ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

16.03.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ժամանակին հանրությունը վրդովվեց, երբ «ելքիստ» Ալեն Սիմոնյանն առաջարկեց օրինականացնել ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ: Դրան հետեւեցին տարատեսակ «իրավապաշտպանների» փորձեր` Քրեական օրենսգրքի բարեփոխման շրջանակներում խցկել թմրանյութերի ապաքրեականացումը: Բայց, զարմանալով հանդերձ, նշենք, որ մեր բանակը կտրուկ դեմ է այդ ապաքրեականացմանը եւ, ըստ ՊՆ Իրավաբանական վարչության պետի տեղակալ Արամ Մկրտչյանի. «Միանշանակ դեմ ենք թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացմանը: Ինքս կողմ եմ նաեւ շատ խիստ պատժի: Եթե սովորական քաղաքացու համար սահմանված է վարչական տույժ, ապա այլ է զինծառայողի պարագայում: Զինծառայողի աշխատանքը կանոնակարգված չէ, այսինքն` եթե ես հիմա ձեզ հետ զրուցում եմ, րոպեներ անց կարող եմ հրաման ստանալ` գտնվելու ծառայության վայրում եւ իրականացնելու համապատասխան գործողություն: Պատկերացրեք` ինչ կկատարվի, եթե գտնվեմ թմրանյութերի ազդեցության տակ ու հայտնվեմ այնտեղ, որտեղ պետք է հրաման տամ: Պատկերացնո՞ւմ եք հետեւանքները. դրանից հետո որքան ուզում են` թող տուգանքներ սահմանեն»:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Երեւանում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական եւ միջազգային տեսանկյուններ» միջազգային գիտաժողովին ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան ՋՈՒԴԻԹ ՖԱՐՆՈՒՈՐԹԸ հանդես է եկել ելույթով, ձոներ է ձոնել խաղաղությանը: Բայց տիկին դեսպանին գիտաժողովի ընթացքում բլոգերներից մեկը տհաճ հարց տվեց, թե արդյո՞ք հրադադարի խախտումների մեղավորը երկու կողմերն են: Եվ զարմանալիորեն դեսպանն արեց այն, ինչը խոսակցական լեզվով կոչվում է «հարցը ցրել»: Դե ինչ աներ, եթե ասեր, որ հավասարապես երկու կողմն են պատասխանատու, հայերը միանգամից կհիշեին Բրիտանական դեսպանատան բազմաթիվ մեղքերը, եթե ասեր ճշմարտությունը` Բրիթիշ Պետրոլիումի հետ պրոբլեմներ կունենար: Համենայնդեպս, արձանագրենք առաջընթացը` որ այլեւս չի փորձում հավասարության նշան դնել մեր եւ Ադրբեջանի միջեւ:

Իսկ Ծառուկյան դաշինքը պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ շուրթերով մի զարմանալի բան արեց` օդում կախեց սպառնալիք, որ իրենք մինչեւ տարեվերջ ժողովրդին փողոց կհանեն. «Եթե փոփոխություն չլինի հանրության կյանքում, եւ այս ծանր վիճակը շարունակվի, վստահ եղեք, որ «Ծառուկյան» խմբակցությունը դուրս կգա փողոց: Ես ակնկալում եմ արմատական փոփոխություն»: Զարմանալի է, դա ինչ ձեւ է... Դա նման է այն անեկդոտին, որ ահավոր սպառնալիքի պայմաններում գլուխգովան մեկը ասում է, որ արգելված գծից շատ կամաց, աննկատ մի ոտքը դեպի առաջ էր տարել:

Աշխարհի կոնսպիրոլոգների ընդարձակ բանակը դեռ տարվա սկզբից հայտարարում է, որ մարտի 18-ին սկսվելու է Երրորդ աշխարհամարտը, որն ավարտվելու է աշխարհի վերջով: Զարմանալի է, ինչքան կարելի է հա ծամծմել այնպիսի աբսուրդը, ինչպիսին աշխարհի վերջն է: Իսկ մենք, զարմանալով հանդերձ, ընթերցողին տեղեկացնենք, որ մարտի 18-ին լինելու է ընդամենը մեկ մասշտաբային իրադարձություն` ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ վերընտրվելու է ՌԴ նախագահ, ու դրանից հետո ոչ հուզումներ, ոչ էլ այլ բաներ Ռուսաստանում չեն լինելու: Ի դեպ, ինքը` ՌԴ նախագահն էլ, աշխարհի վերջին ամենեւին չի պատրաստվում, քանզի հանրությանը տեղեկացրել է, որ 2019թ. ծրագրված է ռուսական տիեզերական առաքելություն դեպի Մարս մոլորակ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА