ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կինոթանգարանով հայկական կինոյի արխիվի վերջին շունչն ենք փրկում»

15.12.2017 22:45 ՄՇԱԿՈՒՅԹ
«Կինոթանգարանով հայկական կինոյի արխիվի վերջին շունչն ենք փրկում»

Հայկական կինոյի թանգարան ստեղծելու մասին վերջին ամիսներին հաճախ է խոսվում, բայց արդեն միայն խոսելը անցյալում է, քանի որ երեկ  կինեմատոգրաֆիստների միությունում սկիզբ դրվեց այդ թանգարանի առաջին քայլերին: Կինոթանգարանի նախաձեռնողները կինոսիրողներին ու լրագրողներին ներկայացրին կինոթանգարանի ցուցադրության սաղմնային տարբերակը, որտեղ ներկայացված էին հայկական կինոյի պատմության մի քանի կարեւոր ցուցանմուշներ՝ 30-ական թվականներից հետո նկարահանված ֆիլմերի կինոխցիկներ, լուսավորման տեխնիկա, դերասանական ֆոտոպրոբաներ, ֆիլմերի համար գրված երգերի ձեռագիր նոտաներ, ժապավեններ, այդ թվում օրինակ՝ «Զինվորն ու փիղը» ֆիլմի նկարահանած կինոխցիկը, ժապավենները, նկարահանման ընթացքը ներկայացնող լուսանկարներ... 

Ալինա Կաբաևայի հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում Արմեն Ջիգարխանյանին ու նրա թատրոնին

«ԿԻՆՈՅԻ ԱՐՎԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԻՆՈՅԻ ԱՊԱԳԱ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԼԻՆԵՆ»

Հիմնադրվող թանգարանի հանձնաժողովի նախագահի խորհրդական ՍԱԹԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, հատիկ առ հատիկ  «Իրավունքին» ներկայացնելով ցուցանմուշները, շեշտեց, որ ներկայացված է միայն մեկ տոկոսը. «Շատ կան նմուշներ, բայց կինոյի արվեստի նմուշները պետք է մեր կինոյի ապագա թանգարանում լինեն: Շատերի մոտ էլ կան նմուշներ, օրինակ՝ անվանի ռեժիսորների ընտանիքներում, որոնք ընթացքում կնվիրաբերեն թանգարանին»,- հույս հայտնելով` Ս. Ստեփանյանը հավելեց, որ բոլոր ֆիլմերն էլ առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն:

«ԿԻՆՈՆ ԱՏՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԵՏՔ Է ՀԵՌՈՒ ՊԱՀԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻՑ»

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հորդորով, եթե ամեն մեկն իր լուման դնի թանգարանի ստեղծմանը՝ ցուցանմուշներ նվիրաբերելով, կդառնա այս գործի մի մասնիկը: Ըստ նրա` այս ամենի կողքին համախմբվել են մարդիկ, ովքեր սիրում են կինոն. «Բայց կան նաեւ մարդիկ, որոնք ատում են հայ կինոն, նման մարդկանց պետք է հեռու պահել հայկական կինոյից»: Իսկ կինոթանգարանի անհրաժեշտությունը կարեւորելով` ասաց. «Կինեմատոգրաֆիստներիս համար սրանք բոլորն էլ շատ կարեւոր մասունքներ են եւ պետք է հավաքվեն մի հարկի տակ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մեծ ոգեւորությամբ ընդունեց թանգարան ստեղծելու գաղափարը: Մենք էլ ոգեւորված ենք, որ կունենանք կինոթանգարան, որը չի լինի մի պատահական, մեռած թանգարան, այլ՝ գործող  թանգարան, որտեղ ֆիլմեր կվերականգնվեն, դասախոսություններ կլինեն, կգործի գրադարան, փոքրիկ դահլիճ՝ ֆիլմեր նայելու համար... Պարզվեց, որ կինոն չի մահանում, այն ավելի շատ է պետք գալիս, ավելի շատ է հետաքրքրում աշխարհին եւ դառնում լուրջ կարեւոր զենք»: Հ. Խաչատրյանն ինքն էլ դժվարացավ ասել, թե երբ կբացվեն կինոթանգարանի դռները, միայն հավելեց. «Այսօրվանից սկսում ենք այդ աշխատանքները, կավարտենք մեկ կամ երկու տարի հետո: Այն կլինի կինեմատոգրաֆիստների միության շենքում՝  մեծ դահլիճի նախասրահի դիմաց: Այս պահին միայն բետոնե պատերն են, պետք է սկսենք ամենահասարակ վերանորգումից մինչեւ լուրջ թանգարանային կոնցեպցիա: Այնպես որ, քաղաքի կենտրոնում կունենանք մշակութային, միջազգային լուրջ կենտրոն, որը հետաքրքիր վայր կլինի նաեւ զբոսաշրջիկների համար»:

«Հետաքրքիր է՝ հետեւել քաղաքական զարգացումներին». աշխարհահռչակ դիզայները եկել էր ՀՀ նախագահի երդման արարողությանը

«ԿԻՆՈՆ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ՈՒ ՏԱՆՈՒՄ»

Լեգենդար կինոօպերատոր ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԻ կարծիքով, որը նույնպես ընդգրկված է թանգարանի հանձնաժողովում, կարեւոր է, որ մարդիկ տեսնեն, թե նախկինում հայ կինոյում ինչ է եղել, ինչպես են աշխատել. «Հիմա տեսնում եմ, թե ինչ ֆիլմեր են նկարում՝ իրենք իրենց համար, ու ո՛չ մի փառատոնում ցույց չեն տալիս, փողը դնում են, հետո գնում ուտում-խմում... Այս թանգարանում կինոսեր երիտասարդները կտեսնեն, թե ինչպես է ֆիլմ նկարահանվում, ոչ թե բջջայինով մի կոճակ սեղմեն ու համարեն, որ ֆիլմ նկարեցին: Առաջին ազգային ֆիլմը, որին բոլշեւիկյան մատը խառը չէր «Հեղնար աղբյուրն» է, կոլորիտով ֆիլմ, բայց այսօր ո՛չ ցույց են տալիս, ո՛չ խոսում են այդ մասին: Իսկ մի ախմախ ֆիլմի մասին ամեն օր խոսում են: Իսկ կինոթանգարանը կարող է նպաստել, որ այդ ֆիլմերի մասին հիշեն»,- հույս հայտնեց Լ. Աթոյանցն ու նեղսրտված շեշտեց. «Անկախության տարիների իմ նկարահանած լավագույն՝ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմը այսօր ցույց չեն տալիս: Բայց կինոն քանդում են ու տանում, այսօր «Հայֆիլմ» չկա, իսկ դա ամոթ է: Այսօր թատրոնի համար այնքան փող են ծախսում, մի տարում մի 2000 հոգի մարդ է նայում, բայց մի լավ կինոն ամբողջ աշխարհը կնայի»:

«ԴԵՌ ՓՐԿՎԵԼՈՒ ԻՐԵՐ ԿԱՆ «ՀԱՅՖԻԼՄՈՒՄ»»

ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ համոզված է` այն կդառնա կենդանի թանգարան, որտեղ կինոգործիչները կհանդիպեն, կքննարկեն, կզրուցեն իրենց ապագա ծրագրերի մասին, հյուրեր կընդունեն, մրցույթներ ու փառատոներ կկազմակերպեն. «Սա լինելու է թանգարանային աշխարհի լավագույն եւ ամենահաճախելի թանգարաններից մեկը: Ցուցադրված այս նմուշները խիստ սաղմնային են, բայց վստահ եղեք, մեկ կամ երկու տարի հետո ունենալու ենք իսկապես հրաշալի թանգարան, որով կարող ենք հպարտանալ»: Անդրադառնալով «Հայֆիլմին»` նախարարան ասաց, որ շաբաթներ առաջ է եղել այնտեղ. «Ստուգեցինք, թե ինչ իրեր ու առարկաներ կան, որոնք կարող են խոսել մեր կինոյի պատմության մասին: Պատկերացրեք, մնացել էին որոշ բաներ, որոնք կարող ենք կենդանացնել՝ հուշերով, ֆիլմերով, դրանք ցուցադրելով: Այնպես որ, դեռ փրկվելու իրեր կան «Հայֆիլմում», եւ, փառք Աստծո, կան մարդիկ, որոնք պատրաստ են` դրանք փրկելու»:

«ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՅՍ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ՏԵՂԸ ԿԴՆԻ»

«ԿՑԱՆԿԱՆԱՅԻ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԱՌԱՋԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԼԻՆԵՐ «ՀԱՅՖԻԼՄԻ» ՇԵՆՔՈՒՄ, ԲԱՅՑ...»

«Հայֆիլմի» վերականգնման նախաձեռնության եւ Կինոյի թանգարանային հանձնաժողովի ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆԻ կարծիքով` ընդհանրապես մարդկանց միավորելը շատ բարդ է, իսկ կինոգործիչներինը՝ առավել եւս: Բայց կինոթանգարան ստեղծելու գաղափարի շուրջ նրան հաջողվել է համախմբել նրանց:
- Որովհետեւ մարդիկ սրտացավ են հայկական կինոյի հանդեպ: Եթե մենք հայ կինոյի անցյալը մոռանանք, ուրեմն՝ ներկայում ու ապագայում ոչինչ չունենք անելու: Ընդամենը պետք է սիրենք հայկական կինոն, որի մեջ մտնում է ամեն ինչ:
- Հայկ, այս փոքրիկ ցուցահանդեսի նպատակը ո՞րն է:
- Նմուշներն այստեղ հավաքագրելով` ուզում ենք կոչ անել բոլոր այն սրտացավ, կինոսեր, հայ կինոն սիրող մարդկանց, որ այն, ինչ ունեն տանը, ավտոտնակում, իրենց մոտ, հարազատի, բարեկամի տանը, հավաքագրեն ու միասնական ուժերով ստեղծենք այն, ինչ ուզում ենք: Կինոմիությունը միայն իր միջոցներով այս ամենը չի կարող անել: Միասնական մոտեցում է պետք ու սրտացավ մարդիկ:
- Իսկ ինչո՞ւ է թանգարանը ստեղծվում Կինեմատոգրաֆիստների միության, այլ ոչ թե, ասենք, «Հայֆիլմի» շենքում:
- Շատ կցանկանայի, որ թանգարանը լիներ «Հայֆիլմի» շենքում, բայց այս պահին դա անհնար է, որովհետեւ գտնվում է վաճառքում: Բայց այն, ինչ մնացել է, պետք է պահպանենք, հետո, երբ «Հայֆիլմի» ճակատագիրը վերջնականապես որոշվի, արդեն կկողմնորոշվենք՝ թողնենք այստեղ, թե տեղափոխենք: 
- Այսինքն՝ «Հայֆիլմից» բոլոր մասունքները հանվա՞ծ են:
- Ոչ, բոլորը չենք հանել, որովհետեւ ընդհանրապես կմոռանան, որ այնտեղ եղել է կինո: Ես կողմ չեմ, որ «Հայֆիլմից» ամեն ինչ դատարկվի: Պարզապես, այնտեղից վերցրել ենք մի քանի կարեւոր բան, չեմ ուզում, որ «Հայֆիլմը» դատարկվի, դա «Հայֆիլմի» վերջը կլինի: Բայց պետք չէ կենտրոնանալ միայն «Հայֆիլմում» եղածի վրա, քանի որ մարդկանցից հավաքագրվածն ավելի շատ կլինի, քան՝ հենց հիմա «Հայֆիլմում» եղածը:
- Հայկ, իսկ ի՞նչ ցուցանմուշներ են այսօր ընդգրկված այստեղ:
- Ներկայացված է այն ժամանակարջանը, որը համարվում է հայկական կինոյի ոսկե դարը, դա Սովետական Միության ժամանակաշրջանն էր: Կինոառարկաների մեծամասնությունը հանրության կողմից սիրված ու հայտնի ֆիլմերի տեսախցիկներն են, օբյեկտիվները, լույսեր, ժապավեններ: Այստեղ անգամ կան Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արտեմի  Այվազյանի ձեռագիր նոտաները, որոնք գրվել են ֆիլմի համար: Օրինակ՝ թե ինչպես է այն ժամանակ եղել քասթինգ կոչվածը: Եթե հիմա պատերին են փակցնում նկարները, ապա այն ժամանակ եղել է ալբոմներով՝ դերասաններին  փորձնական 3 լուսանկար են արել: Այստեղ ներկայացված է «Զինվորն ու փիղը» ֆիլմի քասթինգի լուսանկարների ալբոմը: Նաեւ ձեռագրեր կան՝ «Հայրենադարձները» վավերագրական ֆիլմից: Ներսես Հովհաննիսյանի «Օտար խաղեր» ֆիլմի երաժշտության Ռոբերտ Ամիրխանյանի ձեռագիր նոտաներն են ամբողջությամբ: Կան ազդագրերը, նաեւ 30-40-ականների՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջվա ժապավեն տեղափոխող արկղը, որը շատ արժեքավոր է:  Մի խոսքով, եթե մենք հիմա այս ամենը չպահպանենք, մեկ տարի անց ոչինչ չի մնա: Հայկական կինոյի արխիվի վերջին շունչն ենք փրկում: Այսինքն` մենք այստեղ հավաքագրել ենք նմուշներ, որոնցով կինոգործիչներն ու կինոսերները պատկերացում կազմեն` ինչ է լինելու կինոթանգարանում: Ճիշտ է, հայկական ֆիլմերը քիչ են, բայց հայ կինոյի պատմությունը հարուստ է: 

«Սերժ Սարգսյանը բացառիկ նախագահ էր». Ռազմիկ Դավոյան

Այնուամենայնիվ, թանգարանի հիմնադիր-կազմակերպիչները կոչ են անում, որ կինեմատոգրաֆիստները եւ նրանց ընտանիքի անդամները թանգարանին օգտակար լինեն ու հայ կինոյին վերաբերող տանը ի պահ տված մասունքները նվիրաբերեն թանգարանին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА