ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈ՞Ւ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ ՉԵՆ ՈՐԱԿՎԵԼ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

14.02.2018 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ ՉԵՆ ՈՐԱԿՎԵԼ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1988 թվականին Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների իմացությամբ եւ հովանավորությամբ հայերի նկատմամբ տեղի ունեցած զանգվածային կոտորածներից անցել է 30 տարի եւ մինչ օրս միջազգային կառույցների կողմից այն չի ստացել համապատասխան գնահատական: Այս տարիների ընթացքում ՀՀ ազգային ժողովում եւս չի ներկայացվել որեւէ նախագիծ, որը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հայերի նկատմամբ իրականացրած ջարդերը կճանաչեն որպես Ցեղասպանություն: Արդյո՞ք ժամանակը չէ նման օրինագիծ ներկայացնել խորհրդարան եւ Ադրբեջանին եւս ստիպել ընդունել իր կատարած հանցագործությունը: Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել. ԵԽ 16 պատգամավորները՝ Մոգերինիին

 

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ խոսքով` Ադրբեջանում հայերի նկատմամբ տեղի ունեցած Ցեղասպանությունը  եթե միջազգայնորեն ճանաչվի, ապա հայկական կողմը ձեռք կբերի հզոր զենք` ընդդեմ Արցախի նկատմամբ ադրբեջանական հավակնությունների. «Մենք բազմիցս դիմել ենք Ազգային ժողովին, որ Ադրբեջանում հայերի ջարդերը որակվեն, որպես Ցեղասպանություն, սա պետք է լինի մեր առաջին քայլը: Ադրբեջանում հայերի Ցեղասպանության փաստով հեշտությամբ կարելի է ապացուցել, որ ադրբեջանցի թուրքը եւ արցախահայը երբեք չեն կարող ապրել մեկ պետության սահմաններում: Սա նաեւ իրավական հարց է եւ անհրաժեշտ է Նյուրնբերգյան դատավարության նախադեպով Հայաստանում, թեկուզեւ հեռակա կարգով, ցուցադրական դատավարություն կազմակերպել: Եվ, անշուշտ, դատապարտել կատարված ամենածանր հանցագործության համար, որը միայն ադրբեջանական հանցագործների մահապատիժը կարող է լինել: Եթե կարողանանք այս գործը շահել, հիմնավորել եւ հասնել, ի վերջո, Արցախի  անկախության համաշխարհային ճանաչմանը, սա կբերի նաեւ Հայաստանի ապօրինի շրջափակման վերացմանը, ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ընդգծեց, որ այդ դեպքերը ցեղասպանական քաղաքականության արտահայտություն էին, քանի որ զոհվել է բազմաթիվ մարդիկ. «Այս ընթացքում հայկական կողմը միշտ վարել է կրավորական քաղաքականություն, այն կոնցեպտը, որը պետք է ներկայացված լինի աշխարհին եւ միջազգային կառույցներին, առ այսօր չկա, այսինքն` ամբողջական չկա: Վերջերս, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ԵԽԽՎ-ում եւ պատասխանեց թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների հարցերին: Իհարկե, շատ ուրախացա, որ մեր նախագահի պատասխանները հստակ էին, այսինքն` այստեղ քարոզչական տեսանկյունից ամեն ինչ ճիշտ էր, սակայն հարց է առաջանում, ինչու այսօր, այլ ոչ թե 10 կամ 20 տարի առաջ: Ինչ դժվար էր նույն այդ պատասխանները հնչեցնել ավելի վաղ: Համոզված եմ, որ այլեւս ադրբեջանցիներն այդ նույն ձեւով չէին ասելու Խոջալուի ցեղասպանություն եւ այլն: Եթե մինչեւ այժմ մենք հակիրճ եւ ամբողջական կոնցեպտ ներկայացնեինք եւ դիվանագիտական նոտայով ուղարկեինք բոլոր երկրներին, մարդիկ կիմանային այդ ամենի մասին, ոմանք համաձայն կլինեն, ոմանք` ոչ: Սակայն աշխարհը կիմանար, թե ինչու է Հայաստանը այս ամենի համար նման կռիվ տալիս` չենք արել»:

«Ինչո՞ւ Իսրայելի խորհրդարանը չընդունեց Հայոց ցեղասպանության մասին որևէ փաստաթուղթ»

Միջազգային իրավունքի փորձագետ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ փաստեց, որ այս հարցը պետք է անընդհատ գտնվի հետազոտողների, քաղաքական գործիչների եւ ՀՀ արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում. «Արեւմտյան Հայաստանում եւ Ադրբեջանում հայերի նկատմամբ տեղի ունեցած կոտորածները պետք չէ միաձուլել մեկ պատմաշարի մեջ: Կարծում եմ, որ դրանք պետք է ուսումնասիրվեն առանձին-առանձին: Պահանջները, հանցագործ սուբյեկտները, հանցագործությունները տարբեր են, եւ չի կարելի մեկը մյուսի հետ խառնել: Պետք չէ մոռանալ, որ մի պարագայում մենք գործ ունենք հայ-թուրքական, իսկ մյուս պարագայում` հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА