ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՐԲԱԾ ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿՎԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

06.12.2017 21:45 ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱՐԲԱԾ ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿՎԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Այս տարի Երեւանի քաղաքապետարանը ավելի վաղ է սկսել Ամանորի տրամադրություն տալ Երեւան քաղաքին, Երեւանի քաղաքապետի տեղակալ ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ շեշտեց, որ ծրագրերի մեկնարկը կտրվի Կարապի լճի սահադաշտի բացումով, ապա կկայանա «Դեպի ապագա» սառցե  ներկայացման պրեմիերան` Իրինա Ռոդնինայի սահադաշտում, որը կգործի ձմռան ամիսներին` ամեն օր: Ա. Սուքիասյանը նաեւ տեղեկացրեց, որ Ամանորի հիմնական միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում` գլխավոր տոնածառի եւ մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: Իսկ արդեն դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաեւ զբոսաշրջիկների համար հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ` Հանրապետության հրապարակում, կազմակերպվելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումը կուղեկցվի դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստը կազդարարի տոնական հրավառությունը. «Այս տարի տոնական հիմնական միջոցառումներն ունեն մի շարք առանձնահատկություններ եւ նորամուծություններ: Մեր համաքաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքի հյուրերի համար այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներով հագեցած կլինեն նաեւ հունվարի 1-ը, 2-ը եւ 3-ը: Ազատության հրապարակում երիտասարդների, մեծերի ու մանուկների համար նախատեսված է հետաքրքիր ծրագիր», - վստահեցրեց Ա. Սուքիասյանը ու հավելեց, որ Հունվարի 6-ը տոնական օրացույցում եւս կառանձնանա: Մայրաքաղաքում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով` հունվարի 13-ին` ժամը 19:00-ին:

Ալեքս Միրզոյանը՝ Ձմեռ պապի, փող աշխատելու եւ ամուսնության մասին

Ի դեպ, այս տարի եւս Ամանորի տոնական միջոցառումների համար Երեւանի քաղաքապետարանը նախատեսել է 54 մլն դրամ:

Թեպետ Ա. Սուքիասյանն ասաց, թե որոշակի նոր լուծումներ են սպասում նաեւ մայրաքաղաքի տոնական ձեւավորման մեջ, բայց Հանրապետության հրապարակի տոնածառի փոփոխություն չխոստացավ. «Մայր տոնածառի չափսի եւ ձեւի հետ կապված որեւէ փոփոխություն չի կարող լինել, որովհետեւ դա ենթադրում է նոր տոնածառ, որի արժեքը չափազանց թանկ է: Անկեղծ ասած, փորձ արեցինք մասնավորների հետ աշխատանք տանելու, բայց չգիտեմ, թե այդ ծախսը որքանով արդարացված կլիներ, եթե համայնքային բյուջեից վերցնեինք: Ամեն տարի փորձում ենք տարբեր տեսակի ձեւավորումներով, լուսային մոտեցումներով, տարատեսակ խաղալիքների միջոցով մի քիչ այլընտրանքային դարձնել հանրապետության մայր տոնածառը»,- հավելեց Ա. Սուքիասյանը եւ խորհուրդ տվեց համբերատար սպասել այս տարվա տոնական ձեւավորված Երեւանին եւ նոր անակնկալներին: Միայն հավելեց. «Քանի որ դեղին շան տարի է, ապա քաղաքի ձեւավորման հարցում  մոտեցում կունենանք դեպի դեղինը, բայց ձեւավորումը կլինի ամենաբազմազան գույներով ու տոնական տրամադրությամբ լեցուն»:

 Իսկ տոնական օրերին քաղաքի կենտրոնում շրջող հարբած Ձմեռ պապիկները այս տարի եւս կվերահսկվեն քաղաքապետարանի կողմից. «Սկսած զգեստից մինչեւ կերպարի մաքուր լինելու գործոնը, անշուշտ, մեր առավել ուշադրության կենտրոնում կլինեն, որպեսզի մեր Ձմեռ պապիկները ինչպես Հանրապետության հրապարակում, այնպես էլ` Ազատության հրապարակում լինեն իրենց կերպարին բնորոշ»,- եզրափակեց Ա. Սուքիասյանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА