ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հակամարտության կարգավորմամբ` իրականում ոչ ոք չի զբաղվում»

14.02.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հակամարտության կարգավորմամբ` իրականում ոչ ոք չի զբաղվում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելուն ընդառաջ` օրերս իր կուսակցության` «Ենի Ազերբայջանի»  6-րդ համագումարն է անցկացրել ու իր կուսակիցների առաջ պարծեցել, թե իրենց գլխավոր նպատակը պետք է լինի Զանգեզուրի եւ ողջ Հայաստանի գրավումը, այդ թվում` Երեւանի: Այն, իհարկե, կարելի է երազախաբություն որակել, բայց չմոռանանք, որ խոսքը մեր ոխերիմ հարեւանի մասին է, ուստի` ասվածը որոշակի վերլուծության կարիք ունի: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ:

Լեւոն Մելիք-Շահնազարյանը հետմահու պարգեւատրվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ

–Պարոն Իսկանդարյան, ինչո՞ւ հիմա Ալիեւը հիշեց, որ Երեւանը իբրեւ թե իրենց է պատկանել ու պետք է վերադարձնի այն:

– Ինչ-որ բան պետք է ասի, չէ՞: Չէ՞ որ առջեւում ընտրություններ են: Այս հայտարարությունը ներքին լսարանի համար է: Վերջիվերջո, ընտրություններ են մոտենում, ու պետք է ինչ-որ ձեւով ուժ ցույց տալ: Իսկ Ադրբեջանի քաղաքական էլիտան կարծում է, որ ներքին լսարանը կլանելու է այդ հայտարարությունները: Ու ընդհանրապես` արցախյան հակամարտությունը Ադրբեջանի քաղաքական էլիտան օգտագործում է շատ վաղուց: Սա, կարելի է ասել, ադրբեջանական իշխանության հիմնաքարն է, որի վրա միավորում է հասարակությունը:

ԱԼԻԵՎՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ

–Ձեր գնահատմամբ` ի՞նչն էր պատճառը Ադրբեջանի նախագահական ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու, հատկապես, երբ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ կրկին առաջնորդի դերում լինելու է ալիեւյան կլանը:

– Ալիեւը, արտահերթ ընտրություններ անցկացնելով, միանգամից մի քանի խնդիր է լուծում: Ընդ որում` սա անում է առաջին հերթին ընտրություններից առաջ քաղաքական եւ տնտեսական խնդիրներից խուսափելու համար: Սկզբում նավթի գները կտրուկ նվազեցին, ինչի պատճառով Ադրբեջանն անգամ ռազմական բյուջեն կրճատեց: Հիմա ռազմական տեխնիկայի գնումներ գրեթե չեն լինում, դրանք նախկինում ձեռք բերված պայմանագրերի արդյունքում են միայն մատակարարվում: Առաջիկայում եւս տնտեսական խնդիրներ են սպասվում, որոնք կրկին կապված են նավթի գների անկման հետ: Մյուս պատճառ այն է, որ հայր եւ որդի ալիեւները գրեթե կես դար կառավարում են: Ներքին հակասություններ կան, կլանային պայքարներ: Ալիեւյան էլիտայի ներկայացուցիչները գրեթե հեռացված են իշխանությունից, իսկ Փաշաեւների ընտանիքը` Մեհրիբան Ալիեւայի ընտանիքը, ավելի մեծ քաղաքական դիրքեր է զբաղեցնում: Այս համատեքստում ներքին բախումներ են տեղի ունենում, ինչը հանգեցնում է նրան, որ Ալիեւը փորձում է իր իշխանությունն ապահովել հնարավորինս շուտ:

– Այս օրերին ադրբեջանական կողմից նաեւ ակտիվ ապատեղեկատվություն է տարածվում, որոնցից մեկում էլ ասված էր, թե հայկական կողմից դիվերսիոն գործողություն են կանխել: Ի՞նչ կասեք այս մասին:

Կլոր սեղան-ասուլիս` Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի նոր նախագծի վերաբերյալ

– Կարեւոր չէ` իրենց համար իրականում նման բան եղե՞լ է, թե` ոչ: Սա եւս գործիք է, որն Ադրբեջանը մինչեւ ընտրություններն օգտագործելու է` որպես քարոզչական միջոց:

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

–Ի վերջո, երբ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով ոչ ադեկվատ հայտարարություններ են ունենում, ավելին` կրկին հիշեցնում են, որ ոչ միայն Ստեփանակերտի, այլեւ Երեւանի վրա աչք ունենան, այլեւս որեւէ բան կարելի՞ է ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

– Ապրիլյան պատերազմից հետո` հակամարտության կարգավորմամբ իրականում ոչ ոք չի զբաղվում, զբաղվում են հակամարտության մենեջմենթով, այսինքն` փորձում են կանգնեցնել եւ նվազեցնել բռնությունը սահմանում: Հիշեցնեմ, որ նախորդ տարի բռնության մակարդակը հավասար էր 2013 թ.-ի մակարդակին: Եվ եթե հետեւենք, թե ինչով են զբաղվում եւ ինչ են խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահները հանդիպումներին, կտեսնենք, որ նրանք խոսում են վստահության միջոցների, մոնիթորինիգի, դիտորդների ավելացման մասին: Ըստ էության, այս ամենը կարգավորման մասին չէ, այլ բռնությունը կանգնեցնելու:

– Այսինքն` որեւէ ակնկալիք չկա՞ր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների օրերս տեղի ունեցած երեւանյան հերթական այցից:

– Կրկին կլինեն հանդիպումներ համանախագահների հետ, եւ այդ հանդիպումների խնդիրը կլինի այնպիսին, ինչպիսին վերջին 7-8 տարիներին է: Ամեն դեպքում, համանախագահներին հաջողվում է այնպես անել, որպեսզի ապրիլյան դեպքերը չկրկնվեն, եւ մեծ է հավանականությունը, որ այդպես կշարունակվի նաեւ ապագայում: Սակայն լուրջ տեղաշարժ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում չեմ տեսնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА