ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԿԵԼ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՆԵՐԻ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ …

29.06.2016 11:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵԿԵԼ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՆԵՐԻ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ …

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2015 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում, բախտորոշ նշանակություն է ստանում մերօրյա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում: Ուստի այս իրավիճակում յուրաքանչյուր պատասխանատու քաղաքական ուժ, կարծում եմ, իր առաջ պետք է խնդիր դնի՝ ի՞նչ անել, ինչպիսի՞ դիրքորոշում որդեգրել, որպեսզի կատարվող ամեն քայլ, ցանկացած գործողություն, որն արտաքին աշխարհին է առնչվում՝ ծառայեցվի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ամրապնդման գործին, մեր երկրի դաշնակիցների հետ հարաբերությունների էլ ավելի խորացմանը, չեզոք երկրներին մեր բարեկամների շարքերում համալրելուն, իսկ Հայաստանի շահերին այսօր հակառակ դիրքերից հանդես եկողներին՝ չեզոքության քաղաքականություն որդեգրելուն: Բոլոր տեսակի այլ մոտեցումները ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ոչ այլ ինչ են, քան քաղաքական լարախաղացություն, էլ չենք ասում՝ դավաճանություն:

Այն, ինչ առաջարկվում է այս համաձայնագրում, բավական մատչելի, համակողմանի և համոզիչ ներկայացվեց երեկ Ազգային ժողովի նստաշրջանում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի զեկուցման մեջ: Նշենք նաև, որ երեք շաբաթ առաջ խնդրո առարկայի վերաբերյալ առավել մանրամասն բացատրություններ էին ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության համապարփակ տեղեկանքում, որը հրապարակվել էր էլեկտրոնային մի շարք կայքերում:

Կարծում եմ, խնդրի կարևորությունը պատկերացնելու համար, տեղին կլինի ընթերցողի ուշադրությանը ներկայացնել հակաօդային պաշտպանության արդիական համակարգերի վաճառքի գների վերաբերյալ որոշ տեղեկություններ: Այսպես, դեռ 2007 թ. Ռուսաստանը և Իրանը կնքել էին համաձայնագիր Իրանի Իսլամական Հանրապետությանը 800 մլն դոլար արժողությամբ 5 դիվիզիոն C-300 ПМУ-1 զենիթահրթիռային համալիր վաճառելու մասին: Ասել կուզի, դեռ 9 տարի առաջ 1 դիվիզիոն C-300 ПМУ-1 զենիթահրթիռային համալիրի արժեքն առնվազն 160 մլն դոլար էր: Հարկ է նշել, որ վաճառքի այդ գործարքը չկորցրեց իր արդիականությունը նաև մեր օրերում, քանի որ միայն 2015 թ. ապրիլին ՌԴ նախագահ Վ. Պուտինը հնարավոր համարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված արգելքը չեղարկվելուց հետո ԻԻՀ-ին նման զենք վաճառելը:

Ավելորդ չէ նշել, որ ներկայումս այդ մոդիֆիկացիայի համալիրները, խոսքը         C-300–ի մասին է, արդիականացվել են, փոխվել է դրանց գործողության ուժն ու շառավիղը և ներկայումս դրանց վաճառքի գինը 1 դիվիզիոնի համար 250-300 մլն դոլարի է հասնում: Ասենք ավելին, 2015 թ. ապրիլին Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնագիր են կնքել Չինաստանին 2017 թվականից սկսած 6 դիվիզիոն  C-400 զենիթահրթիռային համալիրներ վաճառելու մասին՝ 3 մլրդ դոլար ընդհանուր գնով: Այն է՝ C-400 զենիթահրթիռային 1 դիվիզիոնի արժեքն է 500 մլն դոլար: Հիշեցման կարգով նշեմ, որ 2016 թ. ՀՀ պետական բյուջեով մեր երկրի պաշտպանության համար նախատեսված ծախսերը կազմում են մոտ 430 մլն դոլար:

Այս թվերը հնչեցնելուց հետո հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ իրողության վրա: Երևանում և նրա շուրջ 30 կիլոմետրանոց շառավիղի ներսում կենտրոնացած են ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն էներգետիկ օբյեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում եզակի Մեծամորի ատոմակայանը: Էլ չասենք, որ այդ տարածքում ապրում է մեր երկրի ազգաբնակչության կեսից ավելին: Նշենք, որ Թուրքիայի արևելյան սահմանից մինչև քաղաքամայր Երևան թուրքական ռազմաօդային ուժերում առկա F- 16C և F- 16D կործանիչների թռիչքի տևողությունը կազմում է ընդամենը 2 րոպե: Ռազմական մասնագետների ճշգրիտ հաշվարկներով՝ վերոհիշյալ F-16 մոդիֆիկացիայի կործանիչների թռիչքի տևողությունը Թուրքիայի արևելյան սահմանից մինչև Երևան, եթե դրանք թռչեն 12.000 մ բարձրության վրա, ապա ի զորու են ժամում 2100 կմ արագություն հավաքել և կրճատել թռիչքի տևողությունը մինչև Երևան երկու անգամ՝ այն հասցնելով կրիտիկական համարվող 1 րոպեի:

Ինքնին  հասկանալի է, որ այս իրողությունը խիստ արդիականացնում է հավանական հակառակորդին հնարավորինս կարճ ժամանակում ռադարների վրա բացահայտելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նվազագույն ժամկետում դրանց երաշխավորված կերպով խոցելու հույժ կենսական ապահովումը: Այսօրվա մեր հակաօդային պաշտպանության հնարավորությունները կբազմապատկվեն, եթե,  ինչպես առաջարկվում է քննարկվող համաձայնագրով, հիմնվի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված, կրկնում եմ, միավորված և ոչ թե միասնական, տարածաշրջանային համակարգ:

Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության ուժերի գործնականում փաստացի փոխկապակցվածությունը Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ-ի հետ, անտարակույս, իր զսպող դերն է ունեցել Ադրբեջանի վրա ապրիլի 2-5-ի պատերազմի դադարեցման գործում: Կարելի է որոշակի մանրամասներ ներկայացնել, թե որ իրավիճակում, համաձայնագրի որ կետի համաձայն, ինչպիսի գործողություններ կիրականացվեն, սակայն դրա անհրաժեշտությունը, կարծում եմ, չկա: Ակնհայտ է, որ թուրքական գլխավոր շտաբի ռազմագետներն ադրբեջանցի իրենց ռազմական աշակերտներով (եթե չեն ցանկանում նրանց վերջնական ջախջախումը) լայնածավալ գործողություններ վերսկսելու հարայհրոցներից պետք է որ հրաժարվեն այն պարզ պատճառով, որովհետև հակառակ պարագայում Հայաստանի հակաօդային պաշտպանությունը ի զորու կլինի տալ ասիմետրիկ պատասխան: Ըստ որում, դրա հիմնավորումներն ու բացահայտումները բազում են, սակայն դրանց մասին բարձրաձայնելը, իհարկե, անիմաստ է: Իսկ եթե Հայաստանի Հանրապետությանը վտանգ սպառնա, ապա, չեմ կասկածում, որ այս համաձայնագիրը կգործի իր ողջ ուժգնությամբ: Եվ պետք չէ կրավորական  դիրք ընդունել ու մտածել, թե մեր ռուսաստանյան դաշնակիցների և բարեկամների, ինչու չէ, նաև ՀԱՊԿ անդամ-երկրների լիդերների համար ասածս, իբր, գաղտնիք է: Ավելին, թող այս ամենն աչքի առաջ ունենան թուրք-ադրբեջանական ռազմական ստրատեգները:

Ահա նման մտորումներն են, որոնք վերստին հաստատում են այն պարզ ճշմարտությունը, որ 2015 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը անհրաժեշտ է առանց վարանելու վավերացնել, ինչը լայն հնարավորություններ կընձեռի ՀՕՊ ամենաժամանակակից միջոցներով մեր երկրի անվտանգությունն ապահովելու սուրբ գործին:

Հ.Գ. Իրավամբ, զարմանալի ժամանակներում ենք ապրում, երբ երկրի անկախությանն ուղղված համաձայնագրի վավերացման այս ծանրակշիռ քայլը (որը, ինչ խոսք,  արդյունք է միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության նպատակասլաց և հավասարակշռված գործողությունների) առանձին մարդկանց կողմից ընդունվում է սվիններով, ավելին գտնվում են մարդիկ, ովքեր ոչ միայն ստվեր են գցում ստորագրված համաձայնագրի վրա, այլև փորձում են սասանել Հայաստանի և Ռուսաստանի, մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Իսկ թե դա ում է ձեռնտու, բոլորիս է հայտնի:

Արտաշես Գեղամյան

Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում

 Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար,

 «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ                   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА