ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է տարբերակենք դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները»

06.12.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պետք է տարբերակենք դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները»

Կիեւում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովից հայկական պատվիրակությունը վերադարձել է հիասթափված: Պարզվում է` վեհաժողովի 50-րդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակության անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պատվիրակությունների ղեկավարները, ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ, առանձնացել եւ կասկածելի ձեւաչափով հռչակագիր են ընդունել, ըստ որի, տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ փոփոխություն է կատարվել, ինչն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին: Եվ թեպետ պատվիրակության անդամները պնդում են, որ այն որեւէ էական ազդեցություն չի կարող ունենալ արցախյան խնդրի կարգավորման վրա, այդուհանդերձ, ընդհանուր պատկերացում են տալիս մեր նոր եվրագործընկերների մասին: Այս եւ վերջին օրերին տեղի ունեցած մի քանի իրադարձությունների վերաբերյալ «Իրավունքը» պարզեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ տեսակետը:

Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը

ԻՆՉՈ՞Ւ ՍԾՏՀ ԽՎ-ՈՒՄ ՁԱԽՈՂՎԵՑԻՆՔ

– Պարոն Շարմազանով, Ձեր գնահատմամբ` Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցածը մեր պատվիրակության բացթողո՞ւմն էր, թե՞ չնայած նրան, որ Եվրամիության հետ համապարփակ համաձայնագիր ենք կնքել, բայց ԵՄ անդամ կամ ասոցացված 8 պետություն որոշեցին այսպիսի վերաբերմունք դրսեւորել:

– Մեր պատվիրակությունը ոչ մի մեղք չուներ, եւ այն հրապարակումները, թե պատվիրակությունը այսպես պետք է աներ, այնպես պետք է աներ, տեղին չեն:  Այստեղ այլ խնդիր կար, հիմնականում բոլոր այդ պետությունները, որոնք քվեարկել են, ունեին տարածքային խնդիր (Մոլդովան, Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը): Այդ իմաստով` բոլորի շահերը համընկան, եւ եղավ այն, ինչ եղավ: Ի դեպ, նշեմ, որ այդ որոշման մեջ առանձին Արցախի մասով կետ չկա, այնտեղ գրված է` պարզապես, տարածքային ամբողջականության մասին: 

– Ամեն դեպքում, այն ամենեւին չէր բխում հայկական շահերից…

– Դրա համար էլ, մեր պատվիրակությունն ի պատասխան, բոյկոտեց եւ դուրս եկավ:

«ՍԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է»

– Ի տարբերություն ՍԾՏՀ ԽՎ-ում տեղի ունեցածի` Հայաստանը հաջողություններ գրանցեց ՀԱՊԿ-ում: Նախորդ շաբաթ հայկական պատվիրակության ներկայացրած նախագծի` «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը միաձայն, առանց վերապահումների կամ հատուկ կարծիքների, ընդունվեց Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սրանով բոլոր փորձերը` խնդիրը տեղափոխել  այլ հարթություններ, այլ վեհաժողովներ, հօդս ցնդեցին: ՀԱՊԿ-ի այս գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը նաեւ պատասխան էր Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին: Կոպիտ ասած, նշանակում էր քիթներդ մի՛ խոթեք այնտեղ, ինչը ձեր գործը չէ: ՀԱՊԿ-ն եւս մեկ անգամ հաստատեց, որ  այս խնդրի մասնագիտացած միակ կառույցը, որ պետք է զբաղվի Արցախյան հիմնախնդրով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, եւ իրենք աջակցում են համանախագահության ջանքներին: Այսինքն` ՌԴ-ն, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է, Մինսկի խմբի համանախագահ է, այս տարածաշրջանի հիմնական խաղացողն է, Ադրբեջանի հետ էլ վատ հարաբերություններ չունի, վերահաստատում է այն, ինչը չի բխում Ադրբեջանի շահերից: Եվ երկրորդ` Ղազախստանը, որը Ադրբեջանի հետ ունի եղբայրական շատ ջերմ հարաբերություններ, ու Բելառուսը, որը Ադրբեջանի հետ էլի ունի շատ լավ հարաբերություններ միանում են այս հայտարարությանը: Սա հայկական դիվանագիտության հաջողությունն է:

Բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

«ՀՀ-Ի ՀԱՄԱՐ, ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ, ՀԱՊԿ-Ն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»

– Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրով ոգեւորված քաղաքագետներ, վերլուծաբաններ, այդ թվում` Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, գտնում են, որ ՀԱՊԿ-ի այսպիսի հայտարարությունը պայմանավորված է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմամբ… 

– Շատ ուրախ եմ, որ պարոն Գրիգորյանը շատ ոգեւորված է այդ համաձայնագրով, բայց մեկը մյուսի հետ կապել չի կարելի: Հիշեցնեմ, որ դեռեւս անցած տարի նույն ՀԱՊԿ-ն նմանատիպ հայտարարություն արել է: Իսկ 2016-ի տարեվերջին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն արեց, որ Չինարիի դեպքը սադրանք էր, որեւէ այլ կազմակերպություն արե՞լ է այդպիսի հայտարարություն: Եվրամիությունը կամ մեկ այլ կազմակերպություն չի արել, այդ իմաստով` գտնում եմ, որ Հայաստանի համար, ռազմաքաղաքական առումով, ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի: Տեսանելի ապագայում մեր թիվ մեկ դաշնակիցը Ռուսաստանն է, մեր տնտեսական հիմնական շահերը Եվրասիական տնտեսական միությունում են, մեր ռազմաքաղաքական շահերը ՀԱՊԿ-ում: Մյուս կողմից էլ` այո՛, հարաբերություններ ունենք Եվրամիության հետ: Բայց պետք է տարբերակենք երկու բան, որը շատ դեպքերում մեր լրագրողները եւ նաեւ քաղաքական գործիչները չեն տարբերակում` դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները երկու տարբեր մակարդակներ են: Նույնն է, որ ասենք` եղբայր ու ծանոթ, եղբայր ու ընկեր: 

«ՄՆԱՑԱԾԸ, ԹԵ ՈՎ ԻՆՉ Է ԱՍՈՒՄ` ԳԵՂԻ ԿԼՈՒԲԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԶՐՈՒՅՑՆԵՐ ԵՆ»

– Այս դեպքում, կարծես, մի շարք ռուս լրագրողներ եւ քաղաքագետներ չկարողացան տարբերակել դա, եւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո` մեկը մյուսի հետեւից ռուսական եթերում հնչեցին հակահայկական հաղորդումներ: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Նախ ասեմ, որ ցավում եմ, որ նաեւ ռուսական եթերում, որը, ըստ իս, ինձ համար գոնե քիչ, թե շատ պրոֆեսիոնալներով է եղել համալրված, տեղի են ունենում  քննարկումներ, որոնք իրականությունից հեռու են, անհեթեթ են: Նույնիսկ  բանախոսներ են գալիս` եւ նրանց շարքում տեսնում ես ընդամենը երկու խելքը գլխին մարդ: Ասել եմ ու կրկնում եմ` Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնում է Զախարովան, Վոլինկինը, Լավրովը, Պեսկովը, որոնք շատ նորմալ դիրքորոշում են հայտնել եւ ասել են` որեւէ խնդիր չկա, սա Հայաստանի սուվերեն որոշումն է: Իսկ մնացածն արդեն, թե ով ինչ է ասում` գեղի կլուբի մակարդակի զրույցներ են:

«Միգուցե, շատուշատ կապիտալներ այդքա՞ն էլ սպիտակ չեն»

– Բայց չե՞ք կարծում, որ մտահոգիչ է այն, որ ամենեւին էլ պատահական հեռուստաալիքներով չէին պատրաստվել այդ հաղորդումները: 

– Հայաստանում էլ պատահական ալիքներ եւ կայքեր չկան: Բայց այնպես չէ, որ Հայաստանում բոլորի ուշքը գնում է Ռուսաստանի համար, մի հատ նայեք, թե մեզ մոտ ինչեր են գրվում: Իսկ այն, ինչ գրվում եւ հրապարակվում է մեզ մոտ, ամենեւին էլ չի նշանակում, որ Հայաստանի իշխանության պաշտոնական դիրքորոշումն է: Էլի եմ նշում` ցավում եմ, որ մեր  դաշնակից բարեկամ Ռուսաստանի հեռուստաեթերում նման անմակարդակ  քննարկում է գնում, եւ փորձ արվեց պլինտուզի մակարդակից ցածր ինչ-որ էմոցիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ հնչեցնել, եւ ավելի տհաճ է, երբ նման գնահատականներ հնչում են «յան» ազգանունով մարդկանց կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА