ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Начинайте, Иван Христофорович… Մաս առաջին

16.12.2017 14:55 ԹԵՄԱ
Начинайте, Иван Христофорович… Մաս առաջին

НАЧИНАЙТЕ, ИВАН ХРИСТОФОРОВИЧ… ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

(Նվիրվում է ԽՍՀ Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին)

Начинайте, Иван Христофорович… Մաս երկրորդ

Միայն այն փաստը, որ 1944 թվականին արդեն. 47-ամյա բանակի գեներալ Հ. Բաղրամյանը Հայրենական պատերազմի հաղթական ավարտի տասը ռազմաճակատներից` ութի հրամանատար-մարշալներ Ժուկովի, Վասիլեւսկու, Կոնեւի, Ռոկոսովսկու, Տալբուխինի, Մալինովսկու, Մերեցկովի եւ Գովրովի կողքին էր հավասարապես, դա խոսում է նրա տաղանդավոր եւ մեծ զորապետ լինելու մասին, իսկ Գերագույն գլխավոր հրամանատար Ի. Ստալինի կողմից` «Բագրատիոն» օպերացիայի սկսելը, բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին վստահելը` ապացուցում է նրա հեղինակության եւ ժողովրդին ու հայրենիքին անսահման նվիրված լինելու մասին: Հայ ժողովրդի փառապանծ որդու` մարշալ Հովհաննես Բաղրամյանի հերոսական-մարտական ուղու մասին գրվել են բազմաթիվ գրքեր: Նրա հերոսական կերպարը մենք տեսնում ենք պատմական կինոնկարներում, որոնցից առավել հետաքրքրականը` «Ազատագրում» կինոնկարում է:

Վերջին տասը տարիների ընթացքում բավականին հոդվածներ եմ նվիրել փառապանծ մարշալին` հայ ժողովրդի հերոսական որդի Հովհաննես Բաղրամյանին: Եվ ամեն անգամ, նրա մասին ստեղծագործելիս, ես նոր խանդավառությամբ ու սիրով եմ սկսում գրել այդ մեծ հայորդու մասին եւ համոզված եմ, որ յուրաքանչյուր գիտակից հայ հիացմունքով է հիշում մարշալ Հովհաննես Բաղրամյանի բազում փորձություններով անցած մարտական ու առասպելական ուղին: Ենթասպայից հասնելով ԽՍՀՄ մարշալի կոչման, այսինքն` 5 տասնամյակ ծառայելով հայրենիքին ու ժողովրդին, նա ամենուրեք բարձր է պահել հայ մարդու անունը եւ Հայաստանի ու Արցախի պատիվը, դրա համար էլ արժանացել էր հայ ժողովրդի մեծ հարգանքին ու հմայքին:

Մարշալ Հովհաննես Բաղրամյանին նվիրված հոդվածներից` «Գ. Կ. Ժուկովի եւ Հ. Ք. Բաղրամյանի մարտական ընկերության ու ճակատագրերի նմանության մասին» լայնածավալ հոդվածում, ԽՍՀՄ կրկնակի հերոս, ծովային ավիագնդի հրամանատար Նելսոն Ստեփանյանի մասին հոդվածում` «Մայիսյան հաղթանակներով, վերածնված Հայաստան», ես նկարագրել եմ բավականին մանրամասներ մարշալ Հ. Բաղրամյանի ղեկավարած ռազմաճակատի եւ Ն. Ստեփանյանի վարած օդամարտերի մասին: Բավականին հետաքրքիր մանրամասներ եմ գրել. «Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ժողովրդական հմայքը» լայնածավալ հոդվածում, ուստի սույն հոդվածում, հանգիստ թողնելով մարշալ Հ. Բաղրամյանի ռազմական ու մարտական գործունեությունը, ցանկանում եմ նկարագրել որոշ դրվագներ` կապված իմ անձնական մասնակցության, կամ ներկայության հետ, թե ինչպիսի անմոռանալի տպավորություններ է թողել ինձ վրա մարշալ Հ. Բաղրամյանը` 1961 թվականին, երբ ես եղել եմ ընդամենը 14 տարեկան եւ 1975թ. աշնանը, երբ արդեն 28 տարեկան էի: Պապս` բաշգյառնեցի Ալեքսան Թադեւոսի Բաբայանը, 1960-70-ականներին, այսինքն` ծերության տարիներին, հարգանքով էր պահում իր սենյակի պատերին փակցված Զորավար Անդրանիկի եւ մարշալ Հովհաննես Բաղրամյանի լուսանկարները:

Որպես Սարդարապատի ճակատամարտին մասնակից ենթասպա, պապս լավ էր հիշում Հովհաննես Բաղրամյանին, որը եղել էր հեծյալ-հետախույզ ջոկի հրամանատար, եւ երբեմն նայելով նրա նկարին, ասում էր հետեւյալ խոսքերը` առանձնակի հարգալից ձեւով.

– Տես, է, ենթասպայից ուր հասավ, է՜, ԽՍՀՄ մարշալի...

Դա եղել էր 1918թ. մայիսի 19-20-ին, իսկ մայիսի 22-ին արդեն` պապս Դրոյի հեծյալ զորամասի կազմում շտապ մեկնել էր Բաշ Ապարանի ճակատ: Մեծ հայորդու ծննդյան 120-րդ տարեդարձի առթիվ, մեկ անգամ եւս վերհիշենք նրա խոսքերը` որը մարշալ Հովհաննես Բաղրամյանը նկարագրել է 1918թ. մայիսի 22-ի ցերեկը` Սարդարապատի ճակատի (Ղամշլու) Եղեգնուտ, (Գեչերլու) Մրգաշատ եւ Հայի Զեյվա հայկական գյուղերի շրջանում բռնկված մոլեգին սվինամարտի մասին, ինչպես նաեւ ահավոր հրետակոծության մասին. «Ես որպես հեծյալ-հետախույզ ջոկի հրամանատար, մոտիկ էի կանգնած մեր զորախմբի մարտական շտաբին, եւ պարզ տեսնում էի, թե ինչպիսի ամրակուռ շարքերով էին գնում մոլեգին սվինամարտի`  ղարաբաղցի  մահապարտների 5-րդ, հետեւակային գնդի զինվորները: Եվ ամեն անգամ, երբ հրետակոծության ծուխն ու փոշին ծածկում էին ղարաբաղցի զինվորների շարքերը, ես խորը երկյուղով մտածում էի, թե արդյոք կենդանի մարդ մնա՞ց նրանց շարքերում: Բայց երբ ծուխն ու փոշին վեր էին բարձրանում, ես նորից տեսնում էի ղարաբաղցի անվեհեր զինվորների շարքերը, որոնք մոլեգին սվինամարտի էին գնում այդքան ատելի թուրքական զորքերի դեմ: Ես այդ օրվանից` առանձնակի հարգանքով տրամադրվեցի ղարաբաղցի զինվորների նկատմամբ»,- գրում է մարշալ Հ. Բաղրամյանը:

Մեծ հաճույքով նշենք, որ ղարաբաղցիների հետեւակային 5-րդ գնդի զինվորները, նշված մարտում, գնդապետ Պողոսբեկ Փիրումովի հրամանատարությամբ` մոլեգին սվինամարտով  ջախջախեցին մինչեւ Սարդարապատի ռազմադաշտ հասնելը` անպարտ ճանաչված թուրքական Դարդանելյան «Գալիպոլու-36-րդ» դիվիզիայի 2-3 առաջապահ գնդերին եւ գերեվարեցին թուրքական բանակի 500 սպա ու ասկյար (զինվոր): Այսքանը առայժմ` Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերի մասին, եւ այսուհետեւ էլ` տարբեր առիթներով կնշենք մեր մայիսյան փառապանծ հաղթանակների մասին, քանի որ համայն հայությունն ու Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը արդեն պատրաստվում են նշելու մեր մայիսյան հաղթանակների 100-ամյա հոբելյանը:

Եվ այսպես, սկսենք անցյալ դարի 60-ական թվականներից եւ տեսնենք, թե ինչպիսի հետաքրքրական հուշեր են ապրում Մայր Հայաստանում, հայ ժողովրդի հերոսական որդու` ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի մասին:

1961թ. մարտ ամիսն էր, Գառնիի հեթանոսական տաճարի պեղումներից ազատված կենտրոնական հարթ տարածքում` դպրոցական երեխաներով «կռիվ-կռիվ», կամ էլ ֆուտբոլ էինք խաղում: Հանկարծ նկատեցինք, որ մեր համագյուղացիները մեծ խմբերով գալիս են դեպի տաճարի կողմը, իսկ դեպի տաճար վազող երեխաների խումբը վանկարկում էր հետեւյալ բառերը.

– Ժողովո՜ւրդ, մարշալ Հովհաննես Բաղրամյանն է շքախմբով գալիս Գեղարդից դեպի Գառնի, քիչ հետո կլինի այստեղ` տաճարում:

Քիչ անց, այնքան ժողովուրդ հավաքվեց, որ հնարավոր չէր մոտիկից տեսնեինք մարշալ Հ. Բաղրամյանին, ամենամոտը 30-40 մետր հեռավորության վրա կլիներ մեզանից, ուստի երեխաներով` մենք բարձրացանք տաճարի պարիսպների կամ ծառերի վրա, որպեսզի բարձունքից տեսնեինք, թե ինչ էր կատարվում մեր շրջապատում:

Ավտոշարասյունը կանգնեց հեթանոսական տաճարի գլխավոր մուտքի դարպասների մոտակայքում: Այն ժամանակ, որպես 14-ամյա պատանու` հասկանալի չէր ինձ համար, թե ինչ կազմով էր մարշալ Հ. Բաղրամյանը Մոսկվայից ժամանել Երեւան եւ այնուհետեւ Գառնի ու Գեղարդ`Հայաստանի տեսարժան վայրերի շրջագայության:Հասկացա միայն, որ բավականին պատասխանատու պատվիրակություն էր ժամանել Գառնի-Գեղարդ, քանի որ մարշալ Հ. Բաղրամյանին ուղեկցողների կազմում կային ռուս-զինվորականներ, անվտանգության ծառայության ներկայացուցիչներ, իսկ ուղեկցողների մեծամասնությունը` Հայաստանի ղեկավարությունից էին, որոնց մասին պետք է հասկանայի հետագայում, լսելովպաշտոնատար անձանց մեկնաբանությունները: Գառնիի հասարակության ներկայացուցիչների մի մեծ խումբ լուսանկարվեց մարշալ Հ. Բաղրամյանի հետ, իսկ երեխաներին չթույլատրեցին նկարվել: Հիշում եմ, որհեռվից տեսնելով մարշալ Հ. Բաղրամյանին, ես շատ հավանեցի նրա մարշալական համազգեստը, եւ ավելի ձգտեցի ապագայում զինվորական դառնալ, իսկ մինչ այդ էլ արդեն որոշել էի միջնակարգն ավարտելուց հետո դիմել զինվորական ուսումնարան ընդունվելու համար:

Տարիներ անց, երբ արդեն 18-20 տարեկան երիտասարդ էի, Գառնիի հեթանոսական տաճարի մոտակայքում բնակվող մեր հարեւաններից մանրամասն արդեն լսել ու ռեալ պատկերացում էի կազմել այն մասին, թե ինչպես էին դիմավորել մարշալ Հովհաննես Բաղրամյանին` Գառնիի հեթանոսական տաճարի մոտ` 1961թ. մարտ ամսին: Գառնեցիներն առաջին հայացքից շատ զգուշավոր մոտեցումով էին դիմավորել մարշալ Հ. Բաղրամյանին, եւ նրան ուղեկցող ծառայությունների ներկայացուցիչներին, քանի որ ընդամենը 40 տարի էր անցել 1921թ. փետրվարյան ապստամբությունից, եւ ցավալի հիշողությունները` բավականին թարմ էին... Չէ՞ որ Մուշում ու Սասունում, Դիլմանում ու Բիթլիսում, Սարդարապատում ու Բաշ Ապարանում քաջաբար կռված բաշգյառնեցի խմբապետերի ու ազատամարտիկների մի մասը` 50 ընտանիք աքսորվեցին Սիբիրի խորքերը եւ նրանց մեծ մասը հայրենիք չվերադարձան, իսկ բաշգյառնեցի հերոս-խմբապետ Մակեդոն Հակոբջանյանը` 1921թ. փետրվարի 18-ի լույս գիշերը` Երեւանի բանտում խոշտանգվել էր բոլշեւիկյան դահիճներ Ավիս Նուրիջանյանի եւ Աթարբեկովի կողմից` 3-րդ կամավորական գնդի հրամանատար Համազասպի եւ հեծյալ բրիգադի հրամանատար Նիկոլայ Ղորղանյանի հետ միասին: Մարշալ Հովհաննես Բաղրամյանը մոտիկից ճանաչել էր Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերում մարտնչած բաշգյառնեցի խմբապետներին ու կամավորներին, որոնցից մի քանիսին հիշատակել էր խոսակցության ընթացքում:

Հետաքրքիր է, որ խոսակցությունն սկսելու նախաձեռնությունը ստանձնել էր մարշալ Հ. Բաղրամյանը, քանի որ բաշգյառնեցիները որպես փետրվարյան ապստամբության ակտիվ մասնակիցներ եւ բավականին լուրջ տուժվածներ` բոլշեւիկյան իշխանությունների կողմից, այնքան էլ հաշտ չէին իշխանությունների հետ:Ուստի «բանակցություններն» սկսել էր մարշալ Հ. Բաղրամյանը, դիմելով հավաքված ծերունիներից տաճարի հարեւանությամբ բնակվող Բադալ Շահբազյանին` հետեւյալ բառերով.

– Բիձա, բա հեչ «բարլուս» բան չեք անում...

Բադալ բիձեն պատասխանել էր.

– Ինչպես չէ, եթե անհրաժեշտ է լինում, «բարի լույս» էլ ենք կազմակերպում:

Մինչ հավաքված դաշնակցական ծերունիները կփսփսային, որ վտանգ չկա ՊԱԿ-ից, կամ մյուս ծառայություններից վախենալու, չէ՞ որ մարշալ Հ. Բաղրամյանն է երաշխավորում անվտանգությունը, այդ ընթացքում շատ արագ եւ օպերատիվ կերպով կողմնորոշվել էր Գառնիի ճանաչված մանկավարժներից` Վարազդատ Այվազյանի կինը` տիկին Աստղիկը, որն արագ հասնելով իրենց ամրոցամերձ տուն, հյուրասիրության սեղան էր կազմակերպել թանկագին հյուրերի համար: Անսպասելի կերպով, հեթանոսական տաճարի դարպասի դիմաց, նշված հեղինակավոր դելեգացիայի եւ հայ ժողովրդի հերոս-զավակ, մարշալ Բաղրամյանի առջեւ հայկական սուփրա-սեղան է բացվում, որը լցվում է Գառնիի համեղ մրգերով, տնական թթվով ու լավաշ հացով, իսկ ավանդական «բարլույսի» համար տիկին Աստղիկը բերել էր խաղողի տնական օղի` համապատասխան գրաֆինով-հնաոճ: Ու ջերմացել էր միջավայրը հայկական...

Առաջին բաժակով մարշալ Հովհաննես Բաղրամյանը խմել էր ստեղծագործ հայ ժողովրդի կենացը, իսկ երկրորդ բաժակով` գառնեցիների կենացը եւ հիշել էր Սարդարապատի ճակատում կռվող բաշգյառնեցի խմբապետներին: Ապա հայացքն ուղղելով դեպի գյուղը, ցույց էր տվել ամրոցամերձ թաղամասում գտնվող` բաշգյառնեցի խմբապետներ Ղազար եւ Արտուշ Քոչարյանների տները, մատնանշելով, որ 1918-19թթ., Սարդարապատի եւ մյուս կռիվների օրերին` եղել է նրանց հետ մարտերում, ինչպես նաեւ հյուրընկալվել է նրանց ընտանիքներում:

Հյուրասիրությունից հետո, թվում էր, թե մարշալ Հ. Բաղրամյանը գոհ ու շնորհակալ մեկնել է Գառնիից ու Հայաստանից, սակայն 14 տարի անց, թե հանդիպման ժամանակ, ինչպիսի դիտողություն արեց ինձ` մարշալ Հ. Բաղրամյանը, ես անկեղծորեն կպատմեմ մեր հետաքրքրասեր ընթերցողին` սույն հոդվածի համապատասխան դրվագում:

1964 թվականին ավարտեցի Գառնիի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանը եւ ցանկացա ընդունվել Խարկով քաղաքի ռազմական օդաչուների ուսումնարանը, սակայն իմ կամքին հակառակ, Կոտայքի զինկոմիսարիատից ուղարկեցին Օրջոնիկիձե քաղաքի ռազմատեխնիկական ուսումնարան, որտեղ չկարողացա ընդունվել` ռուսաց լեզվին չտիրապետելու պատճառով: 1966 թվականին դուրս մնացի ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսից, իսկ 1967թ. աշնանը մեկնեցի խորհրդային բանակ ծառայության:

Խորհրդային բանակ մեկնեցի նոյեմբերի 25-ին, իսկ զորամաս հասանք դեկտեմբերի 2-ին` Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքի ուսումնական կենտրոն: Քանի որ 7 օր շարունակ, գնացքով երթեւեկելով անցել էինք մոտ 3000 կմ ճանապարհ, ռուս սպաները ինձ «ընտրել էին», որպես թարգմանիչ, ուստի ես էի թարգմանիչը հայ-ռուսական բոլոր հարցերով: Այդ նույն  ռուս սպաների երաշխավորությամբ` ինձ առաջարկվեց հայ նորակոչիկների անունից ելույթ ունենալ ուսումնական կենտրոնի անձնակազմի առջեւ:

Հանդիսավոր ելույթս սկսելով Հայրենական պատերազմում հայորդիների` Նելսոն Ստեփանյանի, Հունան Ավետիսյանի եւ մյուսների սխրանքներով, ավարտեցի մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի հերոսական-մարտական ուղու մասին դրվագներով եւ խոստանալով, որ մենք կծառայենք այնպես, ինչպես ծառայել են մեր հայրենակիցները: Ծառայության առաջին տարում հենց դարձա մարտական ու քաղաքական պատրաստականության գերազանցիկ, ուստի ընդունվեցի ՍՄԿԿ անդամության թեկնածու: Ռուս սպաները իմ մասին խոսում էին շատ հարգալից կերպով. «Грамотный парень, за словом в карман не лезет», քանի որ ինձանից էին հարցնում Մոսկվայի, Պետերբուրգի հիմնադրման, Պոլտավայի, Բորոդինոյի եւ այլ ճակատամարտերի տարեթվերը:

Հանձինս մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի` Մոսկվայում մենք ունեինք բավականին հզոր «կամուրջներ ու ամրոցներ», նաեւ... Այսպես, 1967-69թթ. ծառայելով խորհրդային բանակում, ես բավականին ռազմական ու մարտական հերոսական դրվագների ծանոթացա հայորդիներ` ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի, ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովի մասին, սակայն իմ ծառայության տարիներին առավել կարեւոր դերակատարություն ունեին մարշալներ Հ. Բաղրամյանն ու Հ. Բաբաջանյանը, որոնք հայ զինվորականության համար «թեւ ու թիկունք» էին, չնայած Մոսկվայում էին գտնվում, սակայն խորհրդային բանակում ծառայող ամեն մի հայ զինվորի ու սպայի համար նրանք աչալուրջ պաշտպան էին հանդիսանում: Այսպես, ես ցանկանում եմ, իմ ծառայության  տարիներից նկարագրել մի դրվագ, երբ մարշալներ Հ. Բաղրամյանի ու Հ.Բաբաջանյանի հեղինակությունն ու պաշտոնները մեզ` մի քանի հայ զինվորներիս փրկեցին բավականին մեծ փորձությունից:

Զորամասը, որտեղ 2 տարի ծառայեցի, դա Յարոսլավլ քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում էր տեղակայված: Ես եւ համագյուղացի ու դպրոցական ընկերս` Վարուժան Սարգսյանը միասին ծառայեցինք նույն գումարտակի տարբեր վաշտերում: Մեր գումարտակը տեղակայված էր Յարոսլավլի մարզի Յուդովո ավանում` զորամասից մոտ 40 կմ հեռավորության վրա, որը երկու ուղղիչ աշխատանքային գաղութ էր պահպանում: Չնայած ՆԳՄ-զորքեր էին կոչվում, բայց միեւնույնն է, ղեկավարվում էին բանակային-համազորային կանոնագրքերով, եւ անցնում էինք մոտո-հետեւակային դասընթացներ ու համապատասխան պարապմունքներ:

Խորհրդային Միության ծաղկման ու հզորացման տարիներն էին դրանք` 1960-ականների վերջերից հատկապես, երբ մարշալ Հովհաննես Բաղրամյանը խորհրդային բանակի թիկունքի պետն էր` պաշտպանության նախարարի տեղակալը, իսկ Համազասպ Բաբաջանյանը 1968թ. տանկային ակադեմիայի տնօրենի պաշտոնից` նշանակվելով ՍՍՀՄ զրահատանկային զորքերի պետ` զորատեսակի (род войск) մարշալի կոչումով, նույն թվականին, իր գիտելիքներով ու հնարամտությամբ փայլեց` հուլիսյան դեպքերի ժամանակ, Պրագայի փողոցներում պարաշյուտով որպես դեսանտ իջեցնելով խորհրդային բանակի տանկային ստորաբաժանումներ, իսկ 1969թ. ապրիլի 4-ին` սովետա-չինական սահմանում սկսված ռազմական բախման ժամանակ` նույնպես փայլեց մարշալ Համազասպ Խաչատուրովիչ Բաբաջանյանի ռազմական տաղանդը: Տանկային ռազմագիտության մեջ, առաջին անգամ հետեւակը` տանկերի հետեւից գնալու փոխարեն, 200-300 մետր առաջ նետվեց եւ գնաց տանկերի առջեւից` ոչնչացնելով թաքստոցներում դարանակալած հակառակորդի զինյալներին, որոնք մեր իսկ նռնականետներով պայթեցնում էին խորհրդային բանակի զրահատեխնիկան: Խորհրդային բանակի տանկային ստորաբաժանումները` Կատյուշայի, «Գրադ» հզոր կայանքների համազարկերի ուղեկցությամբ` ջախջախեցին չին օկուպանտներին, իսկ մնացածին դուրս վռնդեցին նախորդ օրերին գրավված «Դամանսկ» կղզուց ու մյուս զավթված տարածքներից:

Այս մասին մեր հետաքրքրասեր ընթերցողը կարող է  կարդալ. «Զրահատանկային զորքերի հայ գլխավոր մարշալը» հոդվածում: «Իրավունք» թերթի մայիսյան հաղթանակների, կամ կայքի համապատասխան էջերում: Կարծում եմ բավարար եւ կարեւոր ինֆորմացիա էր այսքանը` մեր տաղանդավոր ու հերոս հայազգի զորապետերի մասին, ուստի վերադառնամ իմ կողմից նախապես մատնանշված թեմայի բուն նյութին:

Մեր գումարտակի հրամանատարը ազգությամբ թաթար էր` Շակուրով ազգանվամբ, իսկ քաղ. գծով տեղակալը ուկրաինացի էր` Գուբար Նիկոլայ Մարեսեեւիչ, որը մի քանի տարի առաջ եղել էր վաշտի ավագի պաշտոնում, երբ մի քանի տարի էր մնում, որ գնար կենսաթոշակի, որպես Հայրենական պատերազմի մասնակցի` շնորհել էին սպայի կոչում, արդեն ավագ լեյտենանտի կոչում ուներ: Հետաքրքիր դասավորվեցին մեր հարաբերությունները` իմ եւ քաղգծով տեղակալ Գուբարի միջեւ: Առաջին տարվա, ավելի ճիշտ մի քանի ամսվա ծառայող էի 2-րդ եւ 3-րդ տարվա ծառայողների մեջ, եւ պատահեց հետեւյալ հետաքրքիր դեպքը: Քաղ. պարապմունքի ժամանակ, ուր նստած էին մեկ վաշտի չափով անձնակազմ` 80-100 զինվոր, ես ձեռք բարձրացրեցի եւ քաղղեկ ավագ լեյտենանտ Գուբարին ասացի հետեւյալը.

– ՍՄԿԿ 20-րդ համագումարը Ի. Վ. Ստալինի անձի պաշտամունքի քննադատության  եւ նրա հետեւանքների վերացման մասին է, իսկ դուք կարդում եք 22-րդ համագումարի նյութերը` կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման մասին` (1956թ. եւ 1961թ. կայացած) համագումարները:

Քաղղեկը չէր սպասում այդպիսի ելույթի ու քննադատության, ոչինչ չպատասխանելով այդ հարցերի կապակցությամբ, միայն ասաց հետեւյալը.

– Товарищ солдат, на перерыве зайдите ко мне в кабинет.

Քիչ անց, ես ծեծեցի քաղղեկի կաբինետի դուռը եւ զինվորական կարգով թույլտվություն էի խնդրում ներկայանալու համար, սակայն 50-նն անց ավագ լեյտենանտը տեղից վեր կենալով եկավ ընդառաջ եւ ժպտադեմ հրավիրեց ներս` ասելով հետեւյալ բառերը.

– Милый мой, смотри как я уважаю Армению,- եւ բացելով սեղանի դարակը` այնտեղից հանում է հայկական ծխախոտի տուփ եւ դատարկ «Ախթամար» կոնյակի շիշը: Իմանալով, որ մեկ տարի սովորել եմ ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում, նախ զգուշանում է գիտելիքների հարցում եւ խոստովանվում, որ ընդամենը միջնակարգ կրթություն ունի ինքը: Հետո առաջարկում է, որ կլինես իմ օգնականը, կօգնես թեմաները նախապատրաստելիս, իսկ ես կդասավորեմ, որպեսզի ընդունվես ՍՄԿԿ շարքերը`  որպես թեկնածու:

Հետաքրքիր է, որ ամիսներ անց, մեր գումարտակից երկու զինվոր էին ներկայացրել զորամասի քաղվարչություն, մեկ ուկրաինացի զինվորի եւ ինձ, որպեսզի ընդունվենք ՍՄԿԿ շարքերը որպես թեկնածու: Զորամասի քաղվարչության պետն էլ ուկրաինացի էր` Ալեշկո, փոխգնդապետի կոչումով եւ բացի նրանից, ուրիշ ուկրաինացի սպաներ էլ կային զորամասի շտաբում եւ պարտկոմիսիայի կազմում: Ես նստած տեսնում եւ հասկանում էի, թե ուկրաինացի սպաները ինչ մատչելի ու կիսագրագետ հարցեր էին տալիս ուկրաինացի զինվորին եւ հարցերը ավարտեց քաղվարչության պետ, փոխգնդապետ Ալեշկոն.

Նու յակ ժիվետսյա դոբրե, զեմելյա շո պիշե բատկա:

Համերկրացի, ինչ է գրում հայրդ, ամեն ինչ լավ է, կյանքը լավ է ընթանում:

Հերթը հասավ նաեւ ինձ, եւ ինչպիսի հարցերի հեղեղ թափվեց գլխիս` բոլոր կողմերից ՍՄԿԿ ծրագրային հարցեր, ինչ են իրենից ներկայացնում սովետները, պրոլետարիատի դիկտատուրայի մասին, ՍՄԿԿ քաղբյուրոյի կազմը, ՍՍՀՄ հանրապետությունների մասին եւ Կենտկոմի առաջին քարտուղարների ազգանունները եւ այլ հարցեր:

Հիշում եմ, որ լավ նախապատրաստվել էի, ինչպես բարձրագույնի համար էինք պատրաստվում: Այստեղ զավեշտականը այն էր, որ իմ լավ պատրաստված լինելու եւ մակարդակով պատասխանելու համար ոչ թե ինձ գովաբանեցին, կամ խրախուսեցին, այլ մեր գումարտակի քաղղեկ-ավագ լեյտենանտ Գուբարին, որ իբր նա է ինձ այդպես մակարդակով նախապատրաստել ու ներկայացրել քաղվարչություն:

Ավարտելով այս անվերջ թվացող պատմությունները` հասնենք այն կոլմինացիոն կետին, երբ մեր` հայ տղաներիս համար շատ վտանգավոր գործ էր զարգանում, որը կարող էր ավարտվել` հաշվեհարդարով, կամ էլ քրեական պատասխանատվությամբ, այսինքն` զինտրիբունայով: Այստեղ էր, որ ես արագ կողմնորոշվեցի, եւ ինձ օգնեց գրագիտությունս, քաղաքական հոտառությունը, իմանալով նաեւ, թե ով ունենք Մոսկվայում եւ ինչի կարող ենք հասնել: Նախ ասեմ, որ մեր զորամասի ծառայող զինվորների 75-80 տոկոսը ուկրաինացիներ էին` զորակոչված Իվանո-Ֆրանկովսկի մարզից, Կարպատներից եւ հպարտորեն արտահայտվում ու պարծենում էին, որ իրենք ուկրաինացի «բենդերների» ժառանգորդներ են, իսկ ով պատմությունից տեղյակ է, նա գիտի, թե ով է Ստեփան Բանդերան եւ նրա զինակիցները:

Մեր գումարտակում էլ նույն վիճակն էր` ինչպես նշեցի անձնակազմի մոտ 80 տոկոսը ուկրաինացիներ էին, այսինքն` եթե գումարտակում կար 350 ծառայող, ապա նրանցից մոտ 300-ը ուկրաինացիներ էին: Չնչին մասն էին կազմում ռուսներն ու Միջին Ասիայի ազգերը, իսկ կովկասցիներս` երեւի մի 20 տոկոս էինք կազմում: Մեր գումարտակում էին ծառայում նաեւ երկու եղբայրներ, որոնք հայաստանաբնակ ղարաբաղցիներ էին, զոկակոչվել էին Կոտայքի զինկոմիսարիատի միջոցով: Եթե չեմ սխալվում` բյուրեղավանցիներ էին, Բաղդասարյան Համլետը մեծ եղբայրն էր, իսկ փոքր եղբոր անունը չեմ հիշում: Մեր ստորաբաժանման ճաշարանում հերթապահելիս` Համլետը վեճի էր բռնվել կարաուլի համար երեկոյան ճաշը տեղափոխող ուկրաինացի վարորդ-զինվոր Սուսակի հետ, եւ իրար փոխադարձ հարվածներ էին հասցրել, օգնության էր հասել Համլետի եղբայրը, եւ նրանք երկուսով ծեծի էին ենթարկել վարորդ զինվորին` շարքային Սուսակին, իսկ վերջինս գնալով իրենց վաշտ` օգնության էր կանչել իրենց «բենդեր» հորջորջող զինվորներին` Կուտաշչուկ, Սիվչուկ, Մախանչուկ եւ այլոց` թվով 8-10 ուկրաինացի զինվորների, որոնք էլ հաշվեհարդար էին տեսել Բաղդասարյան եղբայրների հետ`  դաժան ծեծի ենթարկելով նրանց:

Ցավալին այն էր, որ կռվին մասնակցել էր` ոգեւորելուց բացի, բռունցքներով հայ եղբայրներին հարվածել էր նաեւ գումարտակի կոմերիտմիության քարտուղարը (կամսորգը), որը Ղազախստան աքսորված բենդերի ժառանգ էր` Բայ ազգանվամբ: Լուրջ ժամանակ խելացի ու գրագետ էր ձեւանում, բայց միջադեպի պահին եղել էր հարբած ու անկառավարելի, ֆիզիկապես էլ բարձրահասակ, ուժեղ տղա էր: Երեկոյան վերադառնալով կարաուլի ծառայությունից` մեր հայ տղաներից իմացա գործի հանգամանքների մասին, եւ զգուշավոր վարքագիծ դրսեւորեցի, որովհետեւ անիմաստ էր` նորից վիճակը գրգռել, կամ կռվի բռնվել, քանի որ ես արդեն ՍՄԿԿ անդամության թեկնածու էի եւ  օրենքների, զինվորական կանոնագրքերի (ուստավների) պահանջները լավ գիտեի, ուստի իմ կողմից ամենաչնչին խախտումները` դիտվելու էին ծանրագույն հանգամանքներում կատարված հանցավոր գործողություններ: Այսպես կշռադատելով կատարվածը, սպասեցի մինչեւ երեկոյան ստուգումը` ժամը 22-ի (վեչերնի պրովերկան) ու գնացի հանգստանալու, այսինքն` քնելու:

Մեր վաշտում, այսինքն` մահճակալիս արթուն վիճակում պառկած մտածում էի, թե ինչ անեմ, որ գործողություններս օրինաչափ լինեն, շարժվեմ կանոնագրքերով եւ ինչից սկսեմ առավոտյան ժամը 6-ից` վերկացից (պոդյոմից): Գիշերվա ժամը 2-ի սահմաններում կլիներ, երբ մեր վաշտ եկավ համագյուղացի ընկերս` շարքային Վարուժան Սարգսյանը եւ զգուշորեն մոտենալով մահճակալիս` ցածրաձայն, սակայն համարձակ կերպով ասաց հետեւյալը.

Արթո՞ւն ես, վեր կաց, դրանց կանչենք ստադիոնի կողմը, կամ զորամասից դուրս ու հաշիվ մաքրենք, տեսար, թե ինչ ծեծ են տվել Համլետին ու իր եղբորը:

Վարուժանը ֆիզիկապես առողջ եւ ուժեղ տղա էր, ինչ-որ տեղ էլ անվախ, սակայն վտանգը չէր պատկերացնում, թե որտեղից կգա, ուստի ես նրան բացատրեցի ասելով հետեւյալը.

Վարուժան, ուկրաինացի զինվորների մի մասը ալկոհոլ օգտագործած է եղել եւ հիմա էլ` այդ ազդեցության տակ են, նրանց հետ ինչ խոսես, կամսորգը նույնպես հարբած է եղել եւ ոգեւորելուց բացի` ինքն էլ է հարվածել մեր տղաներին, հասկացիր նրանք ահավոր շատ են, իսկ մենք` ընդամենը 10-12 հայեր ենք, լավ կջարդեն մեզ, առավոտյան էլ` հրամանատարությունը նրանց կպաշտպանի, ինչպես հերթապահ սպան է պաշտպանում` առայժմ կատարվածի մասին չհայտնելով վերադասին:

Բացատրեցի նաեւ, որ զինկացարանում կա  հսկայական զինապահեստ (ռուժպարկ), որը կարող է գրավվել, որեւէ մեկի կողմից եւ այն ժամանակ գիտես, թե ինչ արյունահեղություն կարող է լինել զորամասում: Համոզեցի Վարուժանին, որ սպասիր, այս հարցը հարկավոր է խելացի լուծել, Մոսկվայում մենք էլ մեր ներկայացուցիչներն ունենք, առավոտյան կտեսնես, թե ինչ օրն եմ դատելու այդ աքլորացած բենդերներին: Դա 1969թ. մայիսն էր, օրերը տաքացել էին` Յարոսլավլի մարզը կանաչ անտառների ծով էր հիշեցնում, գեղեցիկ էր նաեւ մայր Վոլգա գետը` իր ափերին լուռ կանգնած քրիստոնեական վանքերով ու եկեղեցիներով:

Առավոտյան վերկաց տրվեց ժամը 6-ին, սակայն ես չենթարկվելով հերթապահ սպայի կարգադրությանը` նրան հիշեցրեցի, որ արտակարգ դեպք է կատարվել գումարտակում, իսկ այդ մասին չեք տեղեկացրել վերադասին ու գնացի ստադիոն եւ նստելով այնտեղ, հերթապահ-սպային ասացի, որ չեմ մասնակցելու նախաճաշին, շտապ հեռագրերի տեքստեր եմ գրում, որ ուղարկեմ Մոսկվա` մեր ներկայացուցիչներին, թե ինչպիսի ազգային քաղաքականություն եք վարում խորհրդային բանակում:

Առանձնապես ագրեսիվ մտքեր չէի արձանագրել, այլ հայերենով ձեւակերպումներ էի տվել կատարվածի մասին, սակայն բարոյահոգեբանական հարվածը վաղ առավոտից արդեն հասցրել էի սպայական կազմին: Ժամը 9-ի փոխարեն` 8-ին էր գումարտակի հրամանատար կապիտան Շակուբովը ներկայացրել ստորաբաժանման շտաբ, եւ իմանալով ՉՊ-ի` արտակարգ դեպքի մանրամասները, շտապ եկան ստադիոն` Շակուբովը, Գուբաբը եւ մեր վաշտապետը ու համոզվելով, որ ես հրաժարվել եմ ֆիզզարյադկայից, նախաճաշից եւ պատրաստվում եմ բողոք ներկայացնել Մոսկվա, հորդորեցին, որ գնանք գումարտակի շտաբում զրուցենք:

Մեկ ժամի չափ, ինձ «համոզելուց» հետո, ոչինչ չստացվեց, քանի որ ես շատ զայրացած էի եւ նշված հրամանատարներին ասացի, որ ձեր թողտվությամբ է այս բոլորը կատարվում, եւ դուք էլ` պետք է պատասխան տաք կատարվածի համար; Ժամը 10-ի սահմաններում, համոզվելով, որ ես լուրջ, փաստացի բողոք եմ ներկայացնում, գումարտակի հրամանատար Շակուբովը հեռախոսով զեկուցեց զորամասի հրամանատար-գնդապետ Զալուկաեւին եւ կես ժամ անց` զորամասի հրամանատարը, քաղվարչության պետն ու մի քանի պատասխանատու պաշտոնյաներ ժամանեցին Յուդովո` հասկանալի է, որ մեր ստորաբաժանման շտաբ: Զորամասի հրամանատար գնդապետ Զալուկաեւի այն հարցին, թե ես ինչից եմ դժգոհ եւ ինչ բողոք եմ ներկայացնելու Մոսկվա, պատասխանեցի.

– Գումարտակի հրամանատարությունը թողտվության է մատնել ամեն ինչ, չկա զինվորական կարգապահություն, կամսորգը դաստիարակչական աշխատանք կատարելու փոխարեն, ինքն է հարբեցողությամբ զբաղվում եւ ոչ ռուսներին ծեծի ենթարկում: Ուկրաինացիները մեծամասնություն են կազմում զորամասում եւ կարծես դա էլ` իրենց արտոնություն է տալիս, այդպես վերաբերվելու մեզ հետ` որպես ազգային փոքրամասնություններ: Խախտվում են նաեւ ՍՄԿԿ ազգային քաղաքականության նորմերն ու սկզբունքները:

Քաջատեղյակ էի այն փաստից, որ ամիսներ առաջ, Կույբիշեւ քաղաքի զորամասերից մեկում` ծեծի էին ենթարկել մոտ 20 վրացի զինվորների, իսկ հաջորդ առավոտյան, զորամասի վրացի զինվորները հրաժարվել էին ծառայության դուրս գալուց եւ պահանջել էին իրենց հանրապետության ԿԿ-ի առաջին քարտուղար Մժավանաձեին, որը եւ նույն օրը ժամանել էր նշված զորամաս: Հաջորդ օրը, որպես ազգային հարցի հետ կապված գործ` այն տեղափոխվել էր Մոսկվա, այնտեղ քննարկելու եւ լուծում տալու համար: Ուստի գիտեի, որ ՍՄԿԿ-ն խիստ ցուցում է տվել` խորհրդային բանակում ազգային ճիշտ քաղաքականություն վարելու մասին, որից էլ զգուշավոր էին բոլոր զորամասերի հրամանատարներն ու մյուս պատասխանատու սպաները: Այնպես որ, գիտեի նաեւ մեր զորատեսակի մասին, քանի որ ՄՎԴ-ն, այսինքն` ՆԳՄ-ն եւ ԿԳԲ-ն` ՊԱԿ-ը, ՍՄԿԿ-ի քաղաքականության առաջնահերթ պաշտպանողն ու իրականացնողն էին:

Այդ տարիներին ՍՍՀՄ  ՆԳՄ նախարարը բանակի գեներալ Շչոլոկովն էր` մի խիստ անձնավորություն: Այս բոլորից լավատեղյակ լինելը` ինձ թույլ էր տալիս համարձակ կերպով դիմելու զորամասի հրամանատարին նաեւ` Զալուկաեւը ինձ լավ էր ճանաչում կուսակցական ակտիվից, չէ որ իր կողմից գործուղվել էի դիվիզիայի շտաբ` կուսակցական ակտիվի ժողովին մասնակցելու Գորկի քաղաքում: Ուստի ես այդքան համարձակություն ու բարոյական իրավունք ունեի զորամասի հրամանատարին դիմելու համար;

Ծառայության երկրորդ տարին էր եւ ես արդեն ազատ խոսում էի եւ ռուսերեն, եւ ուկրաիներեն, ուստի ռուսերենով այսպես դիմեցի գնդապետ Զալուկաեւին.

–Товарищ полковник, в Москве есть наши представители, маршалы И.Х.Баграмян, А.Х.Бабадджанян, А.И.Микоян, а также много представителей науки и искусства, так что мы будем защищать свои конституционные  национальные права- вот о чём я здесь написал в жалобной телеграмме, направленной тов. маршалу Ивану Христафоровичу Баграмяну.

Բարձրաստիճան սպաները սթափվեցին եւ շատ լուրջ ընդունեցին իմ «բողոքը», որը սակայն ավելի շատ նրանց վախեցնելու համար էր, եւ հարյուրավոր սանձարձակ ուկրաինացի զինվորներին կարգի հրավիրելու համար էր, ինչպես ասացի նախապես, սովորական տպագրական թղթերի վրա` հայերենով գրառումներ էի արել դեպքի մասին եւ գրել մարշալների ազգանունները միայն:

Առաջինը` վախեցածությունն արտահայտեց ուկրաինացի փոխգնդապետ Ալեշկոն` քաղ.վարչության պետը, ասելով. «Товарищ Бабаян, мы свои-братские народы, армяне и украинцы, неужели вы забываете великую братскую дружбу двух великих поэтов-писателей Оганеса Туманяна и Тараса Шевченко..?»

Անմիջապես խոսքը շատ տխուր տոնով սկսեց զորամասի հրամանատար գնդապետ Զալուկաեւը.

– Сынок, не делай такого зла, не надо, зачем маршал Баграмян должен знать , что у нас такое безобразие случилось? Я как молодой офицер воевал у товарища Баграмяна на Прибалтийском фронте, знаете сколько хороших ребят погибло-и армян, и русских, и грузин, и украинцев? Ведь мы свои, братские народы, как можно так враждебно относиться.

Ես զգուշացա հատկապես գնդապետ Զալուկաեւի հետեւյալ խոսքերից, որ զինվորներ են, վաղը կհաշտվեն, նորից եղբոր նման կծառայեն միասին, իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վտանգի տակ եք դնում զորամասի սպաների հետագա ծառայության ճակատագիրը: Ես հարգեցի գնդապետ Զալուկաեւի խնդրանքը, քանի որ նորից տեսա նրա հայրական ճշմարիտ եւ օբյեկտիվ մոտեցումը հարցի լուծմանը, նորից զգացի իսկական ռուս մարդու բարությունն ու մեծահոգությունը: Խոստացա նրան, որ ոչ մի զինդատախազի, կամ օկրուգի հրամանատարի էլ չեմ տեղեկացնի, միայն թե մեր զորամասում բոլոր ազգերի զինվորներն ու սպաներն էլ թող համերաշխ ծառայեն միասին եւ տուն վերադառնան:

Պատրաստված «բողոքի» տեքստերը պատռեցի Զալուկաեւի ներկայությամբ եւ բարի ճանապարհ ցանկացա սպաներին, որոնք մեկնեցին քաղաք Յարոսլավլ, իսկ ես անցա մեր ստորաբաժանման զինվորական ճաշարան: Դեռ գնդապետ Զալուկաեւի խոսքերը ականջիցս դուրս չէին եկել, որ զինվորներ են, վաղը կհաշտվեն, եղբոր պես կշարունակեն ծառայել միասին, երբ ճաշարանի մի անկյունում նկատեցի, թե ինչպես են նույն սեղանների շուրջ համերաշխ ճաշում երեկվա` իրար ծեծող ուկրաինացի եւ հայ տղաները, իսկ հարբած կամսօրգ Բայը, որ երեկ աքլորակռիվ էր տալիս, ինչպես էր խեղճացած հավի պես` թեյ, քաղցրավենիք եւ այլ ուտեստներ մատուցում Բաղդասարյան եղբայրներին: Ես չզարմացա գնդապետ Զալուկաեւի իմաստուն խոսքերից, որը խոսում էր կյանքի մեծ փորձի եւ զինվորական ազնիվ ծառայության մասին:

ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ

ՀԲ փոխգնդապետ,

Արցախյան պատերազմի մասնակից

 

 

Շարունակությունն` այստեղ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА