ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ: ՀԵՐԹԱԿԱՆԸ... ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

15.12.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ: ՀԵՐԹԱԿԱՆԸ... ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

Մենք քանիցս առիթներ ենք ունեցել ենթադրելու, որ 2018-ի վերջնական սահմանադրական անցմանն ընդառաջ չի բացառվում նոր հակապետական խմբի հայտնությունը: Մեր ենթադրությունը, ավաղ, իրականություն դարձավ` ԱԱԾ-ն տարածել է այդպիսի խումբ հայտնաբերելու մասին պաշտոնական հաղորդագրություն: Այս անգամ դրա հիմնադիրը ԱՄՆ քաղաքացի է: 

Ե՞ՐԲ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ


ԻՆՉ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԱԱԾ-Ն
Ըստ ԱԱԾ հաղորդագրության. «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին:  Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաեւ Հայաստանի Հանրապետության իրավապահ եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու եւ այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելու ուղղակի կոչեր»: 


Սույն ամերիկաբնակը. «Մարդկանց հավաքագրելով` փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն` դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների: Բացի այդ, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաեւ միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում»: Գլխավոր դատախազությունը համապատասխան տվյալները փոխանցել է ԱՄՆ իրավասու մարմիններին, իսկ. «Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցներ` ՀՀ-ում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ»: 


Այսինքն` ստեղծված է հույժ վտանգավոր հանցավոր խումբ, որի անդամները, իրար չճանաչելով, պետք է միայնակ կամ ոչ ավել, քան երկու հոգուց բաղկացած խմբերով իրականացնեին ահաբեկչություններ: Սա թվով արդեն 5-րդ այդպիսի կառույցն է, եւ թերեւս սպասելի է, որ առաջիկայում կլինեն ձերբակալություններ, ինչպես նաեւ հնարավոր կլինի պարզել պատվիրատուներին: Ի դեպ, հանրությանն արդեն հայտնի է կազմակերպչի անուն-ազգանունը` դա ծնունդով թեհրանցի, այժմ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում բնակվող Ռոբերտ Քուրքյանն է: Նրա աշխատանքային գործունեությունն էլ առցանց առեւտուրն է` նա «e Global Solutions» անունով ինտերնետ խանութի հիմնադիրն է, որը զբաղված է բջջային հեռախոսների, տարատեսակ էլեկտրոնային սարքերի, անօդաչու թռչող սարքերի վաճառքով: 

Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման. բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու. Սերժ Սարգսյան


ՍԷՖԻԼՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ


Ռոբերտ Քուրքյանն արդեն հասցրել է նաեւ առաջին հարցազրույցները տալ, որոնցից պարզ է դառնում, որ ամերիկյան իրավապահներն արդեն հարցաքննել են նրան: Սակայն ինքը փորձում է անմեղ գառ ձեւանալ. «Ես ոչ մի խումբ էլ չեմ ունեցել եւ չունեմ, ես ունեցել եմ միտք, որը դուր է եկել ժողովրդին, եւ սարսափի է մատնել իշխանություններին: Ես արտահայտել եմ միտք, որը, հանգամանքներից ելնելով, դուր է եկել աշխարհասփյուռ հայությանը, եւ այդ տեսակետից, եթե նայեք, կարելի է ասել, որ համախոհներ ունեմ: Ինչպես միշտ ԱԱԾ-ն խեղաթյուրում է»: 


Իսկ ինչպես ցույց է տալիս «Մարտին Ավագյան» կեղծ ֆեյսբուքյան էջի ու Ռոբերտ Քուրքյանի բուն էջի ուսումնասիրությունը, նրա «վիրտուալ ընկերության» շրջապատը բաղկացած է հիմնականում սէֆիլյանական կադրերից` ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ` սփյուռքաբնակ: Իսկ թե ինչու է ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնել, որ հանցակիցները որոնվում են` կարծում ենք, որթերեւս նրանք բոլորն արդեն տեսադաշտում են, եւ շուտով կլինեն ձերբակալություններ: Բավականին հետաքրքիր կլինի նաեւ տեղեկանալ, թե քաղաքական որ գործիչների, որ ՀԿ-ների եւ այլ կառույցների հետ կապեր ունի այդ խումբը: Իսկ դա արդեն կարող է ունենալ նաեւ կոնկրետ քաղաքական հետեւանքներ: 
Համենայնդեպս, սա առաջին դեպքն է, երբ համացանցում հակապետական գործունեություն իրականացնելու առնչությամբ քրեական գործ է հարուցվում, որոշում է կայացնում կոնկրետ անձնավորության կալանավորելու եւ հետախուզելու մասին, եւ ավելին` նաեւ այլ պետության համապատասխան մարմիններին տրամադրվում են անհրաժեշտ նյութեր` կազմակերպչին ԱՄՆ տարածքում վնասազերծելու համար: Եվ վստահաբար կարելի է ասել, որ տվյալ դեպքում դա ոչ թե ֆեյսբուքյան հերթական «բլթոցն» է, որոնց պակաս գոյություն չունի այդ սոցիալական ցանցում, այլ միանգամայն լուրջ հանցագործության նախապատրաստում է, այլապես չէր լինի «ահաբեկչություն» իրավական ձեւակերպումը, եւ չէր լինի դիմում այլ պետության իրավապահներին: 


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱ՞Ց, ԹԵ՞ ԻՄԻՏԱՑԻԱ
Ինչպես հայտնի է, Սահմանադրությամբ ՀՀ հաջորդ նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը, եւ ահա արդեն ունենք առաջին առաջադրումը: «Ելք» խմբակցությունը որոշեց առաջադրել պատգամավոր Արտակ Զեյնալյանին: Ավելին, «Ելքը» Ծառուկյան դաշինքին հորդորել է այդ հարցում աջակցել իրենց: 
Հիմա ինչքանո՞վ կարելի է դա առհասարակ լուրջ համարել: Կարծում ենք, որ դա ավելի շուտ «ելքիչների» հերթական քաղաքական իմիտացիան է, որպեսզի դրա շուրջ քաղաքական դատարկախոսության նոր ճակատ ապահովվի արդեն 2018-ի համար: Հակաբանակային ասպարեզում «ելքիչները» ունեցան զրո հաջողություն, ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը հասավ իր վախճանին` քվեարկությամբ մերժվելու տեսքով, ուստի «Ելքին» մնում է ինչ-որ բան մոգոնել: 

ԱՊՀ երկրների դեսպանատների վրա ահաբեկչական հարձակումներ են նախապատրաստվել


Ի դեպ, չպետք է պատահականություն համարել, որ դաշտում հայտնվել են խոսակցություններ, իբր Ծառուկյան եւ «Ելք» դաշինքները, միգուցե, վարչապետի համատեղ թեկնածուով հանդես գան: Առայժմ դրա վերաբերյալ հնչում են հերքումներ` Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի մակարդակով, բայց այնպես չեն այդ հերքումները ձեւակերպված, որ նման բան բացառված լինի ապագայում: Ծառուկյանականները թերեւս ցանկություն ունեն կախված իրավիճակից պատրաստ լինել ամենատարբեր սցենարների` ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց սկսած, ամբողջովին ընդդիմադիր դաշտ անցնելու եւ ՀՀԿ-ի հետ առճակատվելու տարբերակով վերջացրած: Բայց, բոլոր դեպքերում, դժվար է պատկերացնել, որ այդ քաղաքական ուժը հանձն առնի պաշտպանելու այնպիսի ֆիգուր, ինչպիսին է Արտակ Զեյնալյանը: 
Ինչեւէ, 2018-ի փետրվարից արդեն շատ հետաքրքիր զարգացումներ պետք է սպասել ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանից դուրս: Բայց բոլոր դեպքերում հուսանք, որ 6-րդ ահաբեկչական խումբ չի հայտնվի, եղած 5-ն էլ մեզ լիուլի հերիք են: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА