ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե թանկացումները հանկարծ շատանան, բազային կենսաթոշակը կբարձրացնենք»

06.12.2017 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Եթե թանկացումները հանկարծ շատանան, բազային կենսաթոշակը կբարձրացնենք»

Գալիք տարվա պետբյուջեի նախագծի մասին արդեն շատ է խոսվել: Կխոսվի նաեւ առաջիկա օրերին, հաշվի առնելով, որ նախագիծը մտել է խորհրդարանական քննարկումների փուլ:
ԲՅՈՒՋԵ-2018-Ի ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ
Այսքան քննարկում-խոսակցություններից հետո, թերեւս, դժվար է նոր բան ավելացնել ու արդյոք իմաստ ունի ընդհանրական առումով անդրադառնալ նախագծին: Ի՞նչ որակ ունի այն: 2018թ.-ին կունենանք ո՛չ փայլուն եւ ո՛չ էլ վատ բյուջե: Սովորականի պես, այսինքն` այն, ինչ երկրի առկա տնտեսական իրողություններից հնարավոր է սպասել: 
Նախորդ բյուջեների համեմատ թերեւս հիմնական տարբերությունն այն է, որ կառավարությունը ծրագրում է զարգացման հեռանկարները հիմնականում կապել ԵՏՄ-ի հետ: Ամեն դեպքում, բյուջետային ուղերձի հենց առաջին տողերում միանգամից խոսվում է այդ ծրագրերից. «ՀՀ կառավարությունը հռչակել է արտահանումը որպես միջնաժամկետում տնտեսական աճի քաղաքականության առանցքային շարժիչ: Այս իմաստով արտահանման զարգացմանն ուղղված քաղաքականության օրակարգը հիմնականում կկենտրոնանա արտաքին շուկաների հասանելիության ընդլայնման ու արտահանման խրախուսման ենթակառուցվածքային ու ինստիտուցիոնալ արդյունավետ միջավայրի կայացման ուղղությամբ: 
ԵԱՏՄ շրջանակներում կշարունակվեն միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները` ըստ նախորդ փուլերի արդյունքների: Մասնավորապես` 
- աշխատանքներ կտարվեն ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ժամանակավոր ազատ առեւտրի մասին համաձայնագրի բանակցությունների արդյունքների ամփոփման ուղղությամբ, 
- ավարտին կհասցվեն ԵԱՏՄ անդամ երկրների եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շուրջ վարվող բանակցությունները,
- առեւտրային նպաստավոր ռեժիմներ ձեւավորելու նպատակով` կշարունակվեն բանակցային գործընթացները ԵԱՏՄ անդամ երկրների եւ Սերբիայի Հանրապետության, Իսրայելի պետության, Սինգապուրի, Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ:
Հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում կիրականացվեն միջոցառումներ հայ-իրանական արտահանող եւ ներմուծող ընկերությունների միջեւ փոխադարձ համագործակցության մեխանիզմների ձեւավորման ուղղությամբ...»:
Եթե հաջողվի, դա ռեալ զարգացման հույս կարող է լինել: Միայն թե այս բոլոր ուղղությունները պտտվում եւ գալիս-հասնում են կոմունիկացիաների հին խնդրին: Այն է, կլինի՞ արտաքին երկաթուղային հաղորդակցության ռեալ նախադրյալ: Եթե, այո, շատ հարցեր նույնիսկ մեխանիկորեն իրենց լուծումը կգտնեն:
Գալիք տարվա բյուջեում կարեւոր դրվագներից հաջորդը հարկերի եւ պետտուրքերի ծրագրված նկատելի աճն է: Այսպես, 2016թ. փաստացի 1,076.9 միլիարդ դրամի եւ այս տարի ծրագրված 1,135.0-ի դիմաց գալիք տարի նախատեսվում է նշված եկամուտները հասցնել 1,247.9 միլիարդի: Կամ, անցած տարվա համեմատ այս տարի նախատեսված 58,1 միլիարդ դրամի դիմաց՝ գալիք տարի նախատեսված է 112,9 միլիարդի կամ՝ 10 տոկոսին ձգտող աճ: Ու հաշվի առնելով, որ այդ աճի միայն 4,5 տոկոսն է ծրագրված բերել ՀՆԱ-ի աճից, կստացվի, որ մնացածը պետք է ապահովվի հիմնականում ստվերի կրճատման հաշվին: Իրատեսակա՞ն է հարկերի նման աճը: Այս տարվա երեք եռամսյակների կտրվածքով եկամուտներն ավելացել են մոտ 74 միլիարդով, եւ այդ տեմպերի պահպանման դեպքում տարեկան աճը կանցնի 100-110 միլիարդից, այսինքն՝ կկազմի նախատեսված աճի մոտ կրկնակին: Հասկանալի է, դա կարող էր տեղի ունենալ միայն ստվերի հաշվին, եւ եթե գործընթացը մնա նույն մակարդակի վրա, գալիք տարվա աճը եւս ռեալ է:
Սակայն այս դրական դինամիկայի ֆոնին, գալիք տարվա բյուջեի ամենատխուր դրվագը, թերեւս, այն է, որ թոշակ-աշխատավարձային ավելացում չկա: Եվ դա այն դեպքում, երբ ծրագրված է անցած տարվա -1,1 եւ այս տարվա 2,4 տոկոսի փոխարեն՝ 4 տոկոս գնաճ: Իսկ դա թոշակառուների եւ բյուջետային աշխատողների համար նշանակում է մեկ բան՝ կենսամակարդակի վատացում:
ԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՄՆԱՑ ՌԵԶԵՐՎՈՒՄ
Մեկնաբանելով եկամուտների չավելանալու փաստը` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել էր. «Յուրաքանչյուր 1000 դրամով կենսաթոշակի ավելացումը բյուջեի համար կարժենա շուրջ 5.5 մլրդ դրամ: Կենսաթոշակների չափն ավելացնելու համար պետք է բարձրացնել հարկերը կամ բարձրացնել կենսաթոշակային տարիքը: Այս երկու տարբերակն էլ կառավարության համար անընդունելի է»: 
Բայց միաժամանակ հայտնի է, որ նախարարությունը նախատեսել է ծրագիր՝ մինչեւ 2 տարեկան երեխաներին պետության հաշվին դայակ վարձելու ուղղությամբ: Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է, որ նույն նախարարությունը կարողանում է գումար հայթայթել եւ ամսական դայակներին վճարել 55 հազարական դրամ, բայց գոնե 1000 դրամով  կենսաթոշակի ավելացումը համարում է անհնար: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ, ով նկատեց.
- Դայակների համար վարձատրվող գումարները պետական բյուջեում նախատեսված էին: Եվ համեմատել, թե ինչու ենք դայակների համար գումար տալիս, բայց թոշակները չենք բարձրացնում, ճիշտ չէ, նման սկզբունք չկա: Էդ դեպքում ինչո՞ւ ենք պաշտպանության վրա փող ծախսում, ինչո՞ւ ենք աշխատավարձ վճարում, կապիտալ ծախսեր անում...
Այդպես չի լինում, պետական  բյուջեն քաղաքական փաստաթուղթ է եւ ունի իր նպատակային ծրագրերը: Իսկ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար գումար տրամադրել երիտասարդ մայրերին` դա աշխատանքային շուկայից չզրկելու եւ իրենց զարգացումը անընդհատ ապահովելու խնդիրն է լուծում: Պետք չէ մեկը մյուսի հետ համեմատել:
- Լավ, իսկ հնարավո՞ր չէր թեկուզ չնչին չափով թոշակների բարձրացումն էլ տեղ գտներ բյուջեում:
- Մենք այսօր թոշակների բարձրացման փոխարեն տնտեսության բազան ենք ավելացնում, որպեսզի կարողանանք հարկերը շատ հավաքել, որպեսզի հետագայում կարողանանք թոշակները բարձրացնել: Ես հասկանում եմ, որ կան թանկացումներ, հասկանում եմ, որ մեր թոշակառուները նեղվում են, բայց մենք ունենք նաեւ ծրագիր, որ եթե թանկացումները հանկարծ շատանան, մենք բազային կենսաթոշակը կբարձրացնենք: Սա մեզ մոտ, այսպես ասած, ռեզերվում պահված հատուկ քայլ է, բայց ես համոզված եմ, որ դրան չենք հասնի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

«եթե «ընտանեկան բռնության» օրենքն ընդունվեց, ստիպված կգնամ այլ երկիր...»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА