ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱՔՈՒՆ ԿՓՈՐՁԻ ՆՈՐԻՑ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆԵՐ ԱՆԵԼ»

24.06.2016 15:59 ԶԱՐԿԵՐԱԿ
«ԲԱՔՈՒՆ ԿՓՈՐՁԻ ՆՈՐԻՑ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆԵՐ ԱՆԵԼ»

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից անմիջապես հետո,  Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը տարածեց հայտարարություն, թե՝ պետերբուրգյան հանդիպման ընթացքում համաձայնություն է եղել ԼՂՀ հարցը լուծել փուլերով: Մամեդովին հակադարձեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թե նման բան չկա, սակայն ադրբեջանցի պաշտոնյան էլի իր էշն է քշում: Ուրեմ՝ ինչպե՞ս բացատրել նրա այդ համառությունը. հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԸ նշեց.
- Այս ամենով ադրբեջանական կողմը փորձում է ճշտել հայ հանրության տրամադրությունները: Մյուս կողմից էլ, հայտարարությունն օգտագործում են իրենց ներքին լսարանի համար, որ Ադրբեջանում ժողովրդին ասեն, թե տեսեք, հաջողություններ ենք ունենալու եւ այլն: Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ էլ ադրբեջանական իշխանությունները միշտ թմբկահարում էին, թե իբրեւ իրենք հաղթել են, տարածքներ են գրավել, ջարդել ու փշրել են: Որպես այս ամենի շարունակություն, տարածում են, թե հիմա էլ ազատագրված շրջանները կվերադարձնեն: Հայտարարությունը միայն այս նպատակն է հետապնդում:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւս ադրբեջանական պրովոկացիայի վարկածի կողմնակիցն է.
- Սա Ադրբեջանի կողմից պրովոկացիա է, որպեսզի շեղի իրական խնդիրներից եւ գնա այլ ուղղությամբ: Սրանով փորձում են նաեւ բարձրացնել իրենց ժողովրդի ոգին: Բայց պետք է մի բան նկատել. հայտարարության մեջ ասված ԼՂՀ խնդրի փուլ առ փուլ լուծումը, ըստ տարբեր մեկնաբանությունների` այն է, ինչ Կազանում Ադրբեջանին առաջարկված էր եղել: Ճիշտ է, փաստաթուղթը չեմ տեսել, բայց ասում եմ խոսակցությունների եւ վերլուծությունների հիման վրա: Փաստորեն, եթե այդ առաջարկն Ադրբեջանը արդեն մերժել էր, հիմա ինչո՞ւ է որոշել է համաձայնվել նույն առաջարկին: Այդուհանդերձ՝ այս ամենը ժամանակ շահելու, մեր օրակարգի վրա ազդելու լավ հաշվարկված պրովոկացիա է: Դա գիտակցելով, պետք է կարողանանք այլ վարքագիծ ցուցաբերել: Չպետք է թողնենք, որ ադրբեջանցիները պրովոկացիա անեն, այլ մենք պետք է քաղաքական դաշտում նախահարձակ լինենք եւ ամենուրեք այնպիսի հայտարարություն անենք, որ ադրբեջանցիները քննարկեն: Այսօր մեր անելիքը երկուսն է` պատրաստվելու ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական իմաստով, լինել հզոր եւ գիտակցել, որ Ադրբեջանն այն, ինչ նախկինում մերժել է, այսօր ինչ-որ ճնշումների տակ փորձում է ընդունել: Իսկ այն, ինչը ճնշումների տակ են ընդունում, իրականում չեն ցանկանում իրականացնել: Դա ենթադրում է, որ Բաքուն կփորձի նորից ավանտյուրաներ անել: Այդ պատճառով էլ, մեր բացերը պետք է շտկենք:
Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ հավելեց.
- Թեմայից հասկացող մարդկանց համար այս ամենն անհեթեթություն է: Ցավոք, որոշ լրատվամիջոցներ այս ամենն ընդունեցին, որպես ճշմարտություն եւ առանց հերքելու տարածեցին: Քանի տարի է արդեն բացատրում ենք, որ ադրբեջանցիների կողմից եկած որեւէ լուր չի կարելի տարածել Հայաստանում, բայց ոմանք այդպես էլ չեն հասկանում: Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր տեղեկատվություն, լինի ճիշտ, թե՝ սխալ, Հայաստանում պետք է մերժվի, որովհետեւ խոսքը մեր թշնամու մասին է եւ նրա կողմից տարածվող լուրերը պարունակում են քարոզչական մաս, ինչն ուղղված է Հայաստանի դեմ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА