ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հ. Զարմանյանի <<Ստվերի Սիրտը>> հանձնվեց ընթերցողին

15.04.2018 16:09 ՄՇԱԿՈՒՅԹ
Հ. Զարմանյանի <<Ստվերի Սիրտը>> հանձնվեց ընթերցողին

 

Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ լրագրող, բանասեր, բանաստեղծ Հերմինե Զարմանյանի «Ստվերի սիրտը» գրքի շնորհանդեսը։ Ներկա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, «Համահայկական գրողների միություն» ՀԿ նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը, արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը, ՏԻՄ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ, մտավորականներ, գրչընկերներ և ընթերցասերներ։ Զորյանական միջավայրում նախ հնչեցին Հերմինե Զարմանյանի ստեղծագործությունները, ապա ներկաներին ողջունեց գրքի խմբագիր Աբգար Ափինյանը։ Նա ասաց. «Քո շուրթերը ճշմարտություն խոսող շուրթեր են։ Դու իսկապես արժանավորապես կարող ես մոտենալ Տերյանի, Թումանյանի, Սևակի, Սահյանի ստվերներին։ Դու իրավունք ունես մոտենալու»։ «Հերմինեն փորձում է նոր խոսք ասել, փորձում է նոր պատկերներով հագեցնել իր ստեղծագործությունները»,-նշեց ՀՀ գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ, «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը, իսկ բանաստեղծուհի, Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանի խոսքը միտված էր ապագային. «Ստեղծագործ ու ճկուն միտքը գալիս է ապացուցելու, որ դեռ պետք է ծնվեն մեծ գործեր՝ դառնալով մեր ժամանակների խոսուն վկաներն ու ապագայի նոր հիմքերը»։ Վերջում խոսեց հեղինակը. «Հոգաչափ շնորհակալ եմ բոլորին՝ իմ կողքին լինելու համար։ Խորիներախտագիտությունս եմ ուզում հայտնել «ՍԻՄ» տպագրատան տնօրեն Հայկազ Սիմիկյանին, ում աջակցությամբ գիրքը լույս տեսավ։ Հուսով եմ, որ ընթերցողին ուղղված խոսքս կդառնա նրա ուղեկիցը և եթե ինչ-որ չափով կարողանա մաքրել մարդու հոգում անթեղված լույսի հատիկը, ուրեմն առաքելությունս կատարած կլինեմ»։ Բանաստեղծուհին արժանացավ նաև Վանաձորի քաղաքապետի շնորհավորագրին։

Ընթերցողների դատին հանձնվեց <<Առանց նախապայմանների>> գիրքը, որում լավագույնս արտացոլված է հայ ավանդական ընտանիքի պատկերը

Նշենք, որ գրքի նախաբանը գրել է գրականագետ Աբգար Ափինյանը։ Նախաբանում մասնավորապես ասված է. «Մեր գրականության համապատկերում պոեզիայի սիրահարներին ուրախացնելու է գալիս նոր անուն` Հերմինե Զարմանյան: Գալիս է նորբ երազների իր աշխարհից, հայրենյաց մաքուր նվագներից հյուսելով պայծառ մեղեդիներ, գալիս է հույս հայտնաբերելու անգամ ցավի զգացումների խորքերից:

Բանաստեղծուհին կյանքից է հյուսում իր երգերը, տեսնում է կեղծիքը` ամենուր պահված, տեսնում է կամազուրկ ու անկյանք գոյեր, բայց ցավի մեջ հավերժ տեղավորվել չի պատրաստվում: Իր սրտի մեղեդին առաջնորդում է ընթերցողին դեպի կյանքի երկրպագություն: Մի մտածիր` ասում է իբրև ժամանակի տարեգիր ու վկա, մի մտածիր, դեռ գալիք օրեր ունենք «վանքոտ մեր քաղաքում», դեռ երջանկանալու ենք անչար անձրևներից, դեռ սեր ենք ճաշակելու` մետաքսի մեղմությամբ ու շոյող, դեռ կյանքը հրաշքներ ունի պահած` «ինձ ու քեզ համար»:

Հերմինե Զարմանյանը նախընտրում է ստեղծագործության զուլալ տարերքը, ասելիքն իր հստակ է, ջինջ ու պայծառ: Լավապես ծանոթ է մեր դասական գրականությանը և հավատարմորեն հետևում է հայ մեծ պոեզիայի ավանդույթներին: ժամանակի մոլոր և այսօր շատ տարածված գրական փորձարարություններն իրեն չեն հրապուրում, իր հոգուն խորթ է անասելիք պոեզիան: Ունակություն ունի կերտելու իր ոճն ու ձեռագիրը, նոր խոսք է բերում մեր գրական կյանքին` իբրև թանկ հավելում:

Համահայկական գրողների միությունը ջերմորեն խրախուսում է երիտասարդ բանաստեղծուհու մուտքը, հավատում է իր գրական ապագային և երաշխավորում է հրատարակության իր այս առաջին գիրքը, որ վստահաբար լավ ընդունելության կարժանանա և գրական քննադատության և մեր նոր պոեզիայի սիրահարների շրջանում»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА