ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փորձում են հաշվեհարդար տեսնել լրատվամիջոցներից

06.12.2017 17:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Փորձում են հաշվեհարդար տեսնել լրատվամիջոցներից

Դեռեւս ամիսներ առաջ <<Իրավունքն>> անդրադարձել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից մի շարք լրատվամիջոցների դեմ դատական հայց ներկայացնելուն։ Այսօր նշանակված էր վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք՝ քաղաքացի Աշոտ Գրիգորյանը 2016 թ. հոկտեմբերի 7-ին ասուլիս է տվել ու քննադատել նախկին վարչապետին։ Այս ասուլիսին ներկա են եղել մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Իրավունք» թերթ, «Ա1+», tert.am, «168 ժամ» օրաթերթ, «Անդրադարձ» մամուլի ակումբ, որոնք լուսաբանել են ասուլիսը։ Սակայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է պատժել լրատվամիջոցներին՝ դիմելով դատական պաշտպանության՝ համարելով, որ լրատվամիջոցների կողմից ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը։

Ո՞վ է այս շաբաթ լավագույն ու վատագույն նախարարը

Նշենք,  որ <<Իրավունք>> թերթի շահերը դատարանում ներկայացնում է հայտնի «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ով մեզ հետ զրույցում անդրադառնալով հայցի նախապատմությանը եւ նիստի մանրամասներին մասնավորապես նկատեց․

- Սույն գործի շրջանակում 2016 թ. հոկտեմբերի 7-ին մի քաղաքացու կողմից տրվել է մամլո ասուլիս, ով քննադատության է ենթարկել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշ գործառույթներ։ Ինչպես բոլոր մամլո ասուլիսներին, այնպես այս ասուլիսին մասնակցել է նաեւ իմ վստահորդ կազմակերպությունը՝ <<Իրավունք Մեդիա>> ՍՊԸ-ն, որն էլ բարեխիղճ կերպով լուսաբանել է ասուլիսը։ Սակայն, նախկին վարչապետը, չգիտես ինչու, որոշել է պատժել լրատվամիջոցներին՝ դիմելով դատական պաշտպանության, համարելով, որ ԶԼՄ-ների կողմից ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը։ Փաստում եմ, որ իրավաչափ չէ նման մոտեցումը, որովհետեւ <<Քաղաքացիական օրենսգրքի>> 1087 պրիմ հոդվածի 6- րդ կետի պահանջի համաձայն՝ լրատվամիջոցը ազատվում է պատասխանատվությունից եթե իր տրամադրած  տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն է եւ հղում է կատարվել տեղեկակատվության աղբյուրին, ինչը որ տվյալ դեպքում իմ վստահորդ կազմակերպությունը կատարել է։ Հետեւությունս մեկն է, որ բարձրաստիճան պաշտոնյաի կողմից փորձ է արվում կոտրել լրատվական դաշտը, որպեսզի այն բացասական երեւույթները, որոնք ներկայացվում են ԶԼՄ-ների կողմից բարձրաստիճան պաշտոնյանների անգործության կամ ոչ իրավաչափ գործունեության հետ, այլեւս չիրականացվեն։ Որպեսզի քննադատության թիրախ չդառնան, եւ հետայսու ձեռնպահ մնան ոչ միայն քննադատելուց, այլ նաեւ մամլո ասուլիսների ժամանակ չլուսաբանեն կամ եթեր չհեռարձակեն։

Ինչպես արդեն տեղեկացրել էի, այսօր տեղի ունեցավ սույն գործով նախնական դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի քսանյոթին, ժամը երեքին։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА