ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է Արցախյան հիմնախնդրի հարցում ակտիվացել Թուրքիան

06.12.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՐՑԱԽ
Ինչո՞ւ է Արցախյան հիմնախնդրի հարցում ակտիվացել Թուրքիան

Թուրքիան վերջին շրջանում ամեն կերպ փորձում է խառնվել Արցախյան հիմնախնդրի լուծմանը միտված գործընթացին եւ հանդես գալով` Ադրբեջանի մեծ եղբոր կարգավիճակում: Եվ եթե Թուրքիայի նախագահ Էրդողանին չհաջողվեց հարցի մասին ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ապա այժմ թուրքական իշխանական էլիտան այլ ջանքեր է գործադրում: Մասնավորապես` օրեր առաջ Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ դրան հաջորդել է նաեւ Էրդողանի հերթական հակաարցախյան հայտարարությունը: Թե ինչո՞վ է պայմանավորված թուրքական նման գերակտիվությունը` այն էլ այսօր կայանալիք ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ֆոնին, «Իրավունքը» պարզեց փորձագիտական տեսակետները:

ՀՀ նախագահը՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին

ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ ՇԱՀԵԼ

Ըստ միջազգայնագետ-թուրքագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ` վերջին շրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները պարբերաբար տարբեր մակարդակի հանդիպումներ են կազմակերպում, մասնավորապես` անցած ամիս Բաքու այցելեցին մի շարք թուրք պաշտոնյաներ. «Այդ հանդիպումների ժամանակ չի շրջանցվում նաեւ Արցախյան հիմնահարցը: Այդ թվում օրերս Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց, որ քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել, Հայաստանի սահմանները մնալու են փակ եւ հորջորջել է այն թեզը, որ, այսպես կոչված, ադրբեջանական տարածքները պետք է ազատվեն եւ Թուրքիան այդ առումով կանգնած է Ադրբեջանի կողքին»:

Թուրքագետը նաեւ նշեց, որ այդպիսի թեզերով է հանդես գալիս նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Չաուշօղլուն` շեշտելով, թե ինչքան էլ Հայաստանը չի թույլ տալիս, որպեսզի Թուրքիան մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, այնքան նրանք աջակցելու են ադրբեջանական կողմին. «Այլ կերպ ասած` թուրքական կողմը փորձում է Ադրբեջանին բացահայտ աջակցություն ցույց տալ` շահելով նրանից բազմաթիվ դիվիդենտներ»:

«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ` ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԿՏԱՊԱԼՎԵՆ»

Իսկ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ ոչ թե կարծում, այլ համոզված է, որ այս անգամ եւս Թուրքիային չի հաջողվի մաս կազմել Արցախյան խնդրի բանակցային գործընթացին: Թուրքագետը հիշեցրեց, որ այս տարիներին բազմաթիվ անգամ Թուրքիան փորձել է նախաձեռնություններով հանդես գալ ոչ միայն հօգուտ Ադրբեջանի, այլ խցկվել Մինսկի խմբի համանախագահների կազմի մեջ. «Բայց ինչպես հուշում է այս տարիների փորձը, Թուրքիան մշտապես անհաջողության է հանդիպել, եւ համոզված եմ` այս անգամ էլ կտապալվեն, քանի որ Մինսկի խմբի համանախագահները, միջնորդի կարգավիճակը վերցնելով, ցանկություն չունեն ընդլայնելու ձեւաչափը»: 

«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑՆ ԱՅՆ ՆՅՈՒԹՆ Է, ՈՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՇԱՀԱՐԿՎՈՒՄ Է»

Ի վերջո, ի՞նչն է ստիպել Թուրքիային կենտրոնանալ Արցախյան հիմնախնդրի վրա, Մ. Խուդավերդյանն այսպես մեկնաբանեց. «Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Թուրքիային վաճառում է 30 տոկոս ավելի էժան գազ, քան շուկայական գներն են: Եվ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել, որ այդ գներն ավելի իջնեն, եւ թուրքական կողմը ստանա էլ ավելի շահավետ գներով ադրբեջանական գազ: Այս ֆոնին Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի իր լծակներով ազդի Արցախյան հիմնախնդրի այնպիսի լուծման վրա, որը շահավետ կլինի ադրբեջանական կողմին: Այսինքն` միանշանակ, սա կարելի է համարել, որպես ներքին լսարանին ուղղված քայլ` ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական: Այլ կերպ ասած` փորձելով դիվիդենտներ շահել  ադրբեջանական կողմից, Թուրքիան ուզում է նոր արտոնություններ ստանալ Ադրբեջանում: Մասնավորապես` թուրք ներդրողները վերջերս նշել են, թե իրենք ցանկանում են էլ ավելի արտոնյալ պայմաններ ստանալ Ադրբեջանում` բիզնես  ներդրումներ ծավալելու համար: Իսկ Արցախյան հիմնահարցն այն նյութն է, որը լավագույնս շահարկվում է թուրքական իշխանությունների կողմից` Ադրբեջանում  իրենց ազդեցությունն էլ ավելի ընդլայնելու նպատակով»:

«Չքննարկենք ռուս-թուրքական շահերը, կարեւորը՝ մենք դրանից չտուժենք»

Սակայն Ռ. Սաֆրաստյանը վստահեցնում է, որ թեկուզ այս ամբողջ հանգամանքները հաշվի առնելով` ամեն դեպքում, էական փոփոխություններ չեն լինի. «Եթե ի մի բերենք, կարող ենք համոզված լինել, որ մոտ ապագայում Թուրքիային չի հաջողվի խցկվել Արցախի հարցի խաղաղ կարգավորման միջնորդների շրջանակի մեջ»: Բայց նաեւ զգուշացրեց. «Դեկտեմբերին պետք է փորձ արվի հրավիրելու Սիրիայի խաղաղության մասին կոնգրեսը, որին պետք է հնարավորինս մեծ թվով տարբեր ուժեր մասնակցեն: Եվ հիմա տեղի են ունենում անդրկուլիսային քննարկումներ` այս կոնգրեսը իրականություն դարձնելու համար: Ուստի` կարծում եմ` թուրքական դիվանագիտությունը կփորձի օգտագործել նշված հանգամանքը եւ որոշակի առումով առեւտրի մեջ մտել, եւ չի կարելի բացառել, որ առեւտրի ընթացքում սեղանին դնի նաեւ Արցախի հակամարտության մեջ ներգարվվելու հարցը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА