ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է աղմկում ՀՅԴ-ն

13.02.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ինչու է աղմկում ՀՅԴ-ն

Սպասվող ապրիլյան քաղաքական զարգացումներով պայմանավորված` ՀՅԴ-ականներն անհանգստացած որոշել են հիշեցնել իրենց մասին եւ, ինչու ոչ, կարեւորել իրենց դերը` կոալիցիոն գործընկերոջը` ՀՀԿ-ին` ատամ ցույց տալով: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

Դաշնակցական պատգամավորը ազդվել է Արփինե Հովհաննիսյանի ելույթից. «Ժողովուրդ»

– Պարոն Նիկոյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց հիմա ԱԺ ՀՅԴ խմբակցությունը որոշեց քննադատող դիրքերից հանդես գալ կոալիցիոն գործընկերոջ նկատմամբ:

– Այնտեղ ես բավականին քննադատություն չեմ տեսել, այլ հստակ կար նշված այն ձեռքբերումները, որ ունեցել ենք միասին աշխատելով: Կար ցանկություններ, թե ինչպիսին են իրենք ուզում տեսնել այս կամ այն ոլորտը: Շատ նորմալ է, մենք էլ ունենք նման ցանկություններ, մեր հայացքն էլ է ուղղված դեպի ապագային, եւ դրա համար ամեն ինչ անում ենք: Խոսվել է նաեւ խնդիրների մասին, որի շուրջ կարող ենք ունենալ եւ տարաձայնություններ, ինչը պետք է բնական համարել:

– Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ ՀՅԴ-ն արշավ է սկսել` ընդդեմ ռեյտինգային ընտրական համակարգի:

– Ընտրական համակարգի վերաբերյալ ՀՅԴ-ի տեսակետը ճիշտ չեմ համարում, որովհետեւ անվերջ կարելի է ամեն ընտրության ժամանակ Ընտրական օրենսգիրքը փոխել` դեռեւս ամբողջովին չմարսած կամ դրա կատարման ուղղությամբ բոլոր քայլերը չձեռնարկած: Մինչդեռ այդ փոփոխություններն իրենց հետ բերում են նոր անհայտներ, եւ ստացվում է, որ ամեն ընտրությունից առաջ մենք պետք է Ընտրական օրենսգիրք փոխենք:

– Այնուամենայնիվ, արդարացված համարո՞ւմ եք ռեյտինգային ընտրական համակարգը:

– Այն շատ կարեւոր խնդիրներ լուծեց, մինչեւ այդ ընտրապայքարը գնում էր սեւ ու սպիտակի միջեւ, որը, ցավոք, միշտ չէր, որ քաղաքակիրթ պայքարի բովանդակություն էր ստանում: Այն բացառվեց, եւ բոլորը սկսեցին պայքարել բոլորի դեմ, կամ յուրաքանչյուրը պայքարում է իր համար: Նույնիսկ յուրաքանչյուր կուսակցության մեջ պայքարում են միմյանց դեմ, այսինքն` վերացավ սեւ ու սպիտակի պայքարը, որն իր հետ բերում էր հետընտրական որոշակի գործողությունների: Եթե մինչեւ այս մեզ մեղադրում էին որեւիցե մեկին որեւէ տարածքում պաշտպանելու եւ խորհրդարան քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների բերելու մեջ, ապա այս ընտրական համակարգը վերացրեց դա: Յուրաքանչյուր ընտրատարածքում առաջադրվում է տարբեր ներկայացուցիչներ, օրինակ, Շիրակում 13 թեկնածու ունեինք, որոնց շարքում կային գիտության դոկտոր, կայացած տնտեսական գործիչ, փորձառու պետական գործիչ, ճանաչված պատգամավոր, քաղաքում հեղինակություն ունեցող անձնավորություն եւ այլն, թե նրանցից որի՞ն է ուզում քաղաքացին, ըստ իր արժեհամակարգի, ընտրում է: Եվ, ըստ էության, այս ընտրությունները լուծեցին հանրության արժեհամակարգի խնդիրը, եւ մեր խորհրդարանն այսօր ամբողջությամբ համապատասխանում է հանրության արժեհամակարգին:

Առանձնատուն կտրվի երեւանցի՞, թե՞ մարտունեցի պաշտոնյաներին

– Գուցե ՀՅԴ-ական գործընկերների մտահոգությունը հենց այստե՞ղ է, որ չունեն այդ քանակի վարկանիշային դեմքեր` ռեյտինգային ընտրակարգով առաջադրելու համար:

– Ակնհայտ է, որ այդպես է: Բայց դրա մասին չեմ ուզում խոսել, այլ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետեւյալ փաստի վրա` մեր խորհրդարանը միապալատանի է, եթե երկպալատանի լիներ, ռեգիոնների շահեր ներկայացնողները կլինեին առանձին: Մենք փոքր պետություն ենք, եւ սա ավելորդ ծախս կլիներ, ինչը մեզ պետք չէ: Ուրեմն` պետք է ունենալ ռեգիոնալ շահերը պաշտպանող պատգամավորներ, բայց նրանց ինչպե՞ս ընտրել, ավելի լավ չէ՞ ժողովուրդն ընտրի ու իմանա, որ իր պատգամավորն է, կարող է գնալ նրա գրասենյակ ու իր հարցերը բարձրացնել:

– Իսկ ՀՅԴ առաջարկած ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու դեպքում չե՞ն կարողանա դիմել պատգամավորներին:

– Համամասնականի դեպքում պատգամավորները հեռանում են ընտրողներից, ընտրողը չի ունենում կոնկրետ իր ընտրած պատգամավորը եւ դառնում է մայրաքաղաքային խորհրդարան: Արդյունքում աշխատելու է շոգեքարշի մեխանիզմը, երբ լիդերը իր հետեւից քաշում է մնացած բոլոր կուսակցականներին: Այնպես որ, հիմա բռնել ու էլի փոխել ընտրական համակարգը, կարծում եմ` չի կարելի: Եթե կան թերություններ, միգուցե կարելի է մտածել դրանց շուրջ, բայց համակարգը ճիշտ է ընտրված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА