ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԷՐ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ՈՒ ԲԱՔՎՈՒՄ, 1915Թ.-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»

13.02.2018 21:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԷՐ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ՈՒ ԲԱՔՎՈՒՄ, 1915Թ.-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»

Լրանում է Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության նկատմամբ եղեռնի եւ զանգվածային տեղահանության 30-ամյակը: Ի՞նչ անջնջելի հետք է թողել այդ ջարդերը՝ ոճրագործությունը վերապրած մեր հայրենակիցների ճակատագրերի վրա, ի՞նչ ահասարսուռ տեսարանների են ականատես եղել: Անցած 30 տարիներին այս մասին շատ է խոսվել: Սակայն այսօր էլ դեռ ասելու, պատմելու շատ բան կա: Բաքվում ծնված, մանկավարժ, մաթեմատիկոս ՅՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում այսպես վերհիշեց ադրբեջանցիների կողմից կատարված բարբարոսությունները.

Կարդացեք Հուլիոս Կեսարի սիրելի ուտեստի առավելությունների մասին

 

«ՏԱՆՋԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԵՐԻ ՎՐԱ ԲԵՆԶԻՆ ԷԻՆ ԼՑՆՈՒՄ ԵՒ ՎԱՌՈՒՄ»

-Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված է եղել ամենայն մանրամասնությամբ, այդ թվում` գաղափարախոսական եւ հոգեբանական տեսակետներից: Փետրվարի 26-ից քաղաքի կենտրոնական հրապարակում սկսված խառնամբոխի հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բացեիբաց կոչ էին անում՝ դիմել բռնությունների: Ու այդպես էլ՝ փետրվարի 27-ին հանրահավաքը վերածեցին բռնարարքների շարանի: Այսպես, եթե կուսակցության Սումգայիթի քաղկոմի շենքի դիմաց անցկացված առաջին «հանրահավաքին» ներկա էր մինչեւ 50 հոգի, ապա հաջորդ օրը մասնակիցների թիվը հասավ մի քանի հազարի, որոնք միաբերան գոչում էին. «Մահ հայերին»:

Իսկ ահա բուն ջարդերի ժամանակ խմբերի բաժանված ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլեւ, ամենից հաճախ, դուրս էին բերում նրանց փողոցներն ու բակերը` հրապարակավ ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջելուց հետո հայերի վրա բենզին էին լցնում եւ վառում: Մարդկանց ողջ-ողջ նետում էին խարույկի մեջ: Դպրոցներում երեխաներից եւ ծնողներից կոլեկտիվ դիմումներ էին հավաքում, որ չեն ուզում հայերն իրենց դասավանդեն: Բուժհիմնարկներում հիվանդներից դիմումներ էին հավաքում, որ հայ բժիշկները ճիշտ ախտորոշում չեն տվել եւ դեղերը ճիշտ չեն նշանակել, թե իբր դա պայքար է թուրքերի դեմ: Հայկական թաղերում հացը մատակարարում էին ուշ եւ քանակը պակաս, հաճախ կտրում էին ջուրը եւ էլեկտրականությունը: Անկանոն կերպով անջատում էին բնական գազը. նպատակն այն էր, թե գուցե մեկը մոռանա, փականները բաց թողնի, եւ հայերը մեծ պայթյունների եւ աղետի զոհ դառնան: Տուժածներին տանում էին հայերի հավաքման կայաններ, որոնք դարձել էին թալանի եւ կողոպուտի վերջին փուլն ու հայերի առաքման վերջին կետը: Հայերին սկսեցին աշխատանքից ազատել դեռ 1987թ. դեկտեմբերից: Իսկ մի տարուց հետո պարզապես սկսեցին վռնդել աշխատանքից: Այն, ինչ կատարվեց Սումգայիթում, ապա՝ Բաքվում, 1915 թվականի Ցեղասպանության շարունակությունն էր: Սումգայիթյան դեպքերից հետո ես դա հասկացա, այդ իսկ պատճառով 1988 թվականի օգոստոս ամսին բնակարանս փոխանակեցի Երեւանի բնակարանի հետ, դարձա Երեւանի բնակիչ: Բայց ես ու կինս, լինելով մանկավարժ, մի որոշ ժամանակ շարունակեցինք մեր աշխատանքը Բաքվում` բայց արդեն այլ հասցեում բնակվելով:

Ինչից են վախենում կենդանակերպի նշանների ներկայացուցիչները

 

«ՀԱՅ Է, ՈՒՐԵՄՆ ՊԻՏԻ ՄԵՌՑՆԵՆՔ»

-Այսինքն, նաեւ Բաքվի ջարդերի ականատե՞սն եք եղել:

- Ցավոք, այո: Նրանց դաժանությունները բառերով նկարագրել ուղղակի անհնար է: Մեր տան դիմաց կար մանկապարտեզ, ու աչքերիս ու ականջներիս չէի ուզում հավատալ, երբ տեսա, թե ինչպես են ադրբեջանցի փոքրիկ՝ 5-6 տարեկան երեխաները երգել-պարելով հետեւյալ արտահայտություններն անում. «Հայ է, ուրեմն պիտի սատկի, պիտի մեռցնենք»: Իսկ հայազգի դաստիարակներին ու ուսուցիչներին ադրբեջանցի աշակերտներն այն աստիճան էին նվաստացնում, որ ոմանք չդիմանալով նվաստացումներին, իրենք էին կյանքին վերջ տալիս: Աշակերտը կանգնում էր դասարանում ու հայ ուսուցչուհուն ասում. «Ա՛յ որբ, այ եթիմ, ինչ ես մնացել ստեղ, դուրս եկ, ռադտ քաշի, գնա, դու ով ես, որ մեզ դասատու լինես»: Ծնողները դիմումներ էին գրում, թե չեն ուզում, որ հայն իրենց երեխային դասավանդի, շքամուտքերում հայտարարություններ էին փակցնում հետեւյալ բովանդակությամբ. «Թողեք, փախեք, քանի արյուններդ չենք թափել, ռադներդ քաշեք»: Մի քանի հատոր բավարար չի լինի նկարագրել այն դաժանությունները, որոնց միջով անցել ենք: Այն, ինչի միջով անցել ենք, անջնջելի հետք թողեց մեր հետագա կյանքի վրա: Ամենակարեւորը, կորցրինք լավ ապրելու հույսը, ամիսների ընթացքում ի չիք դարձան մեր բոլոր երազանքներն ու նպատակները: Եվ դա միայն նրա համար, որ մենք հայ էինք:

Ի տարբերություն իմ բախտակիցների, ես կարողացա գույքս ժամանակին տեղափոխել Հայաստան: Բայց դուք չեք պատկերացնում, թե ինչ վիճակում բնակվող փախստականներ կան այսօր: Անցել է 30 տարի, բայց խնդիրները նույնն են` ցուրտ ու խոնավ հանրակացարան, ապրելու, գոյատեւելու պայքար... 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА