ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ՉԷ

13.02.2018 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ՉԷ

Մերձմոսկվայում կործանված Ան-148 ինքնաթիռում զոհված Վարսիկ Սեւոյանը, ով Սանկտ Պետերբուրգից հայրենի Օրսկ էր վերադառնում, Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքից էր: «Բարյացակամ, կրթված կին էր, մեր գյուղում հարս էր: Բայց ամուսնանալուց մի քանի տարի անց մշտական բնակության էին մեկնել դուրս»,- մեզ հետ զրույցում ասաց Զոլաքարի համայնքապետ ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ: «Գյուղ արդեն քսան տարուց ավել է, ինչ չեն եկել, էնտեղ են մեծացել, ապրել երեխեքը: Գյուղում ամուսնու եղբայրն է միայն, ուրիշ մոտ հարազատներ չունեն: Ամենացավալին այն է, որ հարազատները` առաջին հերթին ամուսինը, կնոջ զոհվելու մասին իմացել է լուրերից: Ասում են` խեղճ մարդը օդանավակայանում սպասելիս է եղել կնոջը»:

Քաբուլում ահաբեկչության զոհ է դարձել 11 մարդ

 

Հիշեցնենք՝ նախօրեին, թռիչքից 10 րոպե անց Մոսկվա (Դոմոդեդովո)-Օրսկ չվերթի Ան-148 ինքնաթիռի կործանումը խլեց այնտեղ գտնվող 65 ուղեւորի եւ անձնակազմի 6 անդամի կյանքը: Թե որն էր օդանավի կործանման պատճառը, տարբեր վարկածներ սկսեցին հնչել կործանումից գրեթե անմիջապես հետո: Այդ թվում, քննարկվողներից էր ահաբեկչության վարկածը: Եվ այս վարկածի կողմնակիցների թիվը սկսեց արագորեն ավելանալ՝ ինքնաթիռի տեխնիկական վիճակի մասին տեղեկությունների ի հայտ գալուն պես: Նախ, հայտնի դարձավ, որ ինքնաթիռը բավականին թարմ էր՝ շահագործման թույլատրելի ժամկետի հազիվ 1/4-ն օգտագործված: Ապա շահագործող ընկերությունը տեղեկացրեց, որ թռիչքից առաջ ինքնաթիռը ամբողջական ստուգում է անցել, եւ ամեն ինչ նորմալ էր: Վերջապես, պաշտոնապես հայտարարվեց, որ թռիչքի ընթացքում անձնակազմն անսարքության վերաբերյալ որեւէ բան չի ասել: Քիչ հավանական էր նաեւ անձնակազմի սխալի վարկածը: Ինքնաթիռը ղեկավարում էին փորձառու օդաչուներ: Հրամանատարը՝ Վալերի Գուբանովն ուներ 5000 ժամ թռիչքային ստաժ, որից 2800-ը՝ հենց Ան-148-ով: Երկրորդ օդաչուն, մեր հայրենակից Սերգեյ Ղամբարյանը 12 տարվա թռիչքային փորձ ուներ` 812 ժամ թռիչքային ստաժով: Եղանակային պայմանները թեեւ փայլուն չէին, սակայն միանգամայն բավարար էին թռիչքի համար:

Վերջապես, ահաբեկչության վարկածի օգտին խոսող փաստերից էր նաեւ այն, որ թռիչքի մեկնարկից մինչեւ գրեթե անկումը ինքնաթիռը սահուն արագություն եւ բարձրություն է հավաքել՝ հասնելով մոտ 2000 մետրի:  Եվ հաշված վայրկյանների ընթացքում վերելքը փոխարինվել է կտրուկ անկման: Ընդ որում, ինչպես նաեւ շատ փորձագետներ են ընդգծում, եթե նման բարձրության պարագայում անգամ շարժիչները միանգամից դադարեին գործել, ապա ինքնաթիռն անհամեմատ սահուն անկման մեջ կհայտնվեր: Ըստ փորձագետներից մի քանիսի, նման կտրուկ անկումներ ավելի յուրահատուկ են, եթե ինքնաթիռը կործանվեր օդում, կամ՝ բարձրության ղեկավարման համակարգը կտրուկ վայրէջքի դիրքով խափանվեր: Բայց եթե այս բոլոր հանգամանքները խոսում էին ահաբեկչության հնարավորության մասին, մեկ փաստ լուրջ հարված հասցրեց այդ վարկածին: Այսպես, նախ տեղացիները՝ մերձմոսկովյան Ստեպանովսկոե գյուղի բնակիչները պնդում էին, որ տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որից տներն անգամ ցնցվել են: Իսկ դա նշանակում էր, որ ինքնաթիռը պայթել է` գետնին բախվելով, եւ ոչ թե՝ օդում: Երկրորդը. պատահական տեսագրությունները եւս ֆիքսել էին պայթյուն՝ գետնի վրա: Փաստ է նաեւ, որ բեկորները հայտնաբերվել են համեմատաբար փոքր շառավղով՝ մոտ 30 հա տարածքի վրա, մինչդեռ եթե պայթյունը լիներ օդում, այն էլ՝ 2000 մետր բարձրության վրա, բեկորների սփռվածությունն անհամեմատ մեծ կլիներ: Վերջապես, իհարկե՝ այդ բոլոր տվյալների հիման վրա պաշտոնապես եւս հայտարարվեց, որ ինքնաթիռը պայթել է` գետնին բախվելով:

Դիրքերում բոլորի համար Վահրամը քայլող հույս էր

Իհարկե, կարելի է չբացառել, որ ինքնաթիռի ղեկավարման համակարգը դիտավորյալ է խափանվել, կամ, այլ տարբերակով, որ սպանել են օդաչուներին, որը նույնպես կարող էր կտրուկ անկման պատճառ լինել: Բայց դրանք արդեն հավանականության ինչ-որ աստիճան ունեցող տարրեր են, այսինքն՝ ահաբեկչության վարկածը դեռ կմնա օրակարգում, սակայն արդեն ոչ թե առաջին տեղում, այլ ընդամենը մյուս վարկածների թվում:

Ինչեւէ, հիշատակված բոլոր դետալներից հետո, երեկվա դրությամբ չկար այնպիսի վարկած, որը փորձագետները կհամարեին գլխավոր (նկատի ունենք՝ հանրային քննարկումներում): Ուրեմն՝ մնում է սպասել իրականացվող քննության արդյունքներին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА