ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.02.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Սկանդալային համբավ ունեցող բժիշկ, ՄԻԲՍ կենտրոնի տնօրեն ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ` տարածելով ինչ-որ հետազոտության մասին նյութ, զարմանալի բան է հայտարարել. «41 երկիր ընդգրկող այս հետազոտությունը եզրակացնում է, որ պատվաստումները ոչ միայն նպաստում են բնակչության առողջության պահպանմանը, այլեւ կանխարգելում են աղքատությունը: Հայաստանը նույնպես կա այդ 41 երկրների ցանկում: Նման հետազոտությունները եւ դրանց եզրահանգումները պետք է ամենալուրջ կերպով հաշվի առնվեն երկրի ղեկավարության կողմից»: Զարմանալով հանդերձ, մնում է թերեւս մտմտալ, թե ինչպես նրա ձեռքից վերցնենք այդ հրաշք պատվաստանյութը եւ ազգովի սրսկվելով` հրաժեշտ տանք երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին: Սակայն աղքատության դեմ պատվաստանյութով պայքարելու մասին խոսքը սույն բժշկի միակ զարմանալի հայտարարությունը չէ: Հիշեցնենք` նա կասկածահարույց «Գարդասիլի» ամենաագրեսիվ պաշտպանն էր, իսկ աստղաբաշխական տուգանքներով հակածխախոտային օրենքի նախագծի դեմ հանդես եկողներին անգամ Ֆեյսբուքում հասցրել էր մաղթել հիվանդանալ քաղցկեղի ամենածանր տեսակներով, ինչպես նաեւ ապշեցուցիչ ձեւով իր տեսաուղերձներից մեկում կոչ էր արել ծխողներին զրկել բժշկական օգնությունից: Հիմա չգիտենք, սա Ռոբերտ Քոչարյանի հիշատակած «ուրիշ մասնագետի» կարիք ունեցող դե՞պք է, թե` այդ մարդը պարզապես չարությամբ է լցված աշխարհի հանդեպ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի է, բայց թերեւս շուտով քաղաքական բառապաշարի մեջ շրջանառվի «անաղուհաց ՀԱԿ-ի շուն» եզրույթը: Իսկ դրա առաջացման համար լիուլի հիմքեր կան ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀԱԿ-ի հանդիպման մասին ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ: Նախ` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ չբարեհաճեց մասնակցել հանդիպմանը, իսկ երկրորդը, ըստ հաղորդագրության. «Նախագահի ընտրության գործընթացին մասնակցելը` թե՛ որպես թեկնածու առաջադրվելու, եւ թե՛ որպես որեւէ քաղաքական ուժի կողմից թեկնածու առաջադրելու միջոցով, հավասարվում է իշխող ռեժիմին օգնելու, ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մենք կխնայենք ընթերցողի նյարդերը եւ չենք մեջբերի հաղորդագրության այն մասը, ուր ներկայացված է, թե ինչպիսի գարշանք էին մատուցել Արմեն Սարգսյանին ՀԱԿիստները Արցախի հարցում:

Զարմանալի բան է տեղի ունեցել ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ: Ինչպես հայտարարել է Եվրամիության տնտեսության եւ ֆինանսների հարցերով հանձնակատար Պիեր Մոսկովիսին. «Եվրոպայում վերջ է դրվել բանկային գաղտնիքներին: Եթե որեւէ մեկը Շվեյցարիայում հաշիվ ունի, տեղեկատվության ավտոմատ փոխանակում է տեղի ունենում, այսինքն, մենք անմիջապես իմանում ենք դրա մասին»: Եվրոպասերները եւ լիբերալները կարող են ցնծալ` Եվրոպայում զարմանալիորեն վերացվել է այն, ինչը միշտ եղել է ազատական տնտեսության եւ ազատ գործարարության սրբության սրբոցը` բանկային գաղտնիքը: Ուստի, զարմանալով հանդերձ, մնում է եվրոպացիներին մաղթել բարի գալուստ ֆինանսական համակենտրոնացման ճամբար:

Եվ վերջապես բոլորին շատ է զարմացրել Ադրբեջանի կողմից հայկական «դիվերսիոն հարձակման» բեմադրումը: Թշնամու հրապարակած ՏԵՍԱՆՅՈՒԹԻ վրա, բնականաբար, հռհռում է Ֆեյսբուքի ամբողջ հայալեզու հատվածը, ծիծաղում են անգամ ադրբեջանական օգտատերերը: Դե իհարկե, վերլուծելով հանդերձ տեսանյութը, ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ բոլ-բոլ հեգնել է այդ տխմարաբանությունը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА