ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ

13.02.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ

30 տարի առաջ` 1988-ի փետրվարի 12-ին, Արցախի Հադրութ բնակավայրում տեղի ունեցած ցույցով մեկնարկեց Արցախյան շարժումը, որը կանխորոշեց հետագա զարգացումները: Իսկ հաջորդ օրը` Տրնդեզին, ալեկոծված էր արդեն Ստեփանակերտը, փետրվարի 20-ին էլ ցույցերի ալիքը հասավ Երեւան: Ու երեւի թե խորհրդանշական ինչ-որ բան կար այն հանգամանքում, որ Արցախյան շարժման բռնկումը համընկավ դիցաբանական տրնդեզյան օրերին:

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ: ՀԵՐԹԱԿԱՆԸ... ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

 

ԴՐԱՄԱՏԻԿ ՄԻՋԱՎԱՅՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ՇՈՒՐՋ

Արցախյան շարժման մեկնարկից 30 տարի անց Գյումրիում մեկնարկեց Իսլամական պետության հայ համակիր երիտասարդի դատաքննությունը: Ըստ մեղադրական եզրակացության. «Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռեւս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ. ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը` դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւին` սպանելով վերջինիս»: Թե ինչպես էր Հունաստանում մեծացած այդ երիտասարդը հարել իսլամական ահաբեկչական կառույցին, դա մեր պարադոքսալ ժամանակների կուրիոզներից ընդամենը մեկն է:

Իսկ ավելի մեծ կորիոզ է, անշուշտ, մազութային սուլթանատի բռնապետ Իլհամ Ալիեւի սուպեր ռազմաշունչ հայտարարությունը` Երեւանը գրավելու ռազմավարական նպատակի մասին: Իհարկե, Հայաստանում այդ հոխորտանքը դարձավ ծաղրի եւ կատակների առիթ, որոշ փորձագետներ էլ ենթադրեցին, որ դա ընդամենը էժանագին նախընտրական հնարք է, սակայն պետական այրերը դա հիմք ընդունեցին լուրջ հայտարարությունների համար: Այսպես, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դրա հիման վրա շեշտեց Ադրբեջանի ռասիստական բնույթը, իշխող կուսակցության ներկայացուցիչները բավականին կտրուկ գնահատականներ տվեցին, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ արձանագրեց, որ խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ալիեւը հրաժարվի իր մաքսիմալիստական մոտեցումներից:

«ԱՔԼՈՐԱԿՌՎԻՑ» ՀԵՏՈ ՃՏԵՐԸ ՄԻՆՉԵՎ  ԱՇՈՒՆ ԿՁԳԵ՞Ն

Բայց ինչքան էլ պարադոքսալ չթվա, մենք պետք է, որ Ալիեւին շնորհակալ լինենք` այդպես բաց տեքստով բոլորին հայի ու թուրքի հարաբերությունների բուն էությունը հիշեցնելու համար: Որ դա այն հակամարտությունն է, որն ավարտվում է կողմերից մեկի ոչնչացումով: Որ ցանկացած զիջում, փոխզիջում ու նման բաներ հակառակ կողմին միայն կխրախուսեն դառնալ ավելի ագրեսիվ: Որ թուրք տեսակի էությունը ոչ մի փոփոխության էլ չի ենթարկվել: Ըստ էության, Ալիեւի այդ մեկ ելույթը բավական եղավ, որպեսզի ջուրը լցվի տարատեսակ պացիֆիստական, խաղաղասիրական, հաշտվողական կառույցների` 20 տարվա ընթացքում անցկացված հսկայական աշխատանքը: Այնքան ջանացին, այնքան լեզու թափեցին` իբր ռազմաճակատի գծից այն կողմ գտնվողները մարդկային կերպարանք ունեն, իբր 100 տարվա ընթացքում թուրքը  քաղաքակրթվել է, եւ այլն, եւ այլն... Բայց արդյունքում էլի եկանք այն եզրակացությանը, որին եկել էինք 1988-ին, Սումգայիթի ոճրագործությունից հետո: Այդ 30 տարվա ընթացքում էլ թշնամին չփոխվեց ու չէր կարող փոխվել:

«Թարսի պես» էլ քրդաբնակ Աֆրինում թուրքական բանակը գործեց նույնպիսի վայրագություններ, ինչպիսին գործում էր 1915-ին Արեւմտյան Հայաստանում: Այսինքն` մազութային բռնապետը քիչ էր, նաեւ թուրք պետությունը որոշեց իր էությունը վերահաստատող «դուբլ» ապահովել: Դե, իսկ 21-րդ դարում տեղեկատվությունը անհամեմատ ավելի արագ է տարածվում, քան 100 տարի առաջ: Ինչեւէ, թշնամիների հարցում ամեն ինչ պարզ է եւ կանխատեսելի: Համենայնդեպս, պետությունից ջանքեր չեն պահանջվում հանրությանը պատրանքներից հեռու պահելու համար: Դա ապահովում է հենց ինքը` թշնամին, այն էլ ամենավառ արտահայտված ձեւով: Ուստի պետական եւ քաղաքական այրերին գործնականում ոչինչ չի խանգարում ձեռնամուխ լինել խորհրդարանական կառավարման կարգին անցնելու վերջին փուլն ապահովելու գործում:

Այժմ քաղաքագետների մի մասը մեր ներքաղաքական զարգացումների առումով, ապահովության համար իրենց ասելիքը սկսում են «եթե ֆորսմաժորային իրադարձություններ չլինեն» բառակապակցությամբ: Շատերը այդ բառակապակցությունն էլ չեն օգտագործում` գնահատելով, որ ֆորսմաժորի հավանականությունը չնչին է: Եվ բոլորն իրենց կանխատեսումներում ասում են նույնը` որ ամեն ինչ ընթանալու է` ըստ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի գծած պլանի:

 

ՊԱՅՔԱՐ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԵՎԻ ՏԱԿ ՏԵՂ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳՇԱԲԹԻ,  ԿԱՄ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՊԵՐՃԱՆՔՆ  ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀԿ-ի պարագայում ամեն ինչ պարզ է` Արմեն Սարգսյանն ընտրվելու է ՀՀ նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը լինելու է վարչապետ: Իշխող վերնախավի ներսում պարզ չէ միայն մեկ խնդիր, թե ովքեր կմնան կառավարությունում, իսկ ովքեր կփոխարինվեն եւ ումով: Այ, դրա շուրջ ինչպես կուլիսային, այնպես էլ հրապարակային-լրատվական ինտրիգներ են լարվում: Բայց այդ հարցը, խոշոր հաշվով, հանգում է անձերի եւ խմբավորումների, եւ սկզբունքորեն այդքան էլ մեծ հետաքրքրություն իրենից չի ներկայացնում: Առավել հետաքրքրական է այն` ինչ տեղի է ունենում ՀՅԴ-ի եւ Ծառուկյան դաշինքի պարագայում: Ծառուկյան դաշինքը, բնականաբար, ակնկալիքներ ունի, որ մշտապես «ճիշտ ձեւով» քվեարկելու դիմաց ինչ-որ բան կստանա գործադիր իշխանության օղակներում: Իհարկե, կա նաեւ տեսակետ, որ այդ քաղաքական ուժի կազմում զգալի տեսակարար կշիռ կազմող գործարարների բիզնես շահերին չդիպչելը արդեն իսկ բավարար փոխհատուցում է, բայց, այնուամենայնիվ, ավելին ստանալու ակնկալիքներ կան:

Եվ ո՞ւմ քվոտայի հաշվին Ծառուկյան դաշինքը կարող է հույս ունենալ` ինչ-որ բան ստանալու: Բնականաբար, ՀՀԿ-ն «նեղ անելով, տեղ անելով» չի զբաղվի: Հետեւաբար, մնում են միայն ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերները` դաշնակները: Հենց այդ կիսաստվերային պայքարն է բերում ՀՅԴ-ի կողմից որոշակի «ընդդիմադիրոտ» դրսեւորումների, այն է` կառավարության քննադատությանը (թեեւ մոռացվում է, որ իրենք էլ նախարարներ ունեն), բավականին կտրուկ խոսակցությունների Ընտրական օրենսգրքի վերանայման անհրաժեշտության մասին եւ այլն: Բայց հարցերի առումով նրանք ամբողջովին լոյալ են ՀՀԿ-ին:

Այսպես, այս երկուշաբթվա ճեպազրույցին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ քաղաքական համակարգի փոփոխությունները չեն իրականացվում` մեկ անձի շահերից ելնելով, որ մտավախությունները` իբր վարչապետի ձեռքերում չափից շատ իշխանություն է կենտրոնացվելու, լրիվ անհիմն են: Եվ ըստ Ռուստամյանի. «2018 թվականի ապրիլին կայանալիք ընտրություններից հետո Հայաստանը «միապետություն չի դառնա»: «Կառավարման նոր` խորհրդարանական համակարգին անցումը, իմ կարծիքով, միայն դրական կողմեր կունենա», - ասաց Ռուստամյանը:

 

«ԵԼՔԻՆ» ՆԵՐՈՂԱՄԻՏ ՀԱՅԱՑՔՈՎ ԵՆ ՆԱՅՈՒՄ

Դեռ մինչեւ հանդիպումը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, «Ելքի» ներսում տարակարծությունները հասել էին նրան, որ Արտակ Զեյնալյանն ու Էդմոն Մարուքյանը սկսել էին հրապարակավ իրար հետ չհամաձայնել: Պատճառը, ըստ երեւույթին, այն հարցն էր, թե ինչպես դիրքավորվեն թեկնածուի վերաբերյալ: Հանդիպումն էլ անցավ շատ ջերմ մթնոլորտում, եւ առհասարակ Արմեն Սարգսյանի բոլոր հանդիպումները ջերմ մթնոլորտում են անցնում: Այդ հանդիպումները ընդգրկեցին արդեն ընդհուպ կրթահամալիրները, եւ դրանց նախնական ամփոփումը կատարելով` Արմեն Սարգսյանը հայտարարեց. «Ես կարծում եմ` պատրաստ եմ արդեն այդ հանդիպմանը եւ հստակ պատկերացումներ ունեմ ոչ միայն Սահմանադրությամբ իմ առջեւ դրված պարտականությունների, որոնք հստակ ձեւավորված են ՀՀ Սահմանադրության մեջ, այլ նաեւ այն խնդիրների եւ հնարավոր լուծումների շրջանակը, որի մասին յուրաքանչյուր հայ մարդ` լինի այստեղ, Արցախում, թե Սփյուռքում, մտածում է, ցավում է եւ ուզում է, որ մեր հայրենիքը 26 տարվա հաղթանակներից, հաջողություններից նաեւ դժվարություններից ու որոշ անհաջողություններից հետո տանենք առաջ, ավելի ժողովրդավար, ամուր, հզոր եւ կարողանանք իր հաղթական ավարտին բերենք Արցախի հիմնահարցը»: Խոսքը, բնականաբար, Սերժ Սարգսյանի հետ եզրափակիչ հանդիպման մասին է, եւ գործնականում ոչ ոք չի էլ կասկածում, որ պատասխանը դրական է լինելու: Սակայն վերադառնանք «Ելքին»: Այդ թիմը ի զորու չեղավ այնպիսի հարցի շուրջ, ինչպիսին թանկացումներն են, ձեւավորել քչից-շատից ընդգրկում ունեցող հանրային շարժում ԱԺ պատերից դուրս: Ինչ վերաբերում է «Ելքի» սիլիբիլիներին սորոսասին հակաբանակային ակտիվիստների հետ, ապա հանրային լրացուցիչ աջակցության փոխարեն «Ելքը» դրա համար ստացավ միայն թուքումուր եւ ամոթանք:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԴԵՌ ԶԵՐԾ ԿՄՆԱ

Եվ քանի որ «Ելքի» վիճակը բավականին խոցելի է, ապա ՀՀԿ-ն բարեհոգաբար որոշեց, որ չի տապալելու փետրվարի 16-ին «Ելքի» կողմից հրավիրված գնաճի թեմայով արտահերթ նիստը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մասնավորապես ասաց. «Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող ենք փարատել, ՀՀԿ-ն նմանատիպ մտադրություն չունի, մենք պետք է մասնակցենք նիստին, իհարկե պետք է կրկնվի այն, ինչ եղել է լսումներին, որի ժամանակ հիմնավոր կարողացել ենք փաստարկել այսօրվա իրավիճակը, սակայն հարգելով մեր գործընկերներին` կմասնակցենք եւ եւս մեկ անգամ կհիմնավորենք»:

Այնպես որ, «Ելքը» լուրջ մտահոգվելու տեղիք ունի, որպեսզի կայանա որպես ընդդիմադիր թիմ, եւ հանրությունն էլ իրեն լուրջ ընդունի: Իսկ ինչ վերաբերում է «ընդդիմադիր-այլընտրանքային» Ծառուկյան դաշինքին եւ կոալիցիոն ՀՅԴ-ին, ապա այդ երկու ուժերը կատաղի պայքար են մղելու գործադիր իշխանության փոքրիկ կտորի շուրջ: Ճիշտ է, քանզի Ծառուկյան դաշինքը շատ խոշոր է եւ, ըստ Սահմանադրության, չի կարող կոալիցիայի մեջ մտնել, բայց ցանկության դեպքում կարող է եւ նոր ձեւաչափ մտածել, ասենք, որը կկոչվի ոչ թե կոալիցիոն, այլ ազգային համաձայնության կառավարություն: Բայց, թերեւս, ավելի հավանական է, որ ՀՅԴ-ն քիչ բան կկորցնի: Ի վերջո, ինչպես ժամանակին ասել էր Գալուստ Գրիգորիչը, նրանք «ազգային արժեք» են:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА