ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.12.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Տեսեք ո՞վ է եկել` ոչ ավել-ոչ պակաս «Ազատություն» ռադիոկայանի եթերում զարմանալիորեն հայտնվել է հանրության կողմից վաղուց մոռացված, քաղաքական ձախորդության խորհրդանիշ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: Եվ եկել է զարմանալիորեն կրկնելու այն, ինչը ասում էր միշտ. «Այն, ինչ ԼՂ խնդրի մասով մենք ասել ենք ընտրություններին, հենց այնպես չէր, որովհետեւ այդ ուղերձը հիմնված էր աշխարհաքաղաքական նոր իրողությունների վերլուծության վրա: Գործն իսկապես լրջանում է, մենք ունենք տեղեկություններ, որ բանակցություններն ընթանում են, եւ ըստ էության, ուղղված են վերջնակետին»: Նա ոչ 100 տոկոսանոց, բայց, այնուամենայնիվ, մարգարեի դեր ստանձնելով, զարմանալիորեն պնդում է, որ բանակցությունները գնում են հանգուցալուծման, եւ մազաչափ իսկ չի մտահոգվում, որ իր ասածը տրամագծորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ասածին: Հետաքրքիր է, այդ ո՞ւմ հանկարծ պահանջվեց կրկին շրջանառել Ղարաբաղը գաղտնի ձեւով «ծախելու» փչացած ձայնապնակը, որ այդ ձախորդին բերին եթեր:

ԶԱՐՄԱՆՔ

Մեր Գյուղնախարարությունում որոշեցին, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործումը ՀՀ գյուղատնտեսությունում պետք է արգելվի: Եվ մոտեցումը շատ պարզ էր` այսպես կոչված, նախազգուշավորության սկզբունքով, որ եթե ապացուցված չէ դրանց անվտանգությունը, ապա ուրեմն պետք է համարել վտանգավոր եւ արգելել: Սակայն չարաբաստիկ «Գարդասիլի» պարագայում, թեեւ վտանգավորության մասին վկայող բազում նյութեր կան, առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին զարմանալիորեն հայտարարեց.  «Պետք է փաստեմ, որ պատվաստվելուց հետո ոչ մի կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել, բացի սրսկման տեղում ցավի զգացողությունից»: Բայց հենց իրեն հարց ուղղվեց, թե արդյո՞ք պատրաստ է փաստաթուղթ ստորագրել, որ եթե պատվաստումները վնաս հասցնեն, ինքը պատրաստ է ենթարկվել քրեական պատասխանատվության, էլ ավելի զարմանալիորեն իր խոսքը շրջեց. «Ես ոչ մի թուղթ չեմ ստորագրի, բայց կարող եմ ասել, որ պատվաստումն անհրաժեշտ է Հայաստանում»: Այդ ուր անհետացավ հարգարժան «արդյունավետ մենեջերի» հաստատակամությունը եւ ինքնավստահությունը...

Հիշո՞ւմ եք, թե ինչպես ժամանակին աշխարհահռչակ իրավաբան, երջանկահիշատակ ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ դիմել էր պատգամավորներից մեկին. «Կարդա, կարդա, թե վախենում ես բթությանդ կուսությունն անցնի»: Եվ ահա այդ ականավոր մասնագետի խոսքը պաշտոնապես հաստատվում է գիտական տվյալներով: Ուսման յուրաքանչյուր տարին 11 տոկոսով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության ու թուլամտության մյուս տարատեսակների զարգացման հավանականությունը: Այս մասին հայտնել են Karolinska Institutet (Շվեդիա) ինստիտուտի գիտնականները: Երեւի թե, մեր հայրենակիցները դա բնազդաբար միշտ զգացել են, որ ձգտել են զավակներին լավ կրթություն տալ, բայց, զարմանալիորեն, որոշ նորահարուստների մոտ այդ բնազդն իսպառ չքացել է: 

Իսկ ահա մեր երկրի ուսյալ երիտասարդները ապահովել են թեեւ զարմանալի, բայց հույժ պոզիտիվ նվաճում մեր երկրի համար: Հայաստանը 209 երկրների մեջ զբաղեցրել է 34-րդ տեղը, այսպես կոչված, ԹՎԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ինդեքսում, եւ 18 կետով բարելավել է իր արդյունքը անցյալ տարվա հետ համեմատ: Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում այդ ինդեքսը` պարզեցված ասած, բարձր տեխնոլոգիաների կիրառման համալիր ցուցանիշ է, որը ներառում է նաեւ սեփական ՏՏ արտադրանքի տարածումը տարբեր երկրներում: Դե ինչ, զարմանալով հանդերձ, ողջունենք մեր հրաշալի երիտասարդությանը: 

ԶԱՐՄԱՆՔ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА