ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՒՍ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ ԵՐԳԵՑԻՆ ՀԱՅԵՐԵՆ

06.12.2017 21:30 ՄՇԱԿՈՒՅԹ
ՌՈՒՍ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ ԵՐԳԵՑԻՆ ՀԱՅԵՐԵՆ

Վերջերս Երեւանում տեղի ունեցավ հայ-ռուսական բարեկամական երաժշտական հանդիպում` համերգ-փառատոն, ուր ռուս եւ հայ փոքրիկները ելույթով հանդես եկան մեկ բեմահարթակում: Հատկանշական էր, որ հյուրերը` «Սվիբլով» մանկական ստեղծագործական կենտրոնի սաները, ռուսական երգերի հետ միասին անթերի կատարում էին հայերեն երգեր` շնորհիվ հայազգի վոկալի ուսուցչուհի Վարվարա Մանթաշովայի:

Spice girls-ի նախկին անդամը հայերեն է երգում (տեսանյութ)

«ԵՐԵՎԱՆԸ ՀՐԱՇԱԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔ Է»

«Իրավունքի» հետ զրույցում Հայաստան ժամանած տասը փոքրիկներից միայն երկուսն էր ռուսաստանաբնակ հայ: Նրանցից հայուհի Եվան իր ռուս ընկերների հետ առաջին անգամ էր Հայաստան գալիս. «Ճիշտ է, ես հայ եմ, հայրիկս ապրել է այստեղ, բայց առաջին անգամ եմ լինում Հայաստանում` Վարվարա Մանթաշովայի շնորհիվ, համերգային շրջագայության համար: Իմ կարծիքով` մենք շատ լավ ելույթ ունեցանք, ողջ դահլիճը մեր ելույթներից հետո բուռն ծափահարում էր մեզ: Հրաշալի տպավորություններ եմ ինձ հետ տանում Հայաստանից, հիացած եմ, Երեւանը հրաշալի պատմական քաղաք է, իսկ հայերը հետաքրքիր մարդիկ են, իսկ ողջ քաղաքում հայկական դրոշներ են փակցված: Շատ դուր եկավ նաեւ Սեւանա լիճը, որը կարծես հայկական ողջ ոգին է իր մեջ կրում»:

«ԼԻՆԵԼՈՎ ՌՈՒՍ` ԻՆՁ ՀԱՄԱՐ ԴԺՎԱՐ ՉԷ ՀԱՅԵՐԵՆ ԵՐԳԵԼԸ»

Տասնամյա ԱՐՏՅՈՄԸ նույնպես տպավորված էր Սեւանա լճով. «Մենք մի քանի գեղեցիկ վայրերում եղանք, բայց ամենից շատ ինձ դուր եկավ Սեւանա լիճը եւ կղզու գագաթին փոքրիկ եկեղեցին: Հատկապես հիացած եմ Արարատ լեռով, մինչ այդ, ես այդ լեռը մոտիկից չէի տեսել: Ընդհանրապես Երեւանը շատ հավանեցի, այն շատ խնամված ու մաքուր քաղաք է: Ինձ համար բացահայտում էր Երեւանը, որի համար շնորհակալ եմ իմ ուսուցչուհի Վարվարա Մանթաշովային, որի հետ նախ շատ հետաքրքիր է աշխատելը, եւ որ ինձ առաջարկեց այդ շրջագայությունը»: 

Տասներկուամյա ԱԼԻՍԱՆ նույնպես առաջին անգամ էր Հայաստանում, նա էլ հայկական ջերմ ընդունելությունից ու հյուրընկալությունից ոգեւորված խոստացավ, կրկին գալ Հայաստան. «Շատ եմ ցանկանում էլի գալ, շատ գեղեցիկ ու հրաշալի է Երեւանը»: Ալիսան վստահեցրեց, որ ամենեւին էլ իր համար բարդ չէ հայերեն երգելը. «Վարվարա Մանթաշովան մեզ շատ հայկական երգեր է սովորեցրել: Լինելով ռուս` սնձամբ ինձ համար դժվար չէ հայերեն երգելը, ինչպես ենք անգլերեն երգեր սովորում ու երգում, պարզապես պետք է հիշես բառերը եւ գեղեցիկ երգես»:

ՓՈՔՐԻԿՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԷԻՆ ՆԱԵՎ ՌՈՒՍ ԾՆՈՂՆԵՐԸ

Փոքրիկներից ավելի ոգեւորված ու խանդավառված էին նաեւ նրանց հետ Հայաստան եկած ծնողները, որոնց մի մասն առաջին, մի մասն էլ երկրորդ անգամ էր այցելում մեր երկիր: Սակայն փաստում էին, որ սա որքան էլ ոմանց համար առաջին, բայց ոչ վերջին այցն էր, ու վստահեցնում էին` ուզում են Հայաստանը, հատկապես Երեւանը, տեսնել տարվա բոլոր եղանակներին: 

Ծնողներից տիկին Վիկտորյան ասում է, որ շատ է սիրել արեւային Երեւանը. «Մենք եկել ենք մի վայրից, որտեղ ձյուն է, իսկ այստեղ արեւ է ու ջերմ, նույնիսկ վայրեր կան, որ կարող ես կանաչ տարածք գտնել: Երբ տիկին Վարվարան ասաց, որ նման հյուրախաղ է լինելու, ու ցանկանում է, որ երեխաներին բերել ձեր հրաշալի արեւոտ քաղաք, մենք ծնողներով շատ ոգեորվեցինք ու որոշեցինք գալ, հետ չմնալ այդ հնարավորությունից: Արդեն մի քանի օր է Հայաստանում ենք, մեզ այնքան լավ են դիմավորել, այնքան ջերմ են, ու այնքան հետաքրքիր վայրերում եղանք, որ շատ սիրեցինք Երեւանը: Մենք էքսկուրսիայով եղանք Արարատում, տեսանք լեգենդար Արարատ լեռը, շնչեցինք մաքուր օդ, խմեցինք հրաշալի ջուր... Հայաստանում եղել եմ շատ վաղուց` իմ երիտասարդության տարիներին, կարծես թե ամեն ինչ փոխվել է,  բայց, կարծես թե, նույն հին տաճարներն են, Արարատ սարն էլ կարծես թե ոչ մի տեղ չի գնացել: Մի խոսքով ուզում եմ կրկին վերադառնալ, կարծում եմ` ես դա անպայման կիրագործեմ գարնանը»,- խոստացավ տիկին Վիկտորյան ու անդրադառնալով իրենց երեխաների հայերեն կատարումներին ու հայաստանյան ելույթներին` ասաց. «Մեր երեխաները ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն երգեցին շատ հրաշալի, նրանք ուղղակի պայթեցրին մեզ, դահլիճը, հանդիսականին: Իմ կողքին մի հայ կին կար, մեր երեխաների հայերեն կատարումներից հետո նա ոգեւորված բրավո էր բղավում էր, ինչը շատ հաճելի էր մեզ համար»:  

Մահվանից 40 օր հետո հրապարակվեց Ալեքսանդր Գրիգորյանի վերջին նամակը

«ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՄ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՎ»

Ծնողներից տիկին Լյուդմիլան 25 տարի առաջ էր եղել Երեւանում, մեզ հետ զրույցում ասաց. «Բայց այդ ժամանակ Երեւանը մի քիչ այլ էր»,- ապա կատակեց. «Ես էլ էի այդ ժամանակ մի քիչ ուրիշ... Եթե ավելի լուրջ, այդ ժամանակ Կասկադը չկար, որը շատ տպավորիչ է: Ընդհանրապես Երեւանը մի քիչ եվրոպական է դարձել, շատ մաքուր է, կամ էլ` գուցե մենք ենք ուրիշ հայացքով նայել... Տպավորված եմ Փարաջանովի թանգարանով, պարզապես հրաշալի էր: Առհասարակ, ձեր շինությունները շատ գեղեցիկ են, թանգարանի ճանապարհին մի շինություն տեսանք, կարծես ֆիլմից պատկեր լիներ,  կիսակլոր շենք էր` չուգունե պատշգամբներով, զարդարված գեղեցիկ ծաղիկներով: Այդ պատշգամբներից մեկում մի հայ տատիկ էր նստած, մեզ տեսնելով` ձեռքով արեց: Մենք էլ շտապեցինք լուսանկարվել նրա հետ, դա կարծես մեզ համար նվեր լիներ Երեւանից, այդպիսի հանդիպումները` լրիվ անծանոթ մարդկանց հետ, իրոք հաճելի է: Այս մի քանի օրերի ընթացքում հասցրեցինք տեսնել երեկոյան ու առավոտյան Երեւանը: Մենք ամեն տեղ լուսանկարում էինք ու արժանանում տեղացիների զարմանքին, թե ինչու ենք այդպես հետաքրքված: Ես պիտի ասեմ, որ եղանակի հարցում մեր բախտը բերեց, մենք Արարատ լեռը տեսանք պարզ երկնքով: Մենք բոլորս հնարավորինս շատ լուսանկարեցինք պարզ Արարատն ու ուղարկեցինք Մոսկվայի մեր ընկերներին, ու գայթակղեցինք նրանց. հիմա բոլորը ցանկանում են գալ Հայաստան: Մի խոսքով, կարծում եմ, որ ձեր բնությունն է պատճառը, որ այստեղ մարդիկ ջերմ են ու բարեհամբույր»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА