ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԵ ԻՆՉՈՒ ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆՑԱՎ ՌՈՒՍԵՐԵՆԻ

13.12.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԵ ԻՆՉՈՒ ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆՑԱՎ ՌՈՒՍԵՐԵՆԻ

Այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին այցելելու էր Եգիպտոս եւ Թուրքիա, հայտնի էր ավելի վաղ: Բայց երբ նա ճանապարհը շեղեց ու այցելեց նաեւ Սիրիա, հատկապես ամերիկյան հրապարակային դաշտում շոկային ազդեցություն թողեց: Առավել եւս, երբ արդեն Սիրիայում Պուտինը Ասադի հետ քննարկումներից հետո հայտարարեց, որ ռուսական զորքերը դուրս են գալիս Սիրիայից:
ԱՄՆ-Ն ՍԻՐԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ
Ամերիկյան աղբյուրները Պուտինի սիրիական այցն ու դրա արդյունքները ծանր տարան նաեւ հետեւյալ պատճառով: Մինչ այդ, Պենտագոնը հպարտորեն հայտարարել էր, թե հենց ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան է սիրիական պատերազմում «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակ տարել: Այդ հայտարարությունն անգամ որոշ ամերիկյան լրատվամիջոցներ ընդունեցին վատ թաքցված սարկազմով, առավել եւս, որ ռուսական պաշտոնական աղբյուրները չհապաղեցին արձագանքել՝ Պենտագոնին անվանելով այլոց հաղթանակը գողացող: Եվ այդ վեճի վերջնակետը դարձավ հենց Պուտինի այցելությունը. երբ մի երկրի ղեկավար մեկ այլ երկրում ու այդ ղեկավարի հետ հայտարարում է հաղթանակի մասին, այստեղ արդեն դժվար է բան ասելը: Ու, միաժամանակ, հայտարարելով պատերազմի հաղթական ավարտի պատճառով ռուսական զորքերի դուրսբերման մասին, Պուտինը մեկ այլ փակուղային վիճակի առաջ կանգնեցրեց Պենտագոնին: Այն է, ամերիկյան զորքերը քանիցս հայտարարել են, որ Սիրիա են մտել բացառապես ԻՊ-ին ոչնչացնելու նպատակով: Ավելին, ամերիկյան օրենսդիրները ժամանակին հենց այդ նպատակի համար էին նախկին նախագահ Օբամային պատերազմելու իրավունք տվել: Այսինքն, եթե ԻՊ-ն պարտված է, ամերիկյան զորքը Սիրիայում, ասենք նաեւ՝ Իրաքում գտնվելով, ոչ միայն միջազգային, այլ նաեւ ներամերիկյան օրենքներն է խախտում: Ընդ որում, հաշվի առնելով այն թույլ դիրքերը, որն ունի Թրամփը Կոնգրեսում, դժվար չէ կռահել, որ պատերազմից հետո զորքերը Սիրիայում պահելու դեպքում ԱՄՆ նախագահի դեմ ներքին բավականին ծանր հարվածի եւս մեկ ուղղություն է բացվում: Եվ ահա անցած շաբաթվա վերջին Բաղդադը պաշտոնապես հայտարարեց Իրաքում ԻՊ-ի ոչնչացման մասին, որը Պենտագոնն ընդունեց լուռ համաձայնությամբ: Եվ հիմա էլ Դամասկոսի համաձայնությամբ՝ Պուտինը հայտարարեց նաեւ Սիրիայում ԻՊ-ի ոչնչացման մասին, որի ապացույցն այդ երկրից ռուսական զորքերի դուրսբերումն է: Այդ քայլը Պենտագոնին երկու տարբերակ է թողնում: Առաջինը, ընդունել ԻՊ-ի պարտության փաստն ու ամերիկյան զորքերին եւս դուրս բերել տարածաշրջանից: Եվ դա այն դեպքում, երբ ռուսական զորքերի դուրսբերումը փաստացի դուրսբերում չի նշանակում. ՌԴ-ն Սիրիայի հետ ունի երկու ռազմաբազայի տեղակայման պայմանագիր, որտեղ ռուսական զորքերը դեռ մոտ 50 տարի կարող են մնալ: Սակայն դա այլ պատմություն է, ԻՊ-ի հետ որեւէ կապ չունի: Այսինքն, պատերազմի ավարտի հետ կապված զորքերը հանելով, Վաշինգտոնը գործնականում Մոսկվային է զիջելու ոչ միայն Սիրիային, այլ նաեւ Իրաքը: 
Այս իրավիճակում Պենտագոնի արձագանքը կանխատեսելի էր. ԱՄՆ-ը պնդում է, թե՝ ոչ, ԻՊ-ն դեռ ոչնչացված չէ: Բայց հենց այս ստիպված քայլն է, որ Վաշինգտոնին դեպի մեկ այլ ծուղակ տարավ: Այն, որ ողջ իսլամական աշխարհն այս օրերին Երուսաղեմի սկանդալային թեմայի պատճառով ծայրահեղ լարված է ԱՄՆ-ի նկատմամբ, հայտնի փաստ է: Եվ դրան զուգահեռ, նույն իսլամական աշխարհի առաջ նաեւ հետեւյալ ցուցադրական պատկերը ուրվագծվեց: Ռուսական բանակը եկավ արաբական երկրներից մեկը՝ Սիրիա, օգնեց այդ երկրին, եւ երբ վիճակը կարգավորվեց՝ բնակչության եւ պետության ղեկավարության բազմակի շնորհակալությունների ներքո հեռանում է: Ընդ որում, չպարտադրելով ո՛չ իր դեմոկրատիաները, ո՛չ իր գլոբալիզացիաները եւ ո՛չ էլ որեւէ նման բան, ինչպես որ վարվում է ԱՄՆ-ը: Իսկ ահա նույն ԱՄՆ-ը հերիք չէ տարիներով խառնել է ողջ տարածաշրջանը, դարձել միլիոնավոր զոհերի, տասնյակ միլիոնավոր փախստականների, երբեմնի ծաղկուն բնակավայրերի ավերակների վերածման պատճառ, կպել ու մնացել է, ոչ մի կերպ իր զորքերին չի հանում: Այսինքն, եթե Երուսաղեմին գումարենք զորքերը պահելու այդ պատմությունը, ապա դա հուշում է, որ իսլամական աշխարհի հետ Վաշինգտոնի խնդիրները միանգամայն նոր որակական մակարդակի են հասել:
ՄՈՍԿՎԱՅԻ ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐԸ
Առավել եւս, որ Պուտինը չհապաղեց ճիշտ պահին օգտվել Երուսաղեմի հետ կապված Թրամփի ակնհայտորեն կոպիտ սխալից: Այսպես, արդեն Թուրքիայում ՌԴ նախագահը հայտարարեց. «Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու ԱՄՆ որոշումը չի օգնում Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորմանը, այլ ընդհակառակը, ապակայունացնում է առանց այդ էլ բարդ իրավիճակը»:
Թե այս հայտարարությունը իսլամական աշխարհից ինչ դիվիդենտներ է բերելու Մոսկվային, դժվար չէ կռահել: Չնայած, այդ դիվիդենտներն արդեն փաստացի կան, ընդ որում, ամենեւին էլ ոչ միայն քաղաքական: Եգիպտոսում եւ Թուրքիայում ՌԴ-ն հիմնելու է այդ երկրներում առաջին ատոմակայանը: Բացի այդ, ՌԴ նախագահի եգիպտոսյան այցի ընթացքում փաստաթղթային տեսք ստացան նաեւ ռազմական, ռազմատեխնիկական բնույթի մի շարք այլ ծրագրեր, այդ թվում, ռուսական ավիացիան ստանում է Եգիպտոսում թռչելու իրավունք: Իսկ դա էական դրվագ է, հաշվի առնելով, որ կան նաեւ Եգիպտոսի հարավային հարեւանի մոտ՝ Սուդանում, Կարմիր ծովի ափին ռուսական ռազմակայան տեղակայելու ծրագիր: Միաժամանակ՝ Սուդանը կստանա ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր, իսկ Եգիպտոսն արդեն ստացել է «Անթեյ-2500»՝ C-300-ի տարատեսակներից: Եվ այդ ամենը հաստատ ԱՄՆ-ի համար առավել քան անցանկալի երեւույթ է: Հաշվի առնելով նաեւ, որ ռուսական C-400-ները կգործեն նաեւ Թուրքիայում, Սիրիայում, եւ եթե դրանք հասնեն նաեւ Սուդան, ապա Սեւ ծովի հարավից սկսած մինչեւ Կարմիր ծովի արեւմտյան գոտին կհայտնվի ռուսական ՀՕՊ-ի վերահսկողության գոտում: Իսկ թե այդ փաստն ինչ աշխարհաքաղաքական պատկեր է իր հիմքում պարունակում, դժվար չէ տեսնել:
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵԶ ԵՎՍ ՁԵՌՆՏՈՒ Է
Եվ այս ֆոնին, իհարկե, Հայաստանի համար ամենաառանցքայինը մնում է ռուս-թուրքական հարաբերությունների ընթացքը: Թեեւ այդ խնդրի հետ կապված մեկ հարց պետք է հաշվի առնել: Եթե մինչ այս Թուրքիայի համար ռուսական ուղղությունը պարզապես շատ կարեւոր էր, հիմա կարծես թե դառնում է անփոխարինելի: Նկատի ունենք, որ Երուսաղեմի հետ կապված պատմությունը ոչ միայն հերթական ծանր հարվածն էր թուրք-ամերիկյան հարաբերություններին, այլ նաեւ թուրք-իսրայելյան հարաբերություններն է հասցրել դիվանագիտական կապերի խզման շեմին: Էրդողանն արդեն Թրամփին եւ նրա որոշումները համարում է «անիմաստ» եւ «Մերձավոր Արեւելքի խաղաղությանն ու կայունությանը հարվածող»: Մյուս կողմից, Էրդողան-Նեթանյահու հեռակա լեզվակռիվը արդեն հասցրել է լիովին դիվանագիտական բառապաշարից դուրս գալ: Նեթանյահուն Էրդողանին արդեն անվանում է «քրդական գյուղեր ռմբակոծող անբարոյական», Էրդողանն էլ, ի պատասխան, Իսրայելին համարում է «մանկասպան, թալանչի եւ արյունոտ ձեռքերով ահաբեկչական երկիր»: Եվ սա նշանակում է, որ թուրք-իսրայելյան հարաբերությունները դեռ երկար են խորանալու այս հունով: 
Արդյունքում՝ միակ բեւեռը, որի վրա կարող է այս խառը վիճակում հենվել Էրդողանը, մնում է Ռուսաստանը: Առավել եւս, Երուսաղեմի հետ կապված Պուտինի հիշատակված դիրքորոշումից հետո, որից Էրդողանն այնպես էր «հուզվել», որ սկսեց ռուսերեն խոսել: Իսկ եթե ավելի ռեալ, ապա փաստը, որ Էրդողանը հայտարարում է, թե՝ սիրիական ռեժիմն արդեն վտանգ չէ, այսինքն, որ պատրաստ է հաշտվել Ասադի մնալու փաստի հետ, արդեն իսկ հուշում է, թե Անկարան ինչ աստիճանի է իր քաղաքականությունը համապատասխանեցնում Մոսկվայի հետ: Չնայած` միայն այն փաստը, որ Պուտինի թուրքական այցից հետո Էրդողանը պատրաստվում է հերթական անգամ մեկնել Սոչի, այն տպավորությունն է ստեղծվում, որ այնտեղ արդեն, պատկերավոր ասած, Թուրքիայի նախագահին աշխատասենյակ տալու կարիք է առաջանում:
Այսպիսով, ամբողջացնենք պատկերը: Այն, որ ռուսական ռազմաքաղաքական դիրքերն աստիճանաբար շարժվում են դեպի հարավ եւ սկսում են նոր բնագծերում ամրապնդվել, ակնհայտ է: Ընդ որում, դա Հայաստանի համար միանգամայն ձեռնտու գործոն է. այդ կերպ ռուս-ամերիկյան բախման գիծը մեզանից գնալով հեռանում է, ինչը մեզ խոստանում է աշխարհաքաղաքական կայունություն: 
Երկրորդը. վերջին ժամանակներս թուրքական դիվանագիտությունը թերեւս փորձեց ռուսական վեկտորը թուլացնելու քայլեր կատարել, սակայն առկա իրողությունները միանգամայն հակառակ իրողություններին են տանում: Այսինքն, եթե Անկարան առանց այդ էլ ԵՏՄ-ՀԱՊԿ գոտու, այդ թվում՝ Հայաստանի եւ Ղարաբաղի ուղղությամբ գոնե հրապարակային ազդակներում իրեն համեմատաբար զուսպ էր պահում, ներկա իրավիճակում պետք է որ էլ ավելի զգուշավոր դառնա: Միաժամանակ, ինչպես զգացվում է ադրբեջանական աղբյուրներից, Բաքվում եւս Անկարայի այդ մոտեցումները հասկանում են՝ փորձելով իրենց հերթին հարմարվել նոր իրողություններին:
Սա Հայաստանի համար, ինչ խոսք, ձեռնտու իրավիճակ է: Բայց գործնականում ի՞նչ կկարողանանք քաղել, ժամանակը ցույց կտա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Էրդողանն արդեն այս տարի կսկսի «երկրորդ Բոսֆորի» կառուցումը. ԶԼՄ-ներ


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА