ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՌԵԼԻՔԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿՏԱՆԻ՞ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՃԻ

12.01.2018 21:30 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՎԱՌԵԼԻՔԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿՏԱՆԻ՞ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՃԻ

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրեց խորհրդակցություն` հանրապետությունում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումները քննարկման նպատակով: Խորհրդակցության ընթացքում երկրի ղեկավարը ասել էր, որ պատասխանատուներից ակնկալում է՝ պահպանելով տնտեսական մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման խիստ մշտադիտարկում: Նա նաեւ պահանջել է, որպեսզի  գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի, պատկան պաշտոնյաները ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետեւանքների մեղմմանը եւ հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին: 

Թանկացումներ կլինեն 700-800 ապրանքների մասով. որոնք են գնաճի պատճառները

Փաստը, որ երկրի ղեկավարն է թանկացումների թեմայով խորհրդակցություն անցկացնում, ավելին, ակնարկում, որ որոշ դեպքերում թանկացումները կարող են լինել նաեւ «տնտեսավարողների ագահության պատճառով», հուշում է, որ համապատասխան կառույցները, մեղմ ասած, իրենց բարձրության վրա չեն գտնվել: Իսկ դա խնդիր է նաեւ այն առումով, որ քիչ չեն խոսակցությունները հնարավոր նոր թանկացումների մասին: Այսինքն, եթե պատկան կառույցները պետք եղածի պես իրենց դիրքում չլինեն, միայն այդ խոսակցությունները բավական են, որ չեղած տեղը թանկացվումներ առաջ բերեն: Ու, թերեւս, հենց դա կանխելու իմաստն ուվեր նախագահի հանձնարարականը, որ պատկան կառույցները, բացի մշտական վերահսկողությունից, նաեւ հավուր պատշաճի հանրությանը տեղյակ պահեն «սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին: Եվ չբավարարվենք միայն նրանով, որ մի փոխնախարար մի օր ասել է, թե որն է այս կամ այն ապրանքի թանկացման պատճառը»: Այսինքն, պետք է կանխել արհեստածին խուճապների պատճառով հնարավոր թանկացումները, ինչը միշտ էլ շատ վտանգավոր է: Իսկ դրա համար առիթ կարող է դառնալ նաեւ տրանսպորտի համար նախատեսված վառելիքի վերջին թանկացումը, թե՝ վառելիքը թանկացավ, ուրեմն ամեն բան կթանկանա:
«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, խոսելով թանկացումներից եւ նախագահի հանձնարարականի մասին, նկատեց, որ ԱԺ-ում մի քանի անգամ բարձրաձայնվել է, որ հունվարի 1-ից սպասվում են նոր թանկացումներ. «Մենք վաղուց ենք ասել թանկացումների մասին, մենք կանխատեսել էինք, որ գնաճ կլինի, որն էական ազդեցություն կունենա մեր բնակչության, հատկապես միջին եւ աղքատ խավի վրա: Գնաճն այն չափերի է հասել, որ անհանգստացրել է նույնիսկ երկրի ղեկավարին: Այսօր դիզելային վառելիքը թանկացել է, մինչդեռ գյուղացիների 90 տոկոսն օգտագործում է դիզելային վառելիք, եւ այս թանկացումն ուղիղ հարվածելու է գյուղատնտեսությանը: Սա էլ այն դեպքում, երբ բյուջեով չենք նախատեսել դիզվառելիքի համար սուբսիդավորում»: Վարդեւան Գրիգորյանը նշեց նաեւ, որ այս պահին դժվարանում է ասել, թե ինչ մեխանիզմներով է պետք մեղմել գնաճի հետեւանքները, սակայն մի քանի անգամ ասել է, որ այս շրջանում գուցե «Հարկային օրենսգրքում» նոր փոփոխություններ անելու ժամանակը չէր, քանի որ այն բերեց թանկացումների:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` թանկացումները եղել են հիմնականում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով, քանի որ որոշ ապրանքներ թանկացել են, որոշները էժանացել. «Տարին հիմնականում չորային էր, ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կային, եւ այս առումով որոշակի ապրանքատեսակներ գները բարձրացրել են: Բայց իմ կարծիքով, սա ժամանակավոր բնույթ է կրում: Օրինակ, կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբեր ամսին, սակայն գյուղացիական տնտեսություններն ունեն համապատասխան քանակով ամբարված բերք, եւ երբ ապրանքը կմտնի շուկա, գների էժանացում կլինի: ՀՀ նախագահը հանձնարարել է, որ եթե դիզվառելիքի գնի բարձրացումը էական ազդեցություն ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա մշակելու ենք ծրագիր, որպեսզի որոշ չափով սուբսիդավորում իրականացվի: Այսօրվա հաշվարկներով, դիզելային վառելանյութի համապատասխան թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղմթերքի վրա: Մեր մասնագետների հաշվարկների համաձայն, լոլիկի, խաղողի առումով վառելիքի պատճառով գնաճը մինչեւ 1-2 դրամի է հասնելու, անհանգստանալու կարիք չկա: Սակայն սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար կա համապատասխան հանձնարարականը, եթե տարին ռիսկային լինի,  պատրաստ ենք սուբսիդավորման քաղաքականությունը շարունակել»:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ թանկացումների հիմնական պատճառը «Հարկային օրենսգիրքն» է. «Թանկացավ ակցիզային հարկը, որն ազդեց վառելիքի գների վրա, որն իր հետեւից բերելու է բոլոր ապրանքատեսակների գների բարձրացմանը»:
Այսպիսով, գործնականում տրանսպորտային վառելիքի մոտ 10-15 տոկոսանոց թանկացումը կարո՞ղ է բերել ապրանքների լուրջ գնաճի. գործնականում ոչ: Վառելիքն ապրանքի ինքնարժեքի բավականին փոքր մասն է եւ դրա 10-15 տոկոսանոց թանկացումը կարող է առավելագույնը 1-2 դրամանոց էֆեկտ ունենալ: Այլ բան, որ ոմանք կարող են առիթն օգտագործոլ եւ 1-2 դրամի փոխարեն մի 10-20 դրամով թանկացնեն միավոր ապրանքի գինը: Այ, հենց դա է, որ պատկան կառույցները պետք է կանխեն: Բայց ինչքանո՞վ կստացվի, կտեսնենք առաջիկայում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Որոնք են մսի շուկայում արձանագրված գնաճի պատճառներ. «Ժողովուրդ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА