ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

06.12.2017 20:30 ԹԵՄԱ
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Այսօր Վիեննայում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Վերջին անգամ երկու երկրների արտգործնախարարները հանդիպել էին այս տարվա սեպտեմբերին: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հանդիպումից առաջ փորձագիտական շրջանակները նշում են, որ լուրջ ակնկալիքներ չունեն` պատճառը Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունն է:

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐԴՈՂԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՃԱԽԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Ի՞նչ սպասել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից, հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ խոսքով` այս հանդիպումից որեւէ ակնկալիք չունի. «Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, եթե եղել են որոշ պայմանավորվածություններ, ապա դա եղել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, բայց ինչպես ականատես եղանք` Ադրբեջանը չի պահպանում որեւէ պայմանավորվածություն: Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից սպասելիքներ չկան, սա լինելու է հերթական հանդիպումներից մեկը, որը բանակցային գործընթացում որեւէ բան չի փոխի»:

Ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ փաստեց, որ պետք չէ թերագնահատել արտգործնախարարների մակարդակով հանդիպումների կարեւորությունը, քանի որ այս ձեւաչափով ապահովվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների անընդհատությունը. «Այսինքն` խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը կանգ չի առնում, իսկ այն կանգ առնելու պարագայում վտանգները շատ ավելի մեծ են: Կարծում եմ` բանակցություններից հրաժարվելը չի բխում հայկական կողմի շահերից, իսկ ուղղակի բանակցություններից հրաժարվելով չես կարող ճնշում գործադրել կամ ստիպել, որպեսզի Ադրբեջանը որեւէ քայլ կատարի: Ավելին` պետք է շարունակել բանակցել եւ Բաքվի կողմից պարտավորությունների չիրականացումն օգտագործել հենց իր դեմ: Եթե Հայաստանը հրաժարվի բանակցություններից, ապա դրանից միայն կշահի Ադրբեջանը, քանի որ Բաքվին չի գոհացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եւ արդեն տեւական ժամանակ ցանկանում է դրա համար այլընտրանք գտնել, սակայն չի հաջողվում: Բանակցություններից դուրս գալով` մենք կարդարացնենք այն ցանկությունները, կամ այլընտրանքը, որի մասին խոսում է Բաքվի իշխանությունը` լուծել խնդիրը ուժային ճանապարհով: Եթե մենք դադարենք բանակցել Ադրբեջանի հետ, ապա անհամեմատ կավելանա լարվածությունը առաջնագծում եւ ադրբեջանական կողմը կրկին կփորձի հարցը դուրս բերել միջազգային օրակարգ, ինչպես արեց 2016 թվականի ապրիլին, ինչը մասամբ ստացվեց: Մենք նման քայլով նաեւ հարված կհասցնենք մեր դիվանագիտության միջազգային հեղինակությանը:

Բանակցություններում իրական տեղաշարժ չի նկատվում, քանի որ դրա համար անհրաժեշտ են փոխզիջումներ, իսկ Ադրբեջանի հասարակությունը պատրաստ չէ փոխզիջման, ուստի  իշխանությունը չի կարող ռիսկի դիմել»: 

«Ժողովրդի ձայնը» ՀԿ փորձագետ, քաղաքագետ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ նույնպես կարծում է, որ Նալաբանդյան-Մամեդյարով հանդիպումը էական փոփոխություններ չի բերի բանակցային գործընթացում. «Ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունների ու գործողությունների պատկերին նման հանդիպումները չեն կարող որեւէ բան փոխել, բացի այդ, Ադրբեջանը չի պահպանում հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որի արդյունքում բանակցային գործընթացքում տեղաշարժ չկա: Համոզված եմ, որ վերջերս Կիեւում տեղի ունեցած Սեւծովյան տնտեսական համագործակցության ընթացքում ընդունված հակահայկական նախագիծն ադրբեջանական քարոզչության արդյունքն էր: Այս ոչ կառուցողական քաղաքականության արդյունքում նախագահների կամ արտգործնախարարների մակարդակով բոլոր հանդիպումներն արդյունք չեն տալիս: Այդուհանդերձ, հանդիպումներին պետք է Հայաստանը մասնակցի, հակառակ դեպքում շանս կտա Ադրբեջանին, որպեսզի հարցը լուծի ռազմական ճանապարհով, ինչին որ այս տարիների ընթացքում ձգտում է: Հայկական կողմը բազմիցս ասել է, որ կողմ է բանակցային գործընթացին եւ խնդրի խաղաղ կարգավորմանը»:

Հայկական ֆեյսբուքը  անհասկանալի է դարձել.  ինչպե՞ս լուծել խնդիրը

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА