ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԼՂՀ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ  ԳՈՐԾԸՆԹԱՑԸ  ԵՌԱՑՈՂ ՓՈՒԼՈՒՄ Է»

08.07.2016 14:52 ԶԱՐԿԵՐԱԿ
«ԼՂՀ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ  ԳՈՐԾԸՆԹԱՑԸ  ԵՌԱՑՈՂ ՓՈՒԼՈՒՄ Է»


Մայիսի 16-ին Վիեննայում, ապա հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումները դեռ չմարսած, արդեն լսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին: Համենայնդեպս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին խոսեց այդ մասին: Ճիշտ է, ըստ նրա, կոնկրետ օրը դեռ հայտնի չէ, բայց զգացվում է, որ հանդիպումը հազիվ թե շատ ուշանա: Ի՞նչ է հուշում նախագահների մակարդակով այդ «հանդիպումային մարաթոնը», որ ԼՂՀ հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացը գերակտիվ փո՞ւլ է մտել: Ի՞նչ պետք է սպասել: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Քաղաքագետ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ կարծիքով.
- Փաստ է, որ այս փուլում բոլոր կողմերից ակտիվանում է ԼՂՀ բանակցային գործընթացը: Ակտիվացումը զգացվում է համանախագահների շրջանում եւ կա կողմնակի ազդանշաններ` Օբամա-Պուտին, Օլանդ-Պուտին հեռախոսազրույցները, որի ընթացքում գերտերությունների ղեկավարները քննարկել են ԼՂՀ հիմահարցը: Պետք է նկատենք, որ համանախագահների կողմից մտավախություն կա, որ եթե հրադադարը չպահպանվի, ապա կարող է բախումն անխուսափելի լինել: Դա բնական մտավախություն է: Թե ինչ կտա բանակցային գործընթացի ակտիվացումը, դժվարանում եմ ասել:
Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ փաստեց.
- Այս շրջանում ԼՂՀ բանակցային գործընթացն իրոք գտնվում է ակտիվ փուլում, ինչը սկսվեց մայիսի 16-ին Վիեննայում, ապա հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմամբ: Եթե ուշադիր լինենք ապա այս օրերին Հայաստան են այցելում կամ զանգահարում աշխարհաքաղաքական կենտրոնների արտաքին գործերի նախարարները, այսինքն` ԼՂՀ բանակցային գործընթացը ոչ թե ակտիվ, այլ եռացող փուլում է: Իմ կարծիքով` Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը նույնպես կկայանա, սակայն չեմ կարծում, որ դրա ընթացքում կնախանշվի ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղին: Քանի որ ղարաբաղյան հակամարտությունն այն խնդիրների դասին է պատկանում, որի լուծումը չի կարող ենթադրվել մի քանի ամիսների ընթացքում: Եթե լուծումը շատ արագ լինի, ապա կնշանակի, որ բանակցող կողմերի վրա բանեցրել են ուժեղ ճնշում, եւ դա կլինի ոչ կոմպրոմիսային լուծում:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հակիրճ ասաց.
- Դժվարանում եմ ասել բանակցային գործընթացի ակտիվացումը կբերի՞ ԼՂՀ հիմնահարցի լուծմանը, թե` ոչ: Սակայն մեկ բան հստակ է, եթե չլուծի, ապա չի էլ վնասի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА