ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՐԲ ՊԱՏՇԱՃ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ, ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ»

14.02.2018 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԲ ՊԱՏՇԱՃ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ, ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ»

Հայաստանյան անտառներում ապօրինի եւ մասշտաբային ծառահատումների հետ կապված քրեական գործով արդեն մեղադրանք է ներկայացվել մի շարք պաշտոնյաների: Դրանց թվում են նաեւ անձինք, որոնց անմիջական պարտականությունն էր՝ անտառի պահպանումը:

Դժվար չէ հասկանալ, թե ինչու Սեւանի ձկնագողության վերջը չի երեւում 

Իհարկե, այսքանից հետո էլ դեռ հարց է, թե կդատվե՞ն բոլոր մեղավորները: Դատվելու դեպքում էլ ո՞րն է երաշխիքը, որ կարճ ժամկետ կալանավայրում մնալուց հետո, նրանք դուրս չեն գա եւ հանգիստ վայելեն անտառի հաշվին գրպանած հսկայական փողերը: Բայց դրանից էլ ավելի կարեւոր է մեկ այլ հարցադրում. գոնե այսքանով վերջ կդրվի՞ անտառների թալանին, հաշվի առնելով նաեւ, որ արդեն գրեթե բան չի մնացել: Վերջապես, ովքե՞ր եւ ում թողտվության արդյունքում են ապօրինի հատումներ իրականացնում: Այս բոլոր հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով վերահսկողությանը, ասաց.

- Շուտով կստեղծվի կոմիտե, ինչը ինքնանպատակ չէ, այսինքն՝ ընդամենը անվանական փոփոխություն չէ այն իրենից ենթադրում: ՊՈԱԿ-ի կարգավիճակով «Հայանտառը» պատշաճ պահպանության վերահսկողություն իրականացնել չէր կարող: Այն, որպես ՊՈԱԿ, ուներ պահպանության աշխատողներ, որոնք շատ ցածր են վարձատրվում եւ աշխատում են ընդամենը ժամը 6-9-ը: Իսկ անտառը բաց տարածք է, եւ ոչ ոքի համար մուտքը արգելված չէ, եւ բնական է, որ երբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվել, ապօրինություններ եղել են: Այդ իսկ պատճառով մենք այժմ ստեղծում ենք պահպանության ծառայություն, որը շուրջօրյա պատշաճ հերթապահություն, հսկողություն պետք է իրականացնի: Անվտանգության աշխատակիցները պետք է համազգեստ հագնեն, պետք է զենք կրեն եւ ամբողջությամբ պատասխանատվություն կրեն անտառի վերահսկողության համար:

Դավթաշենի ապօրինի ծառահատման տարածքում այսօր ծառեր տնկվեցին

- Ինչո՞ւ են ապօրինի անտառահատումների մեծ մասը Տավուշում:

- Որովհետեւ ամենախիտ անտառները հենց Տավուշում են, ապա՝ Լոռիում եւ Սյունիքում: Նաեւ սոցիալական խնդիր կա այստեղ, մարդիկ անտառը դիտում են, որպես եկամտի աղբյուր: Բնական է, եթե լավ պայմաններում ապրեին մարդիկ, կամ այլընտրանքային աշխատանք ունենային, չէին դիմի ապօրինության:

- Էլի՝ մեղավոր դարձավ գործ չունեցող շարքային քաղաքացին: Բայց չէ՞ որ նույն Տավուշի մարզում կան բազմաթիվ փայտամշակման արտադրամասեր: Ուրեմն որտեղի՞ց իրենց այդ փայտանյութը, եթե օրինական հատումներ, որպես էդպիսին, չեն իրականացվում:

- Իրոք, կան նման բաներ, այդ իսկ պատճառով փորձում ենք բոլոր արտադրամասերը մեր վերահսկողության դաշտում պահել: Խնդրի առնչությամբ համագործակցում ենք նաեւ Բնապահպանական պետական տեսչության հետ, որպեսզի այն տարածքները, որոնք մեր վերահսկողությունից դուրս են, եւս գտնվեն վերահսկողության ներքո եւ ուսումնասիրվեն:

 

«ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՎՈՒՄ ԵՆ»

-Պարոն Մանուկյան, ըստ Ձեզ, ընդամենը վերահսկողությունը թույլ կտա՞, որ ապօրինությունները, ի վերջո, արմատախիլ արվեն: Չէ՞ որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ապօրինի ծառահատումները հիմնականում հովանավորվում են անտառը վերահսկող պաշտոնյաների կողմից:

- Բոլոր կոռուպցիոն ռիսկերը վերանայվում են, խորհրդակցություններ ենք ունեցել նաեւ դատախազության հետ: Նախկինում թույլտվություն կար, որ կոնկրետ քանի ծառ էին թույլ տալիս, որ մարդը գնա, կտրի: Հիմա փորձում ենք բոլորին բերել օրինական դաշտ: Եթե մենք օրինական հատումներ ունենանք, այդ իրավունքը աճուրդի միջոցով հանձնելու ենք մասնավորին, որպեսզի մասնավորը հատի եւ ինքն էլ վաճառի:  Ինչ վերաբերում է տարածքի բնակիչներին, ապա այստեղ էլ բազմաթիվ այլընտրանքային ծրագրեր ենք փորձում իրականացնել, որպեսզի մարդիկ անտառը չդիտեն, որպես եկամտի աղբյուր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА