ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեր Վազգենը հերքում է համասեռամոլների պաշտպանությունը

15.12.2017 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեր Վազգենը հերքում է համասեռամոլների պաշտպանությունը

«Ասպարեզը» օրերս հոդված էր հրապարակել, որում ասված էր, թե ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի հոգեւորական Տ. Վազգեն քահանա Մովսեսյանը դարձել է ԼԳԲՏ իրավապաշտպան «Հավասարություն Հայաստան» կազմակերպության խորհրդի անդամ:

«Սա Արմեն Սարգսյանին նախագահի աթոռն առաջարկելու երկրորդ փորձն է»

ԲԱՑԱՀԱՅՏՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԵՐՅՈՒՐԱՆՔ

Նույն աղբյուրը մանրամասնել էր, որ Տեր Վազգենը վաղուց է խոսում նույնասեռականների մարդու իրավունքների պաշտպանության մասին: Ավելին` հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի եւ սոցիալական մեդիայի միջոցով քարոզում է, որ սերը բոլորի համար է: «Ասպարեզը» նաեւ հիշեցրել էր, որ 2015 թ.-ին, երբ ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնությունները օրինականացվեց, նույն հոգեւորականը դա մեկնաբանել էր այսպես. «Հիսուսն Ավետարանում հոմոսեքսուալության հետ կապված ոչինչ չի ասել: Հիսուսը ոչ խոսել է հոմոսեքսուալների մասին, ոչ էլ հոմոսեքսուալության դեմ է որեւէ բան ասել, հետեւաբար եկեղեցին չի կարող նույնասեռ ամուսնությունների դեմ դրույթներ հորինել»: Բացի իր առօրյա աշխատանքից, նա նաեւ հիմնել է «Ուրիշի կոշիկներում» կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել աշխարհի մարդկանց, որոնք դժվար կացության մեջ են: Նա այդ գործունեությունը սկսել է որպես պատասխան Հայոց ցեղասպանությանը, քանի որ նա հավատում է` մարդիկ, որոնք անցել են դժոխքով, պատասխանատու են այլոց հանդեպ անարդարությունների դեմ գործել: 

«ԽԻՍՏ ՑԱՎԱԼԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է»

Վերոնշյալի առնչությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հաղորդագրություն են տարածել, որտեղ ներկայացրել են ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի հոգեւոր սպասավոր Տ. Վազգեն քահանա Մովսեսյանի հերքում-նամակը` ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իր անձի վերաբերյալ «Ասպարեզում» տպագրված հոդվածի առնչությամբ: Տեր Վազգենը նախ նշել է, որ ամենայն վճռականությամբ ցանկանում է հերքել ՀՅԴ պաշտոնաթերթ «Ասպարեզ»-ի մեջ զետեղված իր անձը վարկաբեկող հոդվածը, համաձայն որի, նա հանդիսանում է «Equality Armenia» միասեռական տեսակետներ ջատագովող անձ եւ այդ կառույցի Խորհրդի անդամ. «Ցանկանում եմ հստակ նշել, որ վերոհիշյալ կառույցի մաս չեմ կազմում, եւ «Ասպարեզ»-ում զետեղված հոդվածը զուտ հերյուրանք է` գրված մի անձի կողմից, որն անձնապես ինձ ծանոթ չէ եւ ինձ հետ որեւէ առնչություն չունի: Ես արդեն իսկ պաշտոնապես հրատարակել եմ այս զրպարտանքը հերքող հոդված, ինչպես նաեւ կապ եմ հաստատել վերոհիշյալ կազմակերպության նախագահի հետ` խնդրելով պաշտոնապես հայտարարել ճշմարտությունը եւ անձս զերծ պահել ավելորդ մեղադրանքներից: Կազմակերպության նախագահին ես հստակ նշել եմ, որ իբրեւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորական, ես անվերապահորեն պահում եմ այն ճշմարտությունը, որ Սբ. Պսակը յոթ սրբազան Խորհուրդներից մեկն է, որ կատարվում է միմիայն տղամարդու եւ կնոջ միջեւ: Վերջինս ինձ հավաստիացրեց, որ իր կարելին ձեռք կառնի` անձս վարկաբեկող թյուրիմացությունը վերացնելու համար: Մասնավորաբար, կարեւոր եմ համարում նշել, որ երբեւէ Հայոց մեծ եղեռնի նահատակների տառապանքն ու չարչարանքը չեմ նույնացրել կամ անգամ համեմատել միասեռականների խնդիրների հետ»:

Ռուսական զորքերը դուրս են գալիս Աֆրինից. թուրք-քրդական պատերազմի սպասելիքները

«ՀԱՅՑՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ»

Ըստ Տեր Վազգենի` իր համար` իբրեւ 35 տարիների հոգեւորականի, խիստ ցավալի եւ վիրավորական է տեսնել, որ «Ասպարեզի» հոդվածագրի զրպարտություններն այսքան մեծ արձագանք գտան եւ կարողացան դյուրությամբ ստվերի տակ գցել իր տասնամյակների անխոնջ ծառայությունը, ուստի` դիմելով Ամենայն Հայոց Հայրապետին` ընդգծել է. «Վեհափառ Տե՛ր, հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ այս հերյուրանքը խանգարեց նաեւ Ձերդ Վեհափառության հոգու անդորրը եւ Ձեզ ավելորդ մտահոգություն պատճառեց: Մատչելով ի համբույր Ձերդ Վեհափառության Օծյալ Սուրբ Աջույն, որդիական ակնածանոք», - ասված է նամակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ի դեպ, այս հերքումով հանդերձ, բավական ուշագրավ է այն, որ մամուլում տարածված է լուսանկար, որտեղ Տեր Վազգենը «Հավասարություն Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Աբելյանի հետ է: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА