ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

09.02.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Բանը հասավ տոնավաճառներին: Զարուհի Փոստանջյանն իր ծիրանաբույր կուսակցության ակտիվիստուհիների հետ, բարձրախոսը ձեռքին շրջայց կատարեց մայրաքաղաքի տոնավաճառներով եւ մոլերով` վաճառողների եւ գնումների եկած քաղաքացիների գլուխը տանելով «համազգային ընդվզման» կոչերով:

ՈՉ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ՉԻՆՈՎՆԻԿՆ Է ՉԻՆՈՎՆԻԿ

 

ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՈՐՊԵՍ ԾՈՒՌ ՃԱՆԱՊԱՐՀ

Տիկին Փոստանջյանը թերեւս հասկանում է, որ հալվա ասելով` բերանը չի քաղցրանում, որ Հայաստանի բնակչությունը «համազգային ընդվզման» ցանկություն չունի եւ չի էլ հավատում իշխանափոխություն խոստացողներին, բայց... Շարունակում է հնչեցնել այդ անպտուղ եւ անիմաստ կարգախոսը: Պարզապես չի կարողանում դուրս գալ պոպուլիզմի շրջապտույտից: Ի դեպ, «Երկիր ծիրանին» նաեւ Երեւանի ավագանու իր ագրեսիվ պահվածքով եւ բեմադրվող պոպուլիստական թատրոններով հասցրել է տանել նաեւ «Ելք» խմբակցության ավագանիների գլուխները: Դե իսկ, որ ագրեսիվության պատճառով տիկինը պարբերաբար տգեղ միջադեպեր է ունենում մե՛կ քաղաքապետարանում, մե՛կ ոստիկանների հետ, այս վերջին շրջայցի ընթացքում էլ` նաեւ «Երեւան մոլի» անվտանգության աշխատակիցների հետ, երեւի թե, Զարուհի Փոստանջյանի համար դարձել է կենսակերպ, առանց որի պարզապես չի կարող: Սակայն նույն այդ պոպուլիզմի շրջապտույտից չի կարողանում դուրս գալ եւ խորհրդարանական ընդդիմությունը: Պատգամավորական պարտականություններ կատարելու փոխարեն, «Ելք» խմբակցության անդամները փորձում են կազմակերպել տարատեսակ փողոցային միջոցառումներ, ուր փայլում են այն հմտությամբ, որը հարգի եւ պահանջված էր 1990-ականներին, առավելագույնս` մինչեւ 2008-ը: Խոսքը փողոցային հռետորական արվեստի մասին է, որը պետք է էլեկտրականացնի բազմությանը, եւ բազմությունը դառնա Չարենցի երգած «Ամբոխները խելագարված»:

Բայց մեր ամբոխները ամենեւին էլ չեն շտապում «խելագարվել», որովհետեւ մի կողմից` քաղաքական գործիչների եւ նրանց խոստումների հանդեպ լիցքավորված են թերահավատությամբ, մյուս կողմից` ընդդիմադիր կրակոտ ելույթները կարելի է հանգիստ լսել` առանց հրապարակ գալու եւ փողոցում ցույց անելու` համացանցային ուղիղ հեռարձակմամբ, սեփական համակարգչի, նոութբուքի, պլանշետի եւ անգամ խելախոսի միջոցով: Եվ արդյունքում մարդիկ չեն ամբոխվում, նույն Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի եւ այլոց ականջահաճո ճառերը վայելում են որպես թամաշա:

Ի դեպ, ըստ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի` անգամ խորհրդարանական ընդդիմությունը չի կարող հանդես գալ ՀՀԿ-ի դեմ, էլ ուր մնաց` փողոցային ընդդիմությունը: Քաղաքագետի կարծիքով` նաեւ ժողովուրդն ու փողոցային ընդդիմադիրները ապրում են իրարից լրիվ անջատ կյանքով, եւ հետեւաբար, արտախորհրդարանական ընդդիմությունն էլ ի զորու չէ քաղաքական ցնցումներ առաջացնել: Սակայն վերադառնանք խորհրդարան: Եվ այնտեղ տեսնում ենք, որ անգամ Ծառուկյան դաշինքը չի ձերբազատվել պոպուլիզմից: Զորօրինակ, նրանք միացան «Ելքի» ստորագրահավաքին` արտահերթ նիստ գումարելու պահանջով: Բայց այդ ուժը շահեկանորեն տարբերվում է «Ելքից» ու առավել եւս, արտախորհրդարանականներից նրանով, որ գերադասում է ընդդիմադիր գործունեությունը ծավալել թեկուզեւ պոպուլիստական թեմաներով, բայց խորհրդարանում` նիստերի եւ լսումների ընթացքում: Հիմա, եթե ծառուկյանականներին փայտով էլ ծեծես, փողոցային ցույցերի գնացող չեն:

17 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵՑԻՆՔ

 

ԴԵՊԻ «ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է իր ակտիվ շրջագայությունները: Լոնդոնից հետո նա ուղեւորվեց Փարիզ եւ հանդիպեց ֆրանսիացի պատգամավորների հետ, իսկ այժմ Երեւանում մեկ-երկու օրվա ընթացքում կհանդիպի Ծառուկյան եւ «Ելք» դաշինքների հետ` դրանով իսկ ամփոփելով խորհրդարանական ուժերի հետ հանդիպումները:

Այնուհետ նա ուղեւորվելու է Արցախ, նոր միայն գալիս է արտախորհրդարանական ուժերի հերթը: Խոսքը առաջին հերթին ՀԱԿ-ի մասին է, ուր, թերեւս, Արմեն Սարգսյանին հետաքրքրողը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Բայց դեռեւս պարզ չէ` ծերուկը կցանկանա՞ հանդիպել նախագահի թեկնածուի հետ, թե` խաղալու է «ես նեղացած եմ» խաղը` դեմքի թթված արտահայտությամբ: Իսկ ինչ վերաբերում է թթված տրամադրությանը, ապա Լեւոն Ակոպիչը դրա բոլոր հիմքերն ունի, քանզի, եթե անգամ Նիկոլի մոտ թանկացումների թեմայով չեն ստացվում բազմամարդ փողոցային միջոցառումները, ապա ծերուկի «խաղաղության երթերը», առավել եւս, դատապարտված են ձախողման:

Ինչեւէ, ինչ վերաբերում է ընտրվելուն, ապա ընդդիմադիր հակումներ ունեցող քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, հենց առաջին փուլով էլ դա տեղի կունենա, քանզի. «Միանշանակ է, որ ՀՀԿ-ն իր ձայնը կտա, «Ծառուկյան» դաշինքը եւս կտա, Դաշնակցությունն էլ, չեմուչումով, գուցե տա: Ինչքան անցնցում, այնքան ավելի լավ երկրի համար: Պարզ է, որ նրանով շահերի խնդիր լինի, գուցե վերաբաժանման, կադրային խնդիրներ լինեն, որովհետեւ ծերացած իսթեբլիշմենթը կաշխատի իր զավակներին ու փեսաներին տեղավորել»: Բայց քաղաքագետը միաժամանակ համաձայն չէ «չորրորդ նախագահ» տերմինի հետ, քանզի նախագահական լիազորություններն են էապես փոխվում: Եվ խորհրդարանական կառավարմանն անցնելու առնչությամբ նա գերադասում է օգտագործել «Չորրորդ հանրապետություն» տերմինը, այդ բառակապակցությունը, փաստորեն, խլելով Սէֆիլյանի տիպի արմատական ընդդիմադիրներից եւ փոխանցելով կառավարող ՀՀԿ-ին: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` վարչապետ ընտրվելու հեռանկարներին, ապա. «Ապագա վարչապետին, այսօրվա նախագահին պետք է դիմել` արմատական կադրային փոփոխություններ անել, ազատ է կադրային բազան թարմացնելու համար: Լավագույն առիթն է բալաստից ազատվելու համար, պետք է թոշակի ուղարկել, նա ազատ է այդ գործողությունների մեջ: Պետք է ազատվել օլիգարխիայից, քրեական հեղինակություններից: Այն նախագահը, որից հասարակությունը դժգոհ է` հնարավորություն ունի լինել այն վարչապետը, որից հասարակությունը գոհ կլինի: Եվ դա կլինի մեզ համար չորրորդ հանրապետության հիմնադրում»:

Այսինքն` «Չորրորդ հանրապետության» հիմնադիր լինում են ոչ թե հեղափոխականները, այլ` Սերժ Սարգսյանը: Բայց, խոշոր հաշվով, այն, ինչ նա իրականացնում է կառավարման մոդելի պարագայում, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությունում, հիրավի կարելի է համարել հեղափոխություն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА