերը փակելու պարտավորությամբ«Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն գնեց օֆշորում գրանցված«Միդլենդ Ռեսուրսիս» կազմակերպությունը: Իսկ դրանից հետո, կարճ ժամանակ անց, ավելի քան 90 մլն դոլարով «Միդլենդ Ռեսուրսիսը» «Հայկական էլեկտրացանցերը» վաճառեց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին: Դա էլ այն պարագայում, երբ «Միդլենդ Ռեսուրսիսը» այդ սեփականաշնորհումից հետո գեթ մեկ լումայի ներդրում չէր կատարել: Հարցս ավելի կարճ ձեւակերպեմ` այդ հանցավոր սեփականաշնորհումից ստացված առնվազն 45–50 մլն դոլարը ո՞վ լափեց եւ հետագայում հետն էլ մարսեց: Համա՜ թե ոմանք ախորժակ ունեին, էլ չենք ասում, թե ինչքա՜ն «արխային» էին: Եվ դարի էս թալանը այսքան տարի վրիպեց վերը հիշատակածս աչալուրջ լրատվամիջոցների ուշադրությունից:

Հարց 2. Այդ ինչպե՞ս ստացվեց, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատը, որի տարեկան մաքուր շահույթը կազմում էր 115–120 մլն դոլար, հանկարծ ընդամենը 137 մլն դոլարով սեփականաշնորհվեց կրկին օտարին: Հետաքրքրականն այն է, որ սեփականաշնորհման գումարը պետությանը միանվագ չմուծվեց, այլ մարվեց ժամանակի ընթացքում, ասել կուզի` կոմբինատի շահույթի հաշվին: Ալարկոտ ընթերցողների համար հարցս ավելի կարճ ձեւակերպեմ. պարոն Քոչարյան, բա էս մեկը ո՞վ կերավ եւ մինչեւ օրս անվրդով մարսում է: Ախր, ո՞նց չասես` բկներիդ կանգնի:

Վերջում չմոռանամ նշել. «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահության յուրաքանչյուր անդամ պարզ ճակատով կարող է ամենաշիկացած լսարանում` դա լինի շենքում, թե փողոցում, իր ճշմարիտ խոսքն ասել, որովհետեւ մեզանից եւ ոչ մեկին չեն կարող կշտամբել թալանի համար, մեղադրել վախկոտության մեջ, մենք ինչ արել ենք, արել ենք հրապարակայնորեն, խղճներիս մտոք: Եվ հասկանում ենք, որ թալանած գումարներով ֆինանսավորվող լրատվամիջոցների թիրախն այսօր բնական է, որ պետք է դառնային Գեղամյանը, Գալստյանը, մեր գործընկերները` ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, սիրված թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը եւ բոլոր նրանք, ովքեր մշտապես բացեիբաց պայքար են մղել ու մղելու են բոլոր տեսակի թալանչիների եւ նրանց գովերգող սազանդարների դեմ:

Ինչ վերաբերում է թալանված փողերով սնվող լրատվամիջոցների էժանագին ջանքերին եւ սնանկ փորձերին` տասը տարի շարունակ Արտաշես Գեղամյանին անվանարկելու միջոցով հակասություն առաջացնել մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ, ապա հոդվածս ավարտեմ մեծարգո Սերժ Ազատի Սարգսյանի` 2007 թ. դեկտեմբերի 21-ին«Առավոտ» թերթին տված հարցազրույցից մեջբերում անելով, որտեղ երկրի նախագահը հստակ ձեւակերպում է Արտաշես Գեղամյան գործչի գործունեության քաղաքական գնահատականը. «Գեղամյանը հայրենասեր քաղաքական գործիչ է, հիշեք նրա ելույթները եվրոպական ատյաններում, հիշեք նրա պահվածքը մեր երկրի համար կարեւորագույն իրադարձություների ժամանակ»:

Հասկանում եմ, հոդվածիցս հետո ձեր «պապան» խիստ զայրանալու է, դուք էլ լա՜վ մրմռալու եք: Ավա՜ղ, սա այն դեպքն է, որ ոչնչով օգնել չեմ կարող:

 

ՀԽՍՀ ներքին գործերի նախկին նախարար,

Խորհրդային Միության ներքին գործերի նախարարության վաստակավոր աշխատող,

«Պատվավոր չեկիստ»,

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ

ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА