ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.04.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ՖԵՅՍԲՈՒՔ սոցիալական ցանցը գնալով ավելի ու ավելի տհաճ երեւույթ է դառնում: Երկու օր առաջ, երբ որոշեցի ներբեռնել իմ ֆեյսբուքյան էջի օրինակը, այդտեղ հայտնաբերեցի այնպիսի զարմանալի բան, ինչպիսին իմ հեռախոսագրքույկը եւ շուրջ երկու ամսվա հեռախոսակցությունների եւ SMS-ների ժամանակացույցը: Դե, եթե իմ բջջային հեռախոսից Ֆեյսբուքը կարողացել է գողանալ այդ տվյալները, թեեւ միշտ զգույշ եւ ուշադիր եմ, ապա պետք է ենթադրել, որ հաստատ մեր երկրի բոլոր սմարթֆոնատերերի համապատասխան տվյալները դարձել են շունուգելի, այսինքն` Ցուկերբերգի բաժին: Ինչեւէ, զարմանքով նաեւ հայտնաբերեցինք այն փաստը, որ  Facebook ընկերության ղեկավարությունը ճշտել է օգտատերերի հստակ թիվը, որոնց տվյալները սխալմամբ փոխանցվել են Cambridge Analytica-ին: «Մենք կարծում ենք, որ հիմնականում ԱՄՆ-ում բնակվող ավելի քան 87 միլիոն օգտատերերի տվյալնեը սխալմամբ են փոխանցվել Cambridge Analytica-ին», - ասվում է ընկերության պաշտոնական բլոգում: Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ այդ տվյալները պարզապես ապօրինաբար վաճառվել են:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ իր վիճահարույց նախագծերով հայտնի գործարար եւ ներդրող ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մտահոգվել է արհեստական ինտելեկտի պրոբլեմներով: Ճիշտ է, դատելով Ֆեյսբուքին կառավարող արհեստական ինտելեկտին, այն ահավոր բթամիտ է, սակայն Վարդանյանը զարմանալիորեն որոշել է խորանալ ռոբոտների թեմայի մեջ. «Մենք պետք է հասկանանք, որ եթե ռոբոտները սկսեն փոխարինել մարդկանմց, դա կարող է ոչ միայն փլուզել աշխատաշուկաները, այլեւ լուրջ փոփոխություններ կառաջացնի կրթաթոշակային  համակարգում, որոնցում կրթաթոշակների վճարումներն առաջանում են աշխատող բնակչության հարկերից: Եթե չլինեն աշխատող մարդիկ, ո՞վ պետք է վճարի հարկերը, հետեւաբար թոշակառուները  չեն կարողանա թոշակ ստանալ: Այդ կապակցությամբ հարց է առաջանում. ռոբոտները, որոնք փոխարինելու են մարդկանց, պե՞տք է հարկեր վճարեն»: Դե ինչ, ով` ինչի մասին, իսկ Ռուբեն Վարդանյանը մտահոգվում է ռոբոտների հարկերով:

Մոլորակ կանգ առ, իջնող կա: Առաջին դեպքն է արձանագրվել, որ տղամարդը ծնել է, բայց ավելի զարմանալի է, որ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ օրենսդիրներից խելոք է դուրս եկել: Ֆինլանդիայում գրանցվել է առաջին դեպքը, երբ երեխային լույս աշխարհ է բերել հայրը: Թեպետ նա աղջիկ է ծնվել, սակայն որոշակի տարիքում դիմել է սեռափոխության: Այդ մասին հայտնում է Yle-ն: Ծննդաբերելու համար ապագա հայրը ստիպված է եղել ընդհատել հորմոնալ թերապիան: Նշվում է, որ հղիությունը առանց խնդիրների է ընթացել, եւ երեխան ծնվել է 4կգ քաշով եւ 53 սմ հասակով: Դե ինչ, զարմանալի է, բայց փաստ, որ հիվանդանոցի համակարգիչը, ի տարբերություն բժիշկների, իմացել է, որ տղամարդը չի կարող հղի լինել` ծննդաբերության ընթացքում հիմնական խնդիրը կապված է եղել հիվանդանոցի էլեկտրոնային համակարգի հետ, որը չէր կարողանում ընդունել` ըստ սոցիալական նույնականացման համարի` տղամարդու հղիությունը:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ հերթական անգամ զարմանալիորեն մեզ զվարճացրեց: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլարշավի ճամբարը տեղակայվել է Տավուշի մարզի  Ֆիոլետովո գյուղի մոտակայք, «Դիլիջան» ազգային պարկի մոտ:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է պատգամավոր Փաշինյանը: Նա հայտնել է, որ երեկ 22 հազար 800 քայլ են կատարել: Այստեղ զարմանալի է նախ նրա հույսը, որ Ֆեոլետովոյի մոլոկաններին կարող է հանրահավաքի մասնակից դարձնել, եւ երկրորդը` զարմանալի է, ինչո՞վ է նա չափում քայլերի քանակը:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА