ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԻՆՈՆԵՐԸ» ՈՉ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷԼ ՉԵՆ ՏԱԼՈՒ

13.04.2018 17:36 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԻՆՈՆԵՐԸ» ՈՉ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷԼ ՉԵՆ ՏԱԼՈՒ

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն արդեն փաստացի պաշտոնապես հաստատեց, որ Սերժ Սարգսյանը լինելու է վարչապետի միակ թեկնածուն: ԳՄ նիստում. «Բոլորն ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, եւ մենք որպես Գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին: Կարծում եմ` պարզ է, թե ով է լինելու, քանի որ այլ անուն չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել: Մենք բոլորս վստահում ենք ՀՀԿ նախագահին, եւ Կարեն Կարապետյանի առաջարկը գտել է հավանություն»:

ՆԻԿՈԼԻ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՆ ԱԿՆՀԱՅՏ

ԳՄ նիստում, այնուամենայնիվ, առաջին փոխվարչապետի թեկնածություն չի քննարկվել: Եվ դա հասկանալի է, քանզի կառավարության ամբողջ կազմի առաջադրումն արդեն վարչապետի իրավասությունն է,  ով ԱԺ նիստում ապրիլի 17-ին ընտրվելու է ձայների մեծամասնությամբ: Փոխարենը, ինչպես մատնանշեց ՀՀԿ խոսնակը, ամփոփվել է Սերժ Սարգսյանի 10  տարվա կառավարման արդյունքը. «Այդ 10 տարիները մարտահրավերներով լի են եղել, բայց միեւնույն ժամանակ պետականաշինության, անվտանգության ամրապնդման տարիներ են եղել»:

«Դժվար է գնահատել նրա ներդրումները ՀՀ անվտանգության ամրապնադման գործում»,- ասաց ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ, բնականաբար, եղել են նաեւ թերություններ, բացթողումներ, բայց  ակնհայտ է, որ 2008-ի եւ 2018 թ.-ի Հայաստանը տարբեր է` թե՛ ժողովրդավարության զարգացման առումով, թե՛ անվտանգության ամրապնդման,  մարդու իրավունքների պաշտպանության, արտաքին քաղաքականության, թե արցախյան հարցի ինքնորոշման իրավունքի ամրապնդման առումով: Ինչեւէ, ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու հեռանկարը նույնքան անհերքելի է, որքան այն, որ այսօր ապրիլի 13-ն է, ուրբաթ օր: Բայց, այնուամենայնիվ, նկատվում են ջղաձիգ շարժումներ` «հեղափոխական կինոյի» բեմադրմամբ, եւ փորձ է արվում համոզել, իբր կան պայքարողներ, որպեսզի ՀՀԿ առաջնորդը չստանձնի վարչապետի պաշտոնը:

ԾՈՒԽ, ԲԱՅՑ ՈՉ ԵՂԵԳԱՆ ՓՈՂԻՑ

Բացի Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությունից, որը պետք է իր «բարձրակետին» հասնի Ազատության հրապարակում, խորհրդարանում Փաշինյանի կուսակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն  ու Լենա Նազարյանը իսկական բեմադրություն սարքեցին` ամբողջ նիստերի դահլիճը լցնելով գույնզգույն ծխով: Դրա առնչությամբ` նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանգիստ արձանագրեց, որ շոուն չստացվեց, բայց նմանություն կար Մոսֆիլմի մեկնարկային պատկերի հետ, եւ ամբիոնի մոտ հրավիրեց հաջորդ պատգամավորին: Իսկ գունավոր ծխարձակումն ազդարարեց նաեւ «Ելք» դաշինքի փաստացի վերջը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները վրդովվեցին «Քաղաքացիական պայմանագրի» իրենց դաշնակիցների ոչ գործընկերային պահվածքի առնչությամբ, սակայն որոշեցին կոնկրետ ասելիքն ասել արդեն ապրիլի 18-ից հետո: Բայց կարելի է մատնանշել, որ «Ելք» դաշինքն այլեւս որպես միասնական քաղաքական միավոր, գոյություն չունի: Դե, իսկ հինգշաբթի «Մերժիր Սերժին» սաքունցաբույր ծայրահեղական նախաձեռնությունը եւ փաշինյանական «Իմ քայլը» նախաձեռնությունը արդեն գրեթե ողջագուրվելով միացան իրար եւ որոշեցին միասին գալ Ազատության հրապարակ:

17/77. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԱՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԸ

Ինքը` Փաշինյանը, ամպագոռգոռ հայտարարեց. «Մենք այդ պատասխանատվությունը զգում ենք եւ հոգեբանորեն, բարոյապես, ինտելեկտուալ առումով եւ քաղաքականապես մեզ պատրաստ ենք զգում ձեր հաղթանակը ապահովելու համար: Եկեք Ազատության հրապարակ, եւ մենք ձեր հաղթանակը կապահովենք»:

Բայց պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի պլանները առանձնապես չեն տարբերվում հայտնի մուլտֆիլմի «Միստր Ֆիքսի» պլաններից ու կախված են հանրահավաքի եկողների քանակից. «Պլան կա բոլոր տարբերակների համար: Ուզում եմ հստակ լինի` մենք գործողությունների դիմելու ենք` անկախ նրանից, թե քանի քաղաքացի է ներկա Ազատության հրապարակում: Եթե 5 հոգով լինենք` ձեռնարկելու ենք այնպիսի գործողություններ, որոնք հնարավոր է իրականացնել 5 հոգով: Եթե 50.000 հոգով լինենք` կձեռնարկենք այնպիսի գործողություններ, որոնք հնարավոր է  իրականացնել  50.000 հոգով»:

Դատելով մայրաքաղաքով մեկ ծավալված ցույցերից, ավտոերթերից եւ այլ գործողություներից, սակայն ամենառեալ թվաքանակը մի քանի տասնյակն է: Դա ասում ենք` ելնելով այն հանգամանքից, որ յոթուկես հոգով փողոց էին փակում, փողոցի մեջտեղը վրան դնում, փաստացի խանգարելով հազարավոր մարդկանց ազատ տեղաշարժին, ու արդյունքում ոչինչ չշահելով: Ու կարելի է արձանագրել, որ նիկոլական պատգամավորների ծխին չի հետեւել բոցը, որից դուրս կգար հեղափոխության «խարտյաշ պատանին»: Դուրս եկողն ընդամենը կլոուններ են, եւ, երեւի թե, կրկեսի շինարարությունն ավարտելուց հետո կադրային հարցը շատ հեշտ կլինի լուծել: Իսկ ինչ վերաբերում է իրավապահների գործողություններին, ապա մեր ոստիկանությունը դրսեւորել է անհանդուրժելի մեղմ մոտեցում իրավախախտների նկատմամբ եւ նույնիսկ նրանց բերման չեն ենթարկել: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության. «Հավաքի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, ուստի, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, կայացվել է հավաքը դադարեցնելու մասին որոշում: Դրանից հետո հավաքի մասնակիցները հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա, ոստիկանության մարմին չեն բերվել:

ՉԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՔՐՈՆԻԿՈՆ

ՀՀ ոստիկանությունն անձանց հավաքի անցկացման վայրից հեռացնելու գործողությունն իրականացրել է` կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված իր պարտականությունը, որի համաձայն` ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն»:

Այնպես որ, բացարձակապես մատից ծծած է Freedom House-ի գնահատականը, ըստ որի` ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը եւ մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ: Ի՞նչ ավտորիտարիզմ, եթե ընդդիմության խուլիգանության նկատմամբ անգամ չեն կիրառվում այն միջոցները, որոնք արեւմտյան ցանկացած երկրի ոստիկաններ կգործադրեին այնպիսի խստությամբ, որ մեր ակտիվիստների վնգստոցը կհասներ ամերիկյան մայրցամաքի ափերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հ.Գ.- Լուսանկարը` Գեղամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА