ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇԵՄԻՆ

05.12.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇԵՄԻՆ

Արցախյան հակամարտության մասին հայտարարությունը, որն անցած շաբաթ ընդունվեց Մինսկում՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից, ուշագրավ է մի քանի առումներով: Եվ պատահական չէր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գնահատականը, որով նա ընդգծեց մեր երկրի համար այդ հայտարարության  քաղաքական կարեւորությունը:
ՀԱՊԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հիշեցնենք, Մինսկի հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթով ՀԱՊԿ-ը, եւ փաստացի՝ կազմակերպության անունից անդամ երկրների ղեկավարները նախ աջակցություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Ապա ընդգծեցին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են միջազգային իրավունքի հայտնի նորմերի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Պակաս կարեւոր չէր նաեւ այն, որ նույն հայտարարությամբ նաեւ աջակցություն հայտնեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին:
Հասկանալի է, այս հայտարարության մեջ որեւէ նոր բան չկա: Սակայն դրանով հանդերձ էլ փաստաթուղթը, ինչպես նշեցինք, ուշագրավ է միանգամից մի քանի առումներով: Առաջինը, ինչ խոսք, բուն հայտարարության ընդունման փաստն է: Կոնկրետացնենք: ՀԱՊԿ-ի այս գագաթաժողովն առաջինն էր ԵՄ-ի հետ Հայաստանի կնքած հայտնի համաձայնագրից հետո: Եվ փաստը, որ ՀԱՊԿ-ն ընդունեց Հայաստանի ներկայացրած փաստաթուղթը, ավելորդ անգամ հիշեցրեց, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը մեզ համար ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ, ենթադրաբար, ԵՏՄ-ում եւ, վերջին հաշվով, հայ-ռուսական հարաբերություններում խնդիր չի առաջացրել:
Հաջորդը: ՀԱՊԿ-ի հայտարարությունը Բաքվում թեեւ փորձեցին հանդարտ ընդունել, սակայն նյարդային ռեակցիան դժվար չէր նկատել: Մինչդեռ չմոռանանք, որ ՀԱՊԿ անդամներից առնվազն երկուսը՝ Ղազախստանն ու Բելառուսը, Ադրբեջանի հետ ունեն բավականին սերտ հարաբերություններ: Սակայն այդ երկրները եւս հայտարարությանը, բնական է, կողմ էին: Իսկ դա Բաքվի համար հուշում էր, որ անգամ իր հետ ամենասերտ երկրները ղարաբաղյան հակամարտության կարգավորման նշված ուղին են տեսնում: Եվ դա այն բանից հետո, երբ վերջին ժամանակներս նույն կարգի մոտեցում բոլոր կողմերից է լսվում: Մասնավորապես՝ դեռ անցած ամիս էր, որ նույն դիրքորոշմամբ հանդես եկավ ու միաժամանակ՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից խոսեց նաեւ ԱՄՆ-ը՝ փոխնախագահի մակարդակով: Նույն մոտեցումն է ֆիքսված ՀՀ-ԵՄ համաձայնագրում: Վերջապես, նույն տեսակետը նաեւ ներկայացրեց ՆԱՏՕ-ն՝ գլխավոր քարտուղարի միջոցով: Եվ հիմա էլ նույն սկզբունքներով եւ Մինսկի խմբի միջնորդությամբ հակամարտության կարգավորման գաղափարը վերահաստատեց նաեւ ՀԱՊԿ-ը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունեցող այդ կառույցի անդամները: Իսկ դա նշանակում է, որ կարգավորման տվյալ մոտեցումն ունի, այսպես ասենք, համատարած բնույթ, ինչն արդեն իսկ Բաքվի համար լուրջ մեսիջ է:
Առավել եւս, որ նույն դիրքորոշումը նկատելի է նաեւ Թուրքիայի հայտարարություններում: Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի մինսկյան հանդիպմանը զուգահեռ, Բաքվում տեղի ունեցավ նաեւ Թուրքիայի, Պակիստանի եւ ԱԳ նախարարների հանդիպումը, որի շրջանակներում Չավուշօղլուն հիշեց Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի վերջին հանդիպումների համատեքստում՝ Թուրքիայի ղեկավարի հայտարարությունները, որոնք վերաբերում էին չարչարկված 5 շրջաններին: Ճիշտ է, ինչպես Էրդողանը, այնպես էլ Չավուշօղլուն խոսքն այնպես էին ձեւակերպել, որ այն միայն հեռվից-հեռու էր միաժամանակ հիշեցնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Ավելին, քիչ չեն վերլուծաբանները, ովքեր ենթադրում են, որ իրականում այդ քողի տակ Անկարան փորձում է ինչ-որ ավանտյուրիստական տարբերակների ուղղությամբ ուղղորդել Մինսկի խմբին եւ առաջին հերթին՝ Մոսկվային: Կհաջողվի դա, թե` ոչ, այդ մասին չէ խոսքը: Այլ նրա, որ ժամանակին Անկարան բացահայտորեն էր խոսում ոչ թե 5 շրջանի, այլ ողջ Արցախն Ադրբեջանին տալու մասին: Բայց ահա հիմա, երբ անցել է ավանտյուրիստական մոտեցումների, դա արդեն իսկ հուշում է, որ այլ գլոբալ իրողություններ են ձեւավորվել:
Միաժամանակ, Թուրքիայի հիշատակված մոտեցումը մեկ այլ եզրահանգման տեղիք էլ է տալիս: Այն, որ Անկարան տենդագին կերպով փորձում է արագացնել ղարաբաղյան գործընթացը, նկատելի էր դեռ Պուտինի հետ հանդիպումների փուլում Էրդողանի հայտարարություններից: Եվ նույն մոտեցումը կար նաեւ Չավուշօղլուի հիշատակված հայտարարությունում: Նկատենք՝ գալիք տարի կլրանա ղարաբաղյան հակամարտության վերսկսման 30-ամյակը, եւ այս տասնամյակներին, այդ թվում՝ 1994թ.-ից շարունակվող բանակցային գործընթացի ողջ ժամանակահատվածում Անկարայից նման շտապողականություն, որ գրեթե ամեն շաբաթ բարձր մակարդակով անդրադառնային հակամարտության կարգավորման անհրաժեշտությանը, չէր նկատվել: Ու հիմա, այդ ո՞ւր է վազում Անկարան...
Ահա՝ նկարագրված ֆոնին դժվար է պատահականություն համարել նաեւ այն փաստը, որ համաշխարհային գործնականում բոլոր հիմնական ուժային կենտրոնները հենց այս շաբաթներին սկսեցին հստակեցնել արցախյան հակամարտության կարգավորման մասին իրենց դիրքորոշումը: Մի կողմից, իհարկե, բանակցային ակտիվ փուլ կա: Բայց նաեւ՝ նման ակտիվություններ այս տասնամյակներին էլի են եղել, սակայն չի նկատվել, որ նույն ուժային կենտրոնները, այն էլ՝ գրեթե նույն բառերով, իրենց մոտեցումները կոնկրետացնեին:
Ամենեւին էլ չենք ակնարկում, թե ներկայիս ակտիվացումն այլ է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները փորձում են դնել ղարաբաղյան հակամարտության վերջակետը, ուստիեւ՝ անհանգստացած Թուրքիան փորձում է նրանցից «փոքր եղբոր» օգտին առավելագույնս ձեռնտու իրավիճակ ստանալ: Իհարկե, այս տարբերակն էլ է հնարավոր: Բայց նաեւ տեսանելի չեն այնպիսի մեխանիզմներ, որոնք նույն աշխարհաքաղաքական կենտրոնները, այն էլ՝ միասնաբար կարող են կիրառել եւ Ղարաբաղում հանգուցալուծում պարտադրել: Որոշակի ճնշումներ, իհարկե, կան, բայց դրանց պարտադրանք դարձնելու տարբերակը չի երեւում:

Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է մնալ տարածաշրջանային տնտեսական մեկուսացման մեջ

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ «ՌԱԶՄԱՃԱԿԱՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ
Բայց փոխարենը դժվար չէ տարածաշրջանի հետ կապված մեկ այլ գլոբալ փոփոխություն նկատել: Օրերս ԱՄՆ-ից, այս անգամ՝ հեղինակավոր քաղաքական փորձագետ, Կարոլինայի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Դուկեվիչը, այն էլ՝ ադրբեջանական «Haqqin.az»-ին տված հարցազրույցում մեկնաբանեց Թրամփի հարավկովկասյան քաղաքականությունը: Ըստ նրա, Թրամփը պարզապես ոչ մի քաղաքականություն էլ չունի. «Թրամփը որեւէ ռազմավարություն չունի մասնավորապես տվյալ տարածաշրջանի նկատմամբ: Նրան Կովկասը, ասենք՝ ողջ հետխորհրդային տիրույթն առհասարակ չի հետաքրքրում: Եթե Օբաման ուներ հստակ ռազմավարություն, ապա Թրամփի մոտ առհասարակ չկա: Նրան անհետաքրքիր է արտաքին քաղաքականությունը, նրա գլխում մեկ բան կա՝ զբաղվել ԱՄՆ-ի ներքին հարցերով: Թրամփը չի ցանկանում աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, որի համար պետք է համբերություն, հստակ վերլուծություն, ինչը նա չունի: Ուստիեւ՝ նրա օրոք չենք տեսնի ԱՄՆ-ի ակտիվությունը Կովկասում: Փոխարենը՝ Ռուսաստանն այդ տարածաշրջանում կլինի միանգամայն ակտիվ...»:
Սա առաջին հեղինակավոր մասնագիտական տեսակետը չէ, որ Թրամփը հարավկովկասյան տարածաշրջանով հետաքրքրված չէ: Ասենք, հետաքրքրված լինելու պարագայում, անգամ կոնկրետ այս տարածաշրջանում նկատելիորեն հետ է մնացել Մոսկվայից: Ավելին, Մոսկվան Վաշինգտոնի հետ աշխարհաքաղաքական շփման գիծը տեղափոխել է Մերձավոր Արեւելք եւ շարունակում է հետեւողականորեն առաջ գնալ: Այդ թվում, ակտիվ քննարկումների փուլում է Սուդանի ղեկավարության առաջարկը՝ այդ երկրում՝ Կարմիր ծովի ափին գտնվող Պորտ-Սուդան նավահանգստում ռուսական բազա տեղակայելու ծրագիրը: Սուդանի հյուսիսային հարեւանի՝ Եգիպտոսի հետ եւս Մոսկվան ունի արագորեն աճող ռազմական համագործակցություն: Սուդանի դիմացի ափին տեղակայված Սաուդյան Արաբիայի հետ, բացի նավթից, կա մինչեւ իսկ C-400-ներ վաճառելու ծրագիր: Այսինքն, եթե ընդամենը հաշված տարիներ առաջ ՌԴ-ԱՄՆ աշխարհաքաղաքական բախումների հիմնական թատերաբեմը Հարավային Կովկասն էր, ապա հիմա այդ «ռազմաճակատը» տեղափոխվում է Արեւելյան Աֆրիկա, ինչի պարագայում անգամ Սիրիան է վերածվում «թիկունքային գոտու»:
Գումարենք դրան նաեւ այն, որ ԱՄՆ-ը այնպես է խրվել հյուսիսկորեական հակամարտության մեջ, որ միայն դա մյուս բոլոր աշխարհաքաղաքական ճակատները վերածում է երկրորդականի: Այսինքն այն, որ Մոսկվան դարձել է Հարավային Կովկասում «թիվ 1 ջութակահարը», ոչ միայն այս տարածքով Թրամփի հետաքրքրված-չհետաքրքրված լինելու արդյունքն է, այլ փաստացի իրավիճակի հետեւանք: Եվ եթե անգամ Թրամփին Հարավային Կովկասը լրջորեն հետաքրքրի, նախ պետք է Մոսկվային հնարավորություն չտա Սուդանում՝ Կարմիր ծովի ափերին տեղավորվել ¥ինչն, ի դեպ, նաեւ Սուեզի ջրանցքի նկատմամբ որոշակի վերահսկողություն է նշանակում¤, ապա՝ դուրս մղի Սիրիա-Իրան առանցքից, դրանք իր վերահսկողության տակ առնի, ապա՝ «ռազմաճակատը» տեղափոխի Հարավային Կովկաս:

Պուտինը խոսել է իր և Թրամփի չկայացած հանդիպման մասին

ԱՆԿԱՐԱՆ ԶԻՋՈՒՄ Է ԹԵՀՐԱՆԻՆ
Հենց սա է հարավկովկասյան տարածաշրջանի հետ կապված հիմնական փոփոխությունը՝ աշխարհաքաղաքական իրողությունը: Ընդ որում, եթե մի քանի հավասար արտաքին խաղացողի պարագայում ղարաբաղյան հակամարտությունը տասնամյակներով գտնվում էր նրանց հակասությունների դաշտում եւ տեղից չէր շարժվում, ապա «թիվ 1 ջութակահարի» ի հայտ գալու պարագայում իրավիճակն այլ է դառնում: Եվ պատահական չէր, որ Էրդողանն իր առաջ քաշած կարգավորման տարբերակը փորձում էր կյանքի կոչել հենց ՌԴ-ի միջոցով՝ վերջինիս համարելով հակամարտությունը լուծել կարողացող միակ ուժ:
Մյուս կողմից էլ այն, որ վերջին օրերին Թուրքիան եւ Ադրբեջանն ակտիվորեն խոսում են երկկողմ ռազմական կապերը խորացնելուց, դժվար չէ նկատել: Դա, թերեւս, իր հերթին է ակնարկում, որ հերթական ավանտյուրան չկարողանալով առաջ տանել, Անկարան փորձում է հիմա էլ ուժային պարտադրանքի տպավորություն ստեղծել: Եվ այս ֆոնին, թերեւս, պատահական չէր նաեւ այն մասշտաբային զորավարժանքները, որոնք սկսվեցին Գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությամբ՝ Սերժ Սարգսյանի Մինսկից վերադառնալուն պես: Ընդ որում, այս զորավարժանքներն ադրբեջանական աղբյուրները համարում են աննախադեպ այն առումով, որ, ըստ նրանց, դրանք անցկացնում էին ոչ թե, սովորականի պես, ղարաբաղյան զինված ուժերի անունից, այլ նաեւ ներկայացված էր հենց Հայաստանի դրոշը: Իսկ սա ակնարկ է, որ ՀԱՊԿ-ի հիշատակված միջոցառումից հետո Հայաստանը, անշուշտ, նաեւ թուրք-ադրբեջանական ռազմական կապերի խորացմանն արձագանքելով, ղարաբաղյան գործընթացի նշաձողը որոշակիորեն վեր է բարձրացնում: Եվ ասել, թե Մոսկվայում տեղյակ չեն այս զարգացումներից, բնականաբար՝ միամտություն կլիներ:
Այս իրավիճակին ինչպե՞ս կարձագանքի թուրք-ադրբեջանական տանդեմը, դեռ կտեսնենք, թերեւս նաեւ սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման շրջանակներում: Սակայն Անկարան երեւի թե չի մոռացել, որ Հայաստանը խոստացել է մոտ ժամանակներս վերջնականապես հրաժարվել հայ-թուրքական Ցյուրիխյան պայմանագրից: Ճիշտ է, Էրդողանը հիմա էլ խոսում է, թե այդ Հայաստանն է Սփյուռքի ճնշման տակ «համառորեն փակ պահում Թուրքիայի հետ բարեկամության դռները, որի հետեւանքով դուրս է մնացել էներգետիկ, առեւտրային ու տրանսպորտային նախագծերից եւ շարունակելու է դուրս մնալ»: Բայց դա արդեն բան չի փոխում: Իրանի հետ ազատ տնտեսական գոտու նախատեսված մեկնարկը` Իրան-ԵՏՄ կապերի առնչությամբ այն ծանր գործոնն է, որին չարձագանքելն Անկարայի համար հեռանկարային առումով լուրջ խնդիր է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ 

ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԿԼԻՆԵՆ ՈՐՈՇ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА