ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-Ն ԿԱՆԳՆԵԼ Է ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԱՌԱՋ

13.02.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-Ն ԿԱՆԳՆԵԼ Է ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԱՌԱՋ

Անցած շաբաթվա վերջին իսրայելյան ավիացիայի կողմից Սիրիայի տարածքի հերթական գրոհը, ավելի ճիշտ՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի պատասխանը, անշուշտ, միանգամայն նոր որակ հաղորդեցին ոչ միայն սիրիական պատերազմին, այլ՝ Մերձավոր Արեւելքի իրավիճակին: Նկատի ունենք այն նոր իրողությունը, որը ստեղծվեց հիշատակված բախման արդյունքում:

ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան ԼՂ հակամարտության կարգավորման համար. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

 

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ F-16-Ի ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Նախ նկատենք, որ Սիրիան վերջին ժամանակներս էլի էր պատասխանել իսրայելյան գրոհներին: Սակայն մինչ այս սիրիական ՀՕՊ-ը բավականին բարձր արդյունավետությամբ ոչնչացնում էր իսրայելյան գրոհող ինքնաթիռներից արձակված հրթիռները: Բայց ահա այս վերջին դեպքում արդեն պատասխան հարվածն ուղղվեց հենց գրոհող ինքնաթիռների դեմ: Ավելին, սիրիական աղբյուրները պնդում են, որ խոցել են թիրախների առնվազն 70 տոկոսը: Իսրայելը հակառակն է պնդում, որ ոչնչացվել է մեկ F-16 ինքնաթիռ: Սակայն այստեղ էականը ոչ թե ոչնչացված թիրախների քանակն է, այլ՝ բուն փաստը: Նախ, Իսրայելը մարտական կորուստ ունեցավ, որի մի շարք հնարավոր հետեւանքներից, անշուշտ, պետք է առանձնացնել այս մեկը. իսրայելյան բանակի անպատժելիության եւ դրա շնորհիվ՝ անպարտելիության մասին միֆն հետայսու կասկածի տակ է առնվում: Համենայնդեպս, իսրայելյան ավիացիան երկար կմտածի, մինչեւ, մասնավորապես, Սիրիայում նման նոր գրոհի դիմելը: Առավել եւս, որ բավականին ուշագրավ էր նաեւ Մոսկվայի արձագանքը: Այն է՝ նման հարձակումները վտանգում են նաեւ Սիրիայում գործող ռուս զինվորականներին: Միաժամանակ, գրոհելով իսրայելյան F-16-ը, Սիրիան ցույց տվեց, որ հետայսու նման պատասխանները կշարունակվեն: Այսպիսով, Իսրայելը ստացավ երկու ակնարկ: Նախ, Սիրիան կարող է գործարկել ավելի ժամանակակից ՀՕՊ համակարգեր: Եվ երկրորդը, Մոսկվան եւս, նման գրոհները համարելով իր զինծառայողների համար վտանգ, իր հերթին կարող է պատասխան կրակ բացել: Եվ այն, որ այսքանից հետո Իսրայելը, չնայած որ կորցրած ինքնաթիռը մեծ հարված էր նրա հեղինակությանը, դիմեց Մոսկվային՝ խնդրելով մոռացված համարել տեղի ունեցածը, հուշում է, որ մեսիջները տեղ են հասել:

Սակայն ասվածը տեղի ունեցածի դեռ միայն տեսանելի մասն է, եւ, անշուշտ, կա նաեւ քիչ տեսանելի հատվածը: Սկսենք հետեւյալից. ռազմական հեղինակությունը, անպարտելիության եւ անպատժելիության մասին միֆն Իսրայելի համար ունի կենսական նշանակություն: Շրջապատված լինելով 500 միլիոնանոց թշնամական միջավայրով` Իսրայելի գոյատեւման հիմքը հենց դա է, թե ունի անխոցելի բանակ: Բայց ոչ միայն իսրայելյան բանակը, քանի որ տարածաշրջանում այլ հզոր բանակներ եւս կան, այդ թվում՝ Իրանինը: Իսրայելի առավելությունը նրանում է, որ գերիշխում է երկրորդ համոզմունքը, որ ցանկացած պարագայում ԱՄՆ-ը կանգնած է նրա թիկունքին: Այդպես էլ կա, եւ չմոռանանք, որ այս վերջին միջադեպի հետ կապված ԱՄՆ-ն այն միակ ուժն էր, որը բացահայտորեն աջակցություն հայտնեց Իսրայելին, թեեւ վերջինս բացահայտորեն ագրեսորի դերում էր: Բայց ահա վերջին ժամանակներս մեկ այլ իրողություն էլ է նկատվում. անգամ ցանկության դեպքում, ԱՄՆ-ն, որ էականորեն զիջել է դիրքերը տարածաշրջանում, ի զորու կլինի՞ Իսրայելի անվտանգությունը երաշխավորել: Միայն այն փաստը, որ վարչապետ Նեթանյահուն այդքան հաճախակի հանդիպումներ է ունենում Պուտինի հետ, արդեն իսկ ակնարկում է, որ Իսրայելն իր անվտանգության համակարգը լիարժեք չի համարում: Եվ այս վերջին միջադեպի ժամանակ ծանր հարված հասցվեց Իսրայելի ռազմական հեղինակությանը, իսկ Վաշինգտոնի աջակցությունը միայն բարոյական հարթությունում էր: Վերջապես, որ դրանից հետո Իսրայելը ստիպված էր Մոսկվայի միջոցով փորձել տեղի ունեցածը հարթել, նորից Վաշինգտոնի անվերապահ աջակցության գաղափարը կասկածի տակ առնող գործոն է:

Իրանի պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Ալիևի հետ

 

ԽԱՂԻ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ

Սակայն եւս մեկ հանգամանք պետք է հաշվի առնել: Արդյոք իսրայելյան F-16-ի վրա հարձակումը սիրիական ՀՕՊ-ը չէ՞ր համաձայնեցրել ռուսական հրամանատարության հետ. միգուցեեւ՝ ո՛չ, սակայն դա քիչ հավանական է թվում: Շատ մեծ էր ռիսկը, որ իսրայելյան ինքնաթիռի ոչնչացումը կարող էր Սիրիա-Իսրայել մեծ հակամարտության առիթ դառնալ, այսինքն՝ սիրիական կողմը, մինչ F-16-ի վրա հարձակման հրաման տալը, առնվազն պետք է վստահ լիներ, որ Մոսկվան կշարունակի մնալ իր թիկունքին կանգնած:

Եվ սրան զուգահեռ. ակնարկը, որ սիրիական, միգուցե նաեւ՝ Սիրիայում գործող ռուսական ՀՕՊ համակարգը պատրաստ է հետայսու գրոհել սիրիական երկնքում առանց թույլտվության թռչող ինքնաթիռները, թերեւս էլ միայն Իսրայելին ուղղված չէր: Անցած շաբաթ ամերիկյան ավիացիան Դեր-Զորի հատվածում գրոհեց սիրիական առաջապահ ստորաբաժանումներից մեկը, եւ եթե սիրիական ՀՕՊ-ը հարվածում է իսրայելյան ինքնաթիռին, ինչո՞ւ չի կարող հարվածել նաեւ ամերիկյաններին: Առավել եւս, որ օրերս «չգիտես որտեղից» ձեռք բերված շարժական ՀՕՊ համակարգով գրոհայինները ոչնչացրին ռուսական ինքնաթիռը...

Այսպիսով, կարելի է նաեւ ենթադրել, որ իսրայելյան F-16-ը ռուսական Սու-25-ի ոչնչացման մեխանիկական պատասխանն էր: Սակայն նման տրամաբանությունը պրիմիտիվ կլիներ, մինչդեռ Սու-25-ի ոչնչացման պատմությունը բավականին խորը հիմքեր ունի: Այստեղ խնդիրը միայն մեկ ինքնաթիռը չէ. պատերազմ է, կորուստներ միշտ էլ կլինեն: Շատ ավելի էական է, որ «չգիտես ով», գրոհայիններին տրամադրելով շարժական ՀՕՊ համակարգը, դրանով էապես փոխեց մինչ այդ Սիրիայում գործող առանցքային արտաքին ուժերի միջեւ գործող խաղի կանոնները: Իսրայելյան F-16-ի պատմությունը, այդպիսով, նմանվում է ակնարկի, որ ռուս-իրան-սիրիական ուժերը պատրաստ են գործել այդ նոր խաղի կանոններով:

 

ՔՐԴԵՐԸ՝ ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԻ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

Չնայած, այդ խաղի կանոնները կարելի էր փոխված համարել այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը քրդերին եւս տրամադրել է ՀՕՊ շարժական համակարգեր: Ընդ որում, եթե մինչ այս դա փորձում էին որոշ փորձագետներ համարել թուրքական քարոզչական հնարք՝ Աֆրինում ռազմական գործողություններ սկսելու համար, ապա նախօրեին այդ վարկածը շրջանառությունից դուրս մնաց: Այն բանից հետո, երբ նույն Աֆրինի քրդերը ոչնչացրին թուրքական երկու ուղղաթիռ, որն հիմնավորում էր նման համակարգերի առկայության փաստը: Թե ինչու է Վաշինգտոնը սկսել աջ ու ձախ ՀՕՊ համակարգեր բաժանել, դժվար չէ կռահել: Ռուսների միջնորդությամբ քրդերը սկսել էին կամաց-կամաց բանակցել Դամասկոսի հետ, որը սպառնում էր Վաշինգտոնին՝ դուրս թողնել սիրիական խաղատախտակից: Ի դեպ, դժվար չէ տեսնել նաեւ քրդերին մինչեւ վերջ Դամասկոսի հետ թշնամացնելու ծրագիրը: Այսպես, Դեր-Զորի հատվածում՝ Եփրատ գետից արեւելք, սիրիական ուժերին ամերիկյան ավիացիայի կողմից հարված հասցնելու հետ կապված ուշագրավ մանրամասներ է ներկայացնում սիրիական խմբերից մեկը՝ «ISIS Hunters»-ը («ԻՊ-ի որսորդներ», որի կազմում, ըստ որոշ աղբյուրների, գործում են նաեւ ռուս հատուկ նշանակության ջոկատայիններ¤: Ըստ այդմ, «ISIS Hunters»-ը հետեւել է այդ հատվածում քրդերի զբաղեցրած գոտում տեղաշարժվող ԻՊ-ի ջոկատներից մեկին, որը բացահայտորեն պատրաստվում էր գրոհել սիրիական բանակի դիրքերը: Գրոհը սկսվել է, եւ «ISIS Hunters»-ը, օգնության հասնելով բանակային ուժերին, լուրջ հարված է հասցրել ԻՊ-ի ջոկատին: Վերջինս փախուստի է դիմել, սակայն քրդական հատվածից սիրիական ուժերին սկսել է հարվածել հրետանին՝ պաշտպանելով ԻՊ-ի ջոկատի մնացորդների նահանջը: Ապա, գրոհի է անցել ամերիկյան ավիացիան: «ISIS Hunters»-ի` այդ կապակցությամբ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նաեւ ասված է. «Մենք հայտարարում ենք, որ քրդերը պատասխանատվություն են կրում մեր եղբայրների սպանության համար: Այդ ժողովուրդը պատերազմ է սկսել Սիրիայի դեմ՝ գրավելով սիրիական ժողովրդին պատկանող հողերն ու ռեսուրսները: Հիմա նրանք համագործակցության մեջ են մտել ԻՊ-ի հետ, փրկում են նրանց արդարադատությունից եւ օգտագործում Սիրիայի դեմ: Այդ ամերիկյան մարիոնետներն այլեւս իրավունք չունեն զբաղեցնել սիրիական հողերը: Հիմա մեզ համար չկա տարբերություն ԻՊ-ի եւ քրդերի միջեւ: Քրդերը նույնպիսի ահաբեկիչներ են, եւ այդ կերպ կվերաբերվենք նրանց: Վստահ եղեք...»:

ԹՐԱՄՓԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՀԵՏ

Սրանից զատ, երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Իդլիբի հատվածից սիրիական հիմնական հարվածային ուժերը տեղափոխվում են Դեր-Զորի ուղղությամբ: Նրանք նախ կչեզոքացնեն Եփրատից արեւելք դեռ շրջապատման մեջ մնացող ԻՊ-ի փոքր խմբավորումները: Եվ ենթադրելի է, որ հաջորդ հարվածը կուղղվի քրդերի դեմ՝ Եփրատի արեւելքում: Այս դեպքում արդեն վերջնական տրամաբանություն է ստանում նաեւ այն մեսիջը, որ քրդերի օգտին միջամտելու դեպքում հարվածի տակ կարող է հայտնվել նաեւ ամերիկյան ավիացիան:

Այսպիսով, սիրիական պատերազմում ստանում ենք որակապես նոր այս իրավիճակը: Քրդերը, որ Վաշինգտոնի դրդմամբ առանց այդ էլ հայտնվել են թուրքերի դեմ պատերազմում, հիմա կանգնած են երկրորդ ճակատով նաեւ սիրիական բանակի դեմ պատերազմի հեռանկարի առաջ, եւ ով գիտի, թե ինչ կորուստների գնով կկարողանան այս պատմությունից դուրս գալ: Առավել եւս, որ Վաշինգտոնի մասշտաբային օժանդակության վրա հույս դնելը կասկածի տակ է: Ամերիկյան զինուժը, ի վերջո, Սիրիա-Իրաքում ԻՊ-ի դեմ պատերազմելու մանդատ է ստացել սեփական Կոնգրեսից: Առիթից օգտվելով՝ մեկ-մեկ սիրիական ուժերին հարվածելու սողանցքը, իհարկե, կա: Բայց ինչ կլինի, եթե ստիպված լինեն ծավալուն բախման մեջ մտնել սիրիական բանակի դեմ: Առավել եւս, որ տեղում ունեն սահմանափակ ուժեր, իսկ օդից անպատիժ հարվածներ հասցնելու մարտավարությունն այս դեպքում չի աշխատի: Այսինքն՝ կլինեն կորուստներ, եւ Սպիտակ տունն այս ամենն ինչպե՞ս է հիմնավորելու, եթե Կոնգրեսը այդքան թշնամաբար է տրամադրված Թրամփի հանդեպ: Այսպիսով, Թրամփը կփորձի՞ վա-բանկ գնալ՝ ծավալուն բախման մեջ մտնելով Մերձավոր Արեւելքում, թե՞ մենակ կթողնի քրդերին...

Իսկ Իսրայելը, F-16-ի միջադեպը մոռանալու առաջարկ անելով Մոսկվային, թերեւս նաեւ ակնարկեց, որ չի ուզում այդ հնարավոր մեծ բախման մեջ խառնվել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА