ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.12.2017 20:15 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Չմեռանք, մեր հարազատ Ազգային ժողովում ուկրաինական «ֆեմենուհիների» պաշտպան էլ ունեցանք: Երբ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ընտանեկան բռնության օրենքի առնչությամբ հարցադրում արեց «քաղաքացիական հասարակությանը» օրենքում տեղ տալու անհասկանալի մոտեցման մասին եւ հիշատակեց «քաղաքացիական հասարակության» այնպիսի տարատեսակ, ինչպես «դոշերը բացող, շորերը ճղող» ուկրաինական «Ֆեմենը», որը հայտնի է իր խայտառակ մերկ ցույցերով, զարմանալիորեն տեղից վեր թռավ «Ելք» խմբակցության պատգամավոր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ եւ պահանջեց «հարգել կանանց»: Թե վրդովված նա հատկապես ո՞ւմ էր պաշտպանում` հրապարակավ մերկանալ սիրող «ֆեմենուհիների՞ն», բոլոր ուկրաինուհիների՞ն էր նույնացրել այդ խայտառակ խմբի հետ, թե՞ բոլոր ֆեմինիստուհիներին, այդպես էլ պարզ չդարձավ: Երեւի թե, այդ հարցը վերծանելու համար հարկ է կիրառել այնպիսի համակարգ, ինչպիսին է «արհեստական ինտելեկտը»:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, արհեստական ինտելեկտի CARMEL ալգորիթմը, որին հաջողվել է վերծանել XVIII դարի ամենախորհրդավոր ձեռագրերից մեկը, այժմ աշխատում է Զոդիակ մականունով սերիական մարդասպանի կողմից  1960-ականներին լրատվամիջոցների խմբագրություններ ուղարկած  ծածկագրերի վերծանման ուղղությամբ: Եվ այդ զարմանալի ալգորիթմի հետ ոստիկանները ամենատարբեր երկրներում մեծ հույսեր են կապում: Այժմ այդ ալգորիթմին ուսուցանում են ռեալ սերիական մարդասպանների վրա, որպեսզի վերծանելով նրանց գիտակցության կառուցվածքը, կարողանա կանխավ հայտնաբերել այդպիսիներին ու բազում կյանքեր փրկել դրանով: Դե ինչ, վատ չէ, թեկուզ նույն Ֆեյսբուքի տարածքում այդ ալգորիթմը կարող է փնտրել սերիական մարդասպանության հակում ունեցողներին: Բայց եթե հանկարծ մի օր որեւէ նորմալ մարդու սերիական մարդասպանի տեղ դրեց, չպետք է զարմանալ, չէ՞ որ բոլոր մեքենաներն էլ սխալվել գիտեն: 

Մեզ բավականին զարմացրեց տխրահռչակ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ: Իր հոդվածում, որը հրապարակվել է բրիտանական The Guardian պարբերականում, Սորոսը կանխատեսում է, թե Վլադիմիր Պուտինի վարչակարգը մինչեւ այս տարվա վերջ կարող է սնանկանալ: Դրա վրա ուշադրություն չէինք դարձնի, քանզի ամեն պատի ծակից դուրս եկողն էլ Ռուսաստանի կործանում է կանխատեսում, սակայն շարունակությունն է ապշեցուցիչ: Պուտինի ռեժիմի համար ամենաարդյունավետ միջոցը ԵՄ-ում ավելի շուտ  կոլապս առաջացնելն է: Հենց այդ պատճառով, ըստ Սորոսի, այս փուլում Պուտինի հիմնական նպատակը ԵՄ-ի փլուզումն է, եւ դրան հասնելու լավագույն միջոցը Եվրոպայի հեղեղումն է սիրիացի փախստականներով: Պատկերացնո՞ւմ եք, հիմա զարմանալիորեն Պուտինի վրա փորձում են բարդել Եվրոպան մահմեդականներով ողողելու մեղքը, թեեւ հենց ինքը` Սորոսը, ու իր նման մի շարք գլոբալիստներ այդ գործում առավել քան հսկայական ներդրում ունեն: Գողը բոլորից բարձր է գոռում` բռնե՛ք գողին: 

Գամառջոբա, հարեւան Վրաստանում զարմանալի գողություն է տեղի ունեցել` գործող երկաթուղու ՌԵԼՍԵՐԻ: Եվ այդ գործով կալանավորել են երեք անձի ովքեր մեղադրվում են Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծի Մարաբդա-Կարցախի հատվածի ռելսերի գողության մեջ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Անշուշտ, այդ գողության փաստը, որ տեղի է ունեցել Ջավախքի Նինոցմինդա քաղաքի մոտակայքում, ինքնին զարմանալի է, բայց էլ ավելի զարմանալի է, որ թեեւ դա տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, սակայն հայտնաբերվել է միայն դեկտեմբերի 7-ին: Պատկերացնո՞ւմ եք ինչպիսի պարապուրդի է մատնված Հայաստանը շրջանցելու կոչված այդ երկաթգիծը, որ դրա մի պատկառելի կտորը գողացել էին, սակայն երկու շաբաթ շարունակ ոչ ոք չէր նկատում: 

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА