ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.12.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ եք կարծում, մեր երկրի ընդդիմությունը ի զորո՞ւ է միավորվել: Ցանկացած ողջամիտ քաղաքացի կասի, որ դա չի կարող լինել, քանի որ չի կարող լինել երբեք: Բայց ահա զարմանալի բան է հայտարարել ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ. «ԵՄ համաձայնագրով ընդդիմությունը կարող է դառնալ հզոր, պահանջատեր, միասնական սուբյեկտ»: Զարմանալի է, ի՞նչ պետք է անի ԵՄ-ն, որպեսզի մեր ընդդիմադիրներին ստիպի միավորվել: Անգամ եթե դեսպան Սվիտալսկին բոլոր ընդդիմադիր առաջնորդներին հավաքի մեկ դասասենյակում եւ Տեր Թոդիկի ճիպոտը ձեռքին դասավանդի միավորման օգուտների մասին նույն դասը, էլի բան չի ստացվի, առավելագույնը` կգնա ընտանեկան բռնության հոդվածի տակ: 

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ քաղաքականությամբ հետաքրքրվող մեր ընթերցողները  տեղյա՞կ են, որ գոյություն ունի «Հանուն Հայաստան պետության» ճակատ, եւ այդ ճակատն էլ ունի ակտիվիստ` 1990-ականների պատգամավոր ԱԼԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ: Եվ քանի որ պարզվում է ընթերցողը տեղյակ չէ, հարգարժան տիար Բաղդասարյանը որոշեց ինքն իր մասին հիշեցնել` հայտարարելով. «Զինված պայքարին կողմ են շատ-շատերը, որովհետեւ այլ ելք չեն տեսնում: Իսկ դեմ են նրանք, ովքեր կա՛մ իշխանության մեջ են, կա՛մ իշխանությունից փայ ունեն, կա՛մ էլ այդ պատվերների շրջանակում են ապրում»: Իմացա՞ք, հարգելի քաղաքացիներ, լավագույն դեպքում դուք ապրում եք ոչ թե բնության օրենքների համաձայն, այլ` իշխանության պատվերների շրջանակում: Դե ինչ ասես, օրինակ, իր այդ խորիմաստ մտքով ինչո՞վ է պարոն Բաղդասարյանը տարբերվում ցանկացած ֆեյսբուքյան դատարկախոսից, որոնց միակ զբաղմունքը վիրտուալ զենքով վիրտուալ հեղափոխություն անելն է:

«Միսը թանկ է, պլաստմաս կերեք»,- այս թեւավոր խոսքը հայտնվել է շրջանառության մեջ այն բանից հետո, որ զարմանալիորեն մեր երկրի շուկայում հայտնվել է ԿԵՂԾՎԱԾ ԲՐԻՆՁ: Առաջին ենթադրությունն այն էր, որ այդ բացարձակ չեփվող, բայց անտանելի գարշահոտ տարածող բրինձը պատրաստված է պլաստիկից, բայց զարմանալին այն է, որ կեղծված բրինձների մի քանի տեսակ կա, եւ ինչպես պարզաբանեց ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագետ Դավիթ Պիպոյանը, կան նաեւ կեղծված բրինձներ, որոնք պլաստիկից չեն: 

Սակայն ունենք նաեւ պոզիտիվ` մեր երկրի ուսյալ երիտասարդները ապահովել են թեեւ զարմանալի, բայց հույժ պոզիտիվ նվաճում մեր երկրի համար: Հայաստանը 209 երկրների մեջ զբաղեցրել է 34-րդ տեղը, այսպես կոչված, ԹՎԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ինդեքսում, եւ 18 կետով բարելավել է իր արդյունքը անցյալ տարվա համեմատ: Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում այդ ինդեքսը` պարզեցված ասած, բարձր տեխնոլոգիաների կիրառման համալիր ցուցանիշ է, որը ներառում է նաեւ սեփական ՏՏ արտադրանքի տարածումը տարբեր երկրներում: Դե ինչ, զարմանալով հանդերձ, ողջունենք մեր հրաշալի երիտասարդությանը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА