ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԷՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

26.01.2018 21:40 ԶԱՐԿԵՐԱԿ
ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԷՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում` ԵԽԽՎ-ում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի շուրջ մեկնաբանությունների պակաս չկա: Ինչ մեսիջներ էր պարունակում ՀՀ նախագահի ելույթը, թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց վերլուծաբանների հետ:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎ.

- ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ելույթում կարելի է առանձնացնել 5-6 առանցքային կետեր: Առաջինն այն էր, որ ներկայացվեց եվրոպական կառույցների հետ հաջողված համագործակցության պատմությունը, փաստերը եւ զարգացման տեսլականը, որը ցույց է տալիս, որ Հայաստանն իրեն երբեւէ չի դիտարկել, որպես եվրոպական քաղաքակրթությունից դուրս, այլ որպես նրա մի մաս: Այն գործողությունները, որոնք իրականացվել են եվրոպական կառույցների հետ, իրականացվել են, հաշվի առնելով այն պարտականությունները, որը ստանձնել է Հայաստանը: Շեշտադրվեց նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը արդյունավետ համագործակցում է ոչ միայն եվրոպական, այլեւ՝ եվրասիական կառույցների հետ: Հաջորդ շեշտադրումը վերաբերում էր ոչ միայն այն հանգամանքին, որ մանրամասն ներկայացվեց Արցախյան կարգավորման խնդիրը եւ ամբողջ պատմությունը, այլեւ այն միտքը, որ արցախցիները, լինելով չճանաչված պետության քաղաքացիներ, պետք է օգտվեն նույն այն իրավունքներից, որից օգտվում են այն պետությունները, որոնք ունեն իրենց ներկայությունը միջազգային ատյաններում: Կարեւոր էր Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ շետադրումները, երբ Հայաստանը, ցուցաբերելով կառուցողական քաղաքականություն, պետք է իրականություն վերադարձնի Ադրբեջանին, որ, ներկայացնելով իր ոչ իրական պահանջները, խոչընդոտում է հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Անդրադարձ եղավ նաեւ այն զարգացումներին, որոնք առնչվում  են հայ-թուրքական հարաբերություններին: Երբ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ, իսկ Թուրքիան՝ հրաժարվում է դրանից: Այս դեպքում Հայաստանը պատրաստ է հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները:

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ.

- ԵԽԽՎ-ում նախագահը ներկայացրեց վերջին մի քանի տարիների ընթացքում կատարված փոփոխությունները: Պետական կառավարման համակարգում տեղի ունեցած բարեփոխումները, որոնք արտահայտվել են ե՛ւ Սահմանադրության մեջ, ե՛ւ օրենսդրական բազում նախաձեռնությունների տեսք ստացել: Ըստ էության, նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կատարել է ստանձնած միջազգային պարտավորությունները եւ կարող է հանդիսանալ այն օղակը, որտեղ կարող են համագործակցել եվրոպական եւ եվրասիական կառույցները: Կարեւոր ուղերձը, որը հնչվեց երկրի ղեկավարի կողմից, վերաբերում էր տարածաշրջանային անվտանգության համակարգին, մասնավորապես այն խնդրին, թե ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ տարբեր միջազգային կառույցների կողմից ոչ համաչափ գնահատականները՝ արցախյան բանակցային գործընթացի վրա: Խոսեց ԵԽԽՎ-ի անվտանգության բարձրացման անհրաժեշտությունից, որովհետեւ Ադրբեջանի կողմից կաշառված եվրոպատգամավորների վարքը իսկապես լուրջ հարված էր հասցրել եվրոպական այդ կառույցի անվտանգությանը: Կարծում եմ` նախագահի ելույթը բավականին հանգիստ, միջազգային հանրության առջեւ բարձր մակարդակով կանգնած քաղաքական գործչի ելույթ էր:

Գրող, հրապարակախոս ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ–ԳՈՒԼԱՆՅԱՆ.

- Նախագահի ելույթը փառահեղ էր: Երեկ նույնիսկ տաքսու վարորդը հպարտությամբ այդ ելույթի մասին էր խոսում, ընդ որում, այնպիսի մարդ, որը միշտ բողոքում է երկրից: Ելույթը փայլուն էր, խոսք եղավ ամեն ինչի մասին, հարցերը մեկը մյուսից տարբեր էին, դրանց պատասխանները փայլուն էին, տեսնում եմ, որ մեր երկրում ինչ-որ բան է փոխվում դեպի լավը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА