ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լուծարված «Էյր Արմենիա» ընկերության տնօրենը դատվում է

07.12.2017 16:04 ՔՐԵԱԿԱՆ
Լուծարված «Էյր Արմենիա» ընկերության տնօրենը դատվում է

Ավիաբեռնափոխադրումներ, այնուհետև ավիաուղևորափոխադրումներ իրականացրած «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը կանգնելու է դատարանի առջև: Այս քրեական գործը 2015-ին սնանկացած, 2016-ին լուծարված այս ընկերության ղեկավարին պատուհասած հերթական դեպքն է:

Դատական տեղեկատվական համակարգից Aysor.am-ը տեղեկանում է, որ Արսեն Ավետիսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Առանձնապես խոշոր չափի յուրացումը»:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Արսեն Ավետիսյանը չի կատարել «ՀՀ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման պահանջները:

Այսինքն՝ «Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրենը պարտավորված է եղել գանձել Հայաստանից մեկնող ֆիզիկական անձանց վաճառված ավիատոմսերից առաջացած պետական տուրքի գումարները ու դրանք վճարել պետական բյուջե: Սակայն 2014-ի ընթացքում իրականացրել է ուղևորափոխադրումներ, գանձել 681 մլն 923.052 դրամի չափով պետական տուրքի գումար և պետության կողմից իր ղեկավարած կազմակերպությանը փաստացի վստահված առանձնապես խոշոր չափերի` 681 մլն 923.052 դրամ գումարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարելու փոխարեն յուրացման եղանակով հափշտակել է՝ սեփական հայեցողությամբ տնօրինելով ամբողջ գումարը:

Արսեն Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործը դեկտեմբերի 6-ին ընդունվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս գործով դատաքննությունը կընթանա դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում:
Նկատենք, որ «Էյր Արմենիա»-ն շուրջ 10 տարի զբաղվել է ավիաբեռնափոխադրմամբ, առաջին ուղևորափոխադրող թռիչքն իրականացրել է դեռևս 2013 թվականի հոկտեմբերին:  Ավիաընկերության կողմից ուղևորափոխադրումները երկար կյանք չունեցան, և 2015-ին արդեն ընկերությունը սնանկ ճանաչվեց: Նույնիսկ դրանից հետո ընկերությունում մտածում էին առողջացման ծրագրեր ներկայացնել, սակայն չստացվեց, և ընկերությունն արդեն 2016-ին լուծարվեց:

Արսեն Ավետիսյանը, հիշեցնենք, հայտնի է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) հետ ունեցած տարաձայնություններով, ինչը ավարտվել էր Ավետիսյանի ծեծով:

Դեռ 2015-ի օգոստոսի 15-ն Արսեն Ավետիսյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ, և Ավետիսյանի տված ցուցմունքների համաձայն, Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպման ժամանակ մոտ 2-3 րոպե զրույցից հետո Ռ. Հայրապետյանը, աջ ձեռքից քաշելով, փորձել է տանել  դեպի սրճարանի հետնամասը և ինքը փորձել է ազատել ձեռքը, սակայն  նրա թիկնազորի աշխատողները սկսել են հարվածել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:



Ավետիսյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, սակայն ավելի ուշ Ավետիսյանը հայտարարել էր, որ հաշտվել է Հայրապետյանի հետ և ասել, որ նրա  նկատմամբ բողոք, պարտք ու պահանջ չունի: Այդ հիմքով էլ քրեական գործը կարճվել էր:

Դատարանը չեղարկել է քաղցկեղից մահացած կնոջը Johnson & Johnson ընկերության կողմից 417 միլիոն դոլարի վճարման մասին վճիռը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА