ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ «ՇԱԲԱԹՕՐՅԱԿ». ԵԼՔ ՉԿԱ՞

16.03.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ «ՇԱԲԱԹՕՐՅԱԿ». ԵԼՔ ՉԿԱ՞

Մինչ «Ելք» դաշինքում քննարկում են Սերժ Սարգսյանի դեմ փողոցային պայքար սկսել-չսկսելու հարցը, «ճանապարհային քարտեզ» են կազմում եւ այլն, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդեն քաղաքապետարանից ստացել է համաձայնություն` ապրիլի 3-ին հանրահավաք, իսկ այնուհետ երթ անցկացնելու վերաբերյալ:

ՆԻԿՈԼԻ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

 

ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿՆԵՐԸ

Եվ պարզվում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միայն մարտի 14-ին է տեղեկանում հանրահավաքի եւ երթի համար ներկայացված հայտի մասին:

Այսպես, ըստ այդ կուսակցության անդամ, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի. «Բայց դեռեւս որոշում չկա, որ որեւէ բան անելու ենք: Սա ընդամենը տակտիկական քայլ էր` հետագայում փաստի առաջ չկանգնելու համար: Դեռ որոշում չկա, որ այդ օրն ինչ-որ բան առհասարակ լինելու է: Մենք տեղյակ չէինք իրազեկումից, երեկ եմ իմացել, երբ արդեն քաղաքապետարանի կայքում կար, բայց խնդիր չեմ տեսնում»: Ու պարզվում է, որ միայն «Լուսավոր Հայաստանը» չէ, որ դեմ է փողոցային պայքարի այդ նախագծին, այլ դաշինքի մեծամասնությունը, քանզի «Խնդիրներ են տեսնում: «Լուսավոր Հայաստանը» դեմ չէ փողոցային պայքարին, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներն էլ տեսնում են ռիսկեր, որոնք քննարկվում են»: 

«Կան մտահոգություններ` արդյոք ծախսվող ռեսուրսն ու էներգիան նպատակին կծառայի, թե` ոչ:  Մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդին չենք տանի հիասթափության եւ այսօր քննարկում ենք` արդյոք սա չի լինելու այդ հիասթափության տանելու փակուղին»:

Եվ այդ դեմ լինելը արտահայտվում է տարբեր տեսքով: Այսպես, Էդմոն Մարուքյանի համար փողոցային պայքարը շատ անհետաքրքիր մի բան է, եւ նա ավելի նախընտրելի զբաղմունք է համարում ԱՄՆ-ում ելույթ ունենալ Վաշինգտոնի «Քարնեգի» հիմնադրամում` այդտեղ ներկայացնելով «Ելք» դաշինքի ծրագրային դրույթներն ու տեսլականը եւ ներկայացնել տեսակետ Հայաստանի ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հետաքրքիր դիրք է գրավել եւ Զարուհի Փոստանջյանը, ով տատանվում է` Նիկոլ Փաշինյանի՞ փողոցային պայքարի պոչից կպնի, թե` մանր-մունր ծայրահեղական կուսակցությունների «Հանուն Հայաստան պետության» նախաձեռնության: Բայց պարզ է, որ գումարելիների փոխատեղումից գումարը չի փոխվում, եւ ինչքան էլ ընդդիմադիր դաշտի արմատական հատվածում դասավորվեն, վերադասավորվեն, միանան, բաժանվեն, նոր-նոր կարգախոսներ մոգոնեն` արդյունավետ փողոցային պայքար չի ստացվի:

17/77. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԱՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԸ

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ «ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ» ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Եվ այսպես, հին «իշխանափոխական» օրակարգերը հնացել են եւ ամբողջովին ժամանակավրեպ են: Ընդդիմադիր դաշտը կարիք ունի մի լավ «շաբաթօրյակի», որպեսզի հարմարվեն նոր պայմաններին, որ բխում են Հայաստանի խորհրդարանական կառավարման իրողությունից: Խորհրդարանական համակարգի շրջանակներում ընդդիմությունն այնքան լրացուցիչ հնարավորություն է ստանում, որ փողոցն այլեւս դադարում է հիմնական գործիք լինելուց: Հայաստանում հետընտրական զարգացման որեւէ կարիք չկա: Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ընդդիմության բողոքի հնարավոր ալիքը ապրիլից:

«Այն, որ մեկ, երկու, երեք չորս ուժեր կարող են բողոքել, դա իրենց իրավունքն է: Բայց դա կեղծ օրակարգ է, քանի որ ՀՀ քաղաքացին ընտրությունների միջոցով է ձեւավորում իշխանությունը: Մեր բոլորիս պարտքն է` հարգել ՀՀ քաղաքացու որոշումը»- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Ապրիլին իշխանության փոխանցումը ներկայացնել որպես իշխանափոխության օրակարգ, կեղծ է»: Եվ ընդհանրապես, ըստ ՀՀԿ մամլո խոսնակի` կա երկու հիմնական ընդդիմադիր խաղացող` Ծառուկյան եւ «Ելք» դաշինքները (եթե, իհարկե, Նիկոլի «փողոցային» խաղերով «Ելքը» չքայքայվի), իսկ ինչ վերաբերում է արտախորհրդարանականներին, ապա ինչքան կուզեն, կարող են աղմկել, միայն թե առանց գործող օրենսդրության խախտումների: Ի դեպ, Շարմազանովը ամփոփեց նաեւ ՏԻՄ ընտրությունները, նշելով, որ 14 համայնքներից 10-ում ընտրվել են Հանրապետականները, եւ ափսոսանք հայտնեց, որ մրցակցություն գրեթե չկար. «Պիտի մրցակցեն, լինի մրցակցություն, որ կարողանանք խոսել լուրջ դերակատարության մասին: Միգուցե չունեին թեկնածուներ»: Դա ընդդիմության բոստանը գցած քար էր, քանզի, ինչպես հայտնի է, խոշոր քաղաքական ծրագրեր կարող է ունենալ նա, ով սկսում է տեղական իշխանության մարմիններում ներկայացուցիչներ ունենալուց, տեղերում ամրանալուց: Այդպես էր բոլոր այն երկրներում, որոնք ընդունված է անվանել ժողովրդավար եւ քաղաքակիրթ: Բայց ինչ արած, մեր ընդդիմադիրները դեռեւս հրաժեշտ չեն տվել ամեն ինչին ու միանգամից ուզելու բնավորությանը: Այդ պատճառով ծնվում են բողոքավոր ընտրազանգվածին հերթական անգամ հիասթափեցնելու նորանոր սխեմաներ, իսկ ընդդիմադիր ուժերի վարկանիշը անկում է ապրում:

ՉԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՔՐՈՆԻԿՈՆ

Դե լավ է, որ գոնե «Ելք» դաշինքի մի մասը գիտակցում է դա եւ փնտրում ելքեր, թե ինչպես անցնել ոչ փողոցային, առավել արդյունավետ ձեւաչափերին եւ մեթոդաբանությանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА