ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՅՈՒՂԱԲՈՒՅՐ ՖԵՄ-ԱԿՏԻՎԻԶՄԸ` ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԻ՞Ք

14.02.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿՈՅՈՒՂԱԲՈՒՅՐ ՖԵՄ-ԱԿՏԻՎԻԶՄԸ` ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԻ՞Ք

Մինչ Ստեփանակերտում հանդիսավորապես տոնում էին Արցախյան շարժման մեկնարկի 30-ամյակը, իսկ հայոց երկրի բոլոր անկյուններում մարդիկ պատրաստվում էին վառել Տրնդեզի խարույկները, Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցավ գարշահոտ միջադեպ: «Երկիր ծիրանի» խմբակցությունը դահլիճ էր բերել գարշահոտ հեղուկով տարաներ, ուր գտնվում էր կոյուղաջուր կամ, ինչպես պնդում են մասնագիտությամբ կենսաբան եւ քիմիկոս ավագանիներ Ալինա Քուշկյանը եւ Հասմիկ Սարգսյանը` գարշահոտ եւ թունավոր ծծմբաջրածին արձակող քիմիական խառնուրդ:

 

«ՍԵՌԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Զարուհի Փոստանջյանի գլխավորած ավագանի-կոյուղաակտիվիստուհիների արարքի վերաբերյալ արդեն հնչել են գնահատականներ, ուր հիշատակում են ոչ ադեկվատ վարքի այնպիսի գործոններ, ինչպիսին են խելագարությունը կամ ծայրահեղ սեռաքաղցությունը: Սակայն գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ այդ խմբակի անդամները ոչ հոգեկան հիվանդ են, ոչ էլ սեռաքաղց կամ այլ տեսակի շեղված: Նրանք սովորական ֆեմ-ակտիվիստուհիներ են, որոնք իրականացնում են կանխավ ծրագրված գործողություն: Այդ տեխնոլոգիաները ստանդարտ են ու վաղուց հայտնի: Պարզապես Զարուհի Փոստանջյանի պարագայում ընտրված էր այն եղանակը, որպեսզի ֆեմ-ակտիվիստուհիները սադրեն անխուսափելի ծեծկռտուք, որից հետո պետք է սկսվի սանձարձակ քարոզչական արշավ` «Կանանց դեմ բռնության» մասին թեմայով: Եվ միջադեպից հետո շատ արագ հայտնվեցին տարբեր սաքունցազգիների կառույցների դատապարտող հայտարարություններ, որոնք նախօրոք գրվածի տպավորություն էին թողնում: Հայտնվեցին նաեւ խնամքով պատրաստված թեմատիկ ծաղրանկարներ, իսկ քաղաքապետարանի մատույցներում սրընթացորեն հայտնվեցին ֆեմինիստուհի ցուցարարները: 

Ի դեպ, ֆեմինիստական կառույցների կողմից տարածվեցին հայտարարություններ ոչ միայն սոսկ կանանց նկատմամբ բռնությունների, այլեւ... սեռական ոտնձգության եւ բռնաբարության փորձերի մասին: Ահա ինչ է գրում հայտնի ֆեմինիստուհի Զարուհի Հովհաննիսյանը. «Մենք` Երեւանի Քաղաքապետարանի դիմաց հավաքվածներս, որեւէ այլ ելք չենք գտնում, քան գալ եւ պահանջել ազատել ավագանին այսօր ավագանու ընդդիմադիր կանանց վրա հարձակվող, ծեծի եւ սեռական ոտնձգության ենթարկող իշխանական տղամարդկանցից եւ քրեական պատասխանատվության ենթարկել նման հանցագործներին: Այսօր ժամը 17:00-18:30-ի սահմաններում մենք գրավեցինք Քաղաքապետարանի գլխավոր, ինչպես նաեւ Երեւան քաղաքի պատմության թանգարանի մուտքը` պահանջելով վերոնշյալը, ինչի արդյունքում մեր նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ ոստիկանների կողմից, եւ մի քանիսս կրեցինք մարմնական եւ նյութական վնասներ: Ուստի սույն հայտարարությունը նաեւ հաղորդում է հանցագործության մասին: Այսպիսով, մենք փաստում ենք, որ կանանց նկատմամբ ճնշումը եւ բռնությունը համատարած եւ համակարգային բնույթ են կրում, եւ այսօր տեղի ունեցած միջադեպերը դրանց մի մասն են կազմում: Մեր պայքարը նոր չի սկսվել եւ չի ավարտվելու այսօր»: Բայց դա դեռ ծաղիկներն են, պտուղներն ավելի հետաքրքիր են: Բացի լեգալ, անուն-ազգանունով եւ գրանցման տվյալներով գործող ֆեմինիստական կառույցներից, հայտնաբերում ենք եւ անլեգալը:

Այսպես, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնաբերվում է «Վհուկի գրառումներ» անունով վիրտուալ համայնք, ուր քարոզվում է բոլոր տղամարդկանց դեմ պատերազմ: Այսինքն` եթե իրերն իրենց անունով կոչենք, դա ֆեմ-տեռորիզմ քարոզող ռեսուրս է: Ու ավագանիում տեղի ունեցած միջադեպից փոքր-ինչ անց հայտնվում է տղամարդկանց սպանելու կոչ. «Ես գրում եմ սա ու կիսվում քեզ հետ, որովհետեւ համոզվել եմ, որ իմ ու քո ելքը ինքնապաշտպանությունն է ընտանիքից, պետությունից, հանրային ինստիտուտներից` հայրիշխանական կառույցներից: Մենք ապրում ենք ֆեմիցիդի, բռնաբարության մշակույթի պայմաններում, որտեղ խաղաղությունը եւ անվտանգությունը ընդամենը պատրանք է: Տղամարդկանց դեմ պատերազմի մեջ we need to get better at being in conflict: Ուրեմն վրեժի միջոցով միայն կարող ենք հրաժարվել զոհ լինելուց` այդպիսով մեզ վերադարձնելով մեր մարմնի իշխանությունը: Ինքնակազմակերպված խմբեր ստեղծենք մեր թաղերում ու գյուղերում: Մենք չենք խնդրում տղամարդկային իշխանությանը դադարել մեզ բռնաբարել, այլ մենք սպառնում ենք` եթե դու ինձ մատով կպնես, ես քեզ կսպանեմ»:

Դե իսկ, սա արդեն այն դեպքն է, որով, կարծում ենք, պետք է զբաղվեն իրավասու մարմինները:

 

ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻՋԱԴԵՊԻ ԴԱՍԵՐԸ

Եվ այսպես, ունենք նոր մարտահրավեր` ապակայունացում ֆեմ-ակտիվիզմի միջոցով: Իհարկե, մինչ այդ էլ ունեցել ենք ֆեմինիստական փողոցային ակցիաներ, որոնք տհաճ լինելով հանդերձ, կրկեսային դրսեւորումներից այն կողմ չէին անցնում: Զորօրինակ, կարմիր խնձորի թաղում, լրբական ֆեմ-մանիֆեստի արտասանություն Ազատության հրապարակում, միանման թիկնոցներով, կոշիկներով կամ այլ պարագաներով ակցիաներ ընդդեմ, այսպես կոչված, «ընտանեկան բռնության»: Բայց այս անգամ արդեն առնչվել ենք ծայրահեղ սադրիչ եւ գարշահոտ ֆեմ-ակցիայի հետ, որը կաթվածահար էր արել մայրաքաղաքի ներկայացուցչական իշխանության մարմնի` ավագանու աշխատանքները: Այդպիսի տեխնոլոգիայի դեմ պայքարի միջոցներն են վաղուց հայտնի ճիշտ այնպես, ինչպես վաղուց հայտնի են այդ տեխնոլոգիաները: Եվ չեզոքացման փորձ էլ կա կուտակված` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ այլուր: Սակայն կոնկրետ ավագանու նիստին տեղի ունեցածը նաեւ առաջ է քաշում անվտանգությունն ապահովող օղակների թերի աշխատանքի հարցը: Զորօրինակ, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության դառը փորձ ունեցող երկրում անթույլատրելի շքեղություն է մայրաքաղաքի ավագանու նիստեր ցանկացած տեսակի առարկաներ մտցնելու հնարավորությունը: Եթե նույն  քաղաքապետարանի շենքի անվտանգության ծառայությունն իր գործառույթը պատշաճ իրականացներ, ապա ոչ միայն բանը չէր հասնի ծեծկռտուքի, այլեւ ոչ ոք չէր կարողանա դահլիճ անցկացնել կասկածելի հեղուկով շշեր: Կարելի է ասել, որ այս անգամ բոլորիս բախտը բերել է, որ ընդամենը զզվելի հեղուկ են անցկացրել, այլ ոչ թե, ասենք, զենք եւ պայթուցիկ նյութեր: Հաջորդ անգամ մեր բախտը չի բերի, եթե հստակորեն չլուծվեն այդ անվտանգության խնդիրները:

Առավել եւս, որ, ինչպես ցույց տվեցինք մի քիչ առաջ, արդեն ունենք ֆեմ-տեռորիզմ քարոզող վիրտուալ համայնք: 2015-ից ի վեր սահմանադրական բարեփոխումներին զուգընթաց, արդեն բացահայտվել են ահաբեկչական բնույթի հինգ խմբեր, եւ չպետք է բացառել որ այս մեկը ի զորու է դառնալ վեցերորդը, այս անգամ` կանացի դեմքով: Ու անշուշտ, համապատասխան ջանքեր են պետք, որպեսզի «եթե չլինի ֆորսմաժոր» բառակապակցությամբ սկսվող քաղաքագետների կանխատեսումների այդ «եթե»-ն հանկարծ իրականություն չդառնա: Չէ՞ որ խորհրդարանական կառավարման մարմինների ձեւավորումը այս տարվա մայիսին նոր-նոր ավարտվելու է, իսկ մինչեւ տարեվերջ դեռ նրանք պետք է գործնականում հղկեն իրենց աշխատանքը: Այսինքն` պետք է համապատասխան կառույցների կողմից իսպառ բացառվեն ապակայունացման, ահաբեկչության եւ այլ նմանատիպ դրսեւորումները: Իսկ դա պահանջում է նաեւ դեռեւս չդրսեւորված տեխնոլոգիաների դեմն առնելուն պատրաստ լինելը: Իսկ հղկելու բան շատ կա: Զորօրինակ, ՀՀ չորրորդ նախագահի աշխատանքի մեխանիզմները: Թյուր է այն կարծիքը, թե նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի լիազորությունները դառնում են զուտ ձեւական-ներկայացուցչական: Թեկուզ Սահմանադրության կատարմանը հետեւելու լիազորությունը բավականին ամրապնդված է Սահմանադրական դատարանին տրված նոր հնարավորություններով եւ լիազորություններով, եւ այս կամ այն իրավական, կամ ենթաօրենսդրական ակտի կամ որոշման սահմանադրականության ստուգման հայցերը (այդ թվում եւ հանրապետության նախագահի կողմից տրվող), բավականին լուրջ եւ հնարավոր քաղաքական հետեւանքներ ունեցող ընթացակարգեր են ենթադրում: Եվ իրավացի են այն փորձագետները, քաղաքական գործիչները, ովքեր պնդում են, որ նոր վարչապետը, իր վիթխարի լիազորություններով հանդերձ, այնուամենայնիվ, բոլորովին չի նույնանում միապետի կամ դիկտատորի հետ: Նաեւ նոր ինստիտուտ է մուտք գործում` քաղաքացների ստորագրությամբ նախաձեռնված հանրաքվեներ: Դա էլ է պահանջում ժամանակի ընթացքում հղկում իրականացնել, հայտնաբերել այն խութերը, որոնք այսօր նկատելի չեն:

Ինչեւէ, քանի դեռ կան խոշոր խաղացողներ, որոնք սահմանադրական անցման ընթացքում ձեւավորվող իշխանության մարմինների վրա ներազդելու սեփական շահն ունեն, անխուսափելիորեն անհրաժեշտություն է առաջանում այդ գործընթացները արտաքին միջամտությունների փորձերից պաշտպանելու: Եվ այդ միջամտությունների փորձերը կարող են ամենեւին չսահմանափակվել «կոյուղային ակտիվիզմով»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА