ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

12.01.2018 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

Մեր հանրությունը առնչվեց այնպիսի ոչ հաճելի երեւույթի, ինչպիսին է որոշ ապրանքների թանկացումը: Հատկապես մտահոգություն առաջացրին վառելիքի թանկացումները, որոնք, ինչպես հայտնի է, կարող են արտադրական եւ մատակարարման շղթայում առաջացնել շղթայական թանկացում: Անշուշտ, «Ելք» դաշինքը «Ելք» դաշինք չէր լինի, եթե դրա առնչությամբ չնախաձեռներ բողոքի փողոցային գործողություններ: 

ԿՐԿԻՆ ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞

«ԵԼՔԸ», ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԸ

«Ելքը» արդեն հայտարարել է, որ թանկացումների դեմ պատրաստվում է կոնկրետ բողոքի երթ անցկացնել: Բայց այստեղ կա հետաքրքիր մի պահ` խորհրդարանական ընդդիմադիր այդ ուժը, բողոքելով թանկացումների դեմ, որոնք, անշուշտ, նաեւ ածանցվում են կառավարության քայլերից, այնուամենայնիվ, չի պատրաստվում այդ նույն կառավարությանը անվստահություն հայտնել: Այսինքն` «Ելքը» գործում է հայոց ընդդիմության ավանդական «ե՛ւ նալին, ե՛ւ մեխին» տարբերակով: Ճիշտ է, «ելքիստները» գոնե չեն կրկնում ՀԱԿ-ի այն գործելակերպը, որը ծիծաղի առիթ էր դառնում` ամեն քայլափոխի հայտարարել «ավազակապետության կազմաքանդման» եւ «հանցավոր ռեժիմը հեռացնելու» մասին, բայց դա տրամաբանորեն չձեւակերպել ԱԺ-ում անվստահության եւ իմպիչմենտի հարց բարձրացնելով: Դե Նիկոլենք, գոնե, չեն խոսում «իշխանափոխությունների» եւ ժողովրդի զահլան տարած այլ դատարկ բաների մասին: 

Սակայն գնաճի դեմ երթ նախապատրաստելուն զուգահեռ` Նիկոլ Փաշինյանը նաեւ այլ բավականին ոչ միանշանակ գործողություններ կատարեց: Ամանորյա արձակուրդի ընթացքում նա, չգիտես ինչու, որոշեց այցելել բանտում հացադուլ հայտարարած ՊՊԾ գունդը գրաված երեք գրոհայիններին եւ զբաղվել նրանց «իրավունքների պաշտպանությամբ», ընդ որում, հաշվի չառնելով այն, որ այդ երեքից երկուսին անհատապես ներկայացված են ոստիկաններ սպանելու մեղադրանքներ: Թե ինչու հանկարծ Նիկոլ Փաշինյանին պահանջվեցին այդ ծայրահեղականները, ում մասին հանրությունը գրեթե մոռացել է, եւ ովքեր այդ մոռացության դեմն առնելու նպատակով դատարանի դահլիճում դատավորին կարող են «ցռան մոզի» անվանել, իսկ դատախազին պարզապես հայհոյել` դժվար է միանշանակ ասել: Բայց կարելի է ենթադրել, որ «Ելքը» ուզում է նաեւ կամուրջներ պահպանել ծայրահեղական արտախորհրդարանական արմատականների հետ, եթե հանկարծ լինի շատ քիչ հավանական այն տարաբերակը, որ ապրիլյան սահմանադրական անցման ժամանակ տեղի ունենան ֆորսմաժորային իրադարձություններ: 

Սակայն ոչ միայն «Ելք» խմբակցության ղեկավարը ինքն իրեն մրոտեց մարդասպանների պաշտպանությամբ, այլեւ սէֆիլյանականները փոքրիկ, բայց աղմկոտ ցույցեր անցկացրին` ի պաշտպանություն գրոհայինների, որոնք, բնականաբար, ավարտվեցին ոստիկանություն բերման ենթարկելով: Ի դեպ, մի զուգադիպություն, որը չգիտես պատահականություն է, թե` այնքան էլ չէ: Ավտովթարի արդյունքում երկու ոստիկանի կյանք խլած Ճվճվ Արոյի որդուն պաշտպանում է նույն փաստաբանը, որը պաշտպանում է այդ գրոհայինների մի մասին... Ու նաեւ լրատվական դաշտում երեւում են փորձեր` ավտովթարի մեղավոր հանել հենց մահացած ոստիկաններին... 

Սակայն, թեեւ ավտովթարը քաղաքականացման որոշակի ներուժ ունի, այնուամենայնիվ, վերադառնանք զուտ քաղաքական հարթություն: Իսկ այդտեղ տեսնում ենք Զարուհի Փոստանջյանի հերթական ուղեւորությունը` «համահայկական ընդվզում» նախապատրաստելու շրջանակներում: Այս անգամ այդ ճղճղան տիկինը, ով հասցրել էր գնալ Լոս Անջելես հետո Մոսկվա, ժամանել է Լիբանան: Ու այդ այցը թերեւս առանձնապես ուշադրություն չգրավեր, եթե Զարուհի Փոստանջյանին ընդունած չլիներ Արամ կաթողիկոսը: 

Բայց ծայրահեղականների ակտիվացումով ոչինչ էլ չի սահմանափակվում: 

«ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐ» ԱՊՐԻԼԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ինչքան էլ հայ հանրությունը զբաղված լիներ տոնական սեղաններով, այնուամենայնիվ, այդ օրերին էլ քարոզչական դաշտը լեցուն էր տարբեր տեսակի ապատեղեկատվությամբ եւ խառնակիչ նյութերով: Էլ ում ասես նախարարական ինչ պաշտոնի ասես նշանակեցին, կամ ընդհակառակը` պաշտոնից հանեցին: 

Բայց ամենահետաքրքիրն այն խոսակցություններն էին, որոնք ծավալվեցին ՀՀ նախագահի շուրջ: Սերժ Սարգսյանի` Մայր աթոռ չժամանելուց հետո տարածվեց տեղեկատվություն` իբր առողջական խնդիրների պատճառով նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը դա հերքեց` մատնանշելով, որ ՀՀ նախագահը թեթեւ մրսածություն ուներ եւ այդ օրերը անցկացրել է տանը: Բայց արի ու տես, որ դրանից հետո լուր է հրապարակվում, իբր ամբողջ Ամանորին Սերժ Սարգսյանը թաքուն ուղեւորվել է սկզբում Եվրոպա, իսկ այնուհետ` Ռուսաստան: Ի դեպ, հետաքրքրական է, որ լրատվականները այդ նույն հունվարի 5-6-ին նույն Մայր աթոռում աչքաթող էին արել վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայությունը: 

Բայց փոխարենը բավականին մեծ աղմուկ եղավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` խաչքավոր դառնալու կապակցությամբ, եւ բացի զուտ էմոցիոնալ դրական կամ բացասական արձագանքներից, լրատվական տարածքում հայտնվեցին իրարամերժ շշուկներ: Առաջինը` որ քանզի նա խաչքավորությամբ «լեգիտիմացվել» է եկեղեցու կողմից, ու ծիսակատարությանը ներկա ամենաբարձրաստիճանն էր, ապա իբր դա նշանակում է, որ հենց ինքը կլինի վարչապետ: Իսկ երկրորդը` իբր ՀՀԿ-ում նրանից շատ դժգոհ են, տանելու են արտգործնախարար, կամ այլ տեղ, ու դա նաեւ շարունակություն ունեցավ, իբր թե արտակարգ իրավիճակների ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանն է գլխավորելու ՊՆ-ն: 

Իսկ Ճվճվ Արոյի լպիրշ որդիների հարցը փոքր-ինչ քաղաքականացվեց, երբ լրատվական որոշ ռեսուրսներում պնդումներ հայտնվեցին, իբր վարչապետի մերձավոր շրջապատն է ջանքեր գործադրում այդ հանցագործ երիտասարդների օգտին, եւ իբր առկա է կատաղի հակամարտություն այդ շրջապատի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջեւ: 

Կարճ ասած, անգամ տոնական օրերը զերծ չմնացին տարատեսակ շշուկներից ու «մուտիլովկաներից», եւ կարելի է ենթադրել, որ լրատվական դաշտում այդ տեսակի կիսաճշմարտություններ կամ ապատեղեկատվություններ ավելի ու ավելի շատ են լինելու, եւ շատանալու են ապրիլ ամսվան մոտենալուն պես: Ի դեպ, մի հետաքրքիր դետալ` Թվիթեր սոցիալական ցանցում հայտնվել էր Վիգեն Սարգսյանի կեղծ էջ, եւ չի կարելի վստահ լինել, որ դա մազութային սուլթանատի թուրքերի ձեռքի գործն է: Ամենեւին էլ չպետք է բացառել, որ դա նույնպես ներկայիս լրատվական խաղերի եւ տեղեկատվական-հոգեբանական փոքրիկ պատերազմների բաղկացուցիչ մասն է: 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԴԻՐԻՆ ՔՆՆԱԴԱՏԵՑ

Մինչ համացանցային խառնակիչները «հիվանդացնում» էին Սերժ Սարգսյանին, ՀՀ նախագահը անցկացրեց խորհրդակցություն` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Կազմը  բավականին ներկայացուցչական էր` մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: 

Այսինքն` գործադիր իշխանության ամբողջ սոցիալական եւ տնտեսական բլոկը տեղում էր: Ու Սերժ Սարգսյանի խոսքում հնչեց քննադատություն. «Ես հուսով եմ, որ ամանորյա տոնակատարություններին զուգահեռ շարունակել եք կատարել ձեր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես` շարունակել եք մշտադիտարկել սպառողական շուկան եւ այդ շուկայում տեղի ունեցող գործընթացները: Վերջին շաբաթների ընթացքում հանրային լայն քննարկումների եւ անհանգստությունների առարկա են դարձել սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումները: Հենց այդ պատճառով դեկտեմբերի 12-ին իմ հարցազրույցում ես անդրադարձա այդ խնդրին, եւ ձեզնից ստացած արձագանքները խոսում էին այն մասին, որ այդ տատանումներն առաջին հերթին եւ հիմնականում պայմանավորված են միջազգային շուկաներում տվյալ ապրանքատեսակների գնային տատանումներով: Բայց դեկտեմբերի 12-ից մինչեւ այսօր գրեթե մեկ ամիս է անցել, եւ դուք հնարավորություն եք ունեցել մանրամասն ուսումնասիրելու այդ գործընթացը: Հիմա ես ուշադիր կլսեմ ձեզնից յուրաքանչյուրի վերլուծությունը»: 

Բնականաբար, խոսվել է գնաճը մեղմելու մեխանիզմների մասին, տրվել են կոնկրետ հանձնարարականներ: Եվ ՀՀ նախագահի խոսքում մի շատ ուշագրավ բան հնչեց. «Պետք են, իհարկե, հավաստիացումներ, բայց ոչ խոսքերով, այլ նաեւ գործով, որ բյուջեով նախատեսված բոլոր եկամուտները հավաքագրվելու են: Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաեւ ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել` սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, իսկ դուք, վստահ եմ, ինձնից ավելի սրատես եք այս հարցերում»: Ուշագրավ է` «տարվա երկրորդ կեսին մենք կնայենք»: Այսինքն` անուղղակիորեն հաստատվում են կարկառուն ՀՀԿ-ականների պնդումները, որ Սերժ Սարգսյանն է լինելու իշխանության ղեկավարը, եւ որ նա անփոխարինելի է: Ի դեպ, ՀՀԿ-ի թիմում այդ ձեւակերպումներից խուսափած առայժմ միայն մեկ կարկառուն նբերկայացուցիչ կա` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Թե ինչու` չմոռանանք այդ պաշտոնյայի ունակությունը` մնալ նոմենկլատուրայում ՀՀ երեք նախագահների օրոք էլ... 

Եվ, ի դեպ, արդեն քանիցս մամուլում խոսվել է, թե ապրիլից հետո իշխանության գլխավոր շենքերը որոնք են լինելու` Բաղրամյան 26-ը լինելու է վարչապետի նստավայր, կառավարության ներկայիս շենքը լինելու է առաջին փոխվարչապետի նստավայր, իսկ անվտանգության խորհրդի ներկայիս շենքը բաժին է հասնելու ԱԺ-ի կողմից ընտրվելիք հանրապետության նոր նախագահին: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА