ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՐԿԻՆ ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞

19.12.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿՐԿԻՆ ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞

Եվ այսպես, չնայած բանակին վերաբերող համապատասխան օրենքները մտել են ուժի մեջ, կրկին փորձ է արվում «վերակենդանացնել» հակաբանակային ուսանողական շարժումը: Երկու ակտիվիստներ հենց համալսարանում սկսել են հացադուլ` մասնավորապես պահանջելով. «Նախաձեռնության անդամների պահանջը հետեւյալն է` տարկետման ինստիտուտը պետք է պահպանվի այնպես, ինչպես կար նախկինում»: 
ԿՐԿԻ՞Ն ՍՈՐՈՍԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ 
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը այն կարծիքին է, որ հացադուլ հայտարարած ուսանողները դրսից հանձնարարություն են ստացել, քանի որ նոր են վերադարձել Սորոսի միջոցներով կազմակարպված արտերկրյա միջոցառումից. «Նրանք երեկ չէ առաջին օրն են եկել Լեհաստանից, հայտնի համաժողովից, բնականաբար, երեւի, ինչ-որ առաջադրանքներ են ստացել ու առավոտյան եկել, մտել են լսարան ու հացադուլ են անում»: Ռեկտորի ենթադրությունը բավականին տրամաբանական է թվում` դատելով նրանից, որ կտրուկ որոշել են վերադառնալ լրիվ ապակառուցողական, ռեալ ելքեր չենթադրող տարբերակի: 
Ըստ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի` վերջին հանդիպումը եղել է նախարար Վիգեն Սարգսյանի մոտ, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երիտասարդները կներկայացնեն հստակ առաջարկներ. «Խնդրել ենք, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացվեն առաջարկություններ, որի համաձայն` հնարավորություն լինի հստակ սահմանել գիտության եւ կրթության ոլորտում նշանակալի ձեռքբերումները, ընդգծված տաղանդ ունեցող երիտասարդներին տարկետում տալը: Ինձ համար տարօրինակ է, որ այդ հնարավորությունը, որի համար ուսանողները պայքարում էին, չեն պատրաստվում օգտագործել»: Փոխնախարարը մատնանշել է. «Մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավունքը չի վերանում, այն կա եւ նույնիսկ ավելի ընդլայնվում է «Պատիվ ունեմ» ծրագրով: Անկախ նրանից` երիտասարդները դասադուլ են անում, թե բողոքում են, մենք ամեն ինչ անելու ենք, որ գիտության մեջ աչքի ընկած երիտասարդները ծառայեն` գիտությանը մոտ լինելով: Կներեք, բայց ստացվում է, որ գործ ունենք երիտասարդների խմբի հետ, որոնք շանտաժի միջոցով ուզում են ինչ-որ բանի հասնել. դա արդար չէ, ճիշտ չէ»: 
Այսինքն` Լեհաստանից վերադարձած եւ անմիջապես հացադուլի նստած այդ երկու ակտիվիստների գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են եւ ընդամենը միտված են մթնոլորտը որոշակիորեն շիկացնելու եւ փորձ կատարելու` կրկին ունենալ փողոցային շարժում: Բայց արդյո՞ք դրանից բան կստացվի: Ի դեպ, տարկետման խնդրին անդրադարձել է եւ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում. «Գիտեք, նախ ժամանակներն են փոխվում, փոխվում են նաեւ մեր գործողությունների փիլիսոփայությունը եւ օրենքների տրամաբանությունը, սա մեկ, եւ երկրորդ` պետք է ասեմ, որ տարկետումը չի հանվել` փոխվել է տարկետման փիլիսոփայությունը, փոխվել է տարկետման տրամաբանությունը, եւ այնպես չէ, որ 180 աստիճանով: Իսկ ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք մի շատ հանճարեղ զորակոչիկ, անպայման այդ հանճարեղ զորակոչիկին մենք տանելու ենք բանակ: Այդպիսի բան չկա: Կառավարությունն իր որոշումներով դա կարող է անել, բայց կառավարությունը համոզված պետք է լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու համար, որովհետեւ մտածողներ, ցանկացողներ որպես այդպիսին շատ-շատերն են, եւ ասել, գիտեք, ես ցանկություն ունեմ դառնալ հանճարեղ գիտնական կամ հանճարեղ արվեստագետ, դրա համար թողեք, որ ես չմասնակցեմ հայրենիքի պաշտպանությանը, ինձ համար մի քիչ ընդունելի չէ»: 
Երկրի ղեկավարը նաեւ մատնանշել է այդ շարժման մեջ ընդդիմադիրների խառնակչության պահը: Խոսքը «միլիտարիզացման» դեմ կոկորդ պատռողների մասին է, ում դուր չի գալիս տարկետման իրավունքը բուհն ավարտելուց հետո որպես սպա ծառայելով պայմանավորելը. «Իհարկե, ընդդիմադիրները, ովքեր չեն ցանկանում, որ այդպես լինի, ներկայացնում են, որ իբրեւ վերացվում է տարկետման իրավունքը. չի՛ վերացվում տարկետման իրավունքը: Մյուս կողմից` մշտապես խոսում էին այն մասին, որ սոցիալական անարդարություն կա, որ հարուստների զավակները չեն ծառայում, պետական պաշտոնյաների զավակները չեն ծառայում, իսկ հարց է առաջանում, առաջին հերթին` այսօրվա գործող տարկետման իրավունքից ո՞վ է օգտվում` սոցիալապես անապահով խա՞վը, ակնհայտ է չէ՞, որ ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բարձրագույն ուսումնական հաստատություններում»: 
Այսինքն` երկրի ղեկավարը հստակորեն տեր է կանգնում բանակային բարեփոխումներին, եւ ինչ-ինչ խժդժությունները չեն կարող դրան խանգարել: 
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎՍՏԱՀ ՈՒՐՎԱԳԾՈՒՄ Է ԱՊԱԳԱՆ
Նույն բանակային թեմայով պատասխանելով այն հարցին, արդյո՞ք նրան չի մտահոգում թեկուզեւ նույն «ելքիստների» շահարկված այն հարցը, որ «Global Military» ինդեքսը Հայաստանը համարում է Եվրոպայի ամենառազմականացված երկիրը եւ աշխարհի երրորդը, Սերժ Սարգսյանը մասնավորապես ասում է. «Ո՛չ, իհարկե չի մտահոգում: Նախ, իհարկե, դա մեր թերությունն է` իշխանությունների թերությունն է, որ այդպիսի տեղեկություններ հայտնվելուն պես մենք բացատրական աշխատանքներ չենք կատարում: Գիտեք, այդպիսի ռեյտինգները, այդպիսի չափորոշիչները, դրանք միշտ յուրահատուկ են, եւ առաջին հայացքից ստեղծվող տպավորությանը ոչ համապատասխանող»: Մանրամասն ներկայացնելով իրավիճակը` երկրի ղեկավարը շեշտում է հետեւյալը. «Մենք պարտադրված ենք, մենք ուղղակի պարտադրված ենք ունենալ այն նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները: Ուղղակի պարտադրված ենք: 2016 թվականի ապրիլն էլ ցույց տվեց, որ մենք մեզ ավելորդություններ թույլ չենք տվել, եւ մենք ավելորդ բաներ չունենք»: 
Իսկ պատասխանելով հարցազրուցավարի այն հարցին, որ արտասովոր է մասնավորապես լսել բանակի արդիականացման յոթ տարվա ծրագրի մասին, Գերագույն գլխավոր հրամանատարն ասում է. «Բայց մենք գնալով որպես պետություն հասունանում ենք, մենք հասունանում ենք նաեւ որպես զինված ուժեր: Ակնհայտ է, որ բանակը շատ տեւական ժամանակ բավարարվել է նրանով, ինչը որ հատկացրել ենք բանակին: Ես կարծում եմ, որ մեզ մի փուլ պետք է, որպեսզի մի քիչ ավելին անենք բանակի համար, եւ դրա հնարավորությունները կան»: 
Ի դեպ, Սերժ Սարգսյանը բավականին հանգամանալից  անդրադառնում է եւ 2018-ի իրադարձություններին, մասնավորապես. «Չափազանց կարեւոր է, ընդհանրապես 2018 թվականը հարուստ է լինելու մեծ միջոցառումներով: Ինչպես նշեցիք, Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը հոկտեմբերի 11-12-ին, գրեթե նույն ժամանակահատվածում մենք տոնելու ենք Երեւանի 2800-ամյակը, իսկ մայիսին տոնելու ենք Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձը: Սրանք խոշոր միջոցառումներ են, որոնց մասնակցելու են բազմաթիվ հյուրեր: Կոնկրետ Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը երբեւէ Հայաստանում անցկացված ամենախոշոր միջոցառումն է` արտասահմանյան պատվիրակությունների եւ, հատկապես, պետությունների ղեկավարների մասնակցության տեսակետից»: 
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է լինելու 2018-ի ապրիլին, եւ ով ինչ պաշտոնի կլինի, ապա. «Իշխանության գծապատկերը Սահմանադրությունն է սահմանել: Եթե նկատի ունենք կոնկրետ պաշտոնատար անձանց, ապա, բնական է, որ ես, իմ գործընկերները մշտապես փնտրտուքի մեջ ենք: Մի բան կարող եմ ասել, որ սահմանված ժամկետներում կզբաղեցվեն բոլոր պաշտոնները, սրանում կարող եք չկասկածել: Երբ խոսում եք, որ այս պաշտոնում այս մեկն է լինելու, մյուսում` այն մեկը, երեւի ճիշտ է, որ խոսում են, մարդիկ իրավունք ունեն կանխատեսումներ անելու, մարդիկ իրավունք ունեն ակնկալելու ինչ-որ բաներ, բայց որեւէ տեղ որեւէ իշխանություն նախօրոք այդպիսի հայտարարություններ չի անում, եւ դա ճիշտ է: Դրանք ընտրություններ չեն, որին մասնակցելու ժամկետները սահմանադրորեն ամրագրված են կամ օրենքով ամրագրված են, եւ դու ստիպված ես դա անում` կամ որոշակի կանոններից ելնելով կամ որոշակի մտահղացումներից ելնելով: Պետական պաշտոններում նշանակելու հարցը նախօրոք հայտարարելը, կարծում եմ, շատ սխալ մոտեցում է»: 
Այսինքն` Սերժ Սարգսյանը պարզ ասում է, որ ժամանակից շուտ ոչինչ չի հրապարակվելու: Ընդամենը արձանագրում է. «Չեմ սեթեւեթում, չեմ ծանրացնում, չեմ ձեւացնում: Ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ»: Բայց, բոլոր դեպքերում, տպավորություն կա, որ իրավացի են ՀՀԿ այն ներկայացուցիչները եւ այն փորձագետները, ովքեր ենթադրում են, որ դեռ տարիներ շարունակ քաղաքական գործընթացները ղեկավարվելու են ՀՀԿ առաջնորդի կողմից, իսկ թե ինչպիսի   պաշտոնական կարգավիճակով, դա արդեն ցույց կտա ժամանակը: 

Արցախի Երիտասարդական կառույցները շտապ հայտարարություն են տարածել

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА