ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017-Ի «ԱՔԼՈՐԱՑՈՒՄԻՑ» ԴԵՊԻ ՇԱՆ ՏԱՐԻ

27.12.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2017-Ի «ԱՔԼՈՐԱՑՈՒՄԻՑ» ԴԵՊԻ ՇԱՆ ՏԱՐԻ

Հաշված օրերից ավարտվում է Աքաղաղի տարին` 2017-ը: Եվ հարկ է նշել, որ այդ անունն իրեն արդարացրեց, քանզի քաղաքական դաշտում տարին լի էր տարատեսակ աքլորություններով: Աքլորանում էին մեր լուսանցքային ընդդիմադիրները, աքլորանում էին գրանտասեր «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները, աքլորանում էր նաեւ հարեւան մազութային սուլթանատի քարոզչամեքենան: 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՄԱՔՐՎԵՑ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻՑ
Անշուշտ, կարեւորագույն իրադարձություններից էր խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այդ ընտրությունները ցույց տվեցին քաղաքական ուժերի ռեալ, այլ ոչ թե երեւակայական վարկանիշները: 
Այն, որ ՀՀԿ-ն նվաճելու էր խորհրդարանական մանդատների մեծ մասը, ոչ ոք կասկած չուներ: Սակայն այդտեղ իր դերը խաղաց եւ իշխող կուսակցության անցկացրած ընտրարշավը, որը լի էր նորարարական տարրերով: Անշուշտ, նորարարություն էր այն ոճը, որով վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ քարոզարշավի ընթացքում, եւ այդ ոճն իրեն արդարացրեց: Բայց ուշագրավ էր նաեւ ընտրարշավում ՀՀԿ ցուցակի առաջին տեղերում երիտասարդ պաշտոնյաների ներգրավումը: Այսպես, Վիգեն Սարգսյանի եւ Արփինե Հովհաննիսյանի տեղերը ՀՀԿ ցուցակում, ինչ-որ տեղ նաեւ ուրվագծում էին նրանց ապագա դիրքը իշխանության հիերարխիայում: Եվ այն, որ ցուցակը գլխավորում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, իր արտացոլումը գտավ եւ ամռանն ու աշնանը` ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում անցկացված բարեփոխումների տեսքով: Ավելին, հենց Վիգեն Սարգսյանին է հանձնարարված սեղմ ժամկետներում մշակել բանակաշինության հայեցակարգը առաջիկա յոթ տարիների համար, եւ դրանից պարզ է դառնում, որ 2018-ին նրա քաղաքական կշիռը միայն աճելու է: 
Աճելու է նաեւ Արփինե Հովհաննիսյանի կշիռը, քանզի նրա անունը հիմնականում կապակցվում է եվրաինտեգրացիոն գործընթացների հետ: Մանրակրկտորեն նախապատրաստված եւ նոյեմբերի 24-ին` ճիշտ ու ճիշտ նախանշած ժամկետում ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի փաստից բխում է, որ հենց այդ կտրվածքով ԱԺ երիտասարդ փոխխոսնակի դերակատարությունը 2018-ին բավականին ակտիվ է լինելու: 
Իսկ այժմ` այլ քաղաքական ուժերի մասին: Ծառուկյան դաշինքի գրանցած տոկոսները նույնպես սպասելի էին, բայց միաժամանակ այդ դաշինքի ձեւավորումը քաղաքական դաշտի խոշորացման արտացոլումն էր: Ընդհանուր առմամբ, ամբողջ ընդդիմադիր դաշտը նախընտրեց դաշինքային կառուցվածք, սակայն ծայրահեղական ուժերին դաշինքավորումը չօգնեց բարձրացնել սեփական վարկանիշը, քանզի տեղի ունեցավ սոսկ զրո ամբողջների գումարում: Այդ փաստի արձանագրումն է ՕՐՕ դաշինքի, Տեր-Պետրոսյանի դաշինքի եւ «Ազատ դեմոկրատների» ջախջախիչ պարտությունը: Դրանով մեր հանրությունը մերժեց բոլոր տեսակի ծայրահեղությունները: Մերժեց մաքուր մայդանային տարերքը եւ հեղափոխական բռնությունը` ի դեմս ՕՐՕ դաշինքի պարտության, մերժեց պացիֆիզմն ու թրքասեր պարտվողականությունը` ի դեմս Լեւոն Ակոպիչի պարտության, եւ մերժեց նաեւ ծայրահեղ արեւմտամետությունը` ի դեմս «Ազատ դեմոկրատների» պարտության: Ցավոք, մերժեց նաեւ բավականին կառուցողական քաղաքական ուժին` կոմունիստներին, բայց թերեւս դա էլ գլոբալ միտումների արտացոլումն է, քանզի կոմունիստների շատ էական նահանջ է արձանագրվել նաեւ Ռուսաստանում: 
Ինչ վերաբերում է «Ելքի» հաջողությանը, ապա այդ դաշինքում մի կողմից խելամտորեն որոշել էին, որ ցցուն կերպով հանրությանը չներկայացվի ԵԱՏՄ-ն լքելու գաղափարը, մյուս կողմից բավականին լավ քարոզչական աշխատանք է կատարվել, նախեւառաջ, Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից: 
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հենց սահմանադրական բարեփոխումների մեկնարկից ի վեր մեր երկրում Ազգային անվտանգության մարմինների կողմից վնասազերծվել են թվով 5 ահաբեկչական հակապետական խմբեր, որոնց բոլորի նպատակն էր հակասահմանադրական զինյալ միջոցներով իրականացնել հեղաշրջում, կամ առնվազն կտրուկ ապակայունացնել իրավիճակը երկրում: Յուրաքանչյուր հաջորդ խումբը, ի տարբերություն նախորդի, նոր մարտավարություն եւ գործելակերպ էր որդեգրում, եւ ամենածանրը, թերեւս, 2016-ի ՊՊԾ գնդի զինյալ գրավումն էր: 
Այդ իրադարձությունը արդեն տեղեկատվական-հոգեբանական պատերազմի տեսքով շարունակվեց 2017-ին, սակայն «Սասնա ծռեր» անունով որեւէ միավորում չհայտնվեց ԱԺ ընտրարշավին: Փոխարենը, սակայն, այդ խմբավորման հետ կապված քննչական եւ դատական բոլոր գործողությունները դառնում էին առիթ` ամենօրյա հակապետական քարոզչության համար: Սակայն կարելի է արձանագրել, որ այժմ դրանց արդյունավետությունը գրեթե հասել է զրոյի:
Ի դեպ, տեղակատվական սպառնալիքների ոլորտում հայկական փորձը այժմ հաջողությամբ կիրառվում է եւ միջազգային հարթակներում, մասնավորապես` ՀԱՊԿ-ում: Պատահական չէ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը այդ հարցը ներկայացրել է ՀԱՊԿ գիտա-փորձագիտական խորհրդի նիստում: Նրա խոսքով. «Մենք բախվել ենք դրա բոլոր դրսեւորումների հետ` պետական իշխանությանը վարկաբեկելու փորձերից,  դրա տապալման համար բողոքականների ներուժի ստեղծումից մինչեւ իր հետ միլիարդավոր ֆինանսական կորուստներ բերող «հեռախոսային ահաբեկչություն»:
Նա նշել է, որ սոցցանցերում ահաբեկչական խմբավորումների շարքերի համալրում է կատարվում:
Ըստ փորձագետների գնահատականների` «Իսլամական պետությունն» իր կողմնակիցների 80 տոկոսին համացանցի միջոցով է հավաքում: «Միջազգային ահաբեկչության համար սնուցող միջավայր է դարձել Մերձավոր եւ Միջին Արեւելքում «ժողովրդավարության հաստատման» քաղաքականության արդյունքում առաջացած քաոսը»,- ասել  է նա: 
ՇԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այն, որ գալիք տարին Շան տարի է, երեւաց նաեւ մայրաքաղաքի ավագանու վերջին նիստում: Մասնավորապես, նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` խնդրին անդրադարձավ եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Անկեղծ ասած, խորը ուսումնասիրություն չենք արել, տարիներ շարունակ բողոքների, քաղաքացիների պահանջների, աշխատանքները կազմակերպելու համար աճ է գրանցվել, մարզերից էլ են շները գալիս Երեւան, հետեւաբար, հստակ չենք կարող ասել` ինչքան թափառող կենդանի կա Երեւանում: Հորդորում ենք բոլորիդ, որ մեզ օգնեք: Հստակ է, որ կան թափառող շներ, քաղաքացիները բողոքում են, բայց չենք կարողանում հարցը լուծել: Առաջարկություններով հանդես եկեք, Դավիթ Օհանյանը պատրաստ է 24 ժամ քննարկել հարցը ձեզ հետ»: 
Բայց, խոշոր հաշվով, շան հետ կապված տարբեր քաղաքական իրավիճակներ կարող են լինել, այդ թվում եւ լրիվ իրարամերժ: Այսպես, քաղաքական դաշտում դեռեւս կան շան պես հաչացող կերպարներ, գրանտներով սնվող «քաղաքացիական հասարակությունում», ժողովրդի խոսքով ասած` ինչ շունուշանգյալ ասես կա, խայտառակված քաղաքական գործիչների եւ չինովնիկների գլխին ժողովուրդն արդարացիորեն շան լափ է լցնում, իսկ քաղաքականապես անհաջողակները շունուգելի բաժին են դառնում...
Սակայն նույն շան հետ կապված եւ հույժ պոզիտիվ ձեւաչափեր էլ կան: Այսպես, շան պես սեփական թիմին նվիրված լինելը ամենեւին էլ բացասական բան չէ: Իսկ ընդհանրապես ընդդիմության գործառույթը հանրության պահապան շունը լինելն է, որը հանրությանը պետք է պաշտպանի իշխանության սխալներից ու առավել եւս` չարաշահումներից: 
Բայց արդյո՞ք 2018-ին ընդդիմությունը կստանձնի այդ` պահապան շան հույժ օգտակար եւ անհրաժեշտ գործառույթը: Դրա առանձին դրսեւորումները նկատվում են մեր խորհրդարանական ընդդիմության վարքագծում` Ծառուկյան դաշինքը բավականին հակված է կառուցողական գործունեության, եւ ռացիոնալ կառուցողականություն բավականին քիչ նկատվում է եւ «Ելքում»: Բայց, այնուամենայնիվ, արմատականության, դեմագոգիայի եւ պոպոլուզմի մանկական հիվանդությունը երբեմն-երբեմն վերադառնում է ընդդիմադիր դաշտ: Այդ դրսեւորումները արմատախիլ անելը հենց 2018-ին կդառնա մեր ընդդիմադիրների քաղաքական հասունության քննությունը: 
Բայց հասունացման կարիք ունի եւ մեր հասարակությունը, եւ ցանկալի է, որ այդ ճանապարհին կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների վարքագծին տուրք տալու գայթակղությունից հեռու մնան եւ հասարակ քաղաքացիները: Ավելորդ չենք համարում մեջբերել մեր մտավորականության լավագույն ներկայացուցիչներից մեկի` Գագիկ Գինոսյանի պատգամը. «Դեպի Աստված տանող ճանապարհներից շատ ավելի բարդ է դեպի Քեզ տանող  ճանապարհը: Եվ եթե դեպի Աստված տանող ճանապարհի վերջում ծնվում է հերթական հավատացյալը, ապա դեպի Քեզ տանող ճանապարհը բարեհաջող եզրելու դեպքում ծնվում է Աստվածամարդը` վկա Կոմիտասն ու Նժդեհը...»: 
Եվ ինչքան ավելի շատերը այդ բարձր նշաձողը վերցնեն, այնքան ավելի հաջող ձեւով կհաղթահարենք 21-րդ դարի բազում եւ հաճախ վատ կանխատեսելի մարտահրավերները: Ինչեւէ, մաղթենք, որ շատերին հասու լինի այդ բարձրագույն ճանապարհը` «դեպի Քեզ տանող ճանապարհը»: 
Մինչ հանդիպում 2018-ին: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ծառուկյանը չի բացառում, որ իր դաշինքը կսատարի ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուին (Տեսանյութ)

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА