ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

09.02.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Լոսանջելեսաբնակ մեր հայրենակից Գուրգեն Հովհաննիսյանը շատ յուրահատուկ ու զարմանալի «հայի բախտ» ունի: Թեեւ նրա ավտոմեքենան հարված է կերել, սակայն ավտովթարի ընթացքում նրա վրա ԲՐԵԴ ՓԻԹԻ փոշի է նստել: Ահա ինչ է պատմում ինքը` Հովհաննիսյանը. «Ես կանգնած էի խաչմերուկում, երբ ինչ-որ մեքենա հետեւից թեթեւակի հարվածեց, իսկ իմ մեքենան հարվածեց դիմացի մեքենային: Մենք երեքով մի կողմ գնացինք, եւ Tesla-ից դուրս եկավ մի մարդ, որը պարզվեց Բրեդ Փիթն է: Ես շփոթվեցի, նույնիսկ սելֆի չմտածեցի անել, իսկ նա գրանցեց իմ հեռախոսահամարը, իր տվյալները լրացրեց: Ես չհասցրեցի անգամ զրուցել նրա հետ, քանի որ իմ անգլերենով չեմ փայլում: Փիթն ասաց մեզ. «Ներեցեք ինձ, տղաներ, լավ օր ձեզ»: Այդպես բաժանվեցինք, իսկ կարճ ժամանակ անց ինձ գրեցին իմ ընկերները` ասելով, որ իմ լուսանկարները եւ վթարը հայտնվել են համացանցում, իսկ ես նույնիսկ չէի նկատել, որ մեզ նկարում են»: Դե ինչ, այս դեպքը զարմանալիորեն փաստում է, թե ինչքան վատ է օտար լեզուներ չսովորելը: Այ, եթե մեր հայրենակիցն անգլերենին լավ տիրապետեր, ապա հաստատ կկարողանար ե՛ւ Բրեդ Փիթի հետ սելֆի անել, ե՛ւ նույնիսկ ինքնագիր վերցնել:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն ռուսաստանաբնակ մեր մեկ ուրիշ հայրենակից` օլիգարխ ՕԼԵԳ ՄԿՐՏՉՅԱՆԻ «հայի բախտը» լրիվ այլ եւ բավականին տխուր ձեւով է դասավորվել: Մոսկվայի Բասմանի դատարանը «Դոնբասի արդյունաբերական միություն» (ԴԱՄ) կորպորացիայի գլխավոր տնօրեն, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանին առանձնապես խոշոր չափի խարդախության մեղադրանքով մինչեւ ապրիլի 5-ը կալանավորել է: Իսկ մինչ այդ, Մկրտչյանը դեռ երկու տարի առաջ դադարեցրել էր ֆինանսավորել «Կուբան» ֆուտբոլային ակումբը եւ անգամ խնդրել էր երկրամասի նահանգապետին անհատույց ընդունել ակումբի բաժնետոմսերը, ֆուտբոլիստները կես տարի աշխատավարձ չէին ստացել: Դե ինչ, միգուցե, զարմանալիորեն հենց այդ ֆուտբոլիստների նավսն էր հասել տեղ... 

Իսկ մեր հարազատ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ կարելի է չոփը պատի մեջ խրել: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջութամբ ընդունեց ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունների համատեղ նախագիծը: Իսկ զարմանալին այդտեղ այն է, որ դա այն հազվադեպ դրվագներից է, որ իշխանությունն ու ընդդիմությունը համերաշխորեն օգտակար օրենք են մտածում, եւ ընդդիմությունը դրան պոզուպոչ չի կպցնում: Եվ այսուհետ. «Բուքմեյքերական գրասենյակներում եւ խաղատներում անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունելու համար այսուհետ խիստ պատիժ կկիրառվի, իսկ անչափահասների խաղատներ մուտքն արգելելը կկարգավորվի օրենքով»:

Մեծ Բրիտանիայում էլ սկանդալ է հասունանում այնպիսի չարչրկված թեմայի շուրջ, ինչպիսին խտրականությունն է: Սակայն զարմանալիորեն այս անգամ խտրականության զոհերը ոչ թե տարատեսակ գույնզգույն փոքրամասնություններն են, այլ... ՄԱՍՈՆՆԵՐԸ: Մասոնների շարժման ամենահայտնի հնագույն մեծ օթյակներից մեկը` Անգլիայի Միավորված մեծ օթյակը բրիտանական մի քանի թերթերում հայտարարություններ է տեղադրել` անդամների հանդեպ խտրականությունը վերացնելու խնդրանքով: «Ամեն ինչ իր սահմանն ունի» վերնագրով տեքստում Անգլիայի Միավորված մեծ օթյակը հայտարարում է, որ երկրում նրա անդամներին չափազանց կողմնակալ են վերաբերվում, թեեւ օթյակը բաց է ցանկացած կրոնի, ռասայի եւ քաղաքական հայացքների տեր անձանց համար: Իր հայտարարության մեջ Անգլիայի Միավորված մեծ օթյակը գրում է, որ երկրում 200 հազարից ավել մասոնների նկատմամբ կասկածանքները որպես խտրականություն է ընդունում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА