ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելքի» միակ ելքը` բանակցել «Ծառուկյան» դաշինքի հետ

15.12.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ելքի» միակ ելքը` բանակցել «Ծառուկյան» դաշինքի հետ

Տարեմուտին ընդառաջ` ԱԺ «Ելք» խմբակցությունը որոշել է ներքաղաքական մանր ինտրիգներով հետաքրքրություն ստեղծել իր շուրջ: «Ելք»-ականները ո՛չ ավել, ո՛չ պակաս, երեկ խմբակցության նիստ են գումարել ու որոշել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավորԱ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ Այն, որ վերջիններս վարչապետի թեկնածուի փոխարեն, որը, ըստ էության, 2018-ի ապրիլից ստանձնելու է երկրի ղեկը, որոշել են ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել, ում վերապահված է լինելու Անգլիայի թագուհու պես լիազորություններ, դեռ մեկնաբանության կարիք ունի: Իսկ մինչ այդ նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «Ելքը» բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ` Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ` պատգամավորների 1/4-ի ստորագրություններն ապահովելու համար։ Թե արդյո՞ք, համենայնդեպս, դեռեւս ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը կապահովի «Ելքին» անհրաժեշտ ստորագրությունները, հետաքրքրվեցինք ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ:

«Սա Արմեն Սարգսյանին նախագահի աթոռն առաջարկելու երկրորդ փորձն է»

«ԱՌԱՅԺՄ ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆՄԱՆ ՀԱՐՑ ՉԵՆՔ ՆԵՐԱՌԵԼ»

– Պարոն Էնֆիաջյան, պատրաստվո՞ւմ է «Ծառուկյան» խմբակցությունը պաշտպանել «Ելքի» առաջադրած նախագահի թեկնածությունը:

– Դուք խոսում եք մի հրապարակման մասին, որը հրապարակայնացվել է մի քանի ժամ առաջ: Նման գործընթացները տեղի են ունենում հրապարակային, եւ մեր խմբակցությունում երբ համապատասխան քննարկում տեղի կունենա, մեր դիրքորոշման մասին կհրապարակենք:

– Իսկ «Ծառուկյան» դաշինքը առանձին թեկնածուով հանդես գալու ծրագրեր ունի՞:

– Առայժմ մեր օրակարգում նման հարց չենք ներառել եւ չենք քննարկել: Երբ կներառենք կամ չենք ներառի ու առհասարակ կքննարկենք նման ձեւակերպումների հետ կապված մեր մոտեցումները, բնականաբար, եւս կտեղեկացնենք այդ մասին:

Ո՞Ր ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԿՍԱՏԱՐԻ «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԸ

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Արտակ Զեյնալյանի նախագահի թեկնածու առաջադրվելուն:

– Ես Արտակ Զենյալյանի անձը բարձր եմ գնահատում, նրա կարողությունները, հմտությունները, մարդակային որակները, բայց սա այն հարցը չէ, որ հիմա ԱԺ միջանցքում քննարկենք, եւ կարծիք ու դիրքորոշում հայտնեմ:

– Հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» խմբակցությունը որոշի սատարել ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուին:

– Պետք է կրկնվեմ եւ ասեմ, որ երբ մեր օրակարգում կներգրավվի նման հարց, կքննարկենք եւ, բնականաբար, մեր քննարկման արդյունքները կներկայացնենք:

– Այսինքն` բացառված չէ՞, որ «Ծառուկյան» դաշինքը որոշի սատարել ՀՅԴ-ՀՀԿ առաջադրած թեկնածուին:

– Պարզապես, ճիշտ հասկացեք, քանի նման քննարկում մեզ մոտ տեղի չի ունեցել, ես զերծ պետք է մնամ նման ձեւակերպումներով հանդես գալուց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА