ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵԼՔ» ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ «ԽՆԱՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ»

20.12.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԵԼՔ» ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ «ԽՆԱՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ»

Եվրաինտեգրվենք միասին` եթե մինչ վերջերս Ծառուկյան դաշինքի ի պաշտոնե եվրաինտեգրվողը Նաիրա Զոհրաբյանն էր, ով գլխավորում է նույնանուն հանձնաժողովը, գումարած ֆեմինիզմի հովերով տարված որոշ պատգամավորուհիներ, ապա այժմ նրանք «Ելքի» հետ մեկտեղ ԱԺ-ում հանդիպեցին Եվրամիության պատվիրակության հետ: 
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ` ԱՌԱՅԺՄ ՍԻՐԱԽԱՂ
Ըստ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի` այդ հանդիպմանը. «Ամենակարեւոր հարցերից մեկը, որ առանձնացրել էինք, Ընտրական օրենսգրքի հետ կապված մեր նախաձեռնությունն է: Նախագիծ ենք մշակել, որտեղ ամփոփվում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրություն կազմակերպելու գործընթացը»: Նա նաեւ նշեց, որ բացի Ընտրական օրենսգրքից, խոսել են նաեւ առաջիկայում սպասվող քաղաքական իրադարձությունների մասին: 
Սակայն ի՞նչ իրադարձությունների մասին է խոսքը: «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը պարզաբանեց. «Մենք բուրժուադեմոկրատական հեղափոխություն չենք անում, չենք ասում` ինչու եք ձեր թեկնածուն առաջադրում, ասում ենք` մեր թեկնածուն ունենք, առաջարկում ենք: Ընդհանրապես կարող է չեն ուզում խառնվել, դա իրենց իրավունքն է»: Բայց միաժամանակ «ելքիստները» չեն սիրում, երբ իրենց հիշեցնում են, որ ժամանակին Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը լքել էին ՀԱԿ դաշինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի համագործակցության պատճառով: Հենց դրանով է պայմանավորված, որ «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» չեն պատրաստվում անել: 
«Մենք թեկնածու ունենք, առաջադրել ենք, մնացածը: Մեր հայտը ներկայացնում ենք հանրությանը, իսկ Ծառուկյան խմբակցությանը ասում ենք` թեկնածու ունենք, առաջադրել ենք, խնդրում ենք նայեք` որքան  հնարավոր է, Դուք էլ աջակցեք` առաջադրենք: Էստեղ փորձել հակադրություն գտնել, բանավեճի տանել մեզ ու Ծառուկյան դաշինքին, գտնում եմ` ոչ նպատակահարմար, որ գործին  օգուտ չէ: Ավելի լավ է մեզ ու գործող իշխանությանը հակադրության տարեք, Ծառուկյանին ու իշխանությանը հակադրության տարեք, եթե ուզում եք փոփոխություն լինի, իսկ եթե չեք ուզում փոփոխություն լինի,  ուզում եք շոու լինի, կռվեցրեք մեզ»,- ասել է Արամ Սարգսյանը: Խոսքը «Ելքի» կողմից առաջադրվող ՀՀ նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանի մասին է, եւ «Ելքը» ձգտում է, որպեսզի իր թեկնածությանը պաշտպանի նաեւ Ծառուկյան դաշինքը: Բայց առայժմ հակառակ կողմը, ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, չեմուչում է անում. «Այս պահին «Ծառուկյան» դաշինքի օրակարգում նման հարց գոյություն չունի: Եվ ընդհանրապես մենք, իհարկե, հարգանքով ենք վերաբերվում ցանկացած դաշինքի եւ կուսակցության քաղաքական օրակարգին, այդ թվում` «Ելք»-ի քաղաքական օրակարգին, բայց այս պահին մեր օրակարգում նախագահի թեկնածուների շուրջ բանակցություններ սկսելու հարց մենք չունենք: Ըստ իս, բանակցությունների առաջարկ, երբ որ արվում է, բանակցությունը ինքը ենթադրում է, որ 2 կողմերն արդեն իրենք պետք է ընտրեն կողմերի համար ընդունելի թեկնածուին: Երբ որ նման հարց կքննարկենք, մենք այդ մասին կհայտարարենք»: Բայց միաժամանակ տիկին Զոհրաբյանը նշեց, որ իրենց օրակարգում նախագահի թեկնածու առաջադրելու հարց չկա: 
Հիմա ինչ, կպաշտպանեն այն թեկնածուին, որին կառաջադրի  ՀՀԿ-ն, թե՞ փոքր-ինչ «կոտրտվելով» կորոշեն պաշտպանել «Ելքի» թեկնածուին: Ի դեպ, նույն Նաիրա Զոհրաբյանը նաեւ ԱԺ նիստին կոմպլիմենտ արեց «Ելքին». «Ես հասկանում եմ, որ 21-րդ դարն արհեստական ինտեկելտի դար է, բայց դա դեռ ՀՀ չի հասել, ովքեր հանդիսանում են կոճակ սեղմող, միգուցե շատ են, բայց «Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը այդ «սրբազան» պարտքը կատարելու ջատագով չեն»: Այնուհետ նաեւ այն առնչությամբ, որ արտահերթ ռեժիմով, բարձր տեմպով քննարկվում ու քվեարկվում են բազում օրենքներ, տիկին Զոհրաբյանը շեշտեց, որ իրենք կառավարության ստրուկը չեն, եւ այդ կարծիքը երկրորդեց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը: 
Այսինքն` «Ելք» եւ Ծառուկյան դաշինքների միջեւ որոշակի սիրախաղ է ընթանում, եւ այդ հանգամանքը երեւում է նաեւ երկու խմբակցությունների դռնփակ հանդիպման հանգամանքից: Նաեւ նրանք նախընտրեցին միասին հանդիպել ԵՄ պատվիրակության հետ, ինչը նույնպես ինչ-որ բան նշանակում է: 
ՄՆԱՑՅԱԼԻ ՄԱՍԻՆ` 2018-Ի ԴԱՍԻՆ
Հրապարակավ այս պահին «սիրավեպային» երկու առարկա կա` ՀՀ նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանը եւ ՀՀ Ընտրական օրենսգիրքը նորից փոփոխելու ցանկությունը, գումարած հետագա քաղաքական իրադարձությունները: Խոշոր հաշվով, «Ելքն» ու ծառուկյանականները ՀՀ նախագահի միասնական թեկնածուով հանդես կգան, առանձին թեկնածուներով, թե ինչ տարբերակով, այնքան էլ նշանակություն չունի, քանզի ապրիլից հետո, ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահի պաշտոնը դառնում է գործնականում զուտ ներկայացուցչական մի բան: Տեսականորեն նույնիսկ բացառել պետք չէ, որ ՀՀԿ-ն դա կարող է անգամ զիջել ընդդիմությանը: 
Առավել կարեւորը վարչապետի հարցն է: Արդյո՞ք «Ելքը» եւ Ծառուկյան դաշինքը վարչապետի թեկնածու կառաջադրեն, դա կլինի միասնակա՞ն, թե` առանձին-առանձին, եւ վերջապես ծառուկյանենք վարչապետի ընտրության ժամանակ կսատարեն ՀՀԿ-ին, թե` կհակադրվեն... Ինչպես ժամանակին ասել էր Գագիկ Ծառուկյանը, այդ մասին հաջորդ դասին: Այսինքն` 2018-ի դասին, եւ այդ ամենը, իհարկե,  սեփական վարչապետացուներին անցկացնելու համար չէ, այլ ընդամենը որպես հիմք` այնուհետ ՀՀԿ-ի հետ սակարկելու համար: Բայց կստացվի՞ արդյոք այդպիսի սակարկություն, չէ՞ որ եթե առայժմ Ծառուկյան դաշինքը զգուշորեն նախապատրաստվում է սակարկությանը, ապա ՀՅԴ-ն ավելի վաղ էր սակարկելու հայտ ներկայացրել` անսպասելիորեն Արմեն Ռուստամյանի շուրթերով անչափ գովաբանելով ներկայիս վարչապետին: Եվ նման է, որ Բաղրամյան 26-ում կարծես թե հակված են պահպանել կոալիցիոն հարաբերությունները ՀՅԴ-ի հետ: Եթե իհարկե, դաշնակներն անսպասելիորեն լրիվ համը չհանեն, հիշելով տեղ-տեղ ընդդիմադիր լինելու իրենց բնավորությունը: 
Դե, իսկ ինչ վերաբերում է 2018-ի վարչապետին, ապա ե՛ւ ՀՀԿ-ականների ասածները (մեծամասամբ` «անձնական կարծիքի» ձեւաչափով, ինչպես, օրինակ, Գալուստ Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի պարագայում), ե՛ւ փորձագետների վերլուծությունները հանգում են Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Ի դեպ, բացի Հայաստանի փորձագետներից, այդ նույն կարծիքը սկսել են բարձրաձայնել եւ արտերկրյա քաղաքագետները, ու այդ հարցում առաջին ծիծեռնակը Կոնստանտին Զատուլինն էր, ով ուղիղ տեքստով հայտնեց, որ տրամաբանական է այդ պաշտոնում տեսնել Սերժ Սարգսյանին: 
Բայց ինքը` ՀՀ նախագահը, անձամբ այդ հարցում որոշակիություն չի մտցնում, ու դեռ իր հեռուստահարցազրույցի ժամանակ մատնանշել էր, որ ժամանակից շուտ անուն հրապարակելն ընդհանրապես սխալ է: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա Սերժ Սարգսյանը նրա մասին արտահայտվել է դրական երանգներով, ու դա փորձագետներին հիմք է տալիս ենթադրելու, որ ներկայիս վարչապետը կշարունակի որպես փոխվարչապետ տնտեսական գծով: Բայց, միաժամանակ, առկա է հակամարտություն տեղեկատվական-քարոզչական դաշտում, ուր ռեսուրսների մի մասն աշխատում է Կարեն Կարապետյանի վարկանիշի բարձրացման, իսկ մյուս մասը` հակառակ ուղղությամբ: Ի դեպ, ընդդիմադիր ուղղվածություն ունեցող քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը ենթադրում է, որ վարկանիշային ուժեղ հարված գործող վարչապետը կարող է ստանալ աջ ղեկով մեքենաների խնդրի կապակցությամբ: Եվ եթե դատենք այն հանգամանքից, թե ինչպիսի ինտենսիվ նախապատրաստում է տեղի ունենում «աջ գնացող» ավտովարորդների բողոքի ակցիաների նախապատրաստման ուղղությամբ, ապա պետք է արձանագրենք, որ այդպիսի ենթադրությունը հիմքեր ունի: Բայց բոլոր դեպքերում, անկախ այդ տարատեսակ խաղերից ու ինտրիգներից, վճռական խոսքը ՀՀԿ-ինն է եւ ՀՀԿ առաջնորդինը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«ԵԼՔ»-ականները երթի մասնակիցներին սովորեցնում են «իջեցում» բառը

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА