ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նպատակը եւ նախարարության ներկայացրածը բացարձակապես իրար հետ կապ չունեն»

12.01.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նպատակը եւ նախարարության ներկայացրածը բացարձակապես իրար հետ կապ չունեն»

Հերթական փնթի նախաձեռնության հետեւանքով ունեցանք այն, որ Ամանորին ընդառաջ ու Ամանորից հետո` հանրության մի զանգված դուրս եկավ փողոց` ընդդեմ կառավարության որոշման նախագծի, ըստ որի, 2018 թվականի ապրիլի 1-ից արգելվելու է աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն եւ սահմանափակվելու է դրանց վերահաշվառումը։ Դրան էլ հաջորդեցին «Աջ ղեկ» նախաձեռնության ցույցերը, եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (ՏԿՏՏՆ) սկսեց կամաց-կամաց խմբագրել իր իսկ հեղինակած որոշման նախագիծը: Չուշացավ նաեւ աչքալուսանքը, թե «Նաջարյանը փոշմանել ա», ու ապրիլի 1-ից հետո կարգելվի միայն ներկրումը, իսկ աջակողմյան ղեկով մեքենաների վաճառքը` ոչ: Բայց սա այդքան էլ չոգեւորեց ցուցարարներին, ու կրքերը շարունակվում էին բորբոքվել: Ի վերջո, երեկ գործադիրը ընդունեց որոշում, որի համաձայն, ապրիլի 1-ից արգելվելու է աջակողմյան ղեկային կառավարման համարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը, բայց այդ սահամանափակումը չի տարածվելու մինչեւ ապրիլի 1-ը ներմուծված աջ ղեկ ունեցող մեքենաների վրա: Տվյալ տրանսպորտային միջոցների սեփականատերերը  սեփականության տնօրինման իրավունքով կարող են ազատ շահագործել, հաշվառել եւ վերահաշվառել իրենց մեքենաները: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ ՍԵՐԳԵՅ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ:

«2018-ից ոչ թե բարեկեցություն, այլ ողջախոհություն եմ ակնկալում»

– Կարծում եմ` աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներկրումն արգելելու դրույթը հանելու մասին խոսք ի սկզբանե չէր կարող լինել, քանի որ նախարարության աշխատակիցներն ու նախարարը այս հարցում անկոտրուն էին: Բայց 2018 թվականի ապրիլի 1-ից հետո` աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման, ինչպես նաեւ վերահաշվառման դրույթի արգելքը, կարծես թե, հանվել է: Այսինքն` թույլ կտրվի, որ ներսում վերավաճառք տեղի ունենա, ինչպես միշտ է եղել, ըստ էության, կսահմանափակվի միայն ներկրումը: Փաստացի ստացվում է, որ կունենանք ինչ-որ քանակով աջ ղեկով մեքենաներ, որոնք էլի կշահագործվեն: Պարզապես, ըստ իս, դրա հետեւանքով որոշ տնտեսագիտական շեղումներ կլինեն:

– Մասնավորապես՝ ի՞նչ նկատի ունեք` տնտեսագիտական շեղումներ ասելով:

– Նախ այն, որ Հայաստանում աջակողմյան ղեկով ավտոմեքենաներն իրենց քանակով կմնան նույնը, ինչի հետեւանքով միգուցե գինը բարձրանա: Բայց դա էլ շատ կարճ ժամանակ կտեւի, որովհետեւ հետագայում մաշվածության պատճառով գինը կնվազի, քանի որ մարդկանց, այսպես ասած, չեն ձգի այդ մեքենաները: Ու փաստացի ձախ ղեկով մեքենաների նաեւ որոշակի չափով գնի բարձրացում տեղի կունենա, իհարկե` ոչ շատ, քանի որ ինքնին այլընտրանք չի մնում աջ եւ ձախ ղեկերի միջեւ ընտրության համար:

– Ամեն դեպքում, որքանո՞վ էր ընդունելի ՀՀ ՏԿՏՏՆ-ի կողմից եղած խնդիրներն այս ճանապարհով լուծելը: 

– Այսպես ասեմ` իսկապես, խնդիրները շատ-շատ են, սակայն իրենց բերած մեջբերումները բացարձակապես անհիմն են, որեւէ իմաստ կամ հիմնավորում չեն պարունակում: Այն, որ աջակողմյան երթեւեկության դեպքում պետք է ձախ ղեկով մեքենաներ լինեն, փաստ է: Ու եթե իրենք նույնիսկ անկեղծ են, որ պետք է ուղղակորեն արգելվի աջ ղեկով մեքենաների շահագործումը, իրենց այդ նպատակը եւ իրենց ներկայացրածը բացարձակապես իրար հետ կապ չունեն, ու փաստացի այստեղ մեծ հակասություններ կան: Ավելի լավ է անկեղծ լինեին` ասեին, որ ուղղակի պետք է արգելենք, քան բերեին հիմնավորումներ, որոնք անհիմն են` վտանգավորություն, կանգառ կատարելու խնդիր եւ այլն: Մինչդեռ այս ամենը գալիս է ոչ թե աջ կամ ձախ ղեկով մեքենայից, այլ վարորդից, քանի որ խախտում կատարելու համար տարբերություն չկա` աջ ղեկ է, ձախ ղեկ, թե` մեջտեղի: Այս առումով իրենց մոտեցումները, բնականաբար, ընդունելի չեն: Բայց որպես վարորդ եմ ասում, այլ ոչ թե որպես վարորդների իրավապաշտպան կամ ավագանու անդամ, որ կողմ եմ, որպեսզի աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային մեքենաները լինեն ձախ ղեկով: Միեւնույն ժամանակ, որպես իրավունքին մոտ կանգնած մարդ` իրենց հիմնավորումներին եւ դրույթներին դեմ եմ:

Կարեն Կարապետյանի գլխին ամպե՞ր են կուտակվում

– Դուք նշում եք, որ կողմ եք, որպեսզի աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային մեքենաները լինեն ձախ ղեկով, բայց դեմ եք ՏԿՏՏՆ-ի վարած քաղաքականությանը: Այս դեպքում ինչպե՞ս եք տեսնում լուծումը:

– Էլի եմ ասում` ավելի լավ է լինեն անկեղծ, թող արտոնություններ տան, ընդ որում` մինչեւ իսկ կառավարության որոշումով նաեւ որոշակի ժամանակով գույքահարկից ազատեն աջակողմյան ղեկով մեքենաներին, քանի որ փաստացի իրենք մնալու են եւ իրենց վերավաճառքը հետագայում անկախ ամեն ինչից կթույլատրվի, թե` ոչ, խնդիրներ է առաջ բերելու ու գնանկում է տեղի ունենալու: Այսինքն` մարդիկ մի կարճ ժամանակ հետո` կոտրած տաշտակի առաջ են կանգնելու: Խնդիրը սրա մեջ է, չնայած նրան, որ աջ ղեկով մեքենաները ավելի որակյալ են, բայց կարող են դրա փոխարեն, շատ ավելի լավ պայմաններ դնել ձախ ղեկով մեքենաների ներկրումը բարձրացնելու համար, որոշակի արտոնություններ տալ: Մինչդեռ իրենք արգելելու ճանապարհով հարցին մոտեցան, այլ ոչ թե խրախուսելու ձախ ղեկով մեքենաների ներկրումը: 

– Իսկ ո՞րն էր աջ ղեկով մեքենաների ներկրման առավելությունը մինչ այժմ:

– Մարդիկ երբ ընտրում էին աջ կամ ձախ ղեկով մեքենա, տեսնում էին, որ նույն գնի պայմաններում աջն ավելի թարմ է եւ ավելի որակով, բայց եթե ներկրման հարցում մաքսային արտոնություններ տրամադրվեն, բնականաբար, բոլորն էլ կողմ են ձախ ղեկով մեքենա ներկրելուն, քանի որ այս ամենն ինքնին իր մեջ սոցիալական մեծ խնդիր է պարունակում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА