ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.04.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Պարզվում է ԻՈՍԻՖ ՍՏԱԼԻՆԻ գործը ապրում եւ ծաղկում է, եւ ձեր կարծիքով` դա ո՞ր երկրում է: Եթե ասեք Ռուսաստանում, ապա զարմանալիորեն սխալված կլինեք, քանզի այդ երկրում Ստալինի մասին բացասաբար արտահայտվելու համար ամերիկյան դիվանագետ չեն ծեծում: Դա տեղի է ունեցել Չինաստանում, ուր մշակույթի գծով ամերիկյան կցորդ  Ռոբերտ Ֆորդը, Շանհայում ելույթ ունենալով ժամանակակից արվեստի ցուցահանդեսին, ուրախ եւ զվարթ ասել էր. «Չինական արվեստը հեռացել է արյունոտ ստալինիզմի ավանդույթներից եւ անցել ժամանակակից ձեւի»: Տեղացիները դրանից զայրացել են, տապալել գետնին եւ քացու տակ գցելով ջարդել են դիվանագետի քիթը եւ ծեծի հետեւանքով մի քանի շաբաթ պետք է անցկացնի հիվանդանոցում: Ծեծողներն էլ լոկ տուգանվել են, եւ միաժամանակ ՉԺՀ ԱԳՆ-ն, ներողություն խնդրելով ԱՄՆ դեսպանությունից, հետն էլ խորհուրդ է տվել «այլեւս չքննադատել Ստալինին»: Այնպես որ, գտնվելով Չինաստանում, լավ կլինի ընդհանրապես մոռանալ Ստալինի անունը...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մեզանում զարմանալի տարբերակով հանրությանը փորձում է զվարճացնել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը միանգամայն իրավացիորեն ասել է. «Ես «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության որեւէ գործողություն չեմ մեկնաբանում, որովհետեւ թե՛ ՔՊ-ի, թե՛ իր ղեկավարի գործողությունը հիշեցնում է մանկապարտեզային պայքարի»: Ու պարզվեց, որ դրա հիմքը բավականին զվարճալի դեպք էր: ՔՊ-ի ակտիվիստները որոշել էին սնիկերս տանել Շարմազանովի տան դռան մոտ, սակայն Շարմազանովի կնոջ վկայությամբ. «Եթե որպես հյուր գային, կհրավիրեի ներս` սուրճի, սնիկերսը ճաշակելու, հյուրն Աստծունն է: Բայց մեր դռան առջեւ ոչինչ էլ չի դրվել, նրանք վրիպել են»: Այսինքն` նույնիսկ հասարակ մի հասցե չեն կարողանում գտնել, սրանցից ի՞նչ հեղափոխական:

Նիկոլ Փաշինյանի ցանկությունը` մեծ զանգված հավաքելու դեպքում վարչապետի ընտրության օրը շրջափակելու ԱԺ-ն, բավականին զվարճացրել է գեներալ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻՆ. «Ո՞վ պետք է գա փակի, շուխուր ա էլի: Ես մեր ժողովրդին լավ եմ ճանաչում: Ժողովրդին խաբել չի լինի, ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է իր ապրելակերպը, քան` էդ... «Ով ա գալու «վլաստի», Նիկո՞լը: Ինչ ա փոխվելու, հիմա նորմալ էթում ենք առաջ էլի»,- հեգնեց Սեյրան Սարոյանը` ավելացնելով` «Ես Նիկոլ Փաշինյանի դեմ բան չունեմ, նորմալ տղա ա էլի, իր գործն ա անում, շուխուր ա անում, թող անի էլի: Պիտի շուխուրն էլ լինի, չէ՞, հիմա որ մուզիկա լինի, թմբուկ-մմբուկ չլինի, կլինի՞ էդպես»: Մնում է հուսալ, որ գեներալի լավատեսությունը կարդարանա, եւ 2008-ի մարտիմեկյան «նիկոլություն» տեղի չի ունենա:

ԶԱՐՄԱՆՔ

Վերջապես պաշտոնական պատասխան հնչեց, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը: ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻ տեղեկացմամբ` նա այդ օրերին գտնվում էր արտերկրում եւ այդ պատճառով չի կարողացել մասնակցել: Ստացվում է, որ զարմանալիորեն Ռոբերտ Քոչարյանի օրինակը կարող է վարակիչ լինել: Բայց ուրիշ զարմանալի բան էլ կար` երդմնակալության ժամանակ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նստել էր Գագիկ Ծառուկյանի համար նախատեսված աթոռին, ինչի առնչությամբ ենթադրություններ էին հնչել, որ այդպես էր արել, որ այդքան էլ չերեւա Ծառուկյանի բացակայությունը: Սակայն այս պարագայում պետք է համաձայնենք Իվետա Տոնոյանի դիտարկմանը. «Նման միտում մենք չենք ունեցել, պարզապես ցանկացել ենք, որպեսզի բոլորս միասին նստեք, ինչպես կարող էր Գ. Ծառուկյանի բացակայությունը չզգացվել»: Եվ իրոք, ինչպե՞ս հնարավոր էր չզգացվեր պարոն Ծառուկյանի բացակայությունը: 

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА