ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՏԱՑԱՎ

06.12.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՏԱՑԱՎ

Վերջին օրերին ռուսական եւ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի միջեւ յուրօրինակ մինի-մենամարտ տեղի ունեցավ: Հասկանալի է, այդ համակարգերն իրար դեմ չէին գործում եւ տեխնիկապես չէին էլ կարող գործել: Սակայն փորձագետները չհապաղեցին զուգահեռներ անցկացնել...
«ՊԵՏՐԻՈՏԻ» ՁԱԽՈՂՈՒՄԸ
Այսպես, նախօրեին իսրայելյան հրթիռները գրոհեցին Դամասկոսի հարեւանությամբ գտնվող սիրիական ռազմական օբյեկտներից մեկը: Նախնական տվյալներով՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը կարողացավ ոչնչացնել արձակված 7 հրթիռներից 3-ը: Ընդ որում, նման հարձակում տեղի էր ունեցել նաեւ մի քանի օր առաջ: Այս դեպքում՝ սիրիական ՀՕՊ-ը ոչնչացրել էր արձակված 5 հրթիռներից 2-ը: Վերջապես, անցած ամիս իսրայելյան ինքնաթիռը գրոհել էր սիրիական C-200 ՀՕՊ համակարգը եւ միայն աննշան վնասներ էր հասցրել նրան: 
Եվ դրան զուգահեռ. օրերս եմենցի հուսիթները Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հրթիռ էին արձակել: Դրան հաջորդեց պաշտոնական հայտարարությունը, որ սաուդներին պատկանող ամերիկյան «Պետրիոտ» ՀՕՊ համակարգը այն ոչնչացրել է: Այդ առնչությամբ նախագահ Թրամփը չհապաղեց «Թվիթերում» հպարտանալ. «Ահա, թե ինչի ենք մենք ընդունակ: Ոչ մեկը չի կարող արտադրել այն, ինչը կարողանում ենք մենք: Մենք նաեւ այն վաճառում ենք ողջ աշխարհին»: Եվ, պատկերացրեք, նախագահի նման հայտարարությունից հետո նույն ամերիկյան առանցքային լրատվամիջոց հանդիսացող «New York Times»-ը, ելնելով փաստացի տվյալներից, տեղեկացրեց, որ «Պետրիոտը» ամենեւին էլ չի ոչնչացրել հուսիթների հրթիռը, եւ այն հասել է ծրագրված թիրախին: Ընդ որում, ինչպես գրում է ամերիկյան լրատվամիջոցը, «Պետրիոտն» արձակել է առնվազն 5 հրթիռ. «Դուք այդ հրթիռի վրա կրակել եք 5 անգամ եւ հաջողության չեք հասել: Դա ցնցող է...»:
Եվ ահա փորձագետները չհապաղեցին զուգահեռներ անցկացնել սիրիական եւ սաուդյան այդ պատմությունների միջեւ: Այն է, Սիրիայում Իսրայելը գրոհել է ամենաժամանակակից զինատեսակներով: Ընդ որում, չոչնչացված ՀՕՊ համակարգի վրա գրոհն իրականացվել է ամերիկյան արտադրության 5-րդ սերնդի F-35 նորագույն ինքնաթիռով: Այն դեպքում, երբ նրա թիրախը խորհրդային ծագման, 1960-ականների նմուշ հանդիսացող C-200 ՀՕՊ համակարգն էր: Բացի այն, իսրայելյան ժամանակակից հրթիռները սիրիական ուժերը կարողացան ոչնչացնել նորից խորհրդային ծագման ՀՕՊ համակարգերով: Ճիշտ է, Սիրիայում գործող ռուսական զինուժի տրամադրության տակ կան ամենաժամանակակից համակարգերը, այդ թվում՝ C-300-ներ եւ C-400-ներ, սակայն դրանք սիրիական բանակի կազմում չեն եւ կոնկրետ դեպքերում չեն գործադրվել: 
Բայց ահա հուսիթական հրթիռը, ըստ նույն փորձագետների, փորձեցին ոչնչացնել այն զինատեսակով, որը ինչպես նաեւ Թրամփի խոսքից է պարզ, ամերիկյան ՀՕՊ համակարգի հիմնական զինատեսակն է: Եվ այն ձախողվեց այն դեպքում, երբ գրոհում էր հուսիթների տրամադրության տակ եղած իրանական արտադրության ու անգամ Իրանի համար հին նմուշ համարվող «Burqan 2» հրթիռը, որը խորհրդային արտադրության «ՍԿԱԴ»-ի մոդեռնիզացված տարբերակն է: Ընդ որում, ռազմական փորձագետները միանգամից հիշեցրին, որ նույն «Պետրիոտը» լրջորեն ձախողվել է նաեւ իրաքյան պատերազմի ժամանակ՝ այդ երկրի ունեցած նույն խորհրդային «ՍԿԱԴ»-ների դեմ պայքարում:
Եվ այս համեմատականներից հետո, ամերիկյան փորձագետներից մեկը նման տեսակետ է հայտնել. «Խորհրդային արտադրության ՀՕՊ համակարգերը կարողացան մոտ 40-50 տոկոսով ոչնչացնել գրոհող իսրայելյան ժամանակակից հրթիռները: Հետեւաբար, ավելի արդիական ռուսական համակարգերի՝ C-300-ների եւ C-400-ների պարագայում հազիվ թե իսրայելյան որեւէ հրթիռ տեղ հասներ: Ուստիեւ հասկանալի է դառնում, թե ինչու են աշխարհի շատ բանակներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մեր գործընկեր Թուրքիան ցանկանում հենց C-400 ձեռք բերել եւ ոչ թե մեր «Պետրիոտը»»:
ԱՄՆ-Ն ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ
Բայց ամբողջ հարցն այն է, որ այս բոլոր զուգահեռները արագորեն ռազմական հարթությունից տեղափոխվեցին աշխարհաքաղաքական: Հուսիթական հրթիռի պատմությունից հետո մի շարք վերլուծաբաններ չհապաղեցին հիշեցնել, որ նույն «Պետրիոտներով» վերջին ժամանակներս ԱՄՆ-ն համալրեց հարավկորեական ՀՕՊ համակարգը: Այսինքն, դրանք պետք է ապահովեն Հարավային Կորեայի անվտանգությունը, եթե հանկարծ Հյուսիսային Կորեան գրոհի: Եվ ահա վերլուծաբաններից շատերն այս տրամաբանությունն են առաջ քաշում. եթե «Պետրիոտը» անգամ հին նմուշի հրթիռների դեմ երաշխիք չէ, ի՞նչ կարող է անել այն հյուսիսկորեական շատ ավելի ժամանակակից հրթիռների դեմ: Մինչդեռ բավական է անգամ միջուկային մարտագլխիկով զինված մեկ-երկու հյուսիսկորեական հրթիռը կարողանա հաղթահարել պաշտպանությունը, որ Հարավային Կորեայից ու Ճապոնիայից բան չմնա: Որոշ վերլուծաբաններ էլ ավելի առաջ են անցել, հիշեցնելով, որ նախ՝ կորեական հատվածում առկա «Պետրիոտները» հանդիսանում են նաեւ ԱՄՆ-ի համար պաշտպանական առաջին բնագիծը, եթե հյուսիսկորեական հրթիռները թռչեն Նահանգների ուղղությամբ: Վերջապես, նույն այդ «Պետրիոտները» պետք է ապահովեն նաեւ Եվրոպայի անվտանգությունը, եթե հակամարտություն առաջ գա ՌԴ-ի հետ: Այսինքն, եթե կասկածներ կան, որ «Պետրիոտները» կկարողանան դիմակայել հյուսիսկորեական հրթիռներին, ապա շատ ավելի մեծ է այդ հարցականը ռուսական կամ չինական հրթիռների պարագայում:
Ընդ որում, ռազմական փորձագետներն էլ ավելի առաջ գնացին: Նախ, նրանցից շատերը, թերեւս միանգամայն տեղին, նկատում են, որ չի կարելի ընդամենը մեկ օրինակով «Պետրիոտը» համարել լրիվ անպետք զինատեսակ: Պարզապես, ըստ նրանց, այն բավականին հին նմուշ է, քանի որ ԱՄՆ-ը վերջին երկու-երեք տասնամյակներին չտեսնելով համապատասխան հակառակորդ, պետք եղած մակարդակով չի արդիականացրել: Բայց նաեւ, ըստ նույն փորձագետների, փաստն այն է, որ ներկայումս ամերիկյան ՀՕՊ-ն այն երբեմնի հզոր համակարգը չէ, թեեւ Վաշինգտոնը բիզնեսի տեսանկյունից ելնելով, մշտապես հակառակն է քարոզում: Բայց նաեւ, ըստ նույն վերլուծաբանների, եթե «Պետրիոտը» մինչեւ վերջ չի համապատասխանում արդի պահանջներին, ապա նույն տրամաբանությամբ կասկածի տակ է հայտնվում նաեւ ամերիկյան ողջ զինանոցը, սկսած իրենց հերթին այս տասնամյակների չարդիականացված զրահատեխնիկայից, վերջացրած նույն վիճակում գտնվող հրթիռային համակարգով եւ միջուկային զենքով:

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ: ՀԵՐԹԱԿԱՆԸ... ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

ՎԻԵՆՆԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
Արդյունքում այն, որ այս իրավիճակը դարձավ ԱՄՆ-ի ամենակարողությանն ուղղված հերթական հարվածը, արդեն իսկ նկատելի է: Եվ, թերեւս, պատահական չէր նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգման Գաբրիելի երեկվա հայտարարությունը, թե՝ Եվրոպայի անվտանգությունն ու կայունությունը հնարավոր է բացառապես Ռուսաստանի մասնակցությամբ. «Ռուսաստանը մնում է Եվրոպայի հարեւանը, եւ՝ շատ ազդեցիկ հարեւանը, ինչպես որ ցույց տվեց Սիրիայի օրինակը: Անվտանգությունն ու կայունությունը հեռանկարային առումով հնարավոր է բացառապես Ռուսաստանի հետ եւ ոչ թե՝ նրա դեմ»: Իսկ ԱՄՆ-ը, ըստ նախարարի, արդեն ամենեւին էլ երբեմնի վերին ինստանցիան չէ. «Մենք չենք կարող մեզ թույլ տալ՝ սպասել ԱՄՆ-ի որոշումներին:  Մենք պետք է ձեւավորենք մեր դիրքորոշումը...»: Մի խոսքով. «Եվրոպական երկրները պետք է ձեւավորեն շահերի ռազմավարական բալանս եւ ոչ թե ենթարկվեն ամերիկյան քաղաքականությանը»:
Նկատենք, որ երբ այս մասին, այն էլ՝ նման բարձր տոնայնությամբ հայտարարվում է պետքարտուղար Թիլերսոնի եվրոպական այցելության շեմին, չի կարող պատահական լինել: Հաշվի առնելով նաեւ, որ Վիեննայում ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների համաժողովի շրջանակներում նախատեսված է նաեւ Լավրովի եւ Թիլերսոնի հանդիպումը, որի օրակարգային հիմնական հարցերից է Գերմանիայի համար լուրջ նշանակություն ունեցող ուկրաինական թեման: Ի վերջո, ուկրաինական այս ողջ պատմության մեջ Գերմանիային հետաքրքրող էական մեկ դրվագ կա. եթե ՌԴ-ն դադարեցնում է Ուկրաինայով գազի արտահանումը, կառուցվում-ավարտվում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղը, ապա ռուսական գազի հաշվին Գերմանիան դառնում է Եվրոպայի հիմնական գազաբաշխիչը, որը կարեւորագույն լծակ է Հին աշխարհամասի նկատմամբ վերահսկողության հարցում: Իսկ այն, որ օրերս Պետդեպարտամենտից հնչեց հայտարարություն, որ անթույլատրելի է համարում «Հյուսիսային հոսք-2»-ի վերջնական կառուցումն ու ուկրաինական տրանզիտի դադարեցումը, ցույց տվեց, որ Վաշինգտոնն ամեն կերպ կփորձի Բեռլինի այդ նոր լծակը ստանալու դեմն առնել: Եվ Բեռլինն էլ ԱԳ նախարարի միջոցով պատասխանեց՝ «Ամերիկյան քաղաքականությանը ենթարկվող չկա»: Առաջներում նման խոսքերի համար Զիգման Գաբրիելի լեզուն արդեն «կտրած» կլինեին: Բայց նաեւ ամերիկյան զինատեսակների թուլության հետ կապված պատմությունից հետո Թիլերսոնին, թերեւս, մնում է միայն՝ փորձել լեզու գտնել Լավրովի հետ: Առավել եւս, որ «Պետրիոտի» այդ պատմությունը նաեւ Հս.Կորեայի հարցում է պետքարտուղարին լուրջ փաստի առաջ կանգնեցրել, ու դրա համար նույնպես Լավրովի կարիքն է զգալու:
Մի խոսքով, չբացառենք խորքային պայմանավորվածությունները: Իսկ մեզ համար դա էական է նաեւ նրանով, որ միաժամանակ Վիեննայում տեղի է ունենալու նաեւ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, եւ շատ հնարավոր է, որ Լավրով-Թիլերսոն քննարկումները կհասնեն մինչեւ արցախյան թեմա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ 
 

Պուտինը հայտարարել է Սիրիայում ահաբեկիչների հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА