ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇՈՒՆԸ ՀԱՉՈՒՄ Է, ՔԱՐԱՎԱՆԸ` ԳՆՈՒՄ

06.12.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՇՈՒՆԸ ՀԱՉՈՒՄ Է, ՔԱՐԱՎԱՆԸ` ԳՆՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ բավականին խորհրդանշական պաշտոնանկություն: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով հրաժարականի դիմում ներկայացրեց գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ նախագահն էլ իր հրամանագրով ազատեց նրան Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: 
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ
Բաղմանյանի հեռացումը խորհրդանշական է ոչ միայն եւ ոչ այնքան այն առումով, որ հանրության աչքերում նա, մեղմ ասած, ոչ միանշանակ է ընկալվում: Անշուշտ, հանրությունը այդպիսի պաշտոնանկությունները պոզիտիվ է ընդունում, սակայն նրա հեռացումը, կարծում ենք, հանրային այդ ընկալումներով չէ պայմանավորված: 1990-ականներին նա այն ժամանակվա իրավիճակին լրիվ ադեկվատ զինվորական էր, բայց, խոշոր հաշվով, այդ գեներալը լավ պատրաստ է անցյալի, այլ ոչ թե ապագայի պատերազմներին: 
Իսկ ապագայի պատերազմներին նախապատրաստվելը Ազգ-բանակ հայեցակարգի կարեւորագույն բաղադրիչներից է: Եվ հենց այդ շրջանակում պետք է դիտարկել Սերժ Սարգսյանի վերջին այցն Արցախ: Իսկ այցի շրջանակում էին ռազմաքաղաքական նոր որակի զորավարժությունները, զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը, գումարած նաեւ «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում հայկական արտադրության նոր զինտեխնիկայի բնութագրերին ծանոթանալը եւ դիտաշտարակից դրա կիրառմանը հետեւելը: 
Իսկ օրենսդիր մարմնում օրակարգային հարցերից էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ու այդտեղ կրկին իրեն բավականին տարօրինակ դրսեւորեց «Ելք» խմբակցությունը: Մասնավորապես Էդմոն Մարուքյանը այսպիսի հարցադրում արեց. «Բոլորս հասկանում ենք, որ այսպես շարունակել չի կարելի. այն, որ ունենք հետախուզման մեջ գտնվող 11 հազար երիտասարդ, դա փաստ է: Պաշտպանության նախարարն այս ամբիոնից ասել է, որ այնքան էլ բարոյական չէ փողով բանակից ազատումը, եւ այս համակարգը պետք է հանվի, բայց ինձ համար հասկանալի չէ, որ հիմա Պաշտպանության նախարարությունն ասում է, թե փողը քիչ է, եկեք փողն ավելացնենք: Եթե դուք դեմ եք փողով բանակից ազատմանը, հիմա ինչո՞ւ եք բարձրացնում անհրաժեշտ վճարվելիք գումարի շեմը»: Բայց դրան չհետեւեց այլեւս փոխհատուցում չվերցնելու եւ բոլոր դասալիքներին անխտիր դատելու առաջարկությունը, այլ լրիվ այլ բան.«Ասենք` պետությունը ձեզ ներում է, փող մեզ պետք չէ, եկեք ձեր երկիր, դադարեցնում ենք քրեական հետապնդումը, փակում ենք գործերը: Թող գան էդ 11 հազարը ՀՀ, այս օրենքը դադարեցնենք այլեւս չերկարաձգենք: Մենք ավելի շատ մարդկային ռեսուրսի կարիք ունենք, քան` փողի: Մենք այդ երիտասարդների կարիքն ունենք, ես խնդրում եմ, պարոն փոխնախարար, քննարկման առարկա դարձնել այս առաջարկությունը»:  
Այսինքն` «Ելքը» շարունակում է իր այն գիծը, որն ուղղված է դասալքության խրախուսմանը: Ճիշտ է, ի տարբերություն ուսանողների տարկետման վերացման քննարկումների, ամբիոնից չհնչեցին ճվճվոցներ, թե հերիք է միլիտարիզացնել երկիրը, թուրքի հետ լեզու գտեք, բայց փոխարենը` ազնվորեն ռազմիկի պարտքը կատարած քաղաքացիների հաշվին դասալիքներին լավություն անելու կոչ հնչեց:
«ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍԸ» ԵՎ «ԴՐԱԽՏԸ» ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Այնուամենայնիվ, «Ելքի» իրական գինը երեւաց, երբ քվեարկության դրվեց ՀՀ նախագահի «եւ-եւ» մոտեցմանը հակասող նրանց իսկ նախագիծը ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Այդ միակողմանի եւ ոչ ողջամիտ նախագծին կողմ քվեարկեցին ընդամենը 6 պատգամավոր, բոլորն էլ` բացառապես «Ելքից»: Այսինքն` դա ստացավ զրո աջակցություն այլ քաղաքական ուժերից: 
Չիրականացան եւ «ելքականների» պնդումները, իբր «բոբո» Ռուսաստանը ուժեղացնելու ճնշումը Հայաստանի նկատմամբ: Ընդհակառակը, պաշտպանության փոխնախարարը խորհրդարանին զեկուցեց ՌԴ-ից 100 միլիոն դոլարի ռազմական վարկի մասին` շեշտելով. «Համաձայնագիրն իր բնույթով առանձնահատուկ է, քանի որ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ռուսական արտադրության ռազմական նշանակության որակյալ արտադրանք, սպառազինություն եւ ռազմական տեխնիկա այն նույն գնով, ինչը ՌԴ ազգային զինված ուժերի համար է նախատեսվում»: Եվ ընդհանրապես, հյուսիսային ռազմավարական դաշնակցի «բոբոյացման» պատմությունում, որի սնուցիչը այդ երկրի որոշ հեռուստաալիքների հեռարձակած հակահայկական գարշանքն էր, կարծես վերջակետ դրվեց: Դա էլ արեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը. « Իհարկե այնպիսի մարդիկ, ինչպիսին Շեւչենկոն է, նրանց հակահայկական կեցվածքը չի կարող ողջունվել: Այդ մարդկանց մտքերը վնասում են նույն Ռուսաստանին: Այդպիսի մարդկանցից խոսելիս խավիարի հոտ է գալիս: Այսինքն` ադրբեջանական խավիարը ներթափանցում է նաեւ իրենց մոտ, բայց դա չի նշանակում, որ պաշտոնական Մոսկվան կիսում է այդ մարդկանց կարծիքը: Այդ մարդիկ դուրս են եկել, շոուների ժամանակ ինչ-որ բաներ են խոսել, բայց կարծում եմ, որ սա սխալ արարք է եւ չի համապատասխանում նաեւ Ռուսաստանի շահերին: Պետք է սրան հանգիստ վերաբերվել, հատկապես հաշվի առնելով, որ ՌԴ-ի ե՛ւ ղեկավարությունը ե՛ւ ԱԳՆ-ն, ե՛ւ իշխող կուսակցության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նման կարծիքները վնասակար են նաեւ Ռուսաստանի համար, եւ իրենք չեն կիսում այդ մարդկանց կարծիքները»:
Կյանքը նաեւ բնական ընթացքով հիասթափեցրեց բոլոր նրանց, ովքեր ՀՀ-ԵՄ համաձայնագիրը բացառապես վարդագույն լույսով էին տեսնում եւ ակնկալում մոտալուտ եվրոպական դրախտը: Նույն եվրոպացիք պարզ ասացին, որ վիզաների ազատականացում մի ակնկալեք, քանզի համաձայնագիրը նման պարտավորություններ չի սահմանում: Դա պատասխանն էր Բաղրամյան 26-ի այն գծին, որ համաձայնագիրը չի սահմանում տարբեր ազգավնաս կեղտոտություններ ստանձնելու պարտավորություն, ինչն արտահայտվեց Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները մեր օրենսդրությունում կյանքի կոչելուց հրաժարվելով: 
ՆԱԵՎ` ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՈՒՐՋ
Բնական է, որ բյուջեի հարցի շուրջ Կարեն Կարապետյանի կառավարությանը ԱԺ-ում «գզում» են Ծառուկյան դաշինքը եւ «Ելքը», առավել եւս, որ գնաճն ու տնտեսական աճի առավել քան համեստ ցուցանիշները քննադատության համար պարարտ հող են ստեղծում: 
Բայց նկատելի է նաեւ, որ լրատվական դաշտում Կարեն Կարապետյանի վերաբերյալ հիշատակվում են ոչ միայն եղած, այլեւ չեղած մեղքերը: Այսպես, շրջանառության մեջ է մտցվել վարկած, իբր հենց Կարեն Կարապետյանը, օգտագործելով «Գազպրոմի» իր կապերը, «Գազպրոմին» պատկանող հեռուստաալիքներով պատվիրել է հակահայկական զազրելի հաղորդումները: Այդպիսի վարկածն, անշուշտ, քննություն բռնող վարկած չէ, բայց որ 2018-ի ապրիլից առաջ ինտրիգներն ու լոկալ տեղեկատվական պատերազմները անպակաս են լինելու, դա հաստատ: Սակայն այդ ամենը դժվար թե ազդեցություն թողնի այն սցենարի վրա, որի ճարտարապետը Սերժ Սարգսյանն է, իսկ իրագործողը` իշխող ՀՀԿ-ն:

Անկարան գնում է հակառակ ուղիով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА